ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից. «Նախորդ ուղերձում ես իմ մտորումներն էի ներկայացրել բարեգործության թեմայով։ Հիմա ուզում եմ կիսվել իմ մտքերով՝ գործարարության մասին։ Ես կայացել եմ զրոյից՝ առանց որևէ ազդեցիկ բարեկամի, ժառանգված կապիտալի։ Սկսել եմ փոքր բիզնեսից, անցել եմ բոլոր դժվարությունների միջով։ Սա ասում եմ մեկ պարզ պատճառով. հայաստանյան գործարարության ամբողջ բովանդակությունը ես իմ մաշկի վրա գիտեմ։
Վստահաբար ասում եմ. գործարար խավը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, հաջողությունների և զարգացման գործում ունեցել է բացառիկ դերակատարում։ Անկախության հենց սկզբից՝ 90-ականների ահռելի դժվարությունների փուլից՝ շրջափակում, վտանգավոր ճանապարհներ, տնտեսական համակարգի փլուզում, ֆինանսական ճգնաժամ, պատերազմ, մեծապես մեր գործարարների տաղանդի, աշխատասիրության և հայրենասիրության շնորհիվ է, որ Հայաստանը դիմացավ փորձություններին ու բռնեց զարգացման ճանապարհը։
Մեր գործարարներն անհավանական հաջողությունների են հասնում աշխարհի տարբեր ծայրերում, վայելում հարգանք և հեղինակություն։ Բազմաթիվ անգամներ հրապարակային ասել եմ, որ Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է։ Որքան այս խավը պինդ լինի, ունենա զարգանալու հնարավորություն, այնքան մեր երկիրը ամուր կլինի։ Եվ պետության խնդիրն է՝ ճիշտ տնտեսական քաղաքականությամբ օգնել այս շերտին։ Ասել եմ նաև, որ բիզնեսի կայացումը կարող է տևել տարիներ, պահանջել երկար տարիների դժվար աշխատանք, բայց քանդվելը կարող է լինել ամիսների, եթե ոչ՝ շաբաթների հարց։ Առանձնահատուկ ուզում եմ խոսել դրսի, արտահանման շուկաների մասին։ Ժամանակակից աշխարհում ոչ ոք ոչ մեկին չի սպասում։ Շուկա գտնելը, հարմարվելը չափազանց բարդ խնդիր է։ Ապրանքի որակը, գինը անշուշտ կարևոր են, բայց կարևոր են նաև անձնական կապերը, վստահությունը, ձևավորված հարաբերությունները։
Հիմա մեր բազմաթիվ արտահանողներ կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Մեծագույն սխալ է մտածելը, թե իբր հարցերը միևնույն է՝ մի օր կկարգավորվեն, ու հայ արտահանողները կվերադառնան իրենց ավանդական շուկաները։ Բիզնեսում ժամանակը կանգ չի առնում։ Զգուշացնում եմ՝ ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Շուկայում մեր տեղերն արդեն իսկ գրավում են ուրիշները։ Չեն էլ թաքցնում, դա անում են հրապարակայնորեն և ցուցադրաբար։ Բազմաթիվ հայկական ապրանքների տեղերում այսօր արդեն ադրբեջանական ապրանքներ են։ Այս պրոցեսի մասին դեռևս մեկ-երկու ամիս առաջ եմ ասել։
Չկան մշտական շուկաներ։ Այսպես շարունակվելու դեպքում, խնդիրները չկարգավորելու դեպքում վաղը հայկական կոնյակների, գինիների, օղիների , պանրի, ձկնեղենի, գյուղմթերքի, ծաղիկների, ցանկացած արտադրանքի տեղը վերցնելու են վրացական, ադրբեջանական, մոլդովական, ուզբեկական և այլ երկրների արտադրողները։ Սա կյանքն է, սա բիզնեսի դաժան օրենքն է։ Ու պետք է լավ պատկերացնել, որ սա միայն գործարարների խնդիրը չէ։ Սպառման շուկայի կորուստը կբերի ամբողջ ցիկլի խաթարմանը։ Բոլորը կզգան սրա հետևանքները։ Մենք իսկապես ունենք տաղանդավոր գործարար շերտ։ Ես միշտ մեծ ուրախությամբ շփվում եմ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Նրանց հոգսը, խնդիրները գիտեմ 100 տոկոսով։ Ինձ համար անասելի ցավ է այս շերտի դժվարությունները տեսնելը։ Ես տեսնում եմ խնդիրները, ու շատ հարցեր ինձ լրջորեն մտահոգում են։ Ես տեսնում եմ նաև լուծումները, որոնք թույլ կտան խուսափել վատագույնից։ Ես մի կողմ եմ դնում քաղաքական ենթատեքստերը։
Իմ մեջ խոսում է այն մարդը, որի հանդեպ կատարվում է ակնհայտ անարդարություն։ Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հայրենիքում իմ ստեղծածը, կառուցածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք։ Ինչ սարքել եմ՝ սարքել են զրոյից, ինչը ձեռք եմ բերել՝ եղել է կիսավեր, կիսաքանդ, ու ես դրանք սարքել եմ ժամանակակից, ամենաբարձր ստանդարտի ձեռնարկություններ։ Փառք Աստծո, բոլոր փաստերը պահպանված են։ Բայց իմ մեջ հիմա խոսում է նաև զրոյից կայացած մարդը, որը սկզբում չուներ ոչինչ՝ բացի իր աշխատասիրությունից ու հավատից, և որն անցնելով շատ դժվար ճանապարհ՝ հասել է մեծ հաջողությունների։ Ես շատ լավ եմ հասկանում, թե ինչ են զգում այն արտահանողները, գործարարները, որոնց զրոյից սկսած, կյանքի ու մեծագույն ջանքի ներդրումով ստեղծած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Այս գիտակցությամբ պիտի շարժվի պետությունը»։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շեշտել է, որ հետևել է երեկ տեղի ունեցած միջադեպին և հավելել, որ շատ է գնահատում, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ևս կարծում է, որ Էդգար Ղազարյանի կողմից արված արտահայտությունը դուրս էր բարեվարքության կանոնից։
«Եվ գնահատում եմ, որ նա նշեց՝ ֆրակցիայի նիստ կանեն և կհայտնեն իրենց որոշման մասին։ Ես հետևել եմ ֆրակցիայի և մարգինալ քաղաքական ուժերի արձագանքներին, որ ասում են՝ «ո՞նց, դուք ուզում եք բարեկրթության մեջ մնա»,- շեշտել է ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ ներողություն խնդրելը վիրավորանքի համար ամենևին թուլություն չէ։
«Բացարձակ թուլություն չի։ Հակառակը՝ դա գիտակցում է, որ մեր ժողովրդի միմյանց հանդեպ ռադիկալի շղթան պետք է կոտրել»,- հավելել է Ռուբինյանը։
«Թույլ տվեք անդրադառնալ երեկ և այսօր տեղի ունեցող իրադարձություններին ու ձևակերպեմ այսպես. մեր գործատուներից՝ հանրությունից ներողություն եմ խնդրում, որ ականատեսն են լինում բովանդակային իմաստով որևէ հավելյալ արժեք չենթադրող, բացառությամբ որոշ ելույթների, իրավիճակի»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը:
«Ինձ մոտ տպավորություն էր, որ ԱԺ նիստերի դահլիճը զոհասեղան ա, ինչ ա: Զոհասեղան ա՞»,- հավելեց նա
«Իհարկե, մենք ներքին քննարկում ունեցել ենք, ինչը բնական աշխատանքային պրոցես է»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով նախօրեին նույն խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի շուրջ ծավալված միջադեպին։
Նա նշեց, որ ինչպես արդեն հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, իրենք ԱԺ եկել են այլ օրակարգով։
«Մենք այստեղ չենք եկել նմանատիպ իրավիճակները դարձնելու հանրային կարևորության խնդիր, հանրային օրակարգ։ Մենք այստեղ եկել ենք մեր հայրենակիցների խնդիրները վեր հանլու, դրանց լուծման մեր պատկերացումներն առաջ քաշելու և այդ ուղղությամբ գնալու։ Մենք եկել ենք աշխատելու, չենք եկել տարաբնույթ թեմաները երկար քննարկելու, սերիալի նման զարգացումներ ապահովելու համար»,- ասաց Մ. Ղահրամանյանը։
Օգոստոսի 14-ին կեսօրից հետո, 15-19-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝
«Տնտեսական հանձնաժողովը շատ կարևոր է, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ հանձնաժողովով ենք հաղթահարելու աղքատությունը մեր երկրում»,-իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Հայտարարելով, որ աղքատություն Հայաստանում 600 հազար մարդու դռան է կանգնած՝ նա նշեց, որ վերջին 8 տարվա ընթացքում Հայաստանում աղքատությունը իջել էր 2-3 %՝ այն դեպքում, երբ երկիրը վերցրել էր 7-8 մլրդ դոլարի նոր վարկ։
Նշելով որ իշխանությունները առաջարկում են դիտարեկել ՀՆԱ-ի աճը։
«Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 5 տրիլիոն դրամ, սրա 2.5 տրիլիոնը պետական պարտքն է։ Գիտե՞ք մյուս կեսն ինչ է՝ ցավոք 2.5 տրիլիոն էլ վարկերի աճն է։ Եթե սպառողական վարկերը 2018 թվականին 700 մլրդ էին, ապա ներկայում 1.8 տրիլիոն վարկ կա կախած մեր ժողովրդի վրա։ Հիփոթեքայինի գծով՝ 8 անգամ է ավել։ 5 տրիլիոն տնտեսական աճից 2.5 տրիլիոնը ժողվորդի վերցրած վարկերն են, 2.4 տրիլիոնի կարգի պետության վերցրած վարկերն է»,- Ասաց «Ույժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նա ասաց, որ տնտեսության մեջ որակական փոփոխություններ չկան և նեց, որ 2026 վթկանի կես տարում գյուղատնտեսությունը անկում է գրանցել։
կարապետյանը հայտարարեց, որ տնտեսական մոդելի արմատական փոփոխություն պետք է լինի, այլապես Հայաստանը Լիբանանի վիճակում է հայտնվելու,քանի որ եթե պետությունը չկարողանա պարտքը վերադրաձնել, ապա միջազգային կառույցները կսկսեն կառավարել Հայաստանի ֆինանսական ոլորտ, իսկ նման իրավիճակից Հունաստանը դուրս է եկել 15 տարվա ընթացքում իսկ լիբաբանը դեռ դուրս չի եկել։
«Պղնձի գինը բարձրացել է, 1.4 մլրդ դոլար պարտք ենք վերցնում այս տարի, բայց գյուղատնտեսությունը անկում է ապրում»- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը և եզրափակեց խոսքը. «Մեր ազգի հարստությունը ավելի շատ գործարարների հարստացումն է։ Չի կարելի ունեզրկելով կառուցել տնտեսթյուն, մարդկանց հնարավորություն տալով են ունենում տնտեսությունը»։
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։
Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։
Կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։
Անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։
Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը նշեց՝ Բաբկեն Թունյանը մասնագիտական բավականին բարձր փորձ ունի, փաստացի, նախորդ երկու գումարումներում եղել է հանձնաժողովի նախագահ:
«Ադ առումով հրաշալի տիրապետում է իր գործին»,- ասաց Մանավազյանը:
Պատասխանելով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե նա չի խոսել ապագայի մասին, ընդգծեց՝ ապագան այսօր է, որ ունենք այն ցուցանիշները, որ բերել է ՀՀ Կառավարությունը, և կան կատարողական բարձր ցուցանիշներ:
Ինչ վերաբերում է ներդրումներին՝ նշեց՝ տնտեսությունում կատարվել են միլիոնավոր դոլարների ներդրումներ:
«Նույն պատկերն է նաև բիզնես վարկերի դեպքում, որովհետև Հայաստանում վերացել են արտոնյալները, մոնոպոլիաները, փայ մտնելու, շուկաները գրավելը մեկ անձի կողմից: Այսօր քաղաքացին գիտի, որ աշխատում է օրենքի դաշտում, և օրենքը և պետությունը կանգնած են իր կողքին, որ իր տված միջոցները չեն գնում մի քանի հոգու գրպանը»,- ընդգծեց Մանավազյանը:
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումը, որը ոլորտի հիմնական դերակատարների մասնակցությամբ նման ձևաչափով կազմակերպվող առաջին համաժողովն է։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսայանը։ Ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը, ԿԳՄՍ նախարարության, մարզական ֆեդերացիաների, Երևանի և ՀՀ մարզերի մարզադպրոցների, ինչպես նաև գործընկեր մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ քննարկումները պարբերական դարձնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ նպատակ կա ֆորումը վերածելու ամենամյա հարթակի. «Սա լավ առիթ կլինի սպորտի ոլորտում գործունեություն ծավալող տարբեր կառույցների և ներկայացուցիչների համար՝ հավաքվելու, ամփոփելու կատարված աշխատանքը, քննարկելու առաջիկա անելիքներն ու համատեղ ծրագրերը, ինչպես նաև դրանց առավել արդյունավետ իրականացման հնարավորությունները»։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է՝ ֆորումի օրակարգն ընդգրկում է սպորտի ոլորտում Կառավարության ռազմավարական հիմնական ուղղությունները՝ բարձր նվաճումների և մասսայական սպորտից մինչև ենթակառուցվածքների զարգացում, պետություն-մասնավոր համագործակցություն, միջազգային մրցաշարերի անցկացում և ոլորտի թվայնացում։
Սպորտի ոլորտի պետական հատկացումներն էականորեն աճել են
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ոլորտի պետական ֆինանսավորման ցուցանիշները. «Մասսայական սպորտին ուղղված պետական հատկացումների՝ 2018 թվականի համեմատ 15 անգամ աճ ունենք, իսկ բարձր նվաճումների սպորտի ուղղությամբ՝ գրեթե 5 անգամ։ Սա նշանակում է, որ սպորտին ուղղված պետական հատկացումներն ավելի մեծ ծավալով են աճել»:
Նախարարը շեշտել է, որ ֆինանսավորման ավելացումն ուղղվում է կոնկրետ թիրախների և ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ մարզական ենթակառուցվածքների զարգացմանը։ Այդպիսի աշխատանքներ իրականացվել են նաև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որտեղ անցկացվել է համաժողովը: Նշվել է, որ քոլեջի 55-ամյա պատմության ընթացքում միայն վերջին հինգ տարում կատարված հատկացումների ծավալն այնքան մեծ է եղել, որ մինչ այդ կատարված հատկացումները դրա նույնիսկ 10 տոկոսը չեն կազմել։
«Այս ամենը նոր մարզական ենթակառուցվածքներ և հնարավորություններ է ձևավորում, ինչը, մի կողմից, մարզական կրթության համար նոր պայմաններ է ստեղծում, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս մարզական ֆեդերացիաներին իրենց միջոցառումների և ծրագրերի շրջանակում համագործակցել քոլեջի հետ և օգտվել այս ենթակառուցվածքներից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ որպես հաջողված օրինակ մատնանշելով արդեն շահագործվող ծանրամարտի դահլիճը, որը լավ հարթակ է դարձել Ծանրամարտի ֆեդերացիայի համար։
Ժաննա Անդրեասյանն ավելացրել է՝ նախարարության բյուջեով, սուբվենցիոն ծրագրերով և այլ նախաձեռնությունների շրջանակում միայն նախորդ տարի աշխատանքներ են իրականացվել շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքներում։
Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց
Կառավարության նոր ծրագրում, ըստ նախարարի, ավելի մեծ շեշտադրում է նախատեսվում սպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագրի օրինակով նախատեսվում է իրականացնել նաև շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոցների կառուցման, վերակառուցման և նոր գույքով հագեցման ծրագիր։
«Պետությունը երբեք մարզադպրոցների պայմանների բարելավման և արդիականացման ուղղությամբ համակարգված ու հետևողական քաղաքականություն չի ունեցել։ Ունեցել ենք առանձին միջոցառումներ՝ որոշ անհրաժեշտ և հիմնականում հրատապ հարցեր լուծելու համար, սակայն հիմա այս համակարգված և հետևողական ծրագրով կարողանալու ենք մեր շուրջ 50 մարզադպրոցներ ամբողջությամբ բերել նոր, ժամանակակից պայմանների»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա գնահատմամբ՝ ժամանակակից ենթակառուցվածքները պետք է ոչ միայն նպաստեն բարձր նվաճումների սպորտի զարգացմանը, այլև փոխեն հասարակության վերաբերմունքն առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության նկատմամբ։ Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում անդրադարձել է նաև դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ տարիներ շարունակ ձևավորված վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ երեխաների ֆիզիկական առողջության և սպորտով զբաղվելու ցուցանիշներն էական անկում են գրանցել:
Նրա խոսքով՝ այսօր դեռ կան դպրոցներ, որոնք մարզադահլիճ չունեն, և դրանց ամբողջական վերակառուցման շրջանակում զրոյից կառուցվում են նաև մարզադահլիճներ։ Կառավարության նոր ծրագրով նպատակ է դրվել, որ յուրաքանչյուր երեխա հասանելիություն ունենա սպորտային ենթակառուցվածքներին և հնարավորություն ստանա զբաղվելու իր նախընտրած մարզաձևով։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մասնավոր հատվածի ներգրավումը՝ նշելով, որ պետությունը չի նախատեսում սպորտային ենթակառուցվածքների զարգացման ամբողջ գործընթացն իրականացնել միայնակ։
Նրա խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցությունը զարգացում է ապրում երկու հիմնական ուղղությամբ։ Առաջինը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ սպորտային ենթակառուցվածքների ստեղծումն է։ Խոշորացված համայնքներում նախատեսվում է կառուցել տիպային մարզահամալիրներ, որոնցից երեքի՝ Արարատում, Եղեգնաձորում և Մարտունիում նախատեսվող կառույցների շինարարության մրցույթներն արդեն հայտարարված են։ Պետության կողմից կառուցվելուց հետո նախատեսվում է այդ մարզահամալիրները հանձնել մասնավոր հատվածին՝ հավատարմագրային կառավարման։
Երկրորդ ուղղությունը մասնավորի կողմից տնօրինվող կամ շահագործվող մարզական ենթակառուցվածքներում առաջնահերթ պետական ծրագրերի ֆինանսավորումն է։ Արդեն ֆինանսավորվում են երեխաների լողի պարապմունքները, իսկ մարզաձևերի ցանկն ընդլայնվել է։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մասնավոր հրաձգարաններն ու դահուկավազքի ենթակառուցվածքները ևս կարող են ներգրավվել ծրագրում, ինչի արդյունքում երեխաների պարապմունքները կֆինանսավորվեն պետության կողմից։
Վարչապետի գավաթներին մասնակցում է շուրջ 25 հազար դպրոցական
Մասսայական սպորտի զարգացման համատեքստում նախարարը կարևորել է նաև մրցակցային միջավայրի ձևավորումը և «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի անցկացումը։ Նրա ներկայացմամբ՝ նախորդ տարվա արդյունքներով այդ մրցաշարերին մասնակցել է շուրջ 25 հազար դպրոցական։ Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ ցուցանիշը բարելավվել է առաջին տարվա համեմատ, սակայն դպրոցահասակ երեխաների ընդհանուր թվի համատեքստում այն դեռ բավարար չէ։ Մրցաշարերի և դպրոցներում սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնմամբ նախատեսվում է հետևողականորեն ավելացնել մասնակիցների թիվը։
Յուրաքանչյուր տարի՝ առնվազն երկու միջազգային խոշոր առաջնություն Հայաստանում
Սպորտի միջազգայնացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը նշել է՝ նպատակներից մեկը Հայաստանը միջազգային մրցաշարերի կազմակերպման կայուն հարթակ դարձնելն է։
«Կառավարության նոր ծրագրով մեր առջև յուրաքանչյուր տարի առնվազն երկու օլիմպիական մարզաձևից Եվրոպայի կամ աշխարհի առաջնություն հյուրընկալելու խնդիր ենք դնելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանը վերջին տարիներին միջազգային մրցաշարեր անցկացնելու զգալի փորձ է կուտակել, իսկ յուրաքանչյուր նոր առաջնություն նպաստում է կազմակերպչական կարողությունների զարգացմանը։ Որպես ամենավառ օրինակ՝ նա մատնանշել է հրաձգության Եվրոպայի առաջնությունը՝ նշելով, որ, չնայած տեխնիկական և կազմակերպչական բարդություններին, այն անցկացվել է բարձր մակարդակով։
Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է՝ 2027 թվականին Հայաստանում նախատեսվում են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը՝ տասը մարզաձևերի ընդգրկմամբ, ինչպես նաև մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը, կարատեի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը և այլ մրցաշարեր:
Ֆուտբոլի նոր մարզադաշտի կառուցում Իջևանում, վերակառուցում՝ Վանաձորում
Միջազգային խոշոր միջոցառումների շարքում Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է նաև 2029 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին ընդառաջ՝ Իջևանում նախատեսվում է կառուցել ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի պահանջներին համապատասխան 10 հազար հանդիսական տեղավորող մարզադաշտ, իսկ Վանաձորի մարզադաշտը նախատեսվում է վերակառուցել։
Նախարարը միաժամանակ շեշտել է, որ սպորտի միջազգայնացումը ենթադրում է նաև միջազգային չափանիշների և արդար սպորտի կանոնների ապահովում, համապատասխան կոնվենցիաներին միացում, ինչպես նաև մրցավարության որակի բարձրացում և միջազգային կարգի հայ մրցավարների թվի ավելացում, ինչը, նրա դիտարկմամբ, առանցքային նշանակություն ունի։
Թվայնացումը՝ առաջնահերթ ուղղություն
Ֆորումի մյուս կարևոր շեշտադրումը սպորտի ոլորտի թվայնացումն է։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումն առաջնահերթ ուղղություն է։
«Այս ամբողջ ծավալի աշխատանքը չի կարող արդյունավետ իրականացվել, եթե չունենանք պատշաճ թվային գործիքակազմ, որը կարող է թե՛ մեր բոլորի կյանքը էապես հեշտացնել, թե՛ բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը հանրության տեսանկյունից»,- ասել է նախարարը։
Մասնավորի հետ համագործակցությամբ կանցկացվի Սպորտ էքսպո
2027 թվականին Հայաստանում պետություն-մասնավոր համագործակցությամբ նախատեսվում է անցկացնել Սպորտ էքսպո: Նախաձեռնության նպատակն է Հայաստանում մեկ հարթակում համախմբել տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների, հայ և միջազգային ճանաչում ունեցող մարզիկների, ինչպես նաև սպորտային ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների։
«Սա մեզ համար ամբողջությամբ նոր փորձառություն է. նման բան Հայաստանում չի կազմակերպվել։ Հատկապես ուրախալի է, որ առաջարկը եղել է մասնավորի կողմից։ Սա սպորտի տնտեսականացման շատ կարևոր խթան է լինելու»,- նշել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության բոլոր կողմերին համատեղ աշխատանքի համար։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ էքսպոյում ներգրավված կլինեն նաև տարբեր կրթական հաստատություններ, որոնց համար այն հնարավորություն կստեղծի բարձրացնելու տեսանելիությունը, ձեռք բերելու նոր գործընկերներ և իրականացնելու համատեղ ծրագրեր։ Քննարկվում է նաև էքսպոն սպորտի ոլորտում «Տարվա լավագույններ» մրցանակաբաշխությամբ ամփոփելու հնարավորությունը։
«Sport Space Foundation» հիմնադրամի ներկայացուցիչ Խորեն Աբրահամյանի խոսքով՝ միջազգային կարգի մարզիկների ներգրավման ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում, իսկ նախագիծը նախատեսվում է դարձնել շարունակական։ Նա տեղեկացրել է՝ Էքսպոյի շրջանակում կներկայացվեն մարզագույք, սպորտային հագուստ և սնունդ, ինչպես նաև սպորտին ու առողջ ապրելակերպին առնչվող այլ արտադրանք և ծառայություններ։ Նախատեսվում է Հայաստան հրավիրել նաև արտասահմանյան ճանաչված ընկերությունների ներկայացուցիչների։ Առանձին տաղավարներ են նախատեսվում մարզիկների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց հմտությունները, շփվելու և փորձով փոխանակելու։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է նաև բարեգործական բաղադրիչ:
Ամփոփելով՝ ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների առաջին ֆորումը կդառնա շարունակական հարթակ՝ ոլորտի խնդիրները, անելիքներն ու զարգացման ուղղությունները պետության, մարզական կառույցների և մասնավոր հատվածի մասնակցությամբ քննարկելու համար։
Ֆորումի շրջանակում քննարկվել են նաև Սպորտի կառավարման կենտրոնի և ֆեդերացիաների համագործակցությանը, ֆիթնես կենտրոնների գործունեությանն ու մարզիչների հավաստագրման նոր կարգավորումներին, ինչպես նաև Հայաստանի առաջնությունների կազմակերպման որակի բարձրացմանն առնչվող հարցեր։