Կենսաթոշակառուների և բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց թղթային գործերը տեսաներածելուց հետո հնարավոր կլինի դրանք սահմանված կարգով ոչնչացնել՝ պահպանելով էլեկտրոնային տարբերակները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով առաջարկվում է վերանայել կենսաթոշակների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց գործերի պահպանման ժամկետները։
2013 թվականից Միասնական սոցիալական ծառայությունում գործում է «Կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգը»։ Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, վերահաշվարկելու կամ վճարումը դադարեցնելու համար ներկայացված փաստաթղթերը տեսաներածվում են համակարգ, իսկ բնօրինակները վերադարձվում են դիմողին։
Միաժամանակ մինչև համակարգի ներդրումը ձևավորված բազմաթիվ կենսաթոշակային գործեր շարունակում են պահպանվել թղթային տարբերակով։
Նախագծով նախատեսվում է կենսաթոշակային թղթային գործերը ոչնչացնել դրանց ամբողջական տեսաներածված տարբերակները պատրաստելուց և փորձագիտական ստուգում անցկացնելուց հետո։ Էլեկտրոնային գործերի պահպանման ժամկետը կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցումից հետո կսահմանվի 50 տարի՝ գործող 10 տարվա փոխարեն։
Բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց գործերի պահպանման ժամկետը նախատեսվում է 50 տարուց կրճատել մինչև 25 տարի։ Թղթային գործերը նույնպես հնարավոր կլինի ոչնչացնել դրանց տեսաներածված տարբերակների առկայությունն ապահովելուց հետո։
Հիմնավորման համաձայն՝ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացած պացիենտների հիվանդության պատմագրերի համար ներկայում սահմանված է 25 տարվա պահպանման ժամկետ, մինչդեռ դրանց հիման վրա հաշմանդամություն սահմանելու դեպքում փաստաթղթերը պահվում են 50 տարի։ Նախագծի հեղինակները նման տարբերությունը ողջամիտ չեն համարում։
Փոփոխությունների ընդունմամբ նախատեսվում է Միասնական սոցիալական ծառայության շուրջ 2500-3000 քառակուսի մետր վարչական տարածք ազատել թղթային արխիվներից։
Փաստաթղթերի թվայնացումը, ըստ հիմնավորման, հնարավորություն կտա ապահովել դրանց արագ որոնումը, երկարաժամկետ և անվտանգ պահպանումը, ինչպես նաև պաշտպանությունը ֆիզիկական մաշվածությունից։
Նախագիծը մշակել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները։ Դրա ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում։
Leave a Reply