Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

Written by

in

Հուլիսի 15-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ուկրաինա։ Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Ինչպես հայտնել է Unian-ը, Սիբիգան ողջունել է Գերագույն ռադայի կողմից Թուրքիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի վավերացումը։ Այդ միջպետական պայմանագիրը Թուրքիան վավերացրել է դեռևս 2024 թվականին։

Նույն օրը, երբ Սիբիգան անոնսավորել է Կիև Ֆիդանի այցը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիային կոչ է արել Սև ծովում Ուկրաինայի «ահաբեկչություններին համարժեք պատասխան տալ»։ Լավրովը Անկարային հիշեցրել է, որ Ուկրաինան թիրախավորել է նաև Ռուսաստան-Թուրքիա «Կապույտ հոսք» գազատարը։

Թուրքիա-Ուկրաինա ազատ առեւտրի մասին համաձայնագրի վավերացումը վկայում է, որ կողմերը նպատակադրված են զարգացնել և խորացնել առևտրատնտեսական կապերը։ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին Ուկրաինային «Բայրաքտար» ԱԹՍ-եր է մատակարարել, հետագայում կողմերը անօդաչուների համատեղ արտադրություն են սկսել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը Ուկրաինայի հարցում Իլհամ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել, բայց հավելել է, որ Ռուսաստանը «նախընտրում է պրագմատիկ մոտեցում ունենալ»։ Ըստ երևույթին, նույնը վերաբերում է նաև Թուրքիային կամ ասված է հենց Անկարայի համար։

Իրականում, մինչդեռ, Ֆիդանի Կիև այցը վկայում է, որ Թուրքիան Ուկրաինայի հետ հետագա մերձեցման ընտրություն է կատարել։ Հատկանշական է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Ուկրաինա է մեկնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ հետո։ Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները վերահաստատել են Ուկրաինային իրենց ամուր աջակցությունը։

Թուրքիան հետագա ի՞նչ աջակցություն է ցուցաբերելու Ուկրաինային, այդ մասին, ամենայն հավանականությամբ, հրապարակային հայտարարություններ չեն արվի։ Էական է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում պաշտոնական Անկարան բացահայտել է իր ընտրությունը՝ Թուրքիան եվրաատլանտյան ընկերակցության մաս է։

Անկարայի այդ քայլը, անկասկած, պայմանավորելու է նաև Բաքվի, իսկ որոշ առումով՝ նաև Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունների դիրքորոշումը։ Մեծ է հավանականությունը, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը վերափոխվի «թուրքական աշխարհի» հակառուսաստանյան համախմբման։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *