Category: Syunik.TV

  • Քիմիայի միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի

    ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2026 թ. հուլիսի 10-19-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 93 երկրի 372 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակցի:

    Հայաստանի թիմն արժանացել է երկու բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մերի Վիրաբյանն արժանացել է գովասանագրի։ Օլիմպիադային մասնակցել է նաև նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը։ Օլիմպիադան անցկացվել է գործնական և տեսական փուլերով։

    Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող) և Արմեն Գալստյանը (ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան)։

    Հիշեցնենք, որ քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր ԱՄԷ Դուբայ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե մեդալի և 3 գովասանագրի։

    Լրացուցիչ նյութեր՝

    Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ 
    https://www.icho2026.uz/

    Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը՝ https://www.youtube.com/live/M35p7OyuRd4

  • ԱՄՆ-ն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին

    Երկուշաբթի Պենտագոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն իններորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին՝ թիրախավորելով երկրի ռազմական ենթակառուցվածքներն ու ռազմավարական ակտիվները։

    ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ նշանակետերը եղել են «իրանական հրամանատարական կենտրոնները, օդային պաշտպանության և ափամերձ հսկողության օբյեկտները, ռազմածովային ուժերը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման դիրքերը, ինչպես նաև կապի կենտրոնները»։

    Վերջին հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտնել է երեք ամերիկացի զինծառայողի մահվան մասին։

    Նոր հարվածների նպատակը, ըստ CENTCOM-ի հայտարարության, Իսլամական Հանրապետության ռազմական ներուժի հետագա թուլացումն է, որը, ամերիկյան կողմի պնդմամբ, օգտագործվում է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և քաղաքացիական նավաստիների վրա հարձակումների համար:

  • Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան

    Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել Եվրոպական միություն ձուկ և ձկնամթերք։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:

    «Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը ստանում է նման թույլտվություն, ինչը նոր հնարավորություններ է բացում հայկական ձկնարտադրանքի արտահանման համար։

    Եվրոպական միության կողմից ստացվել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, ինչպես նաև ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում այս ապրանքների արտահանման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որոնք մանրամասն ներկայացված են»,- գրել է Պապոյանը:

  • Գազ չի լինի Սյունիքի և Արարատի որոշ բնակավայրերում

    «Գազպրոմ Արմենիա»-ից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի գազասպառողների, «Սուլավա ՏԱՄ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
     
    ժամը 10:00-ից մինչև 18:00-ն՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պատկանյան, Երևանյան, Նալբանդյան, Նար-Դոսի, Րաֆֆու, Օգոստոսի 23 փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
     
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

  • Ագարակը ևս տոնեց հանքագործի և մետալուրգի օրը

    Հուլիսի 18-ին Ագարակում հանդիսությամբ նշվեց հանքագործի և մետալուրգի օրը։ Տոնական միջոցառմանը ներկա էին համայնքային իշխանության ներկայացուցիչները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և մի շարք այլ հյուրեր։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գործում նշանակալի ավանդի համար պարգևատրվեցին ձեռնարկության ավելի քան 50 աշխատակիցներ։ Օրը համերգով եզրափակեցին մայրաքաղաքից ժամանած սիրված երգիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

  • Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի

    Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին Շենգավիթի բնակիչ 17-ամյա մի պատանի ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում է թմրանյութ։

    Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին՝ ժամը 19․30-ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին, տղան ձերբակալվեց ու տեղափոխվեց Շանգավիթի բաժին։

    Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

    Տղան հայտնեց, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Ըստ նրա՝ արդեն հասցրել էր երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

    Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

    Նախաքննությունը շարունակվում է։

  • Մինչեւ օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար

    Այսօրվանից ՀՀ պետական ավագ դպրոցներում մեկնարկել է 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը, որը նախատեսված է առաջնահերթություն ունեցող սովորողների համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    Այս փուլում  կարող են հայտագրվել՝

    1․ տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները,
    2․ տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները,
    3․ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ տվյալ դպրոցից մինչև տուն սպասարկման հետիոտնային հասանելիության շառավղով բնակվող ներքոնշյալ խմբերի երեխաները՝

    ․ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների    երեխաները կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ  հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ  ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները,
    · խնամակալության տակ գտնվող երեխաները,
    ·  հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները։

    Արտոնությունից կարող են օգտվել նաև ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները, եթե ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը) մինչև հայտագրման մեկնարկը՝ հուլիսի 20-ը, ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) ուղարկել է դիմում և համապատասխան տեղեկանքներ՝ ըստ սահմանված կարգի։

    Նշված արտոնությունները վերաբերում են ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններ հաճախողներին։ Համակարգը արտոնություն ունեցողների համար բաց կլինի մինչև օգոստոսի 2-ը՝ ժամը 24։00–ն ներառյալ։ Նշված ժամկետի ավարտից հետո ավագ դպրոցի ընդունելության հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ 2-րդ փուլով։

    Երկրորդ փուլ՝

    Օգոստոսի 4–ին՝ ժամը 09:00-ից, տասներորդ դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցմամբ դասարանների ընդունելության համար, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) համար։ Հայտագրում կիրականացվի նաև այն սովորողների համար, որոնց ծնողներից մեկը պատկանում է նշված խմբերից որևէ մեկին, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի է։ Համակարգը բաց է նաև ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաների համար, որոնց ծնողները ցանկանում են երեխաներին հայտագրել հայերենով ուսուցմամբ դասարաններում։

    Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի քանակից։

    Օգոստոսի 11-ին՝ ժամը 09:00-ից, հայտագրում կիրականացվի նաև հետևյալ խմբերի համար՝ ծնողների ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում․
    · օտարերկրյա քաղաքացիներ,
    · երկքաղաքացիներ,
    · քաղաքացիություն չունեցող անձինք (նրանց օրինական ներկայացուցիչներ),
    · ազգայինփոքրամասնություններին պատկանող երեխաներ,
    ·  երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

    Հայտագրման անհրաժեշտություն չկա այն դպրոցներում, որտեղ ընդունելությունը կիրականացվի սահմանված ներքին ընթացակարգերով․

    ·  մասնագիտացված դպրոցներ,
    ·  բարձրագույն ուսումնական հաստատությունների ենթակայությամբ գործող դպրոցներ,
    ·  հանրակրթական դպրոցների «Արհեստական բանականություն» սերունդ   դասարաններ,
    ·  միջնակարգ դպրոցներ կամ վարժարաններ, որտեղ ծնողի դիմումի համաձայն՝ սովորողները կփոխադրվեն նույն ուսումնական հաստատության կրթության երրորդ աստիճան:

    Առցանց հայտագրումն իրականացվում  է  երկու քայլով.

    Քայլ 1 – Մուտք գործեք https://my.emis.am հարթակ և բացեք օգտատիրոջ էջը: Էջը բացելու մանրամասն քայլերը ներկայացված են «Գրանցում my.emis.am» տեսաուղեցույցում:

    Քայլ 2 – Եթե արդեն անցել եք նույնականացում և https://my.emis.am հարթակում ունեք ձեր էջը, ապա սպասեք հայտագրման մեկնարկին, որպեսզի ընտրեք դպրոցը: Հայտագրման քայլերը ներկայացված են  «Ավագ դպրոցում հայտագրում» տեսաուղեցույցում:

    Հաշվի առնելով, որ գրանցումը ժամանակատար է, մեկ անգամ ևս խորհուրդ ենք տալիս մինչև հայտագրման մեկնարկը գրանցվել և համակարգում անցնել նույնականացում, որից հետո հնարավոր կլինի երեխային հայտագրել ձեր նախընտրած դպրոցում:

    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նույն օգտահաշվից տարբեր սարքերով հնարավոր չէ  միաժամանակ մուտք գործել համակարգ և հայտագրել երեխային, ուստի հորդորում ենք հայտագրումն իրականացնել մեկ օգտահաշվից, մեկ համակարգչով։

    Հայտագրման, դպրոցի տնօրենին դիմում ներկայացնելու, ինչպես նաև դպրոցի հետ պայմանագիր կնքելու ողջ գործընթացը թվայնացված է և հնարավոր է իրականացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ծնողի կողմից ստեղծված էջով։

    Ավագ դպրոցի  ընդունելության հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

  • Քաղաքացու դի է դուրս բերվել Գողթանիկ գյուղի ջրվեժից

    Հուլիսի 19-ին՝ ժամը 15։55-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվում:

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակը։

    Պարզվել է, որ քաղաքացին մոտ 4 մ բարձրությունից նետվել է ջուրը և խեղդվել։

    Որոնողական աշխատանքների արդյունքում ջրասուզակը մոտ 6 մ խորությունից դուրս է բերել քաղաքացու դին։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ

    Հանրապետության տարածքում հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-ի և 23-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 20-24-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևանում հուլիսի 20-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 20-24-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ։

  • Կրակոցներ Մուրացան փողոցում. կա զոհ

    Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է քաղաքացու մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունը։

    Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր: Նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։

    ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ Մուրացան փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

    «Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։