Category: SyunyacErkir

  • Թուրքիան համաձայնել է Ուկրաինային տրամադրել ռազմածովային անվտանգության երաշխիքներ․ Ֆիդան

    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքների շուրջ քննարկվող հարցերի համատեքստում Անկարան համաձայնել է գլխավորել այդ աշխատանքի ռազմածովային բաղադրիչը։

    «Ավելի վաղ բարձրացվել էր այն հարցը, թե ինչպես Թուրքիան կարող է պոտենցիալ ներդրում ունենալ [խաղաղ լուծման ապահովման գործում]։ Ներկայումս քննարկվում է հնարավոր խաղաղ համաձայնագրի կարևորագույն ասպեկտներից մեկը՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները։ Այդ երաշխիքները ներառում են ցամաքային, ծովային և օդային տարրեր։ Թուրքիան համաձայնել է գլխավորել ռազմածովային բաղադրիչը։ 

    Այս հարցի շուրջ մենք մեր դաշնակիցների հետ փոխըմբռնում ունենք։ Այս ուղղությամբ պլանային աշխատանքներ են տարվում նաև համապատասխան դաշնակից ռազմածովային ուժերի հետ», – ասել է նա Կիևում՝ իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է Թուրքիայի ԱԳՆ-ն սոցցանցերում։

  • Իրանի ԱԳՆ-ն կոչով դիմել է Մերձավոր Արևելքի երկրներին

    Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական բազաներ, արգելել Վաշինգտոնին իրենց տարածքներից հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը։

    «Դա անհրաժեշտ է տարածաշրջանում պատերազմի սրացումն ու ընդլայնումը կանխելու համար»,– ասվում է հայտարարության մեջ:

    Հիշեցնենք, որ վերջին օրերին կրկին սրվել են ԱՄՆ-Իրան հարաբերությունները, կողմերը փոխադարձ հարվածներ են հասցնում իրար՝ ԱՄՆ-ն Իրանի տարածքին, իսկ Իրանը տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ բազաներին։

    yerkir.am

  • «Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազությա

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

    Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը:

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

    Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝

    • 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում.
    • 42 տրանսպորտային միջոց.
    • 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք.
    •  105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք:

  • Կենսաթոշակային և հաշմանդամության գործերի թվայնացմամբ նախատեսվում է ազատել մինչև 3000 քմ վարչական տար

    Կենսաթոշակառուների և բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց թղթային գործերը տեսաներածելուց հետո հնարավոր կլինի դրանք սահմանված կարգով ոչնչացնել՝ պահպանելով էլեկտրոնային տարբերակները։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

    Նախագծով առաջարկվում է վերանայել կենսաթոշակների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց գործերի պահպանման ժամկետները։

    2013 թվականից Միասնական սոցիալական ծառայությունում գործում է «Կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգը»։ Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, վերահաշվարկելու կամ վճարումը դադարեցնելու համար ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են համակարգ, իսկ բնօրինակները վերադարձվում են դիմողին։

    Միաժամանակ մինչև համակարգի ներդրումը ձևավորված բազմաթիվ կենսաթոշակային գործեր շարունակում են պահպանվել թղթային տարբերակով։

    Նախագծով նախատեսվում է կենսաթոշակային թղթային գործերը ոչնչացնել դրանց ամբողջական տեսաներածված տարբերակները պատրաստելուց և փորձագիտական ստուգում անցկացնելուց հետո։ Էլեկտրոնային գործերի պահպանման ժամկետը կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցումից հետո կսահմանվի 50 տարի՝ գործող 10 տարվա փոխարեն։

    Բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց գործերի պահպանման ժամկետը նախատեսվում է 50 տարուց կրճատել մինչև 25 տարի։ Թղթային գործերը նույնպես հնարավոր կլինի ոչնչացնել դրանց տեսաներածված տարբերակների առկայությունն ապահովելուց հետո։

    Հիմնավորման համաձայն՝ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացած պացիենտների հիվանդության պատմագրերի համար ներկայում սահմանված է 25 տարվա պահպանման ժամկետ, մինչդեռ դրանց հիման վրա հաշմանդամություն սահմանելու դեպքում փաստաթղթերը պահվում են 50 տարի։ Նախագծի հեղինակները նման տարբերությունը ողջամիտ չեն համարում։

    Փոփոխությունների ընդունմամբ նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության շուրջ 2500-3000 քառակուսի մետր վարչական տարածք ազատել թղթային արխիվներից։

    Փաստաթղթերի թվայնացումը, ըստ հիմնավորման, հնարավորություն կտա ապահովել դրանց արագ որոնումը, երկարաժամկետ և անվտանգ պահպանումը, ինչպես նաև պաշտպանությունը ֆիզիկական մաշվածությունից։

    Նախագիծը մշակել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները։ Դրա ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում։

     

  • Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա

    Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։

    Այցի շրջանակներում նախատեսված են նրա բանակցությունները ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որոնց ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը և տարածաշրջանային ու միջազգային օրակարգի առանցքային հարցեր։

    Ըստ ՌԴ ԱԳՆ-ը հաղրոդագրության՝ Ռուսաստանը Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում կարևոր գործընկեր։

    «Հանդիպման կարևոր թեմաներից է լինելու նաև Հարավային Կովկասում կայունության ապահովումը։ Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանազատմանը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ հիմնվելով 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների վրա։ Այս համատեքստում շեշտվել է «3+3» տարածաշրջանային հարթակի ներուժը, որը նպատակ ունի խթանելու տարածաշրջանային խնդիրների լուծումը՝ առանց արտաքին միջամտության»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

  • Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել բարեկամ երկրներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու

    Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի խոսնակ, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար դոկտոր Մաթթիաս Կոպպի։

    Դոկտոր Մաթթիաս Կոպպը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ ճանաչողական այցի նպատակն է առավել խորությամբ ծանոթանալ Հայոց Եկեղեցուն, հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր ու մշակութային ժառանգությանը և քրիստոնեական ավանդույթներին։

    Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները նպաստում են ժողովուրդների և Եկեղեցիների միջև հարաբերությունների ու եղբայրական կապերի առավել ամրապնդմանը։

    Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման գործում։

    Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ իր գնահատանքը հայտնելով բարեկամ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Քույր Եկեղեցիներին և միջազգային կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։

    Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին, Հայաստանի հոգևոր ու հասարակական կյանքին։

     

  • Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

    Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։ Խոսքը վերաբերում է նաև խաղաղության պայմանագրի կնքմանը, սահմանների սահմանազատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում։

    «Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա։ Նախատեսված է նրա երկկողմ հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ 

  • ՌԴ-ն և Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդո

    Ռուսաստանն ու Չինաստանը իրենց համագործակցությամբ աշխարհին կայունություն և զարգացման վստահություն են հաղորդում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով երկրների միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակը։

    «Կողմերը կշարունակեն հետևել պայմանագրում ամրագրված նպատակներին ու սկզբունքներին, ընդլայնել գործնական համագործակցությունը և աշխարհին ավելի շատ կայունություն ու զարգացման վստահություն հաղորդել», – ասել է նա։ Լին Ցզյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի ռազմավարական առաջնորդությամբ։ Նա հիշեցրել է, որ մայիսին առաջնորդները պայմանավորվել են զարգացնել պայմանագրում դրված բարեկամության ոգին և չին-ռուսական հարաբերությունները դուրս բերել նոր փուլ։

    2001 թվականի հուլիսի 16-ին Պուտինը և այդ ժամանակ ՉԺՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ցզյան Ցզեմինը ստորագրեցին Ռուսաստանի և Չինաստանի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիրը։ Այս փաստաթուղթը հիմք դրեց Մոսկվայի և Պեկինի երկկողմ կապերի ողջ համալիրի որակական աճի համար։ Այս տարվա մայիսին Պուտինի՝ ՉԺՀ կատարած այցի ընթացքում Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։

  • Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

    ԱՄՆ զինվորականներն ավարտել են Իրանի ուղղությամբ հերթական հարվածների շարքը, հայտնել է ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

    «CENTCOM-ը Իրանի դեմ հարվածների երեկոյան ալիքն ավարտել է հուլիսի 15-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին: ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական հրամանատարական կենտրոններ, ՀՕՊ համակարգերի, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրեր, ինչպես նաև առափնյա դիտակետեր», – ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ:

    Ինչպես նշել են CENTCOM-ում, ամերիկյան զինվորականները կիրառել են բարձր ճշգրտության զինամթերք, հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, նաև Բանդեր-Աբաս քաղաքին։

    Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իր հերթին հարվածներ է հասցրել Քուվեյթում ԱՄՆ Ալի ալ-Սալեմ ռազմակայանում ամերիկացի զինծառայողների տեղակայման վայրին։

    «Քուվեյթի Ալի ալ-Սալեմ ավիաբազայում C-RAM վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համակարգը, ինչպես նաև ամերիկյան զորքերի տեղակայման շրջանը դարձել են համակցված հարվածի թիրախներ «Նասր-2» գործողության ութերորդ ալիքի ընթացքում»,- մեջբերում է Press TV հեռուստաալիքը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։

    ԻՀՊԿ ուժերը հարվածներ են հասցրել նաև Հորդանանում ամերիկյան Ալ-Ազրակ ավիաբազային։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։

    Վերջինիս տվյալներով՝ ԻՀՊԿ-ն խոցել է ԱՄՆ ԶՈՒ կապի համակարգերը և վառելիքի պահեստները։

  • Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

    ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Հյու Հյուիթի փոդքաստում հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան հարվածները կշարունակվեն՝ մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների ընթացքը։ Հայտնում են ԶԼՄ-ները:

    «Այս գիշեր նրանց  շատ ուժեղ հարված կհասցնենք, վաղն էլ կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք», — ասել է ԱՄՆ նախագահը։

    Նրա խոսքով՝ Իրանը չունի արդյունավետ պատասխան տալու հնարավորություններ։

    «Նրանք ոչինչ չեն կարող անել դա կանխելու համար։ Նրանք ոչինչ չունեն։ Միակ բանը, որ կարող են անել, բարձրագոչ հայտարարություններ անելն է»,-ասել է Թրամփը։

    Բացի այդ, ԱՄՆ նախագահը կոշտ քննադատության է ենթարկել Իրանի ղեկավարությանը։

    Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները «շատ շուտով» ռմբակոծության կենթարկեն Իրանի Նաթանզի միջուկային օբյեկտը։ Սպիտակ տան ղեկավարը Salem Radio Network-ի եթերում ասել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն լուրջ հարվածներ կհասցնի Իրանին։

    «Մենք դա կանենք։ Մենք հողին կհավասարեցնենք «Քիրք լեռը»։ Փոխանցեք իրանցիներին, որ պատրաստվեն»,- նշել է նա։