Category: SyunyacErkir

  • Զախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետ

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Արևմտյան «կամավորների կոալիցիան» իր «դաժանության և անմարդկայնացման» մակարդակով հիշեցնում է Սոդոմն ու Գոմորը։

    «Ի՜նչ տարօրինակ անվանում՝ «կամավորների կոալիցիա»։ Ի՞նչ են ուզում։ Ի՞նչ է սա ինձ հիշեցնում։ Այն ինձ հիշեցնում է Սոդոմն ու Գոմորը։

    Սա խաղաղության կամ անվտանգության ցանկություն չէ», – նշել է դիվանագետը։

    «Խելագարված հասարակություն, որը խաղաղություն առաջարկող յուրաքանչյուրին դիտարկում է որպես պոտենցիալ զոհ»,-հավելել է նա։

  • Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով

    Շրջանառության մեջ է դրվում «Նոյյան տապան» նոր՝ արծաթե ներդրումային դրամը՝ 50 դրամ անվանական արժեքով։

    Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, իսկ դարձերեսին՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին, և Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին։

    Նոր ներդրումային դրամը համալրում է 2011-2012 թվականներից թողարկվող հայկական «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամների շարքը։

    Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:










    Անվանական արժեքը 50 դրամ
    Մետաղը/ հարգը արծաթ 999
    Քաշը 1/10 տրոյան ունցիա
    Տրամագիծը 16.54 մմ
    Որակը սովորական
    Դրամաշուրթը ատամնավոր
    Թողարկման քանակը

    մինչև 3 000 000 հատ տարեկան

     

  • Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

    Վաղը Կառավարության նիստում գործադիրը հավանություն կտա Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և 2026 թվականի հունիսի 4-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարա­կան համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը  վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրա­պետության կառ­ա­վա­րության օրենսդրական նախաձեռնությանը:

    Կառավարության որոշման մեջ ասվում է.

    «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից  միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին` նրան վերապահելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով կողմին վերապահված բոլոր իրավունքները»,- նշված է որոշման մեջ:

    Նախագծի հիմնավորման մեջ նաև շեշտվում է, որ  առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

    Օրենքի ընդունման արդյունքում, ըստ կառավարության հիմնավորման, կապահովվեն 2026թ. հունիսի 1-ին Վաշինգտոնում և 2026թ. հունիսի 4-ին Երևանում ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

    Նշենք, որ օրենքի նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները բազմակողմանի կերպով զարգացնելու առաջնահերթություններից։

    Հիշեցնենք, որ «Թրամփի ուղի»-ին՝ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին։ Փաստացի այն մտավ վավերացման փուլ. սկսվում է սահմանադրական դատարան դիմելու և վավերացման գործընթացի փուլը: Մինչ խորհրդարանում վավերացումը, կառավարությունը փաստաթուղթը կուղարկի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։

  • Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

    Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Ըստ տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա։

    Ավելի վաղ Իրանի Զինված ուժերը հարվածներ էին հասցրել Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ավիաբազային։

  • Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ

    Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից իրականացված հերթական հարվածների հետևանքով Իրանի հարավային շրջաններում ավելի քան 30 մարդ է զոհվել։

    «Երկրի հարավային հատվածում տեղի ունեցած վերջին հարձակումների հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարգում նրանց հիշատակը: Կառավարությունն իր ողջ ուժով կանգնած է լինելու ժողովրդի կողքին: Իրանի հարավը մեր երկրի բաբախող սիրտն է, Իրանի հոգին»«- գրել է նա X-ի իր էջում։

    Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանփուրի հայտարարության համաձայն էլ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով վիրավորվել է ավելի քան 260 մարդ։

  • Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն

    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության հետ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հուլիսի 14-ի հայտարարության մեջ:

    «Այսօր արտաքին գործերի նախարարի հանձնարարությամբ Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գործերով նախարարություն է կանչվել Մեծ Բրիտանիայում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարը: Պարոն Ալի Նասիմֆարը կանչվել է մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում «Աջերի հետևորդների իսլամական շարժման» կողմից Եվրոպայում իրականացված մի շարք հարձակումների համակարգման գործում ԻՀՊԿ-ի «Ղոդս» ուժերի դերի պատճառով», – նշված է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ:

    Ըստ հաղորդագրության՝ ԻՀՊԿ-ի գործունեությունն ուղղված է Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների «անվտանգության խաթարմանը»:

    Գերատեսչությունը հիշեցնում է, որ այս շաբաթ Բրիտանիայի կառավարությունը քայլեր է ձեռնարկել «իրանական վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար՝ բացահայտելով նրա աջակցությունը պրոքսի խմբերին և հանցավոր ցանցերին» ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

    «Մենք հստակ նշում ենք, որ կձեռնարկենք բոլոր քայլերը՝ պաշտպանելու բրիտանացիներին։ Օտարերկրյա պետության կողմից աջակցվող սպառնալիքները չեն հանդուրժվի», – նշված է հաղորդագրության մեջ։

    Օրերս Մեծ Բրիտանիան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել է սպառնալիք ազգային անվտանգության համար:

     

  • Իրանը հայտնում է՝ ԱՄՆ-ի հարվածներից առնվազն 7 զինծառայող է զոհվել

    Առնվազն յոթ զինծառայող է զոհվել Բամփուրում գտնվող իրանական ռազմաբազայի վրա ԱՄՆ-ի կողմից գիշերը հասցված հարվածների հետևանքով, կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ հաղորդում է Իրանի բանակը:

    Իրանի բանակի պնդմամբ՝ հարվածների նպատակն էր հնարավորինս մեծ թվով զոհեր պատճառելը․ Իրանշահր քաղաքի մերձակայքում գտնվող հյուրատան, պահակակետերի և բնակելի շենքերի ուղղությամբ արձակվել է 13 հրթիռ։

    Նշվում է նաև, որ մի շարք զինծառայողներ վիրավորվել են, իսկ բանակը խոստացել է հարձակմանը «վճռական պատասխան» տալ:

    ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում իրականացրել է Իրանի ռազմական թիրախների դեմ հերթական հարվածները՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում և Իրանի ափամերձ շրջաններում։ Միաժամանակ վերականգնել է Իրանի նավահանգիստներ ուղևորվող կամ այնտեղից դուրս եկող նավերի նկատմամբ ծովային շրջափակումը, քանի որ Թեհրանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին, մինչդեռ Հորդանանի զինված ուժերը հուլիսի 15-ին հայտնել են, որ որսացել և խոցել են իրանական երեք հրթիռ։

    Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե Թեհրանը չվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, Միացյալ Նահանգները կարող է ընդլայնել իր հարվածները՝ թիրախավորելով Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ էլեկտրակայաններն ու կամուրջները:

    Հուլիսի 14-ին Fox News-ին տված հարցազրույցում նախագահ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա գիշերներին «շատ ուժեղ» հարված կհասցնի Իրանին: Թրամփը հավելել է, որ Իրանի դեմ ռազմական հարվածները կշարունակվեն «մինչև ես չասեմ, որ բավական է»:

  • Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

    Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության ապահովումը շարունակում է մնալ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այս մասին նշվում է Թուրքիայի ԱԳՆ-ի 2026 թվականի գործողությունների ծրագրում, հայտնում է APA-ն։

    Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվելու է Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման պայմաններում։ Միաժամանակ Թուրքիան հայտնել է, որ շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

    Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Ադրբեջանին աջակցությունն ավելի է ամրապնդվելու՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանը նպաստելու նպատակով։

    Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի–Հայաստանի և Ադրբեջանի–Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է առաջ ընթանան համակարգված՝ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, անվտանգություն և զարգացում ապահովելու համար։

    Թուրքիայի ԱԳՆ-ն առանձին անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ երկու երկրների միջև «ընդհանուր լեզվի, պատմության, մշակույթի և ինքնության վրա հիմնված բացառիկ կապերը» շարունակելու են ամրապնդվել։

    «Մեր ռազմավարական գործընկերությունը նպատակ ունի երկկողմ և բազմակողմ նախաձեռնությունների միջոցով նպաստել Հարավային Կովկասում խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի հետ մեր սերտ համակարգումն ու համագործակցությունը տարածաշրջանային կարգավորման գործընթացների շրջանակում կշարունակվեն վճռականորեն»,- ասվում է փաստաթղթում։

    Անկարան նաև նշել է, որ 2026 թվականին շարունակելու է Ադրբեջանի հետ համակարգված աշխատանքը՝ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգը առաջ մղելու համար։

    Թուրքիայի ԱԳՆ

  • Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

    Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն «իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար» հարվածել են իրանական բազաներին՝ դա պատճառաբանելով Հորմուզի նեղուցով խախտումներով անցնող նավերին իրանական հարվածներով։

    Այնուամենայնիվ, ԻՀՊԿ-ն նշել է, որ «ոչ մի նավ չի համարձակվել խախտել» իրանական շրջափակումը, հետևաբար, հարվածներ չեն եղել։

    ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սպասարկող նավթի և գազի արտահանման երթուղիները կարող են թիրախավորվել, եթե հակամարտությունը շարունակվի։

    ԻՀՊԿ-ն նշել է, որ տարածաշրջանից էներգակիրների արտահանումը պետք է լինի «կա՛մ բոլորի համար, կա՛մ ոչ մեկի»՝ ազդարարելով տարածաշրջանային նավագնացության և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հետագա գործողությունների հնարավոր հետևանքների մասին։

    Իր հերթին, ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ։

     

  • Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր

    Երեքշաբթի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի մի քանի մարզերի վրա։ Հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Գոլոսեևսկի շրջանում այրվել են պահեստային տարածքներ, Դարնիցկի շրջանում՝ ավտոմեքենաներ։ Բացի այդ, Դարնիցկի շրջանի դպրոցներից մեկում տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

    Չեռնիգովի մարզի Նեժինի շրջանում ռուսական հարձակման հետևանքով այրվել է մասնավոր բնակելի տուն, տուժել է երկու կին։ Նրանց, ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, տեղափոխել են տեղի հիվանդանոց։

    Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի (ՄՌՎ) ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ Սինելնիկովոյի շրջանում վնասվել են ԱԶԿ-ն, մասնավոր տուն և ավտոմեքենաներ։ Ռուսական գնդակոծության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս չորսը՝ տուժել։ Նիկոպոլի շրջանում վնասվել են ագրոֆիրմա, մասնավոր տներ և տնտեսական շինություն, Կամենսկոյեի շրջանում՝ գյուղատնտեսական ձեռնարկություն և ենթակառուցվածքներ։

    Զապորոժիեի մարզի Օրեխովոյի շրջանի Տավրիչեսկոյե գյուղում երեքշաբթի առավոտյան ռուսական FPV-դրոնը հարվածել է քաղաքացիական ավտոմեքենայի։ Զապորոժիեի ՄՌՎ-ի ղեկավար Իվան Ֆեդորովի տեղեկատվությամբ՝ մեքենայում գտնվող կինը զոհվել է, 60-ամյա տղամարդը վիրավորվել է։

    Օդեսայի մարզում, ՄՌՎ-ի ղեկավար Օլեգ Կիպերի տեղեկատվությամբ, վնաս է հասցվել քաղաքացիական և արդյունաբերական ենթակառուցվածքներին։ Ձեռնարկություններից մեկի տարածքում վնասվել են ավտոնորոգման արհեստանոցների շենքերը, տնտեսական շինությունը, վառելիքատար մեքենան, 11 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա։ Մեկ այլ ձեռնարկությունում այրվել են արևածաղկի ձեթի պահեստարաններ։ Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել։

    Խարկովի մարզի Սոլոնիցևկա ավանում ռուսական գնդակոծության հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ 11-ամյա մի աղջիկ, հայտնել է ՄՌՎ-ի պետ Օլեգ Սինեգուբովը։

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, մասնավորապես, Կիևում ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների և Օդեսայի Յուժնի նավահանգստում վառելիքաքսուկային նյութերի բեռնաթափման և պահպանման օբյեկտների խոցման մասին։ Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել ռուսական ռազմական գերատեսչության հայտարարությունը։