Category: SyunyacErkir

  • ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել

    Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, որ Իրանի հարավային շրջանների վրա ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ։

    Իրանի առողջապահության նախարարությունը հուլիսի 11-ին հայտնել էր առնվազն 17 զոհի, իսկ հուլիսի 15-ին՝ 260 տուժածի մասին։

    Ամերիկյան զինված ուժերը հուլիսի 8-ից ի վեր մի քանի հարձակումներ է իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ այդ հարձակումները կատարվել են ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանի զինված ուժերը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։

    Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

  • Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը

    Հայաստանով անցնող TRIPP + առևտրային նախագծի ղեկավար կնշանակվի Կոնստանտին Սոկոլովը, հաղորդում է բրիտանական The Guardian-ը: Ըստ պարբերականի, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այս նշանակումը անցած ուրբաթ:

    «Ռուսաստանում ծնված, Չիկագոյում մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովը կնախագահի Պետդեպարտամենտի նոր ձեռնարկատիրական հիմնադրամը, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարը, ներառյալ՝ տրանսպորտային, էներգետիկ ենթակառուցվածքների ու կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները»,- գրել է հեղինակավոր պարբերականը՝ հավելելով՝ Սոկոլովը նախկինում պետական պաշտոններ չի զբաղեցրել։

    Թերթը հիշեցրել է՝ Սոկոլովը մեկն է այն 36 նվիրատուներից, որ ֆինանսական միջոցներ են հատկացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգման համար։ Այս նախագիծը գնահատվում է 350 մլն դոլար։ Կոնստանտին Սոկոլովի նվիրատվության չափը հայտնի չէ, վերջինս մերժել է The Guardian-ի հարցազրույցի խնդրանքը։

    Tripp+ առևտրային հիմնադրամը, որը հիմնել և նախագահելու է Սոկոլովը, ըստ պետդեպի, կառավարելու է 201 միլիոն դոլարանոց բյուջե, և լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում ու Կենտրոնական Ասիայում՝ մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։

    Փետրվարին՝ Երևան կատարած այցի ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Tripp+ հիմնադրամը որակել էր որպես «պատմական վերափոխման» մի մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։

    Միևնույն ժամանակ, ըստ The Guardian-ի, «հստակ չէ, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն շահույթ ստանալ հիմնադրամից ու արդյո՞ք ստանալու են փոխհատուցում իրենց դերակատարության համար»։

    Սոկոլովը Հայաստանում հայտնի է որպես հայաստանյան կապի խոշոր օպերատորներից «Վիվա Արմենիա»-ի համասեփականատեր։ «Վիվա Արմենիա»-ն վերջերս ձեռք էր բերել նաև մեկ այլ օպերատորի՝ «Ռոստելեկոմ»-ի բաժնետոմսերը։

    Ապրիլին «Ազատություն»-ը գրել էր, որ նա նաև Թեղուտի պղինձ-մոլիբդենի հանքավայրի հնարավոր գնորդն է։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում Northern Pillar Energy կոնսորցիումում, որը մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային մալուխների հաղորդակցությամբ է զբաղվում, կապելով Աֆրիկան Եվրոպային, Չիկագոյում գործող IJS Investments-ի հիմնադիրն է, հիմնադիր է նաև Ցյուրիխում գործող Gotthard Investment AG-ում. այս ընկերությունը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների մատուցման, էներգետիկայի ու անշարժ գույքի ոլորտներում։

    Պետքարտուղարության խոսնակը վստահեցրել է՝ հիմնադրամը կհետևի ամերիկյան օրենսդրության պահանջներին՝ տարեկան հաշվետվությունների, անկախ աուդիտների մասով, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրման շրջանակում՝ շահերի բախման պահանջներին։

    The Guardian-ը ԱՄն արտաքին աջակցության հարցերով մասնագիտացած չորս փորձագետների հետ է զրուցել, ովքեր ասել են՝ ընդունված է, որ Սպիտակ տունն ինքն ընտրի նմանատիպ ամերիկյան ձեռնարկությունների ղեկավարներին։ Այլ հարց է, որ նրանք չեն կարող անձնապես օգուտներ քաղել կատարվող ներդրումներից:

    ԱՄՆ-ն նման 13 հիմնադրամ է ունեցել 1989 թվականից ի վեր, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Կոնգրեսը 300 միլիոն դոլար ուղարկեց ՝Հունգարիայում և Լեհաստանում ներդրումներ կատարելու համար: Երեք տարի անց Կոնգրեսը լիազորեց գործադիր իշխանությանը ստեղծել նոր ձեռնարկատիրական հիմնադրամներ Արևելյան Եվրոպայի ցանկացած պետությունում: Tripp+ ձեռնարկատիրական հիմնադրամը ստեղծվել է այս՝ հետխորհրդային օրենսդրության հովանու ներքո։

    «Որոշ նշաններ կան, որ Սոկոլովի ֆինանսավորման ֆոնդը կաճի»,- գրել է Guardian-ը մանրամասնելով՝ Պետքարտուղարության արտաքին աջակցության բաժնի պաշտոնյա Ջերեմի Լևինը ապրիլին ասել է, որ գործակալությունը 400 միլիոն դոլար է ապահովել TRIPP+ հիմնադրամի համար:

  • Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

    Հուլիսի 15-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ուկրաինա։ Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Ինչպես հայտնել է Unian-ը, Սիբիգան ողջունել է Գերագույն ռադայի կողմից Թուրքիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացումը։ Այդ միջպետական պայմանագիրը Թուրքիան վավերացրել է դեռևս 2024 թվականին։

    Նույն օրը, երբ Սիբիգան անոնսավորել է Կիև Ֆիդանի այցը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիային կոչ է արել Սև ծովում Ուկրաինայի «ահաբեկչություններին համարժեք պատասխան տալ»։ Լավրովը Անկարային հիշեցրել է, որ Ուկրաինան թիրախավորել է նաև Ռուսաստան-Թուրքիա «Կապույտ հոսք» գազատարը։

    Թուրքիա-Ուկրաինա ազատ առեւտրի մասին համաձայնագրի վավերացումը վկայում է, որ կողմերը նպատակադրված են զարգացնել և խորացնել առևտրատնտեսական կապերը։ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին Ուկրաինային «Բայրաքտար» ԱԹՍ-եր է մատակարարել, հետագայում կողմերը անօդաչուների համատեղ արտադրություն են սկսել։

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել, բայց հավելել է, որ Ռուսաստանը «նախընտրում է պրագմատիկ մոտեցում ունենալ»։ Ըստ երևույթին, նույնը վերաբերում է նաև Թուրքիային կամ ասված է հենց Անկարայի համար։

    Իրականում, մինչդեռ, Ֆիդանի Կիև այցը վկայում է, որ Թուրքիան Ուկրաինայի հետ հետագա մերձեցման ընտրություն է կատարել։ Հատկանշական է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ուկրաինա է մեկնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ հետո։ Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները վերահաստատել են Ուկրաինային իրենց ամուր աջակցությունը։

    Թուրքիան հետագա ի՞նչ աջակցություն է ցուցաբերելու Ուկրաինային, այդ մասին, ամենայն հավանականությամբ, հրապարակային հայտարարություններ չեն արվի։ Էական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում պաշտոնական Անկարան բացահայտել է իր ընտրությունը՝ Թուրքիան եվրաատլանտյան ընկերակցության մաս է։

    Անկարայի այդ քայլը, անկասկած, պայմանավորելու է նաև Բաքվի, իսկ որոշ առումով՝ նաև Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների դիրքորոշումը։ Մեծ է հավանականությունը, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը վերափոխվի «թուրքական աշխարհի» հակառուսաստանյան համախմբման։

  • Զախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետ

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Արևմտյան «կամավորների կոալիցիան» իր «դաժանության և անմարդկայնացման» մակարդակով հիշեցնում է Սոդոմն ու Գոմորը։

    «Ի՜նչ տարօրինակ անվանում՝ «կամավորների կոալիցիա»։ Ի՞նչ են ուզում։ Ի՞նչ է սա ինձ հիշեցնում։ Այն ինձ հիշեցնում է Սոդոմն ու Գոմորը։

    Սա խաղաղության կամ անվտանգության ցանկություն չէ», – նշել է դիվանագետը։

    «Խելագարված հասարակություն, որը խաղաղություն առաջարկող յուրաքանչյուրին դիտարկում է որպես պոտենցիալ զոհ»,-հավելել է նա։

  • Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով

    Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով։

    Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին, և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին։

    Նոր ներդրումային դրամը համալրում է 2011-2012 թվականներից թողարկվող հայկական «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների շարքը։

    Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:










    Անվանական արժեքը 50 դրամ
    Մետաղը/ հարգը արծաթ 999
    Քաշը 1/10 տրոյան ունցիա
    Տրամագիծը 16.54 մմ
    Որակը սովորական
    Դրամաշուրթը ատամնավոր
    Թողարկման քանակը

    մինչև 3 000 000 հատ տարեկան

     

  • Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

    Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարա­կան համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը  վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության կառ­ա­վա­րության օրենսդրական նախաձեռնությանը:

    Կառավարության որոշման մեջ ասվում է.

    «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին` նրան վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները»,- նշված է որոշման մեջ:

    Նախագծի հիմնավորման մեջ նաև շեշտվում է, որ  առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

    Օրենքի ընդունման արդյունքում, ըստ կառավարության հիմնավորման, կապահովվեն 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

    Նշենք, որ օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բազմակողմանի կերպով զարգացնելու առաջնահերթություններից։

    Հիշեցնենք, որ «Թրամփի ուղի»-ին՝ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին։ Փաստացի այն մտավ վավերացման փուլ. սկսվում է սահմանադրական դատարան դիմելու և վավերացման գործընթացի փուլը: Մինչ խորհրդարանում վավերացումը, կառավարությունը փաստաթուղթը կուղարկի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։

  • Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

    Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Ըստ տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա։

    Ավելի վաղ Իրանի Զինված ուժերը հարվածներ էին հասցրել Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ավիաբազային։

  • Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ

    Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հերթական հարվածների հետևանքով Իրանի հարավային շրջաններում ավելի քան 30 մարդ է զոհվել։

    «Երկրի հարավային հատվածում տեղի ունեցած վերջին հարձակումների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարգում նրանց հիշատակը: Կառավարությունն իր ողջ ուժով կանգնած է լինելու ժողովրդի կողքին: Իրանի հարավը մեր երկրի բաբախող սիրտն է, Իրանի հոգին»«- գրել է նա X-ի իր էջում։

    Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրի հայտարարության համաձայն էլ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 260 մարդ։

  • Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն

    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության հետ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հուլիսի 14-ի հայտարարության մեջ:

    «Այսօր արտաքին գործերի նախարարի հանձնարարությամբ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գործերով նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Պարոն Ալի Նասիմֆարը կանչվել է մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում «Աջերի հետևորդների իսլամական շարժման» կողմից Եվրոպայում իրականացված մի շարք հարձակումների համակարգման գործում ԻՀՊԿ-ի «Ղոդս» ուժերի դերի պատճառով», – նշված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

    Ըստ հաղորդագրության՝ ԻՀՊԿ-ի գործունեությունն ուղղված է Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների «անվտանգության խաթարմանը»:

    Գերատեսչությունը հիշեցնում է, որ այս շաբաթ Բրիտանիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկել «իրանական վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար՝ բացահայտելով նրա աջակցությունը պրոքսի խմբերին և հանցավոր ցանցերին» ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

    «Մենք հստակ նշում ենք, որ կձեռնարկենք բոլոր քայլերը՝ պաշտպանելու բրիտանացիներին։ Օտարերկրյա պետության կողմից աջակցվող սպառնալիքները չեն հանդուրժվի», – նշված է հաղորդագրության մեջ։

    Օրերս Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է սպառնալիք ազգային անվտանգության համար:

     

  • Իրանը հայտնում է՝ ԱՄՆ-ի հարվածներից առնվազն 7 զինծառայող է զոհվել

    Առնվազն յոթ զինծառայող է զոհվել Բամփուրում գտնվող իրանական ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի կողմից գիշերը հասցված հարվածների հետևանքով, կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ հաղորդում է Իրանի բանակը:

    Իրանի բանակի պնդմամբ՝ հարվածների նպատակն էր հնարավորինս մեծ թվով զոհեր պատճառելը․ Իրանշահր քաղաքի մերձակայքում գտնվող հյուրատան, պահակակետերի և բնակելի շենքերի ուղղությամբ արձակվել է 13 հրթիռ։

    Նշվում է նաև, որ մի շարք զինծառայողներ վիրավորվել են, իսկ բանակը խոստացել է հարձակմանը «վճռական պատասխան» տալ:

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում իրականացրել է Իրանի ռազմական թիրախների դեմ հերթական հարվածները՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում և Իրանի ափամերձ շրջաններում։ Միաժամանակ վերականգնել է Իրանի նավահանգիստներ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի նկատմամբ ծովային շրջափակումը, քանի որ Թեհրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին, մինչդեռ Հորդանանի զինված ուժերը հուլիսի 15-ին հայտնել են, որ որսացել և խոցել են իրանական երեք հրթիռ։

    Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Միացյալ Նահանգները կարող է ընդլայնել իր հարվածները՝ թիրախավորելով Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրակայաններն ու կամուրջները:

    Հուլիսի 14-ին Fox News-ին տված հարցազրույցում նախագահ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա գիշերներին «շատ ուժեղ» հարված կհասցնի Իրանին: Թրամփը հավելել է, որ Իրանի դեմ ռազմական հարվածները կշարունակվեն «մինչև ես չասեմ, որ բավական է»: