Category: TIV 1

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

    Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ին կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռի-Տավուշում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

  • Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանից վերադարձնել հողատարածքը

    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Դիլիջան համայնքի, Արթուր Արշակյանի, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող՝ 0,8 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու, Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այդ թվում՝ Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետությունից Դիլիջան համայնքին 0.8 հա մակերեսով հողատարածքը վերադարձնելու պահանջների մասին: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

    Միաժամանակ կիրառվել է հայցի ապահովման միջոց և պատասխանող Արամ Հարությունյանին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված հողամասի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:

    Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց:

  • «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն

    «Արարատցեմենտը» վաղվանից ամբողջական կսկսի աշխատել, տեխնիկական հարցերը այսօր կլուծվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

    «Հիմա գործարանը սկսում է աշխատանքները, հուսանք մի քանի ժամից արդեն փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն և վաղվանից լրիվ ռեժիմով կաշխատի: Երևի ավելի շուտ, քան վաղը, բայց վաղը ամբողջությամբ կընկնի ռեժիմի մեջ»,- ասաց նա։

    Հիշեցնենք, որ այսօր «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք հավաքվել են գործարանի կապարակնքված դարպասների մոտ՝ ցանկանալով տեղեկատվություն ստանալ, թե ի վերջո, երբ են կարողանալու աշխատանքի վերադառնալ։ Աշխատակիցներն ասում են՝ բոլորն էլ վարկեր ու ապառիկներ ունեն, արդեն 4-րդ օրն է՝ չեն աշխատում, անհասկանալի է, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը։

    Հարցին, թե արդյո՞ք հաշվարկել են այս երեք օրերի ընթացքում, երբ գործարանը չի աշխատել, ի՞նչ վնասներ է կրել, փոխնախարարը նշեց՝ մեծ հավանականություն կա, որ ոչ մի վնաս չի կրել․ «Ոնց հասկացա ժամանակին հասել ենք և որևէ խնդիր չկա։ Կարծում եմ՝ վաղը ընթացքը կգնա, որևէ պրոբլեմ չի լինի»,- ասաց Զաքարյանը։

  • Դա մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյան

    Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը անդրադարձել է  թեկնածուների զանգվածային ինքնաբացարկներին։

    «Դա մեր գաղտնի պլանի մասերից է»,-ասել է Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ բոլորը իրենց թիմակիցներն են․ «Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»,-շեշտել է ռուսաստանահայ գործարարը։

  • Ես կարող եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է. Նազիկ Ավդալյան

    Ես կարող եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։ Այսպես է արձագանքել Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը ի պատասխան այն քննադատությունների, թե ինչու են մարզիկները լուռ և  ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որևէ հայտարարությամբ հանդես չեն գալիս։ 

    Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

    Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ։

  • Հանգիստ թողեք Նազիկ Ավդալյանին. Չեմպիոնը պարտավոր չէ քննություն հանձնել ամբոխի առաջ

    Հայաստանում կրկին գործի է դրվել հին, պարզունակ և շատ վտանգավոր հանրային մեխանիզմը. մարդը պետք է ոչ թե պարզապես դիրքորոշում ունենա, այլ պարտավոր է ունենալ հենց այն դիրքորոշումը, որը նրանից պահանջում է աղմկոտ, ագրեսիվ և ինքնակոչ ամբոխը։

    Այս անգամ թիրախում է հայտնվել Նազիկ Ավդալյանը՝ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, մարդ, որը միջազգային հարթակներում բարձրացրել է ոչ միայն ծանրաձողը, այլև Հայաստանի դրոշը։ Մարզուհի, որի կենսագրության մեջ կա ցավ, վերադարձ, բնավորություն, կամք և արդյունք։

    Առիթը դարձավ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և դրան հաջորդած սպասումների ալիքը. իբր այն մարզիկները, որոնց տարիների ընթացքում աջակցել է Ծառուկյանը, որոնց խրախուսել է, նվերներ է տվել, մեծարել է, հիմա պարտավոր են դուրս գալ և ասել «ճիշտ» խոսքեր։

    Ոչ թե մարդկային, անկեղծ
    այլ հենց այն բառերը, որոնք կհագեցնեն հերթական բազմոցային տրիբունալի ախորժակը։

    Նազիկ Ավդալյանը ասաց այն, ինչ կարող էր ասել արժանապատիվ մարդը։ Նա չփորձեց իրեն ներկայացնել իրավաբան, քննիչ, դատավոր կամ քաղաքական մեկնաբան։ Նա ազնվորեն գրեց, որ կարող է խոսել սպորտի մասին, որովհետև դա իր կյանքն է, իր ոլորտը։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին չի կարող գնահատական տալ, եթե ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին։ Միևնույն ժամանակ նա մարդկային աջակցություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին, նրա տիկնոջը և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

    Եվ ի՞նչն է այստեղ սխալ։

    Ի՞նչ էին ուզում լսել բարոյականության այս նորաթուխ դատախազները։ Որ աշխարհի չեմպիոնը նետվե՞ր քաղաքական խրամատ։ Որ բոլորից բարձր գոռա՞ր։ Որ իր շնորհակալությունը ապացուցե՞ր հրապարակային հիստերիայով։ Որ մարզիկը, որն ամբողջ կյանքում խոսել է արդյունքով, հիմա սկսի արդարանալ այն մարդկանց առաջ, որոնց գլխավոր նվաճումը մեկնաբանություններում ճամարտակե՞լն է։

    Հենց սա է պահի ամենատհաճ և ամենամերժելի կողմը։

    Մարզիկին տրված նվերը նրա խղճի գնման գործարք չէ։ Տունը, պարգևը, աջակցությունը, մեցենատի ուշադրությունը չեմպիոնի նկատմամբ ցմահ պարտավորագիր չեն։ Դա արժանիքի ճանաչում է։ Դա հասարակության շնորհակալությունն է մարդուն, որը պատիվ է բերել երկրին։

    Եվ ցանկացած մեցենատի, ցանկացած գործարարի, ցանկացած սպորտային կառույցի ղեկավարի համար պետք է պատիվ լինի կանգնել Նազիկ Ավդալյանի նման մարզիկների կողքին։

    Որովհետև մեցենատը չէ, որ չեմպիոնին դարձնում է չեմպիոն։ Նա կարող է օգնել, աջակցել, պայմաններ ստեղծել, դուռ բացել։ Բայց մրցահարթակ դուրս է գալիս մարզիկը։ Ցավը տանում է մարզիկը։ Վնասվածքը հաղթահարում է մարզիկը։ Ծանրությունը բարձրացնում է մարզիկը։ Դրոշը բարձրացնում է մարզիկը։ Հիմնը լսում են բոլորը, հպարտանում են հայերը։

    Նազիկ Ավդալյանը ոչ ոքի պարտավոր չէ ապացուցել ո՛չ իր շնորհակալությունը, ո՛չ իր քաջությունը, ո՛չ իր մարդկայնությունը։ Նա արդեն ապացուցել է գլխավորը՝ իր ճանապարհով, իր կարիերայով, իր վերադարձով, իր հաղթանակով։

    Իսկ նրանք, ովքեր այսօր նրանից «ավելին» են պահանջում, թող նախ պատասխանեն մի պարզ հարցի. դուք ո՞վ եք և ի՞նչ եք արել։

    Ո՞ւր է ձեր աշխարհի չեմպիոնական տիտղոսը։ Ո՞ւր է ձեր բարձրացրած դրոշը։ Ո՞ւր է ձեր բերած պատիվը Հայաստանին։ Ո՞ւր է ձեր ցավը, որը տարել եք առանց տեսախցիկների և ծափահարությունների։ Ո՞ւր է ձեր հաղթանակը, որից հետո երկիրը կարող էր ասել՝ սա մեր մարզուհին է, մեր չեմպիոնը, մեր հպարտությունը։

    Չկա։

    Կա միայն աղմուկ։ Կա սոցիալահխն մանր եռուզեռ։ Կա ցանկություն՝ երևալու ամենահավատարիմը, ամենաբարձր գոռացողը, ամենա«սկզբունքայինը»։ Բայց դա սկզբունքայնություն չէ։ Դա հավատարմության էժան մրցույթ է, որտեղ ամեն մեկը փորձում է կանգնել սկանդալի կենտրոնին ավելի մոտ և գոռալ մյուսներից բարձր։

    Նորմալ հասարակությունում մարզիկին հարգում են ոչ միայն այն ժամանակ, երբ նա մեդալ է բերում։ Նրան հարգում են նաև այն ժամանակ, երբ նա քաղաքական կարգախոսի փոխարեն ընտրում է մարդկային ինտոնացիան։ Նրան հարգում են նաև այն ժամանակ, երբ նա չի ցանկանում իր անձնական վերաբերմունքը վերածել հրապարակային ներկայացման։

    Նազիկ Ավդալյանն ասաց բավարար։ Ավելին՝ նա ասաց արժանապատիվ։ Առանց հիստերիայի։ Առանց քաղաքական պաթոսի։ Առանց կեղծ խիզախության։ Մարդկային ձևով։

    Եվ եթե ինչ-որ մեկին դա քիչ է, խնդիրը Նազիկ Ավդալյանի մեջ չէ։ Խնդիրը նրանց մեջ է, ովքեր մարդկային շնորհակալությունը սովորել են չափել գոռոցի դեցիբելներով։

    Հանգիստ թողեք չեմպիոնին։

    Հայաստանը պետք է սովորի տարբերել այն մարզիկներին, որոնք փառք են բերել երկրին, մեկնաբանությունների այն փրփուրից, որը վեր է բարձրանում յուրաքանչյուր քաղաքական փոթորկի ժամանակ։

    Նազիկ Ավդալյանը Հայաստանի սպորտային պատվի մի մասն է։

    Իսկ նրա հասցեին հնչող հեյթը դիրքորոշում չէ։ Դա մանր, անշնորհակալ և ամոթալի տեսարան է:


    Թիվ 1 մեդիայի հիմնադիր Էդգար Բաբայան

  • Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

    Նիստի օրակարգում ընդգրկված են եղել շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ մաքսային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգերին: Նիստի արդյունքներով հավանության է արժանացել առաջիկայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը:

  • Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու․ Կարապետյան

    «Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

    «Լինելու է տրիգեր, որն ընդդիմությունը կօգտագործի։ Իրենք կորցրել են իրականության զգացումը, շարունակում են ստերով կերակրել ժողովրդին, բայց դրան վերջ կա»,- ընդգծեց Կարապետյանը

  • Եվրոպայում կարծում են, որ Իրանի շուրջ հակամարտությունը պառակտում է ՆԱՏՕ-ն

    Իրանի շուրջ հակամարտությունն ուժեղացնում է տարաձայնությունները ՆԱՏՕ-ի ներսում, քանի որ եվրոպական շատ դաշնակիցներ պատրաստ չեն աջակցել ԱՄՆ-ի կողմից դաշինքի հնարավոր ռազմական ներգրավմանը։ «РИА Новости»-ին հայտնել է փորձագիտական-դիվանագիտական շրջանակների եվրոպական աղբյուրը։

    հակամարտությունը բաժանում է ՆԱՏՕ-ն, քանի որ դաշինքի եվրոպական շատ անդամներ հրաժարվում են բախման մեջ մտնել Իրանի հետ և ուղղակիորեն աջակցել ամերիկյան ռազմական գործողություններին Հորմուզի նեղուցի շրջանում՝ նախապատվությունը տալով դիվանագիտական մոտեցմանը։ ՆԱՏՕ-ի մի շարք եվրոպական անդամների՝ առաջին հերթին Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Մերձբալթյան երկրների համար ռուս-ուկրաինական հակամարտությունը մնում է ավելի կարևոր և առաջնահերթ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

  • Նոր Նորքի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու համար

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի բաժնի պետն առաջատար մասնագետի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար պահանջել և ստացել են կաշառք:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Նորք Նորք վարչական շրջանի թաղամասերից մեկում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում 2009 թվականին առանց համապատասխան թույլտվության կառուցված և 2022 թվականի դեկտեմբերի 28-ին որպես ինքնակամ կառույց հաշվառված շինությունը չապամոնտաժելու, ինքնակամ հողազավթման և շինարարության հետևանքներն ամբողջությամբ չվերացնելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար բաժնի պետն ու առաջատար մասնագետն այլ անձի օժանդակությամբ ինքնակամ շինություն կառուցած քաղաքացուց պահանջել և ստացել են 150․000 ՀՀ դրամ գումար կաշառք։

    Նոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, մեղադրանքներ են ներկայացվել ևս 2 քաղաքացիների:

    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացույթամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: