Category: Syunik.TV

  • Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. նախարար

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7600 տոննա ծիրան (շուրջ 380 մեծ բեռնատար)։

    Արտահանման աշխարհագրությունը շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չունենք, չունենք նաև Պորտուգալիա արտահանում, հետևաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի»։

  •  Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել

    Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վայք քաղաքի 70-ամյա բնակիչը Մալիշկա գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու աջակցությամբ, առանց լիցենզիայի և համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի արդյունահանում։
    Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Պարզվեց, որ Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանում են հրաբխային բազալտ, քարը տեղափոխում Վայքում գտնվող՝ 70-ամյա տղամարդուն պատկանող մշակման արտադրամաս և վաճառում։

    Հունիսի 20-ին Եղեգնաձորի համայնքային ոստիկանները մեկնեցին բազալտի արդյունահանման տարածք, որտեղ ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին աջակցող 49-ամյա տղամարդուն ու ևս չորս հոգու։ Նրանց շահագործած ավտոկռունկն ու բազալտի հանքաքարով բարձած բեռնատարը տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։
    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

    Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։

    Հանգամանքները պարզվում են։

  • Զինծառայող է մահացել – Սյունիք ՀԸ

    Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել։ 

    Քննչական կոմիտեից հայտնում են՝ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ:

  • Հանքագործների մասնագիտական տոնի և ոլորտի խնդիրների մասին

    Մինչև տարեվերջ հանքարդյունաբերության ոլորտ կներդրվեն նոր չափորոշիչներ։ Դրանք հնարավորություն կտան ավելի նվազեցնելու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը արդյունաբերության մեջ կարևոր տեղ ունի։ Տնտեսության կառուցվածքային փոփոխություններ նկատվում են, բայց ընդհանուր առմամբ ոլորտում գործող ձեռնարկությունները շարունակում են զբաղեցնել առաջին հորիզոնականները հարկատուների ցանկում։ Քաջարանում նշվել է հանքագործի ու մետալուրգի մասնագիտական տոնը։

  • Որո՞նք են հանքագործների հիմնական պահանջները

    Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում շարունակվում են ղեկավար անձնակազմի շրջայցերը տարբեր արտադրամասերում։ Այս անգամ մեր նկարահանող խումբը ընթացքին հետևեց հարստատուցիչ ֆաբրիկայում և մեխանիկական արտադրամասում։

  • ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները

    ՄԻՊ-ից հայտնում են, որ շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ:

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին Կապանում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:

    Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, այդ թվում՝ գյուղական բնակավայրերում գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի հասանելիության, սեփականության իրավունքի իրացման, դպրոցաշինության հետ կապված և մի շարք այլ հարցեր:

    Իր խոսքում Պաշտպանն ընդգծել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:

    Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:

    Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

  • Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր

    Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

    Պաշտպանը շրջայց է կատարել դիսպանսերի տարածքում, տեղում ուսումնասիրել բուժառուների իրավունքների ապահովման վիճակը և մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացը:

    Այցի ընթացքում ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման հնարավորությունները, զսպման միջոցների կիրառման իրավական հիմքերն ու ընթացակարգերը, անձնական հիգիենայի ապահովման պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, հարմարեցված և մատչելի միջավայրի ապահովումը, իրավաբանական օգնության հասանելիությունը, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։

    Մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ՝ հնարավորություն ընձեռելով նրանց բարձրաձայնելու իրենց մտահոգություններն ու խնդիրները։

    Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել բուժառուների զբաղվածության և սոցիալական ներգրավվածության ապահովման հնարավորություններին, սոցիալական կապերի պահպանմանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային և շարունակական քայլեր, որոնք կնպաստեն նրանց վերականգնման, ինքնուրույնության և հասարակական կյանքում առավել ակտիվ մասնակցության ապահովմանը։

    Միաժամանակ, Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև հաստատության աշխատակիցների աշխատանքային պայմաններին՝ կարևորելով նրանց համար անվտանգ, արժանապատիվ և պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովումը՝ որպես որակյալ խնամքի և ծառայությունների մատուցման անհրաժեշտ նախապայման։

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ ներկայում իրականացվող նախաձեռնությունները՝ ընդգծելով արժանապատիվ և անվտանգ միջավայրի ապահովմանն ուղղված հետևողական քայլերի կարևորությունը:

  • Սյունիքի հմայքն ու պատմությունները՝ լուսանկարիչ Նվեր Զելյայի «Ես…» ցուցահանդեսում

    Հանքագործի և մետալուրգի օրվա շրջանակում Քաջարանում ներկայացվեց լուսանկարիչ Նվեր Զելյայի «Ես…» անհատական ցուցահանդեսը։
    Լուսանկարներում Նվերը մեկտեղել է Սյունիքի բնության ողջ հմայքն ու մարդկանց՝ ներկայացնելով մարզն իր գույներով, դեմքերով ու պատմություններով։
    Շուտով «Ես…» ցուցահանդեսը կհյուրընկալվի նաև հանրապետության այլ քաղաքներում։

  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ

    Հանրապետության տարածքում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը, 25-ի կեսօրից հետո, 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-25-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

    Երևան քաղաքում հուլիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-25-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

  • Ավտոմեքենաներ են բախվել․ կան զոհեր եւ վիրավորներ

    Հուլիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Ալափարս գյուղի վարչական տարածքում բախվել են «ՈւԱԶ» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 4 հոգի վիրավորվել է:

    Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։