Category: Syunik.TV

  • Կայացավ «Պատանի երկրաբանի ամառային դպրոց» 2026-ը

    ԶՊՄԿ-ի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է։ Հանքարդյունաբերական ձեռնարկությունը Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ կազմակերպել էր «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը»։ Եռօրյա ճամբարը հագեցած էր դասախոսություններով, հետազոտական աշխատանքով, բաց հանք այցելությամբ։ Թե ինչ արդյունքներ կան նախորդ տարվանից և ինչպես է ճամբարը օգնում մասնագիտական կողմնորոշմանը՝ դիտե՛ք տեսանյութում:

  • Զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել են նրա համածառայակիցները․ հարուցվել է քրեական հետապնդում

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, իսկ շարքային զինծառայողի նկատմամբ՝ 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։                                                                         

    Վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: 

  • Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

    Հանրապետության տարածքում հուլիսի 22-ին և 23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 22-26-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևանում հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-26-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։ Հուլիսի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հուլիսի 22-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • ՊՆ պաշտոնյան զորամասից դիզվառելիք է հափշտակել

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, կատարել է դիզվառելիքի հափշտակություն:

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը 2026 թվականին զորամասի բանվոր-վարորդի հետ պայմանավորվել է զորամասի տարածքից դուրս հանել դիզվառելիքը՝ այն անձամբ տնօրինելու նպատակով։

    Զորամասի աշխատակիցը, ընդունելով պաշտոնյայի առաջարկը, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով  դիզվառելիքը հանել է զորամասի տարածքից և օժանդակել այն հափշտակելու գործընթացում: Նշված դիզելային վառելիքը տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնի աշխատակիցների կողմից։

    ՀՀ ՊՆ N զորամասի վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրան օժանդական անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Ներկայացված մեղադրանքներում վերջիններս իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։

    Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

    Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների՝ քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը երկարաձգվում է մեկ շաբաթով։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

    Ոլորտային մասնագիտություններով (մշակույթի/արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների որակավորումներով, որոնց համար սահմանված է քննություն) ընդունելության հայտերի ներկայացումը hayt-college.emis.am համակարգում կշարունակվի մինչև հուլիսի 31-ը, իսկ ոչ ոլորտային մասնագիտություններով՝ մինչև օգոստոսի 17-ը։

    Ոլորտային մասնագիտությունների համար քննությունները կանցկացվեն օգոստոսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում։ Ոչ ոլորտային մասնագիտությունների մրցույթն անցկացվում է՝ ըստ ավարտական փաստաթղթի միավորների։ 

    Առաջին փուլի մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում ոչ ուշ, քան օգոստոսի 21-24-ը՝ ժամը 18:00-ն ներառյալ, կկազմակերպվի ընդունելության երկրորդ փուլը:

    Հիշեցնենք, որ մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն այս ուսումնական տարում  իրականացվում է ընդունելության նոր կարգով։

    Հայտագրման ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով՝ երկու քայլով․

    Քայլ 1 – Մուտք գործեք my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում։

    Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք քոլեջը և նախընտրելի մասնագիտությունը: Հայտերի ներկայացման հաջորդական քայլերը ներկայացված են քոլեջների հայտագրման  ուղեցույցում։

    Դիմորդը կարող է դիմել մեկ հաստատություն՝ մեկ մասնագիտության համար՝ անվճար և վճարովի ուսուցման հիմունքով: 

  • Ավտովթար Վայոց ձորի մարզում․ կա վիրավոր

    Հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում  Երևանի բնակիչ 30-ամյա Գոռ Սուքիասյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Եղեգիս-Շատին ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել  է քրեական վարույթ։

  • Ինչպես կանխել երեխաների թունավորումը դեղերից եւ կենցաղային քիմիական նյութերից

    Երեխաների ոչ սննդային թունավորումների մեծ մասը դեղերի, կենցաղային քիմիական նյութերի (օրինակ՝ սպիտակեցնող, ախտահանիչ, լվացող և մաքրող միջոցների, կոսմետիկայի, քացախի), ինչպես նաև թունաքիմիկատների և թունավոր բույսերի՝ երեխաների համար անհասանելի վայրում չպահելու հետևանք է։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

    Թունավորումը տեղի է ունենում կլման, ներշնչման, ներարկման կամ ներծծման միջոցով` թունավոր նյութի ազդեցությամբ:

    Երեխաների թունավորումները շատ հաճախ տեղի են ունենում տանը:

    Ինչպե՞ս կանխել թունավորման դեպքերը

    Դեղերը և թունավոր նյութերը պահե՛ք երեխաների համար ոչ հասանելի վայրում ու փակի տակ:

    Երեխաներին սովորեցրե՛ք ձեռք չտալ թունավոր նյութերին, պատմե՛ք դրանց վտանգավորության մասին։

    Թունավոր նյութերի վրա փակցրե՛ք հստակ պիտակներ։

    Դեղերի և կենցաղային օգտագործման քիմիական նյութերի պահպանման համար օգտագործե՛ք հատուկ տարաներ, որոնք երեխաների համար անվտանգ են` դժվար բացվող:

    Մի՛ պահեք քիմիական նյութերը ըմպելիքի տարաներում (օրինակ՝ շշերում), քանի որ վտանգ կա, որ երեխաները կարող են սխալմամբ խմել:

    Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբերը երեխան ընկալում է որպես կոնֆետ, ուստի արտաքուստ ուտելիքի կամ ըմպելիքի նմանվող թունավոր նյութերը և ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները, հեռու պահե՛ք երեխաների տեսադաշտից:

    Դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով չշփոթելու համար:

    Նախքան երեխային դեղը տալը, խորհրդակցե՛ք բժշկի հետ ճիշտ դեղաչափը և դեղաձևը ընտրելու համար, հետևե՛ք ներդիր թերթիկում առկա տեղեկատվությանը:

    Երեխայի անվտանգությունը սկսվում է մեր` մեծահասակներիս զգոնությունից։ Պահպանելով անվտանգության այս պարզ կանոնները՝ կարող ենք կանխել դժբախտ պատահարները և ապահովել երեխայի առողջությունն ու անվտանգությունը։

  • ՄԻՊ–ը աշխատանքային այցով Սյունիքում է

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հերթական մարզային այցն է իրականացրել Սյունիքում։ Գորիսում և Կապանում նա հանդիպումներ է ունեցել համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել մի շարք սոցիալական, առողջապահական և քրեակատարողական հաստատություններ։ Այցի հիմնական նպատակը տեղում առկա խնդիրների բացահայտումն ու մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացումն է։

  • Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել

    Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

    Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արզնի գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտում։ Նրա նշած վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ՌԳ» տեսակի 6 նռնակ, «ԱԿՍ» տեսակի մարտական ինքնաձիգ, ատրճանակ, կարճեցված փողով 2 հրացան, նռնականետ, 3 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր, տարբեր տրամաչափի փամչուշտներ։  

    Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ 

    Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Նոր Կյուրին գյուղի եկեղեցու հետնամասում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի հրացան, 2 նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինքնաձիգի փամփշտատուփեր։
     
    «ՆԳՆ ոստիկանությունից հիշեցնում են, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից»,- նշվում է հաղորդագրությունում:

  • 🎦Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով

    Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով։ Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

    Հաղորդագրությանը կից տեսանյութ է հրապարակվել: