ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտնել է, որ խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն առաջադրվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է։ ՀՀ տարածքով գնալիս կարող ես տեսնել՝ ինչպես են ադրբեջանցիները տարբեր գագաթներ գրավել ու չեն պատրաստվում այնտեղից դուրս գալ։ Սա ձեր օրոք է եղել ու այս քարտեզը, որ մեր հպարտությունն է, ձեր օրոք մկրատված է»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Գրիգ
«ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն է Հայկ Ֆարմանյանը»,-հայտարարել է խմբակցության նախագահ Նարեկ Կարապետյանը։
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ոչ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, և այդ ժամկետը 2036 թվականն է, ով ինչ ուզում է ասի: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է հայկական ատոմակայանը փակելու իր ցանկության մասին:
«2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետն է, և մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում, բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաև Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, որը ստորագրվել է 2017-ին:
Անդրադառնալով քննարկումներին, թե ատոմակայանի փակվելուց հետո ՀՀ-ն էներգետիկ ճգնաժամի առաջ կհայտնվի, ուստի, ըստ Իլհամ Ալիևի, ադրբեջանցի փորձագետներ են եկել, տեղանքի ուսումնասիրություններ են արել, հարմար տեղեր գտել Ադրբեջանից էներգիա բերելու, էլեկտրասյուներ տեղադրելու համար, լրագրողը հետաքրքրվեց՝ ինչ-որ ներքին պայմանավորվածություն կա՞, որ Հայաստանը պետք է Ադրբեջանից էլեկտրաէներգիա կամ գազ ստանա։
Արման Եղոյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ ներկրելուն կամ էներգիա ներկրել-արտահանելուն, ինչքան ավելի բաց ճանապարհներ լինեն, ինչքան ավելի շատ հնարավորություններ լինեն՝ տարբեր աղբյուրներից էներգիա և էներգակիրներ ներկրելու, արտահանելու, Հայաստանի օգուտն է, բայց դա ընդհանրապես կապ չունի ատոմակայանի հարցի հետ»։
Հարցին՝ քննարկումներ կա՞ն Ադրբեջանից գազ կամ էլեկտրաէներգիա ձեռք բերելու, Արման Եղոյանը նախ խնդրեց՝ հանկարծ չկապել դա ատոմակայանի հարցի հետ, ապա հավելեց, որ այն, ինչ վերաբերում է գազ, նավթ ներկրելուն, էլեկտրաէներգիա արտահանելուն, դա չպետք է բացառել:
«Էներգետիկ այդ փոխանակումը, նկատի ունեմ՝ առևտուրը, վաճառքը և գնումը, ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները, իհարկե, դա չպիտի բացառված լինի երկկողմ առևտրից»,- ասաց նա։
Քննարկվում է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը, և բոլորս էլ մատնանշեցինք, թե ինչպիսի առանցքային հանձնաժողովի մասին է խոսքը: 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 2613 օրենք, որոնցից 833-ը քննարկվել են հենց այս հանձնաժողովում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այս թվերը պարզապես վիճակագրություն չեն, այլ վկայում են վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքի ծավալի ու ծանրաբեռնվածության մասին:
Բարձր գնահատելով Արուսյակ Ջուլհակյանի գործունեությունը՝ թե՛ որպես այդ հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահի տեղակալ ու թե՛ որպես հանձնաժողովի նախագահ, նշեց՝ նա կարող է կրել այդ պարտականությունը մեծ պատասխանատվությամբ:
Վերջին օրերին, նրա խոսքով, կարմիր թելով անցնում են մի քանի թեմաներ, որոնց չի կարող չանդրադառնալ: Դրանցից մեկը, օրինակ, ըստ Ղազարյանի, վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցուն:
Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ նկատեց՝ նրանք, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, շարունակում են այդ թեման տաք պահել՝ հստակ իմանալով իրենց դիրքորոշումը այդ հարցի շուրջ:
«Մեզ համար կաթողիկոսի աթոռը զբաղեցրած անձն ունի կանոնական խախտում, որի հիմքով չպետք է զբաղեցնի այդ աթոռը: Ամեն ինչ շատ պարզ է, և սա հատկապես կարևոր է ընդգծել այն քննարկման շրջանակում, երբ մենք խոսում ենք օրենքի և իրավունքի մասին:
Ի դեպ, այդ հանգամանքով որևէ փաստարկված և հիմնավոր հերքում որևէ մեկս երբեք չի լսել: Եվ ևս մեկ հստակ բան՝ Հայ Առաքելական Եկեղեցին այդ անձը չէ, Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ դուք հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին»,- հայտարարեց Ալխաս Ղազարյանը:
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Իրանի և նրա տարածաշրջանային դաշնակիցների դեմ պատերազմը և ազատի Իրանի կողմից Հորմուզի նեղուցի լիարժեք վերաբացման համար նախատեսված արգելափակված միջոցները։ Այս մասին Press TV-ի հաղորդմամբ, ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (SNSC) նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզային Թեհրանում Չինաստանի դեսպան Զոնգ Պիյուի հետ հանդիպման ժամանակ։
«Քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխում իր վարքագիծը և չի ընդունում Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը չի վերաբացվի», – հանդիպման ժամանակ ասել է Ռեզային։
Նա հերթական անգամ հիշեցրել է, որ եթե Իրանը և Օմանը համաձայնության գան ջրային ճանապարհով տարանցիկ ուղիների վերաբերյալ, այդ համաձայնագիրը որևէ ազդեցություն չի ունենա Իրանի՝ նեղուցը վերաբացնելու որոշման վրա։
Հունիսին Իրանը և ԱՄՆ-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր (MoU), որը թույլ է տվել Իրանին կառավարել նեղուցը և աստիճանաբար վերականգնել տարանցումը նորմալ մակարդակի՝ ԱՄՆ-ի կողմից երկրի նկատմամբ պատժամիջոցների և շրջափակման վերացման դիմաց։
Սակայն, Իրանը վերականգնեց սահմանափակումները Հորմուզում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն խախտեց փոխըմբռնման հուշագրի պայմանները՝ փորձելով խաթարել Իրանի կողմից նեղուցի կառավարումը։
Իրանում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ռեզային բարձր է գնահատել Չինաստանի որոշումը՝ դեմ լինել մարտ ամսին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացված հակաիրանական և անօրինական բանաձևի նախագծին։
«Մենք կարծում ենք, որ Իրանը, բացի իր ուժից, օժտված է խոհեմությամբ և իմաստությամբ և ունակ է կառավարել իրավիճակը», – ասել է նա։
Իրանի անվտանգության ղեկավարը նաև X-ում հաղորդագրություն է հրապարակել Հորմուզի նեղուցի խնդրի վերաբերյալ։
«Իրանի ուղերձը հստակ է. Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել պատերազմն ու շրջափակումը, չի ազատել Իրանի սառեցված ակտիվները և չի համաձայնել տարածաշրջանային հրադադարի, այդ թվում՝ Լիբանանում և Գազայում»,- ասել է Ռեզային՝ հավելելով, որ մինչև բոլոր պայմանները չբավարարվեն, նեղուցը կմնա փակ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին։ Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով։ Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
«Սա պարզ ու սովորական ճանապարհ չէ, ինչպես Սևան-Երևան մայրուղին կամ Հյուսիս-հարավը։ Սա մի ճանապարհ է, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունն ունի սահմանափակումներ, սա մի ճանապարհ է, որտեղ կողմերն առնվազն հիմա պնդում են, որ պետք է լինի անխոչընդոտ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ-ի մասին։
Նա նշեց, որ այն պարզ ավտոմոբիլային ճանապարհ չէ, անցնելու են տարբեր ենթակառուցվածքներ. «Սա մի ճանապարհ է, որը ղեկավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնետոսմերի մեծ մասը գտվելու է Ամերիկայի ձեռքում, հետևաբար սա մեզ համար պարզ ճանապարհ չէ»։
Սաղաթելյանի խոսքով, ինչ ուզում են, անունը դնեն, միևնույնն է, այն պարզ ճանապարհ չէ, ինչպես ներկայացնում է Հայաստանի իշխանությունը։
«Ինչո՞ւ Հյուսիս-հարավն ամերիկյան մի ընկերություն չի վերցրել ու կառավարել։ Հատուկ պայմաններով Հայաստանի տարածքով ճանապարհ է, միջանցք է, պարզ ճանապարհ չէ, անունն ինչ ուզում եք դրեք՝ Թրամփի ուղի, Ալիևն ու Էրդողանն ասում են միջանցք, ով ինչպես ուզում, մեկնաբանում է։
Դաշնակացությունն ասում է՝ այդ ճանապարհի կամ միջանացքի օգուտը մենք չենք տեսնում, ունենք մի շարք մտահոգություններ։
Մեր գնահատականն է՝ դա վտանգավոր է Հայաստանի համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Եկեղեցում պետք է լիներ աշխատանքային պայմանագիր, որը կշրջանակեր հարաբերությունները»,- ԱԺ իր ելույթում ասաց ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը։ «Մեր ընդդիմադիր գործընկերները շատ էնտուզիազմով պաշտպանում են եկեղեցու ներսում աշխատանքային պայմանագիր չունենալու իրավունքը․ ինչո՞ւ։ Ի՞նչ կլիներ, եթե լիներ պայմանագիր․ հարկեր պետք է տային։ Չհարկվելու իրավունքն են պաշտպանում, էդ ա խնդիրը։ Եկեղեցու հարկային կարգավորումների հարցն են պաշտպանում՝ սեղաններին դմբդմբացնելով, երբ անհարմար թեմաներից ենք խոսում»,-նշեց ՔՊ-ականը՝ շարունակելով․ «Ինչո՞ւ, ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»։
Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և ասել․
«Ես ուզում եմ մի օրինակով ցույց տալ, որ նոր Սահմանադրություն ունենալը Հայաստանում բացառապես ալիևյան պահանջ է, և դա Ալիևի սահմանադրությունն է։ Այստեղից ՔՊ-ի անդամներն ասում են, որ դա միշտ մեր օրակարգն է եղել։ Սուտ է։ Իրենք երբեք չեն խոսել նոր Սահմանադրության մասին, մշտապես խոսել են Սահմանադրության բարեփոխումների մասին»։
Ի հիմնավորումն իր պնդման՝ պատգամավորը դահլիճում ցուցադրել է երկու լուսանկար՝ հետևյալ գրառումներով․
Իլհամ Ալիև, 2021թ․ — «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն» Նիկոլ Փաշինյան, 2024թ․ — «ՀՀ-ն կարիք ունի նոր Սահմանադրության»։
Ապա պատգամավորը հավելել է․ «Դուք չեք կարող ինձ ցույց տալ, օրինակ, երբ ՔՊ-ն խոսել է ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին՝ Ալիևի պահանջից առաջ»։
Պատգամավորին տեղում հակադարձել էր ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսել է դեռևս 2020 թվականի փետրվարին և հուլիսին։
«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է «Հայաստան» խմբակցության պատգամավորի պնդման հետքերով և պարզել, որ այն սխալ է, չի համապատասխանում իրականությանը։ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին հրապարակայնորեն խոսել է դեռևս 2020 թվականին՝ Իլհամ Ալիևի՝ Վարդանյանի վկայակոչած 2021 թվականի հայտարարությունից առաջ։
2020 թվականի փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը չէր բացառել, որ հետագայում օրակարգում կարող է հայտնվել նոր Սահմանադրության ընդունման հարցը՝ հայտնելով նաև, որ քաղաքական թիմում դրա շուրջ քննարկումներ են սկսվել։
«․․․Մեր մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այնպիսի եզրակացության, որ այս հանրաքվեից հետո հնարավոր է՝ օրակարգը լինի ոչ թե Սահմանադրության փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը։ Ընդ որում, դե ֆակտո դրանք լինեն սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինի նոր Սահմանադրություն»,- նշել էր վարչապետը։
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել 2020 թվականի հունիսի 15-ին։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում նա հայտարարել է, որ հարկավոր է ոչ միայն սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այլև «դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»։
«․․․Հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: ․․․Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- ասել էր վարչապետը։
Նույն թվականի հուլիսի 5-ին վարչապետը վերահաստատել է այդ դիրքորոշումը՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած շնորհավորական ուղերձում նշելով․
«Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանը անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում․․․»։
Այսպիսով, Քրիստինե Վարդանյանի պնդումը, թե մինչև Ալիևի 2021 թվականի հայտարարությունը ՔՊ-ն երբևէ չի խոսել նոր Սահմանադրության մասին, սխալ է։
Միաժամանակ, Ռուբեն Ռուբինյանի հակադարձման այն մասը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին խոսել է նաև 2020 թվականի փետրվարին, ճշգրտման կարիք ունի։ Փետրվարին Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունումը ներկայացրել էր որպես քաղաքական թիմում քննարկվող հնարավոր սցենար, իսկ հունիսին և հուլիսին՝ արդեն որպես անհրաժեշտություն։