Category: SyunyacErkir

  • Հայ-իրանական բարեկամությունը` «Սյունյաց երկրի» աչքերով

    Հուլիսի 16-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագրատուն էր այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Գիլան նահանգի համալսարանի կողմից ՀՀ-ում  վավերագրական ֆիլմ նկարահանող ստեղծագործական խումբը` պատմաբան Աբբաս Փանահի գլխավորությամբ:

    Ֆիլմի հեղինակները կարևորել են Սյունիքի և սյունեցիների դիրքորոշումը հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև Սյունիք-Իրան հարաբերություններից պատմական որոշ դրվագների վերհուշը:

    Հյուրերին հետաքրքրում էին նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո դեպի Գիլանի նահանգ հայերի գաղթին առնչվող տեղեկություններ, որոնք հիշում են Սյունիքում:

    Սամվել Ալեքսանյանը պատմական համառոտ անդրադարձ է կատարել հայ-իրանական հարաբերություններին` գնահատելով այն որպես դարերի փորձություններին դիմացած իսկական բարեկամություն, որը նոր բովանդակություն է ստանում հատկապես վերջին տարիներին, երբ Սյունիքին սպառնացող մարտահրավերներն ավելի ակնհայտ են դառնում:

    Սամվել Ալեքսանյանը մատնանշեց Սյունյաց աշխարհի զավակ, 1912-48 թթ.  Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Ներսես Մելիք-Թանգյանի դերը` Հայոց մեծ եղեռնից մազապուրծ եղած  հայերի մի մասին Իրանում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու գործում:

    Գիլանի նահանգը և հատկապես Բանդարե Անզալի կամ Էնզելի քաղաքը 1918 թ. սեպտեմբերի 15-16-ից հետո գրկաբաց ընդունեց հազարավոր հայերի, ովքեր հարկադրաբար նահանջեցին Բաքվից, որոնց թվում էին բազմաթիվ սյունեցիներ:

    Նրանց մեջ էր Բաքու ներխուժած թուրքերի դեմ կռվող հայկական 8-րդ գումարտակի հրամանատար Պողոս Տեր-Դավթյանը, ով էլ` իր զինակիցներից շատերի հետ, տեղափոխվեց Սյունիք-Զանգեզուր և ստանձնեց Սիսիանի ինքնապաշտպանության հրամանատարի դերը:

    Խմբագիրը հիշեց նաև Մելիք Հայկազն 2-րդին` Սյունյաց աշխարհի դյուցազնական իշխանին, ով Սեֆյան Շահ Աբբաս Ա-ի 1609 թ. արքայական հրամանով  լիակատար իշխանություն ստացավ Սյունիքում, ով ոչ միայն կանխեց հայերի գաղթը Սյունիքից ու Արցախից, այլև նախաձեռնեց Սյունյաց Մեծ անապատի կամ Հարանց Մեծ անապատի կառուցումը Գորիսի տարածաշրջանի Հալիձոր գյուղի դիմաց` Որոտան գետի աջ ափին, որն էլ դարձավ յուրօրինակ հոգևոր-մշակութային կենտրոն համայն հայության համար:

    Հայ-իրանական հարաբերություններում կարևոր դրվագ էր Սեֆյան Շահ Սաֆիի 1629 թ. հրովարտակը` Էջմիածինը տարեկան 100 թուման փիշքաշի պարտավորությունից ազատելու և Սյունյաց աշխարհի մեծանուն զավակ Մովսես վարդապետին (Վերին Խոտանան գյուղից) Ամենայն հայոց կաթողիկոս նշանակելու մասին:

    Սյունիքում չեն մոռանում Իրանի վերաբերմունքը Դավիթ Բեկի գլխավորած Սյունիքի իշխանապետությանը  (18-րդ դարասկիզբ), ինչպես և Գարեգին Նժդեհի գլխավորած Լեռնահայաստանին (1921 թ.):

    Սյունիքում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող քրիստոնեական սրբավայրերի հանդեպ պետական հոգածությունը: Եվ դա ավելի է արժևորվում, երբ  մեր օրերում` քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև, հայոց Արցախում պղծվում են քրիստոնեական արժեքներն ու մեր մյուս սրբավայրերը:

    Սյունիքում գիտեն նաև այն նշանավոր հայերին, ովքեր դարերի ընթացքում մեծ ներդրում են ունեցել Իրանի տնտեսության, գիտության, ռազմական հզորության զարգացման ոլորտներում:

    Այդ առումով հատկապես անդրադարձ կատարվեց  Խոջա Նազարի գործունեությանը:

    Դարերով հյուսված այդ բարեկամությունը շաղախվել է մշակութային համագործակցությամբ: Եվ որպես օրինակ նշվեց Սյունյաց աշխարհի զավակ Սերգեյ Ումառյանի անունը, ով թարգմանեց և հայ ընթերցողին ներկայացրեց Օմար Խայամի քառյակները, Ֆիրդուսու «Շահնամե»  պոեմը:

    Հանդիպման վերջում, որ տեսանկարահանվում էր, Սամվել Ալեքսանյանն ընթերցեց հատված Եղիշե Չարենցի «Չարենց-Նամե» պոեմից.

    «Ես ծնվել եմ Մակու քաղաքում,

    Արևի տակ ոսկեղեն, հասուն,

    Շոգ շնչի տակ Օրմուզդի թևի…

    Թափել է արևն Իրանի

     Իմ հոգում Շիրազի վարդեր…»:

    Նախապատրաստվող վավերագրական ֆիլմի առաջնախաղը, ինչպես հավաստիացրին հյուրերը, տեղի կունենա Կապանում՝ այս տարվա նոյեմբերին։

  • Fars. Իրանը հարվածել է Քուվեյթում գտնվող ամերիկյան զորքերին

    Իրանի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Քուվեյթում գտնվող ամերիկյան ուժերի և թշնամու լոգիստիկ կենտրոնների վրա, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

    «Մի քանի ժամ առաջ՝ «Կայծակ» գործողության տասներկուերորդ փուլի շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության «Արաշ» ավերիչ անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քուվեյթում գտնվող ահաբեկչական և երեխա սպանող ԱՄՆ բանակի ուժերին և լոգիստիկ կենտրոններին», – ասվում է բանակի հայտարարության մեջ, ըստ գործակալության։ Հարձակումը կատարվել է թշնամու գործողություններին պատասխանելու համար։

    Հինգշաբթի օրը ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքի մասին։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են Բանդար Աբբասի և Քեշմ կղզու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հարձակումը նաև հարվածել է Ահվազին, Բուշեհրին, Բանդար Խոմեյնիին, Բանդար Լենգեին, Վեյսիանին, Չաբահարին և Իրանշահրի օդանավակայանին։

  • Աշխատակիցների առողջության պահպանման և աշխատանքի անվտանգության միջազգային ստանդարտի ներդրումը Կապանի

    Ձեռնարկության ղեկավարությունն այսօր հանդիպել է «Նարեկ» գիտահետազոտական ՓԲ ընկերության հիմնադիրների և միջազգային աուդիտորների հետ՝ վերահաստատելով շարունակական համագործակցությունը և Կապանի ԼՀԿ-ում ISO 45001 միջազգային ստանդարտի ներդրման հանձնառությունը։

    Պաշտոնական հանդիպմանը հաջորդել են աշխատանքի անվտանգության ժամանակակից մեխանիզմների կիրառման թեմայով դասընթացներ, որոնց մասնակցել են կոմբինատի տարբեր արտադրամասերի աշխատակիցները։

     

  • Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարները Մոսկվայում հանդիպում են անցկացնում

    Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպում են անցկացնում առանձնազրույցի ձևաչափով։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հրատապ հարցերն ու օրակարգում գտնվող թեմաները։

    Բանակցությունների արդյունքներով նախարարները նաև համատեղ մամուլի ասուլիս կտան։

  • ԱՄՆ-ն երրորդ փորձից ավերել է Իրանի Չաբահար քաղաքի հսկիչ աշտարակը

    Իրանի հարավային Չաբահար քաղաքի վրա ԱՄՆ-ի հարվածների հետևանքով ավերվել են երկու նավամատույց և նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը։ Տեղեկությունը հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

    Նախօրեին իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին Պարսից ծոցի Աբու-Մուսա կղզում իրանական Չաբահար, Կոնարակ, Սիրիկ, Ջասկ և Բանդար Աբաս քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին: Բանդար Աբասում, ինչպես հաղորդել է «Mehr» գործակալությունը, ՀՕՊ-ը կրակ է բացել թշնամու թիրախների ուղղությամբ։

    «ԱՄՆ-ն և Իսրայելը մի քանի արկերով գրոհելով ծովափնյա Չաբահար քաղաքը՝ վնասել են Շահիդ Բեհեշտիի նավամատույցը, նավահանգստի պարետային նավամատույցը, ինչպես նաև նավերի երթևեկության կառավարման հսկիչ աշտարակը», – ասված է հաղորդագրության մեջ:

    ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X սոցցանցում հրապարակել է Չաբահար քաղաքում նավահանգստային հսկիչ աշտարակի փլուզման լուսանկարը: Պենտագոնի ղեկավարը լուսանկարին կցել է մեկնաբանություն՝ պնդելով, թե

    «Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը»։

    Օբյեկտը փլուզվել է ԱՄՆ-ի ավիահարվածների երրորդ ալիքի հետևանքով, որոնք տարածաշրջանում շարունակվում են մի քանի օր անընդմեջ:

    Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը և Reuters գործակալությունը, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հայտնել էին, որ Բանդար Աբասում հարվածներ են հասցվել կապի աշտարակին և երկաթուղային հանգույցին: Քաղաքը մասնակի հոսանքազրկված է։

    Հուլիսի 15-ի գիշերը ամերիկացի զինվորականները Իրանի ուղղությամբ սկսել են հզոր հարվածների շարք։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին։ Իրանի իշխանությունները Վաշինգտոնին մեղադրել են ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

  • Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ

    Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադարձել է Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված պարսավելի արարքին. վերջինը  ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ Արցախի խորհրդանիշ «Տատիկ-պապիկ» հուշարձանի նկարը հեռացրել էր տաղավարից՝  դրա առկայությունը որակելով «հակապետական քայլ»։

    «Անկախ նրանից, թե Երևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպը եղել է մեկ պաշտոնյայի անձնական որոշման հետևանք, թե ոչ, այն բացահայտում է շատ ավելի խորքային խնդիր։

    Երբ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ Արցախի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, կարող է ընկալվել որպես «հակապետական», դա արդեն ոչ թե մեկ նկարի, այլ մեր հավաքական հիշողության նկատմամբ ձևավորված վտանգավոր վերաբերմունքի մասին է։

    Մշակութային ինքնությունը քաղաքական իրավիճակից կախված արժեք չէ։ Այն ժողովրդի պատմական հիշողությունն է, մշակույթը, խորհրդանիշներն ու ինքնաճանաչումը։ Եթե ոմանք վախենում են Արցախի անունից, խորհրդանիշներից կամ մշակութային ժառանգությունից, ապա հրաժարվում են մեր պատմական հիշողությունից։

    Եթե Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգության նյութական մասը, ապա Հայաստանում չպետք է վտանգվի դրա ոչ նյութական բաղադրիչը՝ հիշողությունը, անվանումները, խորհրդանիշներն ու մշակութային ինքնությունը։

    Սա քաղաքական հայացքների մասին չէ։ Սա պատմական հիշողության, մշակութային իրավունքների և ազգային արժանապատվության մասին է։ Պետությունը, կրթական հաստատություններն ու մշակութային կառույցները պարտավոր են պահպանել այդ հիշողությունը, ոչ թե ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ սկսում են ինքնագրաքննության ենթարկել սեփական պատմությունն ու ինքնությունը։

    Հիշողությունը կորցրած ժողովուրդը չի կարող ապագա ունենալ։

    Հ.Գ. Եթե այս պատմությունն ունի հաղթող, ապա դա Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը չէ։ Հաղթողը երեխան է, որը նկարով պատմում է իր հիշողության մասին, և այն ուսուցչուհին, որը չդավաճանեց իր արժեքներին։ Նկարը կարելի է հանել պատից, բայց անհնար է ջնջել այն հիշողությունը, որը մարդիկ պատրաստ են պաշտպանել նույնիսկ անձնական կորուստների գնով»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։

    Նկարը՝ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից   

  • Լևոն Արոնյանը հաղթել է «Biel Chess Festival 2026»-ի արագ շախմատի մրցաշարում

    Լևոն Արոնյանը «Biel Chess Festival 2026»-ի արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը․ գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

    Մրցաշարն անցկացվում է հուլիսի 12-23-ը` Շվեյցարիայի Բիլ քաղաքում։

    «Masters» խմբում մասնակցում է վեց գրոսմայստեր՝ Լևոն Արոնյան, Լե Քուանգ Լիեմ, Այդին Սուլեյմանլի, Մաթիաս Բլյուբաում, Յաղըզ Քաան Էրդողմուշ, Խոսե Էդուարդո Մարտինես Ալկանտարա։

    Մասնակիցները կմրցեն արագ, դասական և կայծակնային շախմատի ձևաչափերով, իսկ հաղթողը կորոշվի երեք մրցաշարերի արդյունքների հանրագումարով:

  • Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. կիրառվել է 15 միլիոն դրամ գրավ

    Լիազորությունները կասեցված Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով՝ այն համակցելով 15 միլիոն դրամ գրավի հետ։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն ավարտվել է հուլիսի 17-ին։

    Դատարանը Ղուկասյանին արգելել է շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

    Հանրային մեղադրողը միջնորդել էր Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, սակայն դատարանը որոշել է կիրառել տնային կալանք և գրավ։

    Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2025 թվականի հոկտեմբերին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ Գյումրիի քաղաքապետի և ևս յոթ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ տվյալներ էին ստացվել քաղաքապետի և քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք պահանջելու և ստանալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։

    Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանքը։

     

  • Ակնկալվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերսկսում. Բայրամո

    Մոտ ապագայում ակնկալվում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերսկսում։ Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

    «Մոտ ապագայում ակնկալվում է երկու երկրների միջև մի շարք ուղղություններով ուղիղ չվերթների վերսկսում։ Սա կվերաբերի այն երթուղիներին, որոնցով թռիչքները սահմանափակվել էին 2024 թվականի դեկտեմբերին ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո»,- նշել է նախարարը։

    Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել էր թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել էր ղեկի կառավարումը: Միջադեպից հետո «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել էր Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները։

  • «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից

    «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից:

    Այս մասին ArmeniaSputnik-ին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր թեկնածու Ագնեսա Խամոյանը:

    9-րդ գումարման ԱԺ-ում դաշինքն ունի 12 տեղ, այսպիսով պատգամավոր կդառնա նաև ցուցակի 13-րդ համարը՝ Մեսրոպ Մանուկյանը։