Category: TIV 1

  • Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբ

    Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է հասցեագրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

    Ի կատարումն Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության միջնորդագրի՝ 2026 թվականի օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 0.3 հա մակերեսով, 20 միլիոն 502 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ. հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

  • Պետական աջակցությամբ իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ. Պետրոսյան

    «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կայացել է հանդիպում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։

    Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը, ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման միտումները, ներդրումային միջավայրի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ներդրողներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու և նրանց հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու մեխանիզմները:

    «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարևորել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ուղղությամբ իրականացվող ներդրումային ծրագրերը՝ նշելով, որ պետական աջակցությամբ հանրապետությունում իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ:

    Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով փորձի փոխանակման ծրագրերի շարունակականության կարևորությունը:

  • Աշնանը մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին

    2026 թվականի աշնանը մեկնարկելու է անձը հաստատող նոր կենսաչափական փաստաթղթի տպագրությունն ու տրամադրումը ՀՀ քաղաքացիներին։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն կենսաչափական անձնագրի և նույնականացման քարտի մասին է, այլև գրեթե բոլոր տեսակի անձը հաստատող փաստաթղթերի, այդ թվում՝ փախստականներին տրամադրվող նույնականացման քարտի, ինչպես նաև կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի մասին է։ Դա վերաբերում է նաև կացության կարգավիճակ սահմանող փաստաթղթերին։ Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

    Նրա տեղեկացմամբ՝ դեռ տրամադրվող հին նմուշի անձնագրերի տպագրության քանակը 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 185 000։ Նախորդ տարի ցուցանիշը եղել է 174 000։ 2024 թվականին տպագրված հին նմուշի անձնագրերի քանակն էականորեն ավել էր՝ մոտ 270 000, ինչը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2022 թվականին տպագրվել էր մոտ 100 000 փաստաթուղթ, որոնց ժամկետը 2024 թվականին ավարտվում էր։

    Ըստ Դավթյանի՝ նույնականացման քարտերի պահանջարկն աճել է, ինչը պայմանավորված է հայտարարագրման և էլեկտրոնային պայմանագրերի պահանջով։ Այս տարվա առաջին կիսամյակում տպագրվել է մոտ 160 000 նույնականացման քարտ, մինչդեռ 2024 թվականին մոտ այդքան նույնականացման քարտ տպագրվել էր ամբողջ տարվա ընթացքում։ 

    «Առաջին փուլում ունենալու ենք մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ։ Ցանկանում ենք նոր գրասենյակներով, նոր ձևաչափով հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանել մեր երկրում և կոտրել այն կարծրատիպը, որ անձնագրային ծառայությունների մատուցման որակը ցածր է, պայմաններն ու ենթակառուցվածքը հին են։

    «Փաստորեն, մենք այստեղ ցույց կտանք թռիչքաձև նորամուծություններ և կկատարենք ներդրումներ մոտ երկու ամսից։ Փաստաթղթերի տրամադրման պայմանները փոփոխվելու են։ Եթե մեր կենսաչափական անձնագրերը, որոնք տրամադրվել են մինչև 2024 թվականի սկիզբը, արժեին 25 000 դրամ, ապա նոր կենսաչափական փաստաթուղթը, որը միանգամայն մրցունակ է աշխարհում իր անվտանգային բաղադրիչներով և համապատասխանում է ԵՄ այս պահին գործող ամենաբարձր չափանիշներին, արժենալու է 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտն արժենալու է 5950 դրամ։ Անձնագիրը տրամադրվելու է 10 տարի, իսկ նույնականացման քարտը՝ հինգ տարի ժամկետով։ Նորություն է նաև այն, որ նույնականացման քարտը ծնողի կամարտահայտությամբ կարող են ստանալ մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարեկանից սկսած՝  անձը հաստատող մեր նոր փաստաթուղթը, օրենքի համաձայն, որն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը, լինելու է պարտադիր»,-ասաց Դավթյանը։

    Անձնագիրը տրամադրվելու է նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին։ Որևէ պարտադրող բաղադրիչ չի լինելու այն իմաստով, որ անձն ազատ է լինելու՝ դիմելու և ստանալու կենսաչափական անձնագիր՝ անկախ իր փաստաթղթի ընթացիկ ժամկետից։ Եթե նա նույնիսկ նոր է ձեռք բերել 10 տարի ժամկետով հին նմուշի անձնագիր, ապա կարող է անմիջապես փոխարինել նորով։ Նույնը վերաբերում է նույնականացման քարտերին։ Եթե քաղաքացին ցանկանում է տասը տարի շարունակել օգտագործել արդեն իսկ ձեռք բերած հին նմուշի անձնագիրը, ապա այդ դեպքում որևէ խնդիր չի առաջանա։ Պարզապես պետությունը 2026 թվականի աշնանից դադարեցնելու է հին նմուշի անձնագրերի տպագրությունը։ Փաստաթղթերը կտրամադրվեն դիմելուց 14 աշխատանքային օր անց։ Կլինեն նաև արագացված ծառայություններ, որոնց պայմանների մասին կհայտարարվի ավելի ուշ։

    «Էական աշխատանքներ են իրականացվել նաև բնակիչների պետռեգիստրի բարեփոխման ուղղությամբ։ Այժմ գտնվում ենք ծրագրային ապահովման մշակման փուլում։ Համապատասխան օրենքն ընդունվել է և ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։ Օրենքը գալիս է փոխլրացնելու նոր կենսաչափական համակարգի իրողության պայմաններում անձի իրավական ինքնության կառավարման և առհասարակ անձի նույնականացման բոլորովին նոր որակի մեր էկոհամակարգը։ Ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից թվայնացված կլինեն նաև կացության կարգավիճակների տրամադրման գործընթացները, իսկ գալիք տարվա հունվարի 1-ից թվայնացված կլինի քաղաքացիության համար դիմումների գործընթացը։ Փաստացի, մենք 2027 թվականի հունվարի 1-ից կկարողանանք արձանագրել, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տիրույթում եղած բոլոր գործընթացները ենթարկվել են դրական փոփոխությունների՝ թվայնացվել են կամ կատարվել են շատ մեծ ծավալի բարեփոխումներ»,-եզրափակեց Դավթյանը։  

  • Չունենք որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան

    Արամ Վարդևանյանն ամենևին իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, իմ երազած ԱԺ փոխնախագահներն Ալեքսանյանն ու Կոնջորյանն են, մեկ էլ ես՝ նախորդ գումարման ԱԺ-ի ժամանակ, բայց ես ընտրեմ եմ պարոն Վարդևանյանին, որովհետև ես հասկանում եմ, որ նույնիսկ եթե նա իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, այդ տեղը տրված է ընդդիմությանը, և ես չեմ ուզում զրոյական խաղ լինի սա: Այդ մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 14-ի նիստին ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

    «Նույն կերպ հանձնաժողովի նախագահի ձեր թեկնածուներին ուզում եմ ասել՝ մենք չունենք որոշում, որ ավտոմատ չենք ընտրելու: Մենք լսելու ենք և ըստ մեր տպավորությունների՝ կկայացնենք որոշում»,- ասաց նա:

    Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպին՝ Ռուբեն Ռունինյանը հայտարարեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դրանից վիրավորվել է, և որ թուլություն չէ ներողություն խնդրելը:

  • Դուք հատել եք կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն այրել. Տարոն Չախոյանը՝ ընդդիմությանը

    Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանը քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը:

    Ելույթով հանդես եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը, որը նկատեց՝ իր ականջը ծակել է դահլիճի ընդդիմադիր հատվածից հնչած մի հայտարարություն, թե իրենք կատարել են իրենց խոստումը: 

    «Էդ ո՞ր խոստումն եք կատարել: Է՞ն, որ 3-4 ամիս, մատի փաթաթան սարքած, բոլորին հավատացնում էիք, թե ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է: Էդ խոստո՞ւմն եք կատարել, թե՞ այս բարեկրթության սահմաններում աշխատանքները կազմակերպելու մասին ձեռք բերված խոստումը:

    Մի սրիկայի ուղարկում եք էստեղ, գալիս մի ամբողջ խմբակցության վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում, որ գաք ու էստեղից ներողություն խնդրեք:

    Էդ ո՞ր խոստումն եք կատարել, ասեք հասկանանք: Ձեզ ի՞նչ է թվում, ժողովուրդ, որ էդ անձին տարել նստացրել եք անկյունում՝ մեր աչքից հեռու, դա նշանակում է՝ վե՞րջ, անցավ գնա՞ց, վերջացա՞վ էս ամեն ինչը»,- հարցրեց պատգամավորը՝ դիմելով ընդդիմադիրներին:

    Նրա ելույթի ժամանակ դահլիճից հնչեցին արձագանքներ, որոնց միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հորդորելով Չախոյանին ձեռքով չխոսել, իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին՝ տեղից չընդհատել: 

    Չախոյանը, դիմելով ընդդիմությանը, նկատեց՝ նրանք հատել են կարմիր գծերի սահմանները ու հետդարձի կամուրջներն էլ են այրել:

    «Հետդարձի կամուրջներն արդեն այրել եք, որովհետև ձեր ձեռքերը փռել եք մի սրիկայի վրա, որը կամենում է հայ զինվորի մահը»,- հայտարարեց պատգամավորը:

    Հիշեցնենք, որ երեկ ելույթի ժամանակ Էդգար Ղազարյանը, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր. «…Իմ քեռին և ես երբեք չենք կարող արդեն լավ լինել: Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը (քեռու՝ պատերազմի ժամանակ զոհված թոռը – խմբ.) դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ»:

    ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջոյանը, արձագանքելով Էդգար Ղազարյանի ելույթին, կոռեկտ լինելու կոչ էր արել նրան և նախազգուշացում հայտարարել. «Հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե դուք չինքնաէվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու այս դահլիճից և ԱԺ շենքից»:

    Միջադեպից հետո ԱԺ դահլիճում մթնոլորտը լարվել էր, նիստը վարողը հայտարարել էր 20 րոպե ընդմիջում: ԱԺ դահլիճից դուրս իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև վիճաբանություն էր սկսվել: 

  • Լինելով ԱԺ նախագահ՝ Սիմոնյանն աշխատանքային տեղեկատվության պակաս չունի. վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ այս ողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում՝ խաղաղության հաստատման գործընթացում. «Պարոն Գրիգորյանն ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում, և դա շատ գնահատելի է»։

    Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին և նշել. «Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդող շրջանում մեր կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Կարծում եմ, նաև լինելով ԱԺ նախագահ, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը»։

    Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին և հաջողություններ մաղթել։

    Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և Արմեն Գրիգորյանին՝ կատարված աշխատանքի համար։ Դիմելով աշխատակազմին՝ Ալեն Սիմոնյանը նշել է․«Կարծում եմ, որ կկարողանանք միասին աշխատել՝ անկախ այն բանից, ինչպես վարչապետն ասաց, որ տեղյակ եմ և մասնակցել եմ գործընթացներին։ Կարծում եմ՝ պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը և հուսով եմ՝ կկարողանանք իրար հետ աշխատել»։

    Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։ «Առաջիկայում նույնպես նույնքան մեծ և կարևոր աշխատանք պիտի կատարվի։ Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և ԱԽ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»։

  • ԱՄՆ-ի կողմից քաղաքացիական օբյեկտների դեմ uպառնшլիքը խախտում է Ժնևի կոնվենցիան. Բաղաի

    ԱՄՆ-ի կողմից Իրանում քաղաքացիական ենթակառուցվածքների  դեմ սպառնալիքը Ժնևի կոնվենցիաների ակնհայտ խախտում է և պատերազմական հանցագործություններ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին՝ դատապարտելով ԱՄՆ-ի սպառնալիքներն ու քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումները։

    Իր X  էջում 1949 թվականին Ժնևի չորս կոնվենցիաների ընդունման տարեդարձին  նվիրաված գրառման մեջ, Բաղային ասել է, որ ԱՄՆ-ի կողմից ենթակառուցվածքները, կամուրջները և էլեկտրակայանները թիրախավորելու սպառնալիքները խաթարում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքները։

    Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը և կոնվենցիաների մասնակից պետություններին ապահովել պայմանագրերի նկատմամբ հարգանքը՝ զգուշացնելով, որ քաղաքացիական օբյեկտների դեմ սպառնալիքների առջև լռությունը քայքայում է միջազգային իրավական կարգը։

    «Օգոստոսի 12-ին, լրանում է 1949 թվականին Ժնևի չորս կոնվենցիաների ընդունման տարեդարձը՝ զինված հակամարտության իրավունքի ամենակարևոր կանոնները սահմանող հիմնական միջազգային պայմանագրերը, մասնավորապես՝ մարդկությունը, տարբերակվածությունը, ռազմական անհրաժեշտությունը, համաչափությունը ՝ մարդկությանը քաղաքակիրթ դարձնելու նպատակով», – գրել է րանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

    «Այս չորս պայմանագրերի ճարտարապետները դժվար թե կարող էին պատկերացնել, որ 2026 թվականին՝ այս փաստաթղթերի ընդունումից յոթանասունյոթ տարի անց, Միացյալ Նահանգները՝ Միավորված Ազգերի Կազմակերպության ընդունող երկիրը և Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամը, բազմիցս կսպառնա հարձակվել մեկ այլ երկրի ենթակառուցվածքների, կամուրջների և էլեկտրակայանների վրա և իրականում կկատարեն նման հանցագործություններ։

    Միջազգային հանրությունը, Ժնևի կոնվենցիաների մասնակից պետությունները և Շվեյցարիան՝ որպես այս փաստաթղթերի պահապան, չեն կարող անտարբեր մնալ նման աննախադեպ խախտումների նկատմամբ, որոնք կազմում են ակնհայտ պատերազմական հանցագործություններ։

    Ժնևի կոնվենցիաների 1-ին ընդհանուր հոդվածը պարտավորեցնում է պետություններին հարգել կոնվենցիաները։ Քաղաքացիական օբյեկտների նկատմամբ բացահայտ սպառնալիքների առջև լռությունը պարզապես քաղաքական պասիվություն չէ, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարաշրջանի ամենահիմնարար քաղաքակրթական և իրավական նվաճումներից մեկի քայքայում։ Երբ օրենքը լռում է իշխանության առջև, փլուզվում է ոչ միայն կամուրջը կամ էլեկտրակայանը, այլև մարդկության վստահությունը միջազգային հարաբերություններում օրենքի գերակայության հնարավորության նկատմամբ։ Եթե քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու սպառնալիքը կարգավորվի միջազգային հարաբերություններում, ոչ մի պետություն այլևս չի կարող իրեն անվտանգ զգալ իր հիվանդանոցների, էլեկտրացանցերի, կամուրջների, ջրամատակարարման կառույցների կամ այլ կենսականորեն կարևոր օբյեկտների անձեռնմխելիության հարցում արտաքին ագրեսիայի դեմ։ Սա պարզապես մեկ կառավարության դեմ սպառնալիք չէ. սա ամբողջ իրավական կարգի նահանջ է, որը մարդկությունը կառուցել է քաղաքակրթության ձգտման և բռնության զսպման գործում»,- նշել է  նա։

  • TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխվեց կարծիքը. Հարությունյան |

    Ազգային ժողովում շարունակվում է Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցի քննարկումը։

    Թեմային անդրադարձել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը։ Նա, ողջունելով ԱԺ նախագահությանը՝ չդիմելով Արամ Վարդևանյանին՝ իր որոշումը պայմանավորելով վերջինիս վարքագծով։

    «Պարոն Վարդևանյան, ձեզ չեմ դիմում, որովհետև արդեն որերորդ անգամ դուք դուրս եք գալիս և, էթիկետին համապատասխան նախագահությանը դիմելու փոխարեն, դա չեք անում՝ լինելով նախագահությունում»,– նշել է Հարությունյանը։

    Նրա խոսքով՝ Վարդևանյանն այդ կերպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի և մյուս փոխնախագահների նկատմամբ։

    Հարությունյանը նաև ընդգծել է, որ Վարդևանյանը խորհրդարանում ընտրվելուց հետո իր ելույթում չի անդրադարձել այն կոնսենսուսին, որի արդյունքում ստացել է անհրաժեշտ ձայները։

    «Եթե ՔՊ-ն ձեզ բավարար ձայներ չտար, այդտեղ չէիք հայտնվելու, և մենք դա արել ենք ընդդիմության հետ նորմալ միջավայրում աշխատելու համար»,– ասել է պատգամավորը՝ կոչ անելով գնահատել նման քայլերը։

    Հարությունյանն անդրադարձել է նաև Հայկ Ֆարմանյանի նախորդ օրվա ելույթին՝ պնդելով, որ վերջինս բավարար ազնվությամբ չի պատասխանել պատգամավորների հարցերին։

    Մասնավորապես, նա անդրադարձել է Ֆարմանյանի և «FH» ու «FHN» ընկերությունների անվանումների հնարավոր կապի վերաբերյալ հնչած հարցերին։

    Հարությունյանը նշել է, որ Ֆարմանյանին հարց է ուղղվել այն մասին, թե ինչպես է ստացվել, որ «FH» ընկերության անվանումը համընկնում է նրա անվան և ազգանվան առաջին տառերի հետ, ինչին, ըստ նրա, Ֆարմանյանը պատասխանել է, թե դա պարզապես երևակայության արդյունք է։

    Հարությունյանը նաև հիշատակել է «FHN» ընկերությունը՝ նշելով, որ դրա անվանումը կարող է համապատասխանել Ֆարմանյանի անվան, ազգանվան և հայրանվան սկզբնատառերին։ Նրա խոսքով՝ Ֆարմանյանը այդ դեպքում ընդունել է կապը՝ նշելով, որ ընկերությունն իրեն է պատկանում։

    Պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, իր պնդմամբ, Ֆարմանյանը «FH» ընկերությունից ստացել է նվազագույն աշխատավարձ և միաժամանակ՝ խոշոր փոխառություն։

    Հարությունյանն անդրադարձել է նաև Ֆարմանյանի՝ տարբեր հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոփոխությանը՝ մասնավորապես ապօրինի գույքի բռնագանձման և TRIPP-ի ծրագրի վերաբերյալ։

    «TRIPP-ի մասին նույն լուսային արագությամբ փոխվեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ»,– նշել է նա։

  • «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ 3 արտադրատեսակ չեն համապատասխանել սահմանված պահանջներին

    Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հարուցված վարույթի շրջանակում պարզել է, որ «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերության կողմից «ARMENIAN COGNAC/ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ» գրառմամբ իրացվող երեք արտադրատեսակներ մի շարք ֆիզիկաքիմիական ցուցանիշներով չեն համապատասխանում Ռ 59570-2023 ԳՈՍՏ-ի պահանջներին։ 

    Լաբորատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ վերը նշված արտադրանքները պարունակել են ոչ խաղողային ծագման սպիրտ։ 

    Այդ արտադրատեսակներն են՝
    «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 3 տարի, 0,5 լ, 40%,
    «ARMENIAN COGNAC URARTU ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՈՒՐԱՐՏՈՒ» անվանումով 15 տարի, 0,5 լ, 40%,
    «ARMENIAN COGNAC SARGIS ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ՍԱՐԳԻՍ» անվանումով, 5 տարի, 0,5 լ, 40% ։

    Տնտեսավարողի վարքագիծը որակվել է որպես սպառողների շահերը խախտող, այդ թվում՝ անարդար առևտրային գործելակերպ՝ վերջինիս նկատմամբ նշանակելով տուգանք։ 

    Հանձնարարվել է դադարեցնել նշված ապրանքների իրացումը, իսկ այլ տնտեսավարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում՝ գրավոր հետ կանչել։

  • Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է ՀՀ-ի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի յոթերորդ նիստին։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:

    Նախարարը ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի վիճակը և զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով գյուղատնտեսության ինտենսիվացումը, արտադրողականության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և թվային գյուղատնտեսության զարգացումը։

    Անդրադարձ է կատարվել նաև վերամշակող հզորությունների ընդլայնմանը, «խելացի» ֆերմաների, կաթիլային ոռոգման և հողերի արբանյակային մշտադիտարկման համակարգերի զարգացմանը։

    Քննարկվել են նաև ոլորտային մի շարք այլ հարցեր։