Դիմելով Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց. «Առաջին օրվանից էր հարց արծարծվում՝ վերջիվերջո ՀՀ սահմաններն ինչ ուրվագիծ ունեն ու ՀՀ տարածքն ինչքան է: 1980թ. հրապարակված Սովետական հանրագիտարանում ՀՀ տարածությունը 29,800 քառ. կմ է, նույնը գրված է 1979-ի հանրագիտարանում: Տեղյա՞կ եք արդյոք՝ ե՞րբ շրջանառության մեջ մտավ 29,743 քառ. կմ թիվը, հետաքրքիր է՝ 57 քառ. կմ-ն ե՞րբ անհետացավ»: ՔՊ-ականն ասաց, որ կոնկրետ ամսաթիվ նշել չի կարող. «Անկախ ՀՀ-ի դասագրքերում նշված է 29,743 քառ. կմ թիվը, ենթադրում եմ՝ այդ պահին է տեղի ունեցել անցումը»:
Category: TIV 1
-
Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ |
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ:
-
Չկա որևէ պատճառ կամ հանգամանք, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ Խանդանյան
«Ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ վերաբերյալ, կմնա՞ նույնը, թե՞ հնարավոր է Հայաստանը փոխի մոտեցումը և ապասառեցնի ՀԱՊԿ-ում անդամակցությունը՝ վերսկսելով աշխատանքները, որպեսզի Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանին։ «Ո՛չ, Հայաստանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և հետդարձի ճանապարհ չենք տեսնում»,- պատասխանեց Խանդանյանը և շարունակեց․ «Մենք կհետևենք զարգացումներին և կընդունենք ի գիտություն ՀԱՊԿ մեր գործընկերների կողմից կայացված որոշումը։ Ես չեմ կարծում, որ որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Այն խնդիրները, որոնց պատճառով սառեցվել է մեր անդամակցությունը, չեն լուծվել մինչ օրս, չենք տեսել նույնիսկ քաղաքական մակարդակի որևէ հայտարարություն, որը կդատապարտեր 2022-23թթ․ տեղի ունեցածը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»։ -
Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա. Սարգիս Խանդանյան |
Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա։
Սարգիս Խանդանյանն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայաստանի և Իրանի միջև TRIPP-ի շուրջ փոխըմբռնում կա, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա»,- ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի շահագրգռվածությունն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի։
«Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերություններին, իհարկե, մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի, և մեզ մեծ հույս էին ներշնչել այն բանակցություններն ու պայմանավորվածությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և., կարծես, ձևավորվել էր խաղաղության պլան։ Հույս ունենանք, որ այդ պլանը կիրագործվի»,- նշեց Խանդանյանը։
Անդրադառնալով TRIPP-ի շրջանակներում երկաթգծի կառուցման հարցին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարված հարաբերությունների համատեքստում՝ Խանդանյանն ընդգծել է, որ երկաթգծի կառուցումը Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններից կախված չէ.
«Երկաթգծի հարցը օրակարգում է։ Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը, և երբ ուսումնասիրություններն ու տեխնիկական զննություններն ավարտվեն, կսկսվի շինարարությունը։ Ես այստեղ քաղաքական խոչընդոտ չեմ տեսնում»,- ասաց Խանդանյանը։
-
Վարչապետն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։
Վարչապետը կարևորել է արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ Հայաստանի և արաբական երկրների միջև ձևավորված են պատմական և մշակութային ամուր կապեր։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է քաղաքական, դիվանագիտական և տնտեսական կապերի խորացման ուղղությամբ նոր նախաձեռնությունների առաջմղմամբ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ Այդ համատեքստում, զրուցակիցները շեշտել են 2025 թվականի օգոստոսի 8–ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության կարևորությունը։
Դեսպանները շնորհակալություն են հայտնել նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար՝ նշելով, որ այն կնպաստի արդյունավետ երկխոսությանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում՝ TRIPP նախագծի կյանքի կոչմանը միտված աշխատանքների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև այս տարի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Վարչապետը կարևորել է արաբական պետությունների պատվիրակությունների ակտիվ մասնակցությունը նախատեսվող միջոցառումներին։
-
Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ․ Ռուբինյան |
«Ինձ թվում է, որ մեր սիրելի դաշնակցական գործընկերները, երբ գնում են իրենց գրասենյակ, էն «Սևազգեստ մարդիկ» կինոյի մեջ մի հատ սարք կար, որ պահում էին և մոռանում էին ամբողջ կյանքը։ Ու մեկը ասում է՝ այն ամենը, ինչ եղել է, չկա։ Սա է իրականությունը»,- ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հավելել, որ Խաչատրյանը ելույթ է ունենում ինչ-որ բանի մասին, որը այդպես էլ հասկանալի չէ։
«Բայց ինձնից կպահանջվի ընդամենը 15 վրկ․ այդ ելույթի ամբողջ հիմքը քանդելու համար։ Պարոն Խաչատրյանը եկել, ասում է՝ այդ որտեղի՞ց վերցրեցիք 29 հզր․ 743 կմ քառակուսի թիվը։ Նախ միշտ էլ 29 հզր․ 743 է եղել, հանրագիտարանում, կարող է, կլորացված թիվն է եղել»,- նշել է ԱԺ փոխնախագահը և շեշտել, որ այդ հարցում կարող է օգնության հասնել Ռոբերտ Քոչարյանը և Դաշնակցությունը։
«Որովհետև ես հիմա Ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ»,- հավելել է նա։
-
Ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, անձամբ ձեզնից ենք վերցրել. Ռուբինյանը՝ ընդդիմությանը
Ազգային ժողովի՝ օգոստոսի 11-ի նիստին խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի հարցադրմանը, ներկայացրեց ՀՀ տարածքի՝ 29,743 քառակուսի կիլոմետր տվյալի վերաբերյալ պարզաբանում։
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրել էր՝ ինչու է նախկինում ՀՀ տարածքի մասին նշումը եղել 29,8 հազար քառակուսի կիլոմետր, իսկ այժմ՝ 29,743 քառակուսի կիլոմետր, որտեղի՞ց է իշխող թիմը վերցրել այդ տվյալը։
Այդ համատեքստում Ռուբեն Ռուբինյանը նախ հիշեցրեց՝ 2005-ին ՀՀ կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի ստորագրությամբ վավերացրել է «ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվություն»:
«Գիտե՞ք՝ այդտեղ ինչ է գրված. որ ՀՀ հողային ֆոնդը բաղկացած է 2974,3 հեկտարից: Դա էլ որ բաժանեք համապատասխան թվի, կստանանք 29,743 կիլոմետր քառակուսի: Նույնը եղել է 2010 թվականին և 2015 թվականին,- ասաց նա՝ նշելով, որ հանրագիտարանում կարող է կլորացված լինել թիվը և նշված լինել վերնագրերում՝ 29,8:
«Հետևաբար երբ ասում եք՝ որտեղից եք վերցրել 29743 կմ քառակուսին, պարո՛ն Խաչատրյան, ձեզնից ենք վերցրել, անձամբ ձեզնից ենք վերցրել: Այնպես որ, դո՛ւք եկեք, ասեք՝ ո՞ւր են կորել մնացած հեկտարները»,- ասաց նա, խորհուրդ տվեց ուսումնասիրություն անել այդ հարցով, բայց նաև զգուշացրեց. «Главное — в ходе следствия не выйти на самого себя»:
-
Վերցրել ենք դատարկ թուղթ և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ. Արուսյակ Ջուլհակյան
«Որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր Սահմանադրություն: Մենք ոչ թե վերցրել ենք Սահմանադրությունը և մեջից ինչ-որ բաներ ջնջել կամ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ, և վրան սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ»,- ԱԺ-ում հայտարարեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Արուսյակ Ջուլհակյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցերին։
Նա նաև հայտարարեց, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չկա. «Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին: Ոչ և չպետք է պարունակեր։ Այդտեղ Ալիևը ոչ մի կապ չունի, որքան էլ որ դուք խոսեք այդ մասին և այդ հարցը շահարկեք»։
Ըստ նրա, կարևորն այն է, որ յուրաքանչյուրը պետք է առաջնորդվեն պետականության ամրապնդման և ժողովրդի, պետության տարածքում հարատևության ապահովման հրամայականով։
Ինչ վերաբերում է Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետներին՝ Ջուլհակյանը նշեց, որ դեռ ունեն քննարկումների կարիք, այդ թվում թիմի ներսում, բայց հրապարակման ժամկետը մինչև տարեվերջ է:
-
«Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»․ Էդուարդ Շարմազանով |
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի կողմից հայտարարում են ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի հետ պրոբլեմները լուծելու ցանկության մասին, մյուս կողմից էլ Կիևի պաշտոնյաների հետ հերթով հեռախոսազրույցներ են ունենում։
Իմատը ո՞րն է էլի, իրար հերթ չտալով, հեռախոսազրույցներ ունենալ ուկրաինացի պաշտոնյաների հետ, այն էլ հիմա։
Մեկ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում ուկրաինացի իր գործընկերոջ հետ, հիմա էլ արտաքին գործերի նախարարարի պաշտոն զբաղեցնողն է հեռախոսազրույց ունենում Կիևի իր գործընկերոջ հետ։Ու ի՞նչ, էդ ի՞նչ մի շրջադարձային բան են խոսել։
Կարծում եմ՝ ոչինչ. ընդամենը գրեթե զրոյի են հասցրել ԵԱՏՄ-ի ու ՌԴ-ի հետ տնտեսական, արտահանման ու գյուղատնտեսական հարցերի դրական լուծման շանսերը։
Ո՞նց կարելի է սենց անպատասխանատու լինել սեփական քաղաքացիների խնդիրների հանդեպ։Եթե ուզում եք մեր արտահանողների ու գյուղացիական տնտեսությունների խնդիրները ԵԱՏՄ երկրներում լուծել, ինչո՞ւ եք ավելի վատթարացնում իրավիճակը՝ հրապարակային հեռախոսազրուցներ ունենում պաշտոնական Կիևի ներկայացուցիչների հետ։
Հիմա կասեք՝ դա ՀՀ ինքնիշխան իրավուքն է։
Իհարկե, բայց դրանից ՀՀ տնտեսությունն ու քաղաքացին ի՞նչ օգուտ ունեն։
Պետք է գործել հանուն ՀՀ-ի, այլ ոչ թե ինադու ՌԴ-ի»։ -
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին |
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Ավստրալիայի Կառավարության և ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով։Ավստրալիան ողջունում է հայ ժողովրդի մասնակցությունն այս ժողովրդավարական գործընթացին և ճանաչում է այս ընտրությունների նշանակությունը Հայաստանի ապագայի համար։
Ավստրալիան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ համապարփակ և կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռք բերված պատմական առաջընթացը։ Ես խրախուսում եմ շարունակական ջանքերը՝ ստորագրված և վավերացված համաձայնագրի հասնելու համար։
Նաև ողջունում եմ Հայաստանի շարունակական ջանքերն ուղղված բարեփոխումներին և միջազգային գործընկերների հետ համագործակցությանը՝ ի նպաստ տնտեսական բարգավաճման, ժողովրդավարական կառավարման և ինքնիշխանության։
Ավստրալիան գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հարստացել են Ավստրալիայի հայ համայնքի և մեր բազմամշակութային հասարակությունում նրա ներդրման շնորհիվ։ Ես անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առաջիկա տարիներին։
Մաղթում եմ հաջողություններ Ձեզ և Ձեր Կառավարությանը՝ կարևոր աշխատանքում»։