Category: SyunyacErkir

  • Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ նախագահի պաշտոնի համալրման հարցը կարծես փակուղի է մտել։ ԱՀ խորհրդարանի ամենամեծ՝ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ցանկություն չունի, ավելի ճիշտ` վախենում է թեկնածու առաջադրել, որ չհայտնվեն Նիկոլ Փաշինյանի թիրախում։

    Բաքվում պատանդառված Արայիկ Հարությունյանի թիմակիցներից շատերն աշխատանքի են անցել Հայաստանում, իշխանական կամ իշխանամերձ հաստատություններում։ Օրինակ, նույն ֆրակցիայից Արամ Հարությունյանը Հայէկոնոմբանկի մասնաճյուղերից մեկի կառավարիչն է եւ եթե Արցախի պետական ինստիտուտը պահպանելուն միտված քայլ անի, կզրկվի աշխատանքից։ Ավելին, անգամ Սամվել Բաբայանն ու թիմակիցներն ավելի լոյալ են տրամադրված, հակված են, որ շարունակվի պետական ինստիտուտի գործունեությունը, սակայն «Ազատ հայրենիքում» վերջերս քննարկել են եւ վերջնական որոշման չեն հանգել, ու հնարավոր է՝ եթե այլ խմբակցությունից թեկնածու առաջադրեն, ամենամեծ խմբակցության պատգամավորները չներկայանան նիստին, ընտրությունը տապալվի։ Այդուհանդերձ, քննարկումները շարունակվում են, արցախցիները փորձում են պատգամավորներին համոզել, որ Արցախի հարցի բանալին իրենց ձեռքում է` չի կարելի վերադարձի դուռը մեկընդմիշտ փակել։ Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն անսպասելի հրաժարական տվեց»։

  • Արևմուտքին չի հաջողվի քայքայել Ռուսաստանը. Պատրուշև

    Ռուսաստանի նախագահի օգնական, ՌԴ Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը վստահ է, որ Արևմուտքին չհաջողվեց քայքայել Ռուսաստանը 1990-ականներին և չի հաջողվի դա անել նաև այժմ։

    «Պետք է ընդունել, որ աշխարհում միշտ եղել են ուժեր, որոնք ատել են Ռուսաստանը և նրա ոչնչացման համար պատրաստ են եղել օգտագործել իրենց ամբողջ ներուժը»,- ասել է Պատրուշևը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

     Ռուսաստանի հակառակորդները շարունակում են կիրառել հին մեթոդները՝ փորձելով սպառել երկրի ռեսուրսները, երիտասարդության շրջանում տարածել հակահայրենասիրական գաղափարախոսություն, ձևավորել «հինգերորդ շարասյուն», մոբիլիզացնել տարբեր տեսակի ահաբեկիչների և ծայրահեղականների, ինչպես նաև հրահրել միջէթնիկ հակասություններ։

    «Այժմ Արևմուտքը կրկին խաղադրույք է կատարել նեոնացիզմի վրա։ Հակառուսական մտադրությունները ոչ մի տեղ չեն անհետացել», — ասել է նախագահի օգնականը՝ ընդգծելով, որ այդ ծրագրերը հաջողություն չեն ունենալու։

    https://yerevan.today

  • «Սյունյաց երկրի» այցը Հայկական դիցարանի գերագույն աստված, աստվածների արարիչ Արամազդի հավերժական «օթե

    Սյունիքի մարզի սրբավայրեր կատարվող ուխտագնացության ընթացքում բախվեցինք մի իրողության, ինչը նախապես պատկերացնել չէինք կարող:

    Նկատի ունենք հեթանոսական պաշտամունքային վայրերը, ծեսերը, որոնց մի մասը պահպանվում է նախնական տեսքով կամ նախնական անվամբ, իսկ մի մասի վրա էլ խարսխվել են քրիստոնեական բազմաթիվ ծեսեր, արարողություններ, տոներ:

    Ավանդական կրոնագիտությունը հեթանոսությունը նույնացնում է բազմաստվածության հետ:

    Հայ կրոնագիտության մեջ ընդունված է հեթանոսությունն անվանել նախաքրիստոնեական կրոն:

    Հայոց դիցարանում առաջնակարգ դիրքը պատկանում էր Արամազդ մարդակերպ Աստծուն, ով հայկական դիցարանի գերագույն աստվածն էր, աստվածների աստվածը…

    Արամազդը համարվում էր նաեւ ժամանակի որդին, երկնքի ու երկրի աստվածը, երկրին բերրիություն եւ պարարտություն շնորհողը:

    Ի դեպ, Արամազդը համապատասխանում է պարսկական Ահուրամազդային, հռոմեական Յուպիտերին, հունական Զեւսին, հնդկական Ինդիրային:

    Արամազդին կոչում էին իմաստուն, մեծն, հզոր, ամենազոր…

    ***

    Վաղուց էր մեզ հետաքրքրում ոչ սովորական մի հարց. ինչո՞ւ Մեծ Հայքի ամբողջ տարածքում Արամազդի անունով միակ լեռնագագաթը գտնվում է հենց Սյունիքում (Որոտան կիրճի հարավային կողմում):

    Տեղյակ ենք՝ Արամազդի անվամբ մեհյան կա Արեւմտյան Հայաստանի Դարանաղյաց գավառում, բայց լեռնագագաթ, լեռնանցք, գետակ՝ միայն Սյունիքում եւ իրար կողքի:

    Այդ ուղղությամբ որոնումներ կատարելիս բախվեցինք մեկ այլ հետաքրքիր իրողության՝ Որոտանի կիրճի, Որոտանի հովտի հետ կապ է ունեցել ոչ միայն Արամազդը:

    Պարզվում է, ըստ Ավեստայի, զրադաշտական կրոնի հիմնադիր Զրադաշտը՝ առասպելական այդ անձը եւս, կապ ունի Որոտանի հովտի հետ:

    Այդ առիթով վերջերս հրապարակեցինք հոդված՝ «Իսկապե՞ս Զրադաշտի ծննդավայրը Սյունիքն է, ավելի ստույգ՝ Որոտանի հովիտը»:

    Այդ հրապարակման մեջ նշել ենք նաեւ, որ Արարիչ Ահուրա Մազդան հենց Որոտանի գետափին է գումարել աստվածների (անվանի մահկանացուների) ժողով, երբ պետք էր պատրաստվել սպասվող սառցադաշտային ժամանակներին:

    Բայց այդ ամենը, ի վերջո, պատասխան չի տալիս հարցին, թե ինչո՞ւ հենց Սյունիքում են գտնվում Հայկական դիցարանի գերագույն աստված, աստվածների արարիչ Արամազդի անունը կրող լեռնագագաթը, լեռնանցքը, գետակը…

    ***

    Մի քանի տեղեկություն Արամազդ լեռնագագաթի մասին:

    Արամազդը գիտական գրականության մեջ շրջանառվում է նաեւ այլ անուններով՝ Արմազ, Արմազդ, Գազբել, Գազբույլ, Գազբույլք, Գյազբել…

    Դա լեռնագագաթ է Փոքր Կովկասի լեռնահամակարգում, Բարգուշատի լեռնաշղթայում, վերջինիս ամենաբարձր գագաթն է, ունի 3392 մ բարձրություն:

    Լանջերը զառիթափ են՝ ծածկված ալպյան բուսականությամբ, բարձրադիր մասերը լերկ են՝ բռնված քարացրոններով:

    Ղեւոնդ Ալիշանը Արամազդը նույնացնում է Կամբիլ լեռան հետ, որը ճիշտ չէ:

    Լեռնագագաթի արեւմտյան հատվածում է Արամազդի լեռնանցքը՝ Ողջի գետի հովիտը Գորիսի տարածաշրջանի հետ կապող ամենակարճ ճանապարհը:

    Արամազդ լեռան հարավային լանջերից է սկիզբ առնում Արամազդ գետակը եւ ձախ կողմից միանում Գեղի գետին (Արամազդ գետակի երկարությունը 12 կմ է):

    ***

    Մեր արշավախումբն Արամազդ լեռնագագաթ բարձրացավ 2019 թ. օգոստոսի 4-ին:

    Մեզ ուղեկցում էր Սվարանց գյուղի վարչական ղեկավար Արթուր Մարգարյանի որդին՝ Արա Մարգարյանը, ով սովորում է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսում:

    Սվարանցից մինչեւ Սալ քար գնացինք Արթուր Մարգարյանի ամենագնացով:

    Այնտեղից ճանապարհը շարունակեցինք Բույան եւ Ջեյրան ձիերով:

    Գնացինք Սվարանցից Սիսիանի Շենաթաղ տանող դաշտային ճանապարհով, որն անցնում է Գյազբելի հյուսիսահայաց կողմով:

    Սվարանց-Շենաթաղ ջրբաժանից թեքվեցինք դեպի ձախ (հարավ):

    Մինչ այդ եղանք Սվարանցի ուրթերից մեկում՝ ծվարած Արամազդի հյուսիս-արեւմտյան լանջին:

    Նախրապանները տեղում չէին, անասուններն արոտի էին հանել:

    Ուրթի մերձակայքում մի սառնորակ աղբյուր կար՝ Գյազի աղբյուրը, որտեղ մի փոքր կանգ առանք եւ հանգստացանք, քանի որ պետք է հաղթահարեինք բարձունքը:

    Աղբյուրի մոտ մեզ միացավ ուրթի շներից մեկը, որին երեխաները, արտաքին տեսքը նկատի ունենալով, Չալո անունը տվեցին:

    Զարմանալի բարեկամություն ստեղծվեց մեր արշավախմբի եւ Չալոյի միջեւ. մինչեւ վերջ մեզ մենակ չթողեց:

    Սվարանց-Շենաթաղ ջրբաժանից դեպի լեռնագագաթ՝ մոտ 500-600 մետր, համեմատաբար դյուրին էր բարձրանալ:

    Ասում են, թե մի քանի տարի առաջ Սյունիքի մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանը փորձել է մեքենահարմար ճանապարհ բացել մինչեւ Արամազդի լեռնագագաթ՝ կարեւորելով այդ վայրերի նշանակությունը զբոսաշրջության համար, ինչպես եւ անզուգական արոտավայրերն արդյունավետորեն օգտագործելու նպատակով:

    Դրանից հետո մեզ վիճակված էր բարձրանալ հազիվ նշմարվող արահետներով:

    Վերընթացի ճանապարհին ստիպված էինք հաղթահարել մի քանի գագաթներ կամ բարձունքներ: Ամեն անգամ թվում էր, թե երեւացող բարձունքից հետո կհասնենք Արամազդի լեռնագագաթին, բայց…մեր առջեւ նորանոր բարձունքներ էին հառնում…

    ***

    Ինչպես ասացինք՝ Բարգուշատի լեռնաշղթայի այդ ճյուղավորումը նաեւ Գյազբել է կոչվում:

    Եվ մի ամբողջ օր մենք Գյազբելի փեշերին էինք:

    Միայն այդ վայրերում լինելուց հետո կարելի է հասկանալ մեծն Համո Սահյանի հետեւյալ տողերի իմաստը.

    «Այս տարի Գյազբելս չտեսա

    Եվ չառա հոտը Գյազբելիս,

    Գյազբելիս ամպերը չտեսա

    Եվ չառա կարոտը Գյազբելիս,

    Կենսագի՛ր, թե միտքս կռահես,

    Այս տարին իմ կյանքից կհանես»:

    Առհասարակ Գյազբելը Համո Սահյանի ներշնչանքի հիմնական աղբյուրներից է եւ նրա ստեղծագործություններում ամենաշատ երեւացող տեղանուններից մեկը:

    Գյազբելի բանաստեղծականացումը Համո Սահյանի մոտ սկսել է դեռ ռազմաճակատում՝ «Ինձ Գյազբել սարի հովերն են կանչում», «Մուգ մանուշակներ Գյազբելասարի», «Գնամ մանկական սրինգս փնտրեմ»:

    Հետագայում նրա բոլոր ժողովածուներում Գյազբելը հանդես է գալիս որպես մշտական «գործող անձ»:

    Այնպես որ՝ որքան էլ դժվար էր արշավային այցը (ֆիզիկական իմաստով), մենք քանիցս հիշեցինք Համո Սահյանին եւ փորձեցինք Արամազդի փեշերին սահյանական պոեզիայից «ասմունքի փառատոն» անցկացնել…

    ***

    Սվարանցի Սալ քարից ճանապարհ ընկնելուց չորս ժամ հետո հասանք լեռնագագաթ:

    Ճանապարհին քանիցս համոզվեցինք, որ արշավի ենք ելել առանց պատշաճ նախապատրաստության. ամենից շատ ջրի կարիք էինք զգում, ձիերն էին հոգնել, բայց…

    Կանաչավետ այդ տարածքները, իսկապես, բնության անկրկնելի տեսարաններ էին՝ ծածկված-պարուրված ալպիական փարթամ բուսականությամբ:

    Արամազդը մեզ դիմավորում էր ամենատարբեր գույներով զգեստավորված: Նույնիսկ ձյան մի մեծ զանգված էր պահել մեզ համար՝ լեռնագագաթի հարավահայաց կողմում:

    Մեր հիացմունքն ու զարմանքն ավելի խտացավ լեռնագագաթին:

    3392 մ բարձրությունից երեւում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի գրեթե ամբողջ տարածքները:

    Միանգամայն նոր տեսքով ու վեհությամբ մեր առջեւ բացվեց Սյունյաց աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Կապուտջուղը, որ այդ պահին սպիտակահեր էր, որն Արագածից հետո երկրորդ լեռնագագաթն է Հայաստանի Հանրապետությունում:

    Արամազդի լեռնագագաթը երկճյուղ է:

    Արեւմտյան ճյուղը, ըստ ավանդության, Քրիստոսի լույսը ճառագելուց հետո, շարունակել է մնալ սրբավայր-ուխտավայր՝ մեր նոր դավանանքին համապատասխան:

    Դարերի փորձություններից հետո այդ ուխտավայրի սրբություններից որեւէ մասունք, ցավոք, չի պահպանվել:

    Գագաթի արեւելյան ճյուղին երկաթյա խաչ է կանգնեցված:

    Կանգնեցված է 2001-ից՝ Հայաստանի քաղավիացիայի «Արամազդ» լեռնային ակումբի կողմից՝ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակի կապակցությամբ:

    Կարելի է ենթադրել նաեւ, որ երկաթյա խաչն Արամազդի գագաթ է հասցվել ուղղաթիռի օգնությամբ:

    ***

    Մոտ մեկ ժամ Արամազդի գագաթին մնալուց հետո բռնեցինք վայրընթացի ճանապարհը, թեեւ չափազանց հոգնած էինք, մանավանդ որ լեռնագագաթ հասնելու վերջին հանգրվանում դժվար էր նաեւ ձիերի համար, ու ստիպված էինք բարձրանալ ոտքով՝ մեզ հետ տանելով նաեւ ձիերին:

    Վայրընթացի ճանապարհին պարզ դարձավ, որ նոր խնդիր է ծագել՝ ձիերը չափազանց դժվարությամբ են իջնում. հարկավոր էր սանձը բռնած, քարացցունքները շրջանցելով (քարերի վրայով, բնականաբար, ձիերը չէին անցնում), կեռ ու մեռ ոլորաններ գտնելով իջնել:

    Ձիերը հեծնել՝ անհնար էր ու վտանգավոր, մանավանդ որ նրանց սայթաքելու պատճառով երկու անգամ արդեն ցած էինք գլորվել:

    Մարիամ եւ Սոֆի թոռնիկներիս օգնությունն այդ իրավիճակում անգնահատելի էր. ես եւ Արա Մարգարյանն անընդհատ ստանում էինք նրանց աջակցությունը:

    Արեւի հզոր ճառագայթներն էլ ոչ պակաս էին մեզ ուժասպառ անում (ասում են, չէ՞, որ սարերում արեւը «կծող» եւ «խփող» է լինում):

    Եվ մի պահ, չթաքցնենք, հուսահատ վիճակում էինք…

    Սակայն… մեր աչքի առաջ Աղանձ գետակի միջին հոսանքում երեւացող ամպի մոլորված, ուշաթափված մի ծվեն-ծվիկ աստիճանաբար մեծացավ-մեծացավ, ահագնացավ եւ առաջացավ դեպի լեռնագագաթ՝ նվաճելով այն, որից հետո արշավելով դեպի Տատնա հովիտ:

    Այնուհետեւ կատարվեց իսկական հրաշք՝ Արամազդի լանջին (մեզանից դեպի արեւելք)՝ երկնակամարում հայտնվեց ծիածան՝ կանաչ-կարմիր գույներով:

    Եվ, որ հետաքրքիր էր, բազմագույն աղեղնային գոտու՝ ծիածանի մեջ, երեւաց մեր ստվերը:

    Կատակեցինք՝ Արամազդն է մեզ ազդանշան ուղարկել, լավ է լինելու…

    Այդ պահին զանգահարում է Սվարանցի վարչական ղեկավարը՝ Արթուր Մարգարյանը. որդին էր տեղյակ պահել, օգնության է գալիս, պարզապես պետք է ուժ հավաքել եւ հասնել Սվարանց-Շենաթաղ դաշտային ճանապարհ:

    Արթուր Մարգարյանի ամենագնացը մեզ սպասում էր Գյազի աղբյուրի մոտ (ավելին չէր կարող բարձրանալ մեքենան):

    Վայրընթացի ճանապարհն անցնելու համար եւս չորս ժամ պահանջվեց, ինչպես վերընթացին…

    Գյազի աղբյուրում մենք բաժանվեցնք Չալոյից:

    Մայրամուտը մոտ էր, իսկ մենք պետք է վերադառնայինք Սվարանց, ապա՝ Գորիս, ինչի պատճառով էլ չհասցրինք վայելել նախրապան Հովիկ Մղումյանի առաջարկած մածունը:

    ***

    Ճամփորդության ընթացքում Արա Մարգարյանը մեզ տեղեկություններ էր հաղորդում գյուղի, ինչպես եւ մերձակայքի նշանավոր վայրերի մասին:

    Դա էլ պատահական չէր. նրա մագիստրոսական թեզն է՝ «Սվարանցի երկաթի հանքավայրը», ու նաեւ դրանով պայմանավորված, որ մանրամասն տեղյակ է գյուղի հանդամասերին, մերձակա լեռնագագաթներին:

    Գյուղի կենտրոնում է գտնվում եկեղեցին, որը, ըստ ներսում գտնվող մի խաչքարի, կառուցվել է ՌՃԺԴ թվականին (1655-ին):

    Եկեղեցու անունն է՝ Սուրբ Հազարափրկիչ:

    Եկեղեցին հիմնանորոգվել է 2009 թվականին՝ համագյուղացի Վրեժ Գալստյանի եւ Արթուր Առաքելյանի ջանքերով:

    Սվարանցից արեւելք մի լեռ կա՝ Ցուրաբերդն է, որից ոչ մի հետք չի մնացել:

    Այս բերդագյուղը 10-րդ դարում ապստամբեց Տաթեւի վանքի դեմ. քանդեցին վանքը եւ մեռոնը թափեցին:

    Իսկ Տաթեւի հոգեւոր իշխանությունը Սյունյաց Սմբատ իշխանի օժանդակությամբ ավերեց-հողին հավասարեցրեց բերդագյուղը:

    Ոմանք պնդում են, թե Ցուրաբերդը կամ Ցուրաքարը Սվարանց գյուղն է: Եվ իբր ապստամբությունը ճնշելուց հետո է վայրը ստացել ներկայիս անվանումը:

    Գյուղի մերձակայքում կան հին գյուղատեղիների հետքեր՝ Տաշու, Աղանձ…

    Արամազդի հյուսիսահայաց լանջերից են սկիզբ առնում արցունքի զուլալություն ունեցող Սվարանց եւ Աղանձ գետակները, որ միախառնվում են՝ կոչվելով Ճաղացի (Ջրաղացի) գետ, որն էլ միանում է Տաթեւից իջնող Գինեկանին, ու միասին՝ Տաթեւի հարանց անապատի հարավային թեւում միախառնվում Որոտանին:

    Արամազդի արեւմտյան փեշերից է սկիզբ առնում Տատնա գետակը:

    Շենաթաղ գյուղից մինչեւ լեռնագագաթ, որտեղից սկիզբ է առնում Տատնա գետը, Տատնա հովիտն է, որտեղ մեր արշավի օրը երեւում էին ոչխարի հոտեր, կովերի նախիրներ, նաեւ խոտհարքի ելած մարդիկ…

    ***

     

    Մոտ չորս ամիս է անցել այդ օրվանից, բայց Արամազդ սուրբ լեռնագագաթ բարձրանալու, լեռնագագաթի խաչի պատվանդանին մոմ վառելու եւ առ Աստված աղոթք բարձրացնելու հեքիաթային պահերը չեն մոռացվում ու չեն մոռացվի:

    Անմոռանալի է նաեւ Արա Մարգարյան՝ իսկապես քաջ երիտասարդի, հրաշալի մարդու պահվածքը. այնտեղ, որտեղ դժվար էր ձիերի համար, ինքն անցնում էր զարմանալի թեթեւությամբ:

    Ուշագրավ էր նաեւ նրա երգեցիկ ձայնը, երգում էր Ամենայն հայոց գուսան Աշոտի «Հով սարեր, մով սարեր»-ը, «Սյունյաց սարեր»-ը…

    Հիմա սպասում ենք նրա հարսանիքին, խոստացել եմ անպայման մասնակցել:

    Նաեւ ծրագրել ենք կրկին բարձրանալ Արամազդ սուրբ լեռան գագաթ…

     

    Սամվել Ալեքսանյան

    08․12․2019

  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք C

    Հուլիսի 13-ին Նյու Յորքում անցկացվող Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանը միտված ջանքերը։ Կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը և փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ տարածաշրջանի ներուժի լիարժեք իրացման համատեքստում։

    Զրուցակիցները քննարկել են «ՄԱԿ80» բարեփոխումների գործընթացը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է զարգացման համագործակցության, մարդու իրավունքների պաշտպանության և կանխարգելման օրակարգերի շրջանակներում ՄԱԿ կառույցների արդյունավետ գործունեության շարունակականությունն ապահովելու կարևորությունը։

    ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ իրականացվող աշխատանքները։

    Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

  • Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալու

    Օկուպացված Շուշիում Իլհամ Ալիևի կազմակերպած «գլոբալ մեդիաֆորումից» մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության ՏԱՍՍ պետական գործակալության գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Միխայիլ Գուսմանը։ Ինչպես հայտնել են Բաքվի լրատվամիջոցները, Ալիևը նրան անվանել է «ադրբեջանական ժողովրդի արժանավոր զավակ»։ Գուսմանը հրեա է, ծնվել է Բաքվում։

    Ալիևը նաեւ շատ կարևոր բացահայտում է արել։ Պարզվում է, Գուսմանը «ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ գործնականում ապրել» է Ադրբեջանում, «ըստ էության ռազմաճակատային գծից հաղորդումներ է արել, որ վկայել են նրա բնավորությունը, իր ժողովրդի, իր երկրի հանդեպ վերաբերմունքը, ինչպես նաև օգնել են ճեղքել տեղեկատվական շրջափակումը»։

    Գուսմանը ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնից ազատվել է անցյալ տարի, ուստի ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ գործնականում Ադրբեջանում ապրել, ռազմաճակատային հաղորդումներ է վարել և տեղեկատվական շրջափակումը ճեղքելուն նպաստել է որպես ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա, որ չէր կարող «իր ժողովրդի և երկրի կողքին լինել», եթե չունենար Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համաձայնությունը։

    Վստահաբար կարելի է ասել, որ Միխայիլ Գուսմանը Բաքու է գործուղվել, որպեսզի Ադրբեջանին և անձամբ Իլհամ Ալիևին անհրաժեշտ տեղեկատվա-քարոզչական աջակցություն ցուցաբերի։ Ալիևի բացահայտումը դրա մասին է։

    Պատերազմող կողմերից մեկին ՏԱՍՍ-ի մակարդակով ցուցաբերած աջակցությունը աներկբայորեն վկայում է, որ քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանը Ռուսաստանից նաև ռազմա-հետախուզական, տեխնոլոգիական, ինչպես նաև դիվանագիտական աջակցություն է ստացել։ Այլապես Գուսմանի Բաքվում ներկայությունը անհնար կլիներ։ Քարոզչություն իրականացվում է միայն այն դեպքում, երբ երկու երկրների շահերը և կոնկրետ նպատակները հաընկնում են։

    Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի նկատմամբ «գործադրված ճնշումների» մասին նույն հարթակից Ալիևի հնչեցրած ձևակերպումները, այդպիսով, գոնե Ռուսաստանի պարագայում ոչ միայն արժանահավատ չեն, այլև վկայում են, որ Ադրբեջանի նախագահը հաճախ «կորցնում» է մտքի թելը և ինքն իրեն հակասում։

    Փաստացի իրավիճակում, անշուշտ, քառասունչորսօրա պատերազմում ՏԱՍՍ-ից քարոզչական աջակցություն ստանալու մասին Ալիևի խոստովանությունը գործնական որևէ նշանակություն չունի։ Բայց պատմական իրողության վկայումը չի կարող լիովին անհետևանք մնալ։

  • Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադր

    Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախուզության հետ կապերի պատճառով, հայտնում է The New York Times-ը։ Թերթի աղբյուրները պնդում են, որ «Մոսադ»-ը մի քանի տարի կապի մեջ է եղել քաղաքական գործչի հետ և դիտարկել է նրան որպես Թեհրանում իշխանափոխությունից հետո անցումային շրջանի հնարավոր դեմք։ 

    Նախկին նախագահը ձերբակալվել է հուլիսի 6-ին Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը նրա հայտնվելուց անմիջապես հետո, հայտնում է The New York Times-ը (NYT)։ Սա Մահմուդ Ահմադինեժադի առաջին հրապարակային ելույթն էր մի քանի ամսվա ընթացքում։

    NYT-ի հետաքննության մեջ պնդվում է, որ «Մոսադ»-ը մի քանի տարվա ընթացքում փորձել է Ահմադինեժադին վերածել իր տեղեկատուի, իսկ այնուհետև սկսել է դիտարկել նրան որպես Իրանի հնարավոր ղեկավար՝ գործող իշխանության տապալումից հետո։ Նախկին նախագահի հետ կապերը, իբր, սկսվել են 2022 թվականին և ակտիվացել 2023 թվականին նրա՝ Գվատեմալա կատարած այցից հետո։

    Ծրագիրը կենտրոնացած էր Իսրայելի ամենաանհավանական պոտենցիալ գործընկերներից մեկի վրա։ Որպես Իրանի նախագահ 2005-2013 թվականներին՝ Ահմադինեժադը արագացրել է երկրի միջուկային ծրագիրը, բազմիցս կոչ է արել Իսրայելի ոչնչացմանը և ժխտել Հոլոքոստը։

    Նրա կառավարությունը նաև բռնությամբ ճնշել է 2009 թվականին նրա վիճահարույց վերընտրությունը մարտահրավեր նետող բողոքի ակցիաները, իսկ նրա իշխանության օրոք դատական համակարգը զանգվածային մահապատիժներ է կիրառել քաղաքական մրցակիցների և այլախոհների նկատմամբ։

    Այնուամենայնիվ, իսրայելական հետախուզությունը, ըստ տեղեկությունների, Ահմադինեժադի՝ Իրանի իշխող վերնախավից աճող օտարացումը և աշխատավոր դասակարգի որոշ հատվածների շրջանում նրա շարունակական աջակցությունը դիտարկել է որպես հնարավորություն։

    Ջանքերն իրականացվել են արտերկրում գաղտնի հանդիպումների, ֆինանսական աջակցության և Թեհրանում նրան կառավարական հսկողությունից դուրս բերելու վերջնական փորձի միջոցով։

  • Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

    Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար, ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

    Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։ 

    «Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։

    Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։

    «Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- ընդգծել է փաստաբանը։

     

  • Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը

    Հուլիսի 14-ին Եվրոպական խորհրդարանում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը։

    Միջոցառման համակազմակերպիչներն են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD) : Ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին:

    Համաժողովի նպատակն է ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը։ Քննարկվելու են նաև քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների, կամայական կալանավորումների և խիստ դատավճիռների հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև դրանց ազդեցությունը Եվրոպայի մարդու իրավունքների քաղաքականության և ԵՄ–Ադրբեջան հարաբերությունների վրա։

  • Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդ

    Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ, Բաքվում ապօրինի պահվող Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում, «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովին.

    …Սիրելի գործընկերներ,

    2023 թվականին Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից, շրջափակումից և էթնիկ զտումից հետո մեր ընտանիքը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն։ Հայրս մեզ հետ չեկավ Հայաստան, քանի որ, իբրև պետական պաշտոնյա, պարտականություն էր զգում ապահովել քաղաքացիական բնակչության տեղափոխումը և դրանից հետո միայն մեկնել Հայաստան։

    2023 թվականի հոկտեմբերի 3-ին տեղեկացանք, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ հորս։ Ձերբակալումից միայն տաս օր անց մենք առաջին տեղեկությունները ստացանք նրանից։ Այդ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, մեր ընտանիքն անցնում էր հոգեբանական աննկարագրելի ապրումների միջով։

    Չնայած երբեմն կարճ հեռախոսազրույցներ ենք ունենում, մեր մտահոգություններն ու անհանգստությունները փարատված չեն՝ հորս առողջական վիճակի, պահման պայմանների և նրա նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ՝ հաշվի առնելով նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։

    Արդեն երկար ժամանակ է մենք մշտական անհանգստության ու ծանր ապրումների մեջ ենք։ Ադրբեջանում մեկնարկած կեղծ դատավարության արդյունքում հայրս դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն կարծում եմ՝ կարիք չկա անդրադառնալու այդ դատավարության շինծու բնույթին։

    Հայ գերիներից հայրս, Ռուբեն Վարդանյանը և Դավիթ Բաբայանը ձայնագրությունների միջոցով հայ հանրությանը փոխանցել են դատավարության կեղծ բնույթի մասին տեղեկություններ։ Դրանք հանրածանոթ են նաև այս խորհրդարանում։

    Փաստորեն, միջազգային իրավունքի հիմունքներից մեկը հանդիսացող ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի համար մարդիկ դատապարտվում են, իսկ դատապարտող պետությունը խուսափում է պատասխանատվությունից։

    Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ընթացիկ բանակցությունները որևէ կերպ չեն անդրադառնում հակամարտության հումանիտար կողմին և չեն հանգեցրել հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ Թեև միջազգային պրակտիկայում հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը։ Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից։

    Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Հետևաբար, Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ։ Այս հանգամանքը լրջորեն հարցականի տակ է դնում իրական խաղաղության հանդեպ Ադրբեջանի հանձնառությունը…»։

    yerkir.am

  • Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

    Ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը:

    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանին նոր հարվածներ հասցնելու լուրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

    «ԱՄՆ-ի արևելյան ժամանակով 15:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00-ին. խմբ.) ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանին՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակման ներուժը թուլացնելու նպատակով», – ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։

     

    Նշվում է, որ ամերիկյան զինուժը պատրաստվում է վերսկսել իրանական նավահանգիստների և ափամերձ տարածքների շրջափակումը, որը կսկսվի Մոսկվայի ժամանակով 23: 00-ին:

    Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

    Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

    Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

    arm.sputniknews.ru