pravda.ru-ն «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». ի՞նչ կփոխվի Երևանի՝ ԵՄ-ին մերձեցմանը զուգընթաց» վերնագրով հոդվածում գրում է, որ երկրի արտաքին քաղաքականության՝ դեպի Եվրոպական միություն շեղման ֆոնին գազի գների վերանայումը կարող է արդյունավետ գործիք դառնալ Հայաստանի ղեկավարությանն ու բնակչությանը սթափեցնելու համար։ Նման կարծիք է pravda.ru-ի հետ զրույցում հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր և Մոսկվայի պետական համալսարանի Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Լյուդմիլա Ադիլովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը շատ զգայուն է արձագանքում վառելիքի մատակարարման պայմանների հնարավոր փոփոխության վերաբերյալ ցանկացած ազդակի։ Մասնավորապես, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ռուսական գազի գների բարձրացման սցենարը բնութագրել է որպես «ապոկալիպտիկ իրադարձություն»։ Նրա կարծիքով, նման քայլն անխուսափելիորեն կհանգեցնի ազգային տնտեսության կտրուկ անկման։
Ադիլովան նշել է, որ Ռուսաստանի կողմից մատակարարվող էներգակիրների և այլ ապրանքների արժեքների կտրուկ աճը կարող է Երևանին ցույց տալ երկարամյա կապերի խզման իրական հետևանքները։ Գազի գների հիպոթետիկ բարձրացումը տրամաբանական պատասխան կլիներ ոչ բարեկամական գործողություններին։ Փորձագետն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում մթնոլորտը ներկայում չափազանց լարված է, և տարիների ընթացքում կառուցված կապերը քանդվել են ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ «Դա ճնշման խիստ ցուցադրական քայլ կլիներ։ Կարծում եմ, որ իրականում անհրաժեշտ է դա անել, սակայն Ռուսաստանը նման քայլի չի դիմի։ Մենք շատ հավատարիմ ենք և ներողամիտ, մենք սովոր ենք բարյացակամ, բարեկամական և եղբայրական հարաբերությունների»,- նշել է նա։
Քաղաքագետը նաև մատնանշել է, որ բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ եվրոպական երկրների բարգավաճումը երկար ժամանակ հիմնված է եղել ռուսական մատչելի ռեսուրսների վրա։ Եվ երբ այդ հիմքն անհետացել է, սոցիալ-տնտեսական կայունությունը փլուզվել է։ Այդ ֆոնին ծանոթ շուկաների և նոր հեռանկարների միջև ընտրությունը կոնկրետ Հայաստանի համար վերածվում է գոյատևման խնդրի։ «Հայաստանի բարգավաճումը կավարտվեր օրերի ընթացքում: Կարևոր է նշել, որ պարբերաբար ի հայտ եկող լոգիստիկ խնդիրները, օրինակ՝ հիմնական երթուղիներով վառելիքի տարանցման ժամանակավոր դադարեցումը, ընդգծում են տեղական ենթակառուցվածքների խոցելիությունը, մինչդեռ մատակարարումների դիվերսիֆիկացման փորձերը դեռևս կայունության երաշխիքներ չեն ապահովել»,– եզրափակել է Ադիլովան։
Եվրոպան մտել է համակարգային վերափոխման մի փուլ, որի ընթացքում միաժամանակ փոխվում են անվտանգության ընկալումները, ռազմական ծախսերի տրամաբանությունը, արդյունաբերական քաղաքականությունը, էներգետիկ ռազմավարությունը, առևտրային հարաբերությունները, միգրացիոն քաղաքականությունը, կուսակցական համակարգերը։ Այս փոփոխությունների կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում միաժամանակ և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց։
Ուկրաինայում շարունակվող պատերազմը Եվրոպային ստիպում է վերանայել իր ռազմական կարողությունները։ Այդ վերանայումը խթանում է պաշտպանական արդյունաբերության զարգացումը, ռազմական ծախսերի աճը ծանրաբեռնում է պետական բյուջեները, բյուջետային սահմանափակումները խորացնում են սոցիալական դժգոհությունները, սոցիալական դժգոհությունները սնուցում են պոպուլիստական ու արմատական ուժերին, իսկ քաղաքական բևեռացումը բարդացնում է այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անհրաժեշտ են Եվրոպայի երկարաժամկետ անվտանգության ու տնտեսական մրցունակության համար։
Այս ամբողջ շղթան, բնականաբար, չի կարող մնալ Եվրոպայի սահմաններում։ Հայաստանը և Հարավային Կովկասը գտնվում են հենց այն աշխարհաքաղաքական միջավայրում, որտեղ եվրոպական անվտանգության, Ռուսաստանի, Թուրքիայի, Մերձավոր Արևելքի և գլոբալ ուժերի հարաբերությունների փոփոխությունները հատվում են միմյանց հետ, ուստի Եվրոպայի վերափոխումը Հայաստանի համար ոչ թե հեռավորության վրա գտնվող արտաքին քաղաքական իրադարձություն է, այլ անվտանգության, տնտեսության և արտաքին քաղաքականության անմիջական գործոն։
Ամենակարևոր փոփոխություններից մեկը Եվրոպայի ռազմական վերազինումն է։ Ուկրաինայի պատերազմը եվրոպական մայրաքաղաքների համար վերջնականապես փոխեց այն ընկալումը, թե լայնածավալ պատերազմը եվրոպական մայրցամաքում այլևս անհավանական պատմական երևույթ է։ Եթե նախորդ տասնամյակներին բազմաթիվ եվրոպական պետություններ աստիճանաբար կրճատում էին ծանր ռազմական կարողությունները, սահմանափակում զինամթերքի պաշարները և մեծապես ապավինում էին Միացյալ Նահանգների ռազմական հովանոցին, ապա այժմ տրամաբանությունը փոխվում է։ Եվրամիության 27 անդամների պաշտպանական ծախսերը աճում են կտրուկ կերպով։ Սա պարզապես ռազմական բյուջեների աճ չէ։ Եվրոպայում տեղի է ունենում պաշտպանական արդյունաբերության վերակառուցում։
Պատերազմը ցույց տվեց, որ ժամանակակից հակամարտություններում հաղթանակը կամ նույնիսկ երկարատև դիմադրության կարողությունը կախված է ոչ միայն բարձր տեխնոլոգիական կարողություններ ունեցող ինքնաթիռներից կամ հրթիռային համակարգերից, այլև հրետանային արկերի, անօդաչու թռչող սարքերի, հակաօդային պաշտպանության միջոցների, էլեկտրոնային պատերազմի համակարգերի, կապի միջոցների, արբանյակային ենթակառուցվածքների, կիբերանվտանգության և դրանց արտադրության արագ ընդլայնման հնարավորությունից։ Եվրոպան փորձում է անցնել խաղաղ ժամանակի փոքրածավալ պաշտպանական արտադրությունից դեպի այնպիսի արդյունաբերական համակարգ, որը կարող է անհրաժեշտության դեպքում արագ մեծացնել արտադրությունը։ ՆԱՏՕ-ն արդեն բացահայտ շեշտադրում է պաշտպանական արդյունաբերության արտադրական հզորությունների ընդլայնումը՝ որպես դաշինքի զսպման և պատրաստվածության առանցքային բաղադրիչ։
Հայաստանի համար այս գործընթացը ունի երկակի նշանակություն։ Մի կողմից՝ Եվրոպայի ռազմական հզորությունների աճը կարող է երկարաժամկետ առումով նպաստել Ռուսաստանի նկատմամբ զսպման ընդհանուր համակարգի ամրապնդմանը և եվրոպական երկրների՝ իրենց անվտանգության համար ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուն։ Մյուս կողմից էլ՝ դա նշանակում է, որ Եվրոպայի ուշադրությունը, ֆինանսական ռեսուրսները և ռազմավարական առաջնահերթությունները ավելի ու ավելի են կենտրոնանալու սեփական մայրցամաքի արևել յան թևի, Ուկրաինայի, Բալթյան տարածաշրջանի, Լեհաստանի և Ռուսաստանի հետ անմիջական շփման գոտիների վրա։ Այս պայմաններում Հարավային Կովկասի համար առաջանում է մի կարևոր հարց՝ արդյո՞ք Եվրոպան կկարողանա պահպանել բավարար ռազմավարական ուշադրություն մեր տարածաշրջանի նկատմամբ, երբ իր սեփական անվտանգության պահանջները կտրուկ աճում են։
Սակայն այստեղ կա նաև հակառակ միտումը։ Եվրոպան հասկանում է, որ Ռուսաստանի հետ հակադրությունը չի սահմանափակվում Ուկրաինայով։ Եվրոպական անվտանգության համար կարևոր են Սև ծովը, էներգետիկ և տրանսպորտային միջանցքները, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիայի հետ կապերը և Թուրքիայի դերակատարությունը։
Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում Ռուսաստանի գործոնը։ Եվրոպական քաղաքականության մեջ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերածվել է երկարաժամկետ ռազմավարական հարցի։ Նույնիսկ եթե Ուկրաինայում ռազմական գործողությունների ինտենսիվությունը նվազի կամ որոշակի փուլում ձևավորվի հրադադար, Եվրոպայում դժվար թե արագ վերադառնան այն հարաբերություններին, որոնք գոյություն ունեին մինչև 2022 թվականը։ Եվրոպական պետությունները սկսել են Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտարկել ոչ միայն դիվանագիտական կամ տնտեսական, այլև ռազմական, կիբերանվտանգության, ենթակառուցվածքային և հիբրիդային սպառնալիքների տեսանկյունից։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև նույնիսկ հնարավոր ապագա քաղաքական կարգավորումը չի վերականգնելու նախկին աշխարհաքաղաքական համակարգը նույնությամբ։
Եվրոպայի ներսում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները նույնքան կարևոր են։ Ավանդական կուսակցությունների նկատմամբ վստահության նվազումը, սոցիալական և տնտեսական խնդիրների կուտակումը, միգրացիոն ճնշումները, էներգիայի թանկությունը և անվտանգության վախերը նպաստում են աջ պոպուլիստական ու արմատական ուժերի ամրապնդմանը։ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության՝ Սաքսոնիա-Անհալթում սեպտեմբերի 6-ի ընտրություններում 43,8 տոկոս արդյունքը դրա ամենավառ օրինակներից է։ Կուսակցությունը առաջին տեղում է հայտնվել՝ ավելի քան երկու անգամ գերազանցելով Քրիստոնեական-դեմոկրատական միություն՝ CDU-ի 17,2 տոկոսը։ Սա պետք է դիտարկել ոչ միայն որպես մեկ երկրամասի ընտրական արդյունք, այլ որպես գերմանական քաղաքական համակարգում երկարաժամկետ փոփոխության ևս մեկ ազդանշան։
Եթե նախկինում եվրոպական քաղաքական համակարգի հիմնական առանցքը պայմանականորեն կարելի էր նկարագրել որպես կենտրոնամետ ձախի և կենտրոնամետ աջի մրցակցություն, ապա այժմ այդ կառուցվածքը ճաքեր է տալիս։ Ընտրողների մի մասը հեռանում է ավանդական կուսակցություններից և իր դժգոհությունը փոխանցում այն ուժերին, որոնք առաջարկում են ավելի կոշտ միգրացիոն քաղաքականություն, ավելի խիստ ազգային ինքնիշխանություն, ավելի սահմանափակ եվրոպական ինտեգրում և հաճախ նաև ավելի զգուշավոր վերաբերմունք Ուկրաինային աջակցելու հարցում։
Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար, որովհետև Եվրոպայի քաղաքական աջակցության մեխանիզմները նույնպես կարող են աստիճանաբար դառնալ ավելի պայմանական և ավելի կախված լինել անդամ պետությունների ներքաղաքական տրամադրություններից։ Պետք է նկատի ունենալ, որ աջ ուժերի դիրքորոշումների տարբերությունը կարող է էապես բարդացնել միասնական եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորումը։ Ուկրաինայի հարցում սա հատկապես կարևոր է, քանի որ Եվրոպային անհրաժեշտ է երկարաժամկետ ֆինանսական և ռազմական պարտավորություն, մինչդեռ ներքաղաքական ընտրական ցիկլերը խրախուսում են կարճաժամկետ լուծումները։
Ֆրանսիայի օրինակը ևս խոսուն է։ Երկրի կառավարությունը 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը իջեցրել է մինչև 0,5 տոկոս՝ նախկին 0,7 տոկոսի փոխարեն, իսկ երկրի տնտեսական միջավայրը ծանրաբեռնված է քաղաքական անորոշությամբ, էներգիայի բարձր գներով, եղանակային շոկերով և բարձր փոխառության արժեքով։ Միաժամանակ Ֆրանսիան մտնում է ներքաղաքական բարդ շրջան՝ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ։ Այսպիսի պայմաններում նախագահական իշխանության ցածր վարկանիշը, կառավարության նկատմամբ անվստահությունը և փողոցային բողոքների ու գործադուլների աճը կարող են սահմանափակել Փարիզի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները։
Սակայն Հայաստանի համար Ֆրանսիայի ներքաղաքական վիճակի կարևորությունը հատկապես մեծ է, որովհետև Ֆրանսիան վերջին տարիներին Հարավային Կովկասում դարձել է եվրոպական ամենաակտիվ քաղաքական դերակատարներից մեկը։ Եթե Փարիզի ներսում քաղաքական ճգնաժամը խորանա, դա կարող է նվազեցնել ֆրանսիական արտաքին քաղաքականության ռեսուրսները կամ ստիպել կառավարությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել ներքին օրակարգին։ Բայց դա դեռ չի նշանակում, որ Ֆրանսիան կհեռանա Հարավային Կովկասից։ Ավելի հավանական է, որ Փարիզը փորձի պահպանել իր տարածաշրջանային դերակատարությունը նույնիսկ սահմանափակված ներքին ռեսուրսների պայմաններում, քանի որ այն կապված է Ֆրանսիայի ավելի լայն եվրոպական և միջերկրածովյան ռազմավարության հետ։
Եվրոպայի քաղաքական անկայունության մյուս առանցքը միգրացիան է։ Միգրացիոն ճնշումները դարձել են այն թեմաներից մեկը, որի շուրջ կենտրոնամետ կուսակցությունները հաճախ ստիպված են լինում ընդունել նախկինում իրենց համար ոչ բնորոշ ավելի խիստ դիրքորոշումներ։ Շենգենյան համակարգի ներսում սահմանային վերահսկողության ժամանակավոր կամ երկարաձգվող միջոցները ցույց են տալիս, որ ազատ տեղաշարժի եվրոպական մոդելը նույնպես ենթարկվում է անվտանգության և քաղաքական ճնշումների։ Միգրացիայի հարցը տնտեսական և սոցիալական թեմայից վերածվում է ինքնության, մշակութային անվտանգության և պետական ինքնիշխանության հարցի։ Սա էլ իր հերթին սնուցում է պոպուլիստական ուժերին։
Եվրոպայի վերափոխման մեկ այլ առանցքը Մեծ Բրիտանիայի ներքին իրավիճակում տեղի ունեցող գործընթացներն են։ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդների կողմից ինքնորոշման և ավելի լայն լիազորությունների շուրջ համատեղ քաղաքական դիրքորոշման ձևավորումը ցույց է տալիս, որ Միացյալ Թագավորության ներսում տարածքային սահմանադրական հարցերը կրկին օրակարգային են դառնում։ Սեպտեմբերի 14-ին Քարդիֆում շոտլանդական SNP-ի, ուելսական Plaid Cymru-ի և Sinn Fuin-ի ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ պահանջներով՝ ընդգծելով իրենց երկրների ինքնորոշման իրավունքը։ Սակայն այստեղ ևս անհրաժեշտ է տարբերակել քաղաքական ճնշումը և պետության փաստացի կազմալուծումը։ Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեն կամ Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորման հանրաքվեն ինքնին դեռ չեն նշանակում, որ Միացյալ Թագավորությունը անխուսափելիորեն մոտ է փլուզման։
Դրանք երկարատև սահմանադրական գործընթացներ են, որոնց արդյունքները կախված են հանրային կարծիքից, Լոնդոնի դիրքորոշումից, խորհրդարանական քաղաքականությունից, տնտեսական հաշվարկներից և միջազգային միջավայրից։ Բայց նույնիսկ առանց անմիջական կազմալուծման՝ այն փաստը, որ մի քանի տարածքային իշխանություններ համատեղ ձևակերպում են ինքնորոշման պահանջ, նշանակում է, որ բրիտանական պետականության ավանդական մոդելը ենթարկվում է լուրջ քաղաքական ճնշման։ Հարկավոր է հաշվի առնել, որ Մեծ Բրիտանիայի հնարավոր ներքին ապակենտրոնացումը կարող է ազդել եվրոպական անվտանգության վրա։ Եթե Լոնդոնը ստիպված լինի ավելի շատ ռեսուրսներ հատկացնել ներքին սահմանադրական հարցերին, դրա արտաքին քաղաքական և պաշտպանական առաջնահերթությունները կարող են որոշ չափով վերափոխվել։
Բայց մյուս կողմից՝ անկախության կողմնակից ուժերը Շոտլանդիայում և Ուելսում նույնպես կարող են պահպանել եվրոպական և ՆԱՏՕ-ական կողմնորոշումը։ Հետևաբար այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես «Եվրոպայի մասնատում», այլ որպես եվրոպական պետությունների ներսում ինքնիշխանության և ինտեգրման նոր հավասարակշռության որոնում։
Միևնույն ժամանակ, Եվրոպայի ներքին քաղաքական անկայունությունը նշանակում է, որ Հայաստանի համար վտանգավոր կլինի իր արտաքին քաղաքականությունը կառուցել մեկ եվրոպական երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների վրա։ Եթե որևէ երկրի իշխանությունը փոխվում է, փոխվում է նաև առաջնահերթությունների համակարգը։ Հետևաբար Հայաստանի համար ավելի կայուն ռազմավարությունը պետք է լինի ոչ թե «Գերմանիա», «Ֆրանսիա» կամ մեկ այլ երկիր ընտրելը, այլ ԵՄ մակարդակով ինստիտուցիոնալ հարաբերությունների խորացումը՝ միաժամանակ պահպանելով երկկողմ կապերը անդամ պետությունների հետ։ Ու ամենակարևորն այն է, որ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն մեկ այլ կարևորագույն գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։
Հայաստանի համար մեկ այլ կարևոր հետևություն վերաբերում է ժամանակի գործոնին։ Եվրոպան հիմա ավելի շատ է մտածում երկարաժամկետ անվտանգության մասին, քան մեկ տասնամյակ առաջ։ Հայաստանը նույնպես պետք է անցնի կարճաժամկետ արձագանքների քաղաքականությունից դեպի 10-15 տարվա ռազմավարական պլանավորում։ Եթե Եվրոպան մինչև 2035 թվականը կառուցում է նոր պաշտպանական և արդյունաբերական կարողություններ, Հայաստանը նույնպես պետք է պատկերացնի, թե ինչպիսի երկիր է ցանկանում լինել 2035 թվականին՝ անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, տեխնոլոգիայի և արտաքին քաղաքականության տեսանկյունից։
Բեռնափոխադրողների միջազգային օր, Գվինեա Բիսաու՝ Անկախության օր, Կամբոջա՝ Սահմանադրության օր, Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա՝ Բերքի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Մերսեդեսի օր, Պերու՝ Զինված ուժերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1878 – ծնվել է գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը:
1916– Հովհաննես Այվազովսկու թոռ օդաչու Կոնստանտին Արցեուլովը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։
1920-հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական զորքերը ստիպված են եղել նահանջել Սարիղամիշ քաղաքի մոտ:
1923-ծնվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։
1924 – ծնվել է նկարիչ Լևոն Կոջոյանը: 1940 – ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:
1981-ԱՍԱԼԱ-ն իրականացրել է Փարիզի թուրքական դեսպանատան 15-ժամյա գրավում, որը հայտնի է «Վան օպերացիա» անունով:
2006-Եվրախորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ընդունել որպես նախապայման Թուրքիայի անդամակցության համար:
2007-«Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասել է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է եղել:
2009 – վախճանվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: 2013-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
2015- լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևել յան հատվածում: Հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում բնակչության շրջանում եղել է մեկ զոհ, իսկ Բերդավանում՝ երկու զոհ և երկու վիրավոր:
2015-Գյումրիում օծվել է Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին: 2018- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկա խորհրդարանը չունի գործելու մանդատ, և պետք է ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ:
2019-Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով. դիակի մոտ եղել է հրազեն:
2021- վախճանվել է լեգենդար կինոօպերատոր, հայկական կինոյի նվիրյալ Լևոն Աթոյանցը:
ԱՇԽԱՐՀ
768 –վախճանվել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը:
1541 –վախճանվել է գերմանա- շվեյցարացի ֆիզիկոս, բուսաբան, քիմիկոս Պարացելսը:
1664 –Նոր Հոլանդիայի գուբերնատոր Պիտեր Ստյոյվեսենթը ստորագրել է կապիտուլ յացիա և Նոր Ամստերդամ քաղաքը հանձնել անգլիացիներին:
1739 –ծնվել է ռուս պետական քաղաքական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ կոմս Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկին:
1801-Ռուսաստանի ցար Ալեքսանդր 1-ինի մանիֆեստով Արևել յան Վրաստանը միացվել է Ռուսաստանին և կոչվել Վրացական գուբերնիա։
1802 –վախճանվել է ռուս գրող և քննադատ Ալեքսանդր Ռադիշչևը:
1812 –Արգենտինայի անկախության համար մղվող պատերազմում տեղի է ունեցել ճակատամարտ Տուկմանեի մոտ արգենտինացի հայրենասերների և իսպանական կառավարական բանակի միջև:
1830 –Բելգիական հեղափոխության ընթացքում կազմավորվել է Բելգիայի ժամանակավոր կառավարություն: 1852–ֆրանսիացի Անրի Ժիֆֆերը իրականացրել է շոգեշարժիչով դիրիժաբլի առաջին թռիչքը։
1884 –ծնվել է գերմանացի հրաձգային զենքի նախագծող Հուգո Շմայսերը:
1896 – ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։
1902 –ծնվել է Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի 1-ին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին:
1911 –ծնվել է ռուս և խորհրդային քաղաքական գործիչ Կոնստանտին Չեռնենկոն:
1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացել է Ատլանտյան դաշինքին։
1944 –հրապարակվել է Գերմանիայի հետպատերազմյան կառուցման՝ ամերիկացիների ստեղծած «Մարշալի պլանը», ըստ որի, Գերմանիան պետք է արդյունաբերական երկրից վերածվեր բացառապես գյուղատնտեսական երկրի:
1945 –վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի հաշվիչի ստեղծող Հանս Գեյգերը:
1948– ստեղծվել է «Հոնդա» ընկերությունը։
1953 –Հոլիվուդում կայացել է առաջին պանորամային ֆիլմի ցուցադրությունը:
1957 – Բարսելոնում բացվել է Եվրոպայի ամենամեծ «Կամպ Նոու» մարզադաշտը։
1960 – ԱՄՆ-ում ջուրն է իջեցվել առաջին ատոմային սուզանավը՝ USS Enterprise (CVN-65)-ը։
1968 – Սվազիլենդը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ 1973 – Գվինեա Բիսսաուն անկախացել է Պորտուգալիայից։
1996– Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում ստորագրվել է Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։
1998 –Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում:
Նախահեղափոխական Ռուսաստանում անիսոնի օղին շատ տարածված էր։ Այն հաճախ է հիշատակվում հին փաստաթղթերում և գեղարվեստական ստեղծագործություններում, սակայն իրականում դա Ռուսաստանի մենաշնորհը չէ. Ֆրանսիան նույնպես ունի նմանատիպ ալկոհոլային խմիչք՝ «Պաստիսը»։ Այն առանձնանում է անիսոնի և համեմունքների արտահայտված բույրով և ջրի հետ խառնելիս ձեռք է բերում բնորոշ կաթնագույն երանգ։
Հետաքրքիր է, որ այդ խմիչքի հետևում կանգնած է երկու խոշոր ընկերություն։ Առաջինը «Ռիկարն» է, որի հիմնադիր Պոլ Ռիկարը 1932 թվականին Մարսելում մշակել է «Պաստիս» անվամբ անիսոնի լիկյորի բաղադրատոմսը։ Այն սկզբում շուկայում վաճառվել է որպես մակաբույծների դեմ դեղամիջոց և անիսոնից բացի պարունակել է բազմաթիվ բուժիչ խոտաբույսեր։ Անիսոնի օղի արտադրող երկրորդ ընկերությունը «Պեռնոն» է՝ Սավոյի ընտանեկան բիզնեսը, որը հիմնադրվել է դեռևս 1805 թվականին։ Երկար ժամանակ «Պեռնոն» մասնագիտացած է եղել աբսենթի արտադրության մեջ։ Այդ խմիչքը չափազանց տարածված էր բնակչության շրջանում և սպառվում էր ինչպես աղքատ, այնպես էլ հարուստ թաղամասերում։ Սակայն, երբ Ֆրանսիայի կառավարությունը 1915 թվականին արգելեց դրա արտադրությունն ու վաճառքը, ընկերության մասնագետները որոշեցին փոխարինել օշինդրը (արգելքի հիմնական պատճառներից մեկն է, քանի որ այն արագորեն է հանգեցնում լ յարդի ցիռոզի) աբսենթի մեկ այլ հիմնական բաղադրիչներից մեկով՝ անիսոնով։
Ընկերությունները երկար ժամանակ մրցակցում էին, մինչև 1975 թվականին միավորվեցին Pernod Ricard անվան տակ։ Դա հանգեցրեց նրան, որ ընկերությունն այժմ զբաղեցնում է անիսոնի համով ալկոհոլային խմիչքների շուկայի մեծ մասը, և այլ արտադրողներ դժվարանում են մարտահրավեր նետել այդ ստատուս քվոյին։
«Պաստիսի» արտադրության մեջ օգտագործվում են մոտ 50 տարբեր տեսակի բույսեր և համեմունքներ։ Ինչպես ընդունված է, թե՛ կազմը, թե՛ արտադրության գործընթացը գաղտնի են պահվում։ 19-րդ դարում այդ ըմպելիքի թնդությունը կազմում էր ոչ ավելի, քան 30 %: 1922 թվականին իշխանությունները թույլ տվեցին այն բարձրացնել մինչև 40 %–ի, իսկ 1938 թվականին ըմպելիքն ավելի թնդացավ՝ դառնալով 45 %: Այսօր «Պաստիսը» ամենից հաճախ օգտագործվում է որպես ապերիտիվ՝ մոտավորապես 5-8 անգամ ջրով նոսրացված: Այն նաև մի շարք կոկտեյլների բաղադրիչ է, որոնցից ամենահայտնիներն են «Թութակը», որտեղ «Պաստիսը» խառնվում է կանաչ անանուխի օշարակի հետ, «Լոլիկը» գրենադինով և «Կորնիշոնը» բանանի օշարակով:
Հայաստանում «Պաստիսը» համեմատաբար նիշային ներմուծվող խմիչք է և այնքան տարածված չէ, որքան կոնյակը, օղին կամ վիսկին։
Հայաստանի առևտրի ոլորտը, որը վերջին տարիներին դարձել էր երկրի տնտեսական ակտիվության ամենակարևոր շարժիչներից մեկը, 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին ցույց է տվել զգալիորեն դանդաղեցված զարգացման դինամիկա, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս ժամանակահատվածում առևտրաշրջանառության տարեկան աճը կտրուկ նվազել է 4,2 տոկոսից մինչև 0,8 տոկոս՝ հասնելով 3,7 տրիլիոն դրամի կամ մոտավորապես 10,1 միլիարդ դոլարի։
Սա այն դեպքն է, երբ արտաքնապես ոլորտի ծավալային ցուցանիշները կարող են թվալ մեծ ու տպավորիչ, սակայն աճի տեմպի այսպիսի կտրուկ դանդաղումը կառուցվածքային և շրջանակային խոր փոփոխությունների մասին է վկայում։ Առաջին հայացքից 0,8 տոկոս աճը դեռևս դրական ցուցանիշ է, սակայն երբ այն համեմատում ենք նախորդ տարվա 4,2 տոկոսանոց աճի հետ, ակնհայտ է դառնում, որ տնտեսական այս կարևոր հատվածը մտել է լճացման փուլ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տնտեսության համար՝ հաշվի առնելով առևտրի ոլորտի կենտրոնական դերը Հայաստանի ՀՆԱ-ի ձևավորման, զբաղվածության և բյուջետային եկամուտների ապահովման գործում։
Հետաքրքիր է, որ ընդհանուր պատկերը որոշակիորեն բարելավում են հուլիս ամսվա տվյալները, երբ առևտրաշրջանառությունն աճել է 7 տոկոսով՝ հասնելով 614 միլիարդ դրամի կամ 1,7 միլիարդ դոլարի։ Այս ամսական ցուցանիշը ցույց է տալիս, որ ոլորտը դեռևս պահպանում է վերականգնման ներուժը, սակայն յոթ ամսվա կուտակային պատկերը վկայում է, որ առանձին ամիսների դրական դինամիկան բավարար չէ ընդհանուր միտումը փոխելու համար։ Այսպիսի խոր հակադրությունը՝ ամսական 7 տոկոս աճի և յոթ ամսվա՝ 0,8 տոկոս աճի միջև, հուշում է, որ տարվա առաջին ամիսներին ոլորտն ապրել է լուրջ դժվարություններ, իսկ ամռան ամիսներին սկսել է աստիճանաբար վերականգնվել։
Նման անհամաչափությունն ինքնին վկայում է ոլորտի խոցելիության մասին արտաքին և ներքին գործոնների նկատմամբ, և կարևոր է հասկանալ, թե որոնք են այն խորքային պատճառները, որոնք պայմանավորել են այս դանդաղումը։ Եթե ավելի խոր ուշադրություն դարձնենք ցուցանիշների կառուցվածքին, ապա կտեսնենք, որ տարեկան աճի դանդաղումը առաջին հերթին պայմանավորված է գերիշխող մեծածախ առևտրի շրջադարձով։ Մեծածախ առևտուրը, որը կազմում է Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 63,6 տոկոսը, ապրել է կտրուկ փոփոխություն՝ 4 տոկոս աճի տեմպից անցնելով 2,6 տոկոս անկման՝ ապահովելով 2,4 տրիլիոն դրամ կամ 6,4 միլիարդ դոլար եկամուտ։ Սա ոչ միայն քանակական, այլև որակական փոփոխություն է, քանի որ մեծածախ առևտուրը Հայաստանի տնտեսության մեջ ավանդաբար կապված է եղել ներկրման, վերաարտահանման և տարանցիկ առևտրի հետ։
Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանի առևտրաշրջանառության զգալի աճը մեծապես պայմանավորված էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հետևանքով ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակով, երբ Հայաստանը դարձավ արևմտյան ապրանքների՝ Ռուսաստան հասնելու և հակառակ ուղղությամբ գործարքների կատարման կարևոր կամուրջ։ Այս «զուգահեռ» ներկրումն ու վերաարտահանումը բումի վիճակում պահեցին մեծածախ ոլորտը, սակայն այժմ, երբ այս հոսքերը նվազում կամ նորմալանում են, մեծածախ առևտուրը բնականաբար զգում է դրա բացասական ազդեցությունը։ 2,6 տոկոս անկումը, հավանաբար, այս տարանցիկ հոսքերի նվազման առաջին ակնհայտ դրսևորումն է, և սա պետք է դիտարկել որպես երկարաժամկետ միտումի սկիզբ, քան թե ժամանակավոր երևույթ։
Այս համատեքստում չափազանց նշանակալի է մեծածախ առևտրի դերը ընդհանուր կառուցվածքում։ Երբ առևտրաշրջանառության գրեթե երկու երրորդը կազմող հատվածը անցնում է աճից անկման, դա անխուսափելիորեն ձգում է դեպի ներքև ամբողջ ոլորտի ցուցանիշը, անկախ նրանից, թե մյուս հատվածներն ինչպես են զարգանում։
Ավելի խոր իմաստ ունի մանրածախ առևտրի տարեկան աճի արագացումը՝ 4,5 տոկոսից մինչև 7,1 տոկոս, որն ապահովել է 1,2 տրիլիոն դրամ կամ 3,2 միլիարդ դոլար շրջանառություն։ Մանրածախ առևտուրը համարվում է ներքին պահանջարկի և սպառողական վարքագծի ամենաճշգրիտ ցուցիչներից մեկը, և դրա արագացող աճը ցույց է տալիս, որ հայաստանցի սպառողը շարունակում է ակտիվորեն ծախսել։ Սա կարող է բխել մի քանի գործոններից՝ աշխատավարձերի աճ, դրամական փոխանցումների հոսք, զբոսաշրջության զարգացում, սպառողական վարկավորման ընդլայնում։ Վերջինս, սակայն, երկակի նշանակություն ունի. եթե մանրածախ առևտրի աճը զգալիորեն ֆինանսավորվում է սպառողական վարկերի հաշվին, ապա դա երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել տնային տնտեսությունների գերպարտականության և սպառողական պահանջարկի հետագա կրճատման։
Մյուս կողմից մանրածախ առևտրի աճը, զուգորդված մեծածախի անկման հետ, կարող է վկայել տնտեսության ներքին կողմնորոշվածության ուժեղացման մասին, ինչը որոշակի իմաստով առողջ երևույթ է, քանի որ նվազեցնում է կախվածությունը արտաքին ցնցումներից։
«Շատ հետաքրքրասեր տղա էր Արամս։ Մի օր տուն մտա, տեսնեմ, մուրճը ձեռքին մոտենում է հեռուստացույցին։ Իմ հարցին, թե ինչ է անում, արձագանքեց, թե ուզում է կոտրել, որ տեսնի՝ ինչ կա ներսում։ Ցանկանում էր ամեն ինչի մասին իմանալ։ Ամենաշատը սիրում էր մեքենաները, կարող էր մի մեքենա քանդել, հետո հավաքել։ Առհասարակ, բազմակողմանի զարգացած երեխա էր, չկար մի բան, ինչից նա գլուխ չհաներ։ Լուսավոր, ընկերասեր տղա էր, սիրում էր իրենից ավագների հետ ընկերություն անել։ Չէր սիրում բռունցքով հարց լուծել։ Միշտ ասում էր՝ եթե կա խոսքը, կարելի է մարդուն խոսքով ամեն ինչ հասկացնել, ինչո՞ւ կռվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արամի մայրիկը՝ տիկին Թագուհին։
Արամը ծնվել է Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում, սակայն ընտանիքն ապրել է Երևանում։ Այստեղ է Արամը նախ մանկապարտեզ, այնուհետև դպրոց հաճախել։ Սովորել է Միսաք Մանուշյանի անվան ֆրանսիական թեքումով հիմնական դպրոցում։ «Մեկ ամիս հաճախեց առաջին դասարան, տնօրենը և ուսուցչուհին մեզ կանչեցին դպրոց և ասացին, որ մեր տղան առաջին դասարանում անելիք չունի։ Առաջարկեցին դիմում գրել, որ քննություն նշանակեն. եթե համապատասխանի երկրորդ դասարանի գիտելիքներին, կսկսի հաճախել երկրորդ դասարան։ Որպես ուսուցչուհի՝ իր հետ պարապել էի, տղաս էլ ընդունակ երեխա էր։ Քննության արդյունքում սկսեց հաճախել երկրորդ դասարան։ Ունեինք թռիչքային դասարաններ, երկրորդից հետո տեղափոխվեց միանգամից չորրորդ դասարան»։ Արամը դպրոցն ավարտել է գերազանցության վկայականով, այնուհետև՝ 2016 թվականին, ընդունվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական քոլեջի Ատամնատեխնիկական բաժին։ Քոլեջը նույնպես ավարտել է գերազանցությամբ և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Մայրիկն ասում է՝ որդին ցանկանում էր ատամնաբույժ դառնալ։ «Սիրում էր այդ մասնագիտությունը, մի փոքր էլ մենք ուղղորդեցինք, եղբայրս ևս բժիշկ է, արդյունքում ընտրեց այդ մասնագիտությունը»։
Համալսարանի երկրորդ կուրսն ավարտելուց հետո՝ 2020 թ. հուլիսի 3-ին, Արամը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Հադրութում։ Տիկին Թագուհին պատմում է, որ Արցախի հանդեպ սերը որդու սրտում դեռ վաղուց էր ձևավորվել։ «Տասը տարի հաճախել է Ավանի ֆուտբոլի ակադեմիա։ Մասնակցել է տարբեր մրցումների։ Այդ տարիներից է իր մեջ զարգացել սերն Արցախ աշխարհի հանդեպ։ Մեկնում էին Արցախ տարբեր մրցաշարերի։ Հիշում եմ՝ այնտեղից վերադառնալուց հետո ասաց. «Մա՛մ, չես պատկերացնում, թե ինչ դրախտային երկիր է, ես իմ ծառայությունը պետք է այնտեղ անցկացնեմ։ Երբ իմացանք, որ Հադրութում է ծառայելու, շատ էի լաց լինում, ասում՝ մոտիկ լինեիր մեզ, Հայաստանում ծառայեիր, բայց իմ տղան ասաց. «Եթե անգամ վիճակահանության արդյունքում պարզվեր, որ Հայաստանում եմ ծառայելու, դիմում էի գրելու ու գնայի Արցախ»։ Երբեք չի տրտնջացել ծառայությունից, անգամ պատերազմի ծանր օրերին։ Իր ծառայության օրերը համընկան համավարակի շրջանի հետ։ Գնացինք իր մոտ, մեզ ճանապարհի կեսից հետ ուղարկեցին, հանդիպել չկարողացանք։ Իրեն պետք է ուղարկեին Հայաստան վերապատրաստումների՝ որպես ֆելդշեր։ Պետք է զորամասի բժիշկը լիներ։ Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ»։
Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ամեն օր զանգահարում էր։ Իր խոսքն էր՝ լավ եմ։ Երբեք այլ բան չի ասել։ Երբեմն ինքս ինձ ասում եմ՝ գոնե մի օր ասեր, որ մի բան այն չէ։ «Wargonzo»-ն իրեն նկարել էր պատերազմի օրերին, բայց նա չէր սիրում գլուխ գովել, ինչոր բան պատմել։ Ամուսնուս եղբայրը Ռուսաստանից զանգահարեց՝ գիտե՞ք, որ Արամը «հիթ» է դարձել։ Հետո իմացանք, որ ռուսական բոլոր հեռուստաալիքներում, կայքերում Արամի նկարն է պտտվում, նրան անվանել էին «Ժպտացող տղան»։ Երբ իրեն ասացինք, թե ինչու մեզ չի պատմել, որ իրեն նկարել են մարտի դաշտում, արձագանքեց. «Մամա, ի՞նչ ասեմ»։ Գլուխ գովել, պարծենալ չէր սիրում։ Այդ ծանր օրերին անգամ ժպտում էր, ապշելու բան է, չէ՞։ Միշտ ասում եմ՝ իր ժպիտը մնաց Շուշիում։ Հիմա երազում եմ, որ Շուշին կրկին մերը լինի, և գոնե մեկ անգամ գնամ տղայիս նահատակվելու վայրը»։
Պատերազմի բոլոր թեժ կետերում եղել է Արամը՝ Հադրութում, Վարանդայում, Ջրականում և այլուր։ «Մեզ ոչինչ չէր ասում, ավելի շատ մանրամասներ իմացանք իր ողջ մնացած զինակից ընկերներից։ Այնպիսի բաներ էին պատմում, որ ապշում էի, զարմանում, որ իմ 18 տարեկան տղան կարողացել է այդքան բաներ անել։ 23 օր ընկերների հետ մնացել է Քարինտակում՝ շրջափակման մեջ։ Իրենց հրամանատարը զոհվել էր, ու ռացիան մնացել էր Արամիս ձեռքում։ Երբ զանգահարում էր, ամուսինս հարցնում էր՝ ինչո՞ւ է ռացիան քեզ մոտ (որովհետև և՛ մեզ հետ էր խոսում, և՛ տղաների հետ էր կապի մեջ)։ Ասաց, որ իրենք իրենցով են մնացել։ Արդյունքում շատ մեծ դժվարությամբ կարողացել էին շրջափակումից դուրս գալ։ Իրենց տարել էին Խնձորստան։ Տղաներին ասել էին՝ ձեր պարտքը կատարել եք։ Զանգել էր ընկերներին, թե Գորիս եմ գալիս, կգա՞ք ինձ տեսնելու։ Ընկերներն արձագանքել էին՝ գալիս ենք։ Բայց ճանապարհի կեսից տղաներին տարել են Շուշի՝ չգիտենք, թե ում հրամանով»։
Արամի վերջին մարտը Շուշիի մատույցներում էր, որտեղ էլ նա անմահացել է նոյեմբերի 7-ին։ «Նոյեմբերի 7-ի առավոտյան է եղել մեր վերջին զրույցը։ Իր ամենամոտ ընկերն էր վիրավորվել, չէին կարողացել նրան դուրս բերել։ Շտապօգնության մեքենա էին կանչել, այն եկել էր, կանգնել, բայց պայթեցրել էին։ Այդպես էլ ընկերը մնացել էր այդտեղ։ Ժամը երկուսի կողմերը Արամս վիրավորվել էր, բայց այդ տարածքից դուրս չէր եկել, ինքն իրեն վիրակապել էր։ Հետո արդեն նաև կոնքոսկրի շրջանում էր ծանր վիրավորում ստացել։ Զանգել էր եղբորս։ Թե ինչ տանջանքով է եղբայրս Շուշիից Արամիս մարմինը դուրս բերել, միայն ինքը գիտի։ Հակառակ դեպքում՝ գուցե մինչև հիմա ես էլ իմ Արամին փնտրեի։ Ոչ միայն իմ Արամին, այլ շատ շատերին է դուրս բերել։ Զոհվելուց օրեր անց Արամս տանն էր»։
Ապրելու ուժի մասին։ «Պետք է ամուր լինես, եթե թուլանաս, ընտանիքդ էլ կկորցնես։ Արամիցս հետո ամուսնուս էլ կորցրեցի։ Ընտանիքս կիսվեց երկու մասի։ Շատ կապված քույր ու եղբայր էին Արամս ու աղջիկս։ Ամեն անգամ զանգահարում էր. «Մա՛մ, քուրիկը մազերը ներկե՞լ է»։ Սիրում էր քույրիկին միշտ խնամված տեսնել։ Մեկ էլ քրոջը կատակով հարցնում էր՝ հո քեզ չեն նեղո՞ւմ։ Չկա մեկ օր, որ իմ Արամին չհիշենք։ Հպարտ ենք, բայց արցունքն աչքներիս ենք հպարտ։ Միշտ մտածում եմ՝ որտեղի՞ց իմ մեջ այս գերբնական ուժը, որ կարողանում եմ ոտքի վրա մնալ։ Իր ընկերական շրջապատը, գործընկերները, բոլոր իրեն հիշողները կարողացան մեզ ապրեցնել, մեզ հետ միշտ կապի մեջ են։ Արամիս ընկերները նրան չեն մոռանում։ Իր ամենամտերիմ ընկերն առաջնեկին Արամ անվանակոչեց, ինչպես ինքն ասաց, ի պատիվ իր զինվոր ընկերոջ՝ Արամի։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր, իր աշխատավայրում «Լավագույն աշխատողի» կոչում էին տվել և մեդալ։ Ուրախ-ուրախ տուն եկավ, թե՝ մեդալ եմ ստացել։ Մինչև հիմա իր գործընկերները, որոնց հետ մի քանի ամիս է աշխատել, մեզ հետ կապ են պահում։ Արամիս հիշող մարդիկ են մեզ ապրեցնում»։
Հ. Գ. – Արամ Թորոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Գարեգին Նժդեհ», «Ֆիդայապետ Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան», «Մոնթե Մելքոնյան», «Արծիվ-30 Արարատ» մեդալներով։ Հուղարկավորված է Կաթնաղբյուրի ընտանեկան գերեզմանատանը։
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարե Քերոբյանը, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ դուստրը հաղթող է ճանաչվել ազգային ընտրական փուլում։ «Այս տարի իմ դուստրը՝ Նարեն, հաղթեց ազգային ընտրությունում և կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում»», – գրել է նախկին նախարարը։
Իրական խաղաղության համար պետք է ջանքեր գործադրեն երկու պետությունն էլ։ Սա ձևակերպում է, որը, կարծես, անգամ հաստատման կարիք չունի։ Մինչդեռ, երբ մի կողմը փայփայում է իբր ձեռք բերված խաղաղությունը, իսկ մյուսը շարունակում է պահանջներ ներկայացնել, խոսք չի կարող լինել իրական ու շոշափելի խաղաղության մասին։ Նման մի իրավիճակում են հայտնվել Հայաստանն ու Ադրբեջանը։ Մեկն անընդհատ զիջողի, մյուսը պահանջողի դերում է։ Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ մեր և Ադրբեջանի մոտեցումները տարբեր են։ «Հայաստանի գործող իշխանությունների մոտեցումն է, որ «չընկնեն» մեղադրանքների տակ, որ այսքան փորձություններ և ողբերգություններ են բերել։ Ցանկանում են ցույց տալ, որ դրա դիմաց շահել են խաղաղություն։ Իրենց տրամաբանությունը դա է։ Ասում են՝ ինչ եղել, եղել է, բայց հիմա խաղաղ ապրում ենք, աշխարհը ալեկոծվում է, մենք խաղաղ ապրում ենք, մոտավորապես այդ տրամաբանությունն է։ Ադրբեջանի տրամաբանությունը լրիվ հակառակն է, բայց այստեղ ավելի ցուցիչ է ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դիրքորոշումը։ Իրենք ունեին մի քանի պահանջ՝ Ղարաբաղի, Ցեղասպանության հարցերը։ Հիմա իրենց բոլոր պահանջները բավարարված են: Պաշտոնապես ասվում է, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մեզ համար օրակարգային հարցը չէ։ Ղարաբաղը տվել են ամբողջովին։ Մի ժամանակ թուրքերն ասում էին՝ ձեզ հետ հարաբերությունները կլավացնենք, պայմանագիր կկնքենք, եթե երկու շրջան հանձնեք Ադրբեջանին։ Հիմա ամեն ինչ հանձնված է, Ցեղասպանության հարցը չի բարձրացվում, բայց, միևնույնն է, Խաղաղության պայմանագիր չկա, ոչ մի հարաբերություն չկա։ Կա ընդամենը մեկ պայման՝ երբ Ադրբեջանի հետ լավացնեք ձեր հարաբերությունները, մենք էլ կանենք նույնը։ Մոտավորապես այսպիսին է ձևակերպումը։ Ադրբեջանն էլ ասում է՝ Սահմանադրությունը կփոխեք, Խաղաղության պայմանագիր կստորագրենք։ Ճնշման քաղաքականությունը շարունակվում է։ Սրանք դեռ իրենց պաշտոնական դիրքորոշումներն են։ Ոչ պաշտոնականի պարագայում «խոսող գրուխները» տարբեր պահանջներ են ներկայացնում Հայաստանին, ընդհուպ մինչև զավեշտալի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։
Ստացվում է, որ շարունակվում է մի կողմից՝ ամեն ինչ պահանջելու, մյուս կողմից՝ ամեն ինչ զիջելու քաղաքականությունը։ «Այսօրվա իշխանությունների ամենաբարձր «պլանկան» հետևյալն է՝ հնարավորինս ձգձգել այդ զիջման պրոցեսը, բայց այն շարունակաբար ընթանում է։ Ադրբեջանի պահանջները շարունակում են նույնը մնալ, հերթով գնում են դրանց հետևից։ Դա ճանապարհն է դեպի Նախիջևան, Սահմանադրության փոփոխությունն է, անկլավների հարցն է նորից գալու օրակարգ, սահմանագծում է սկսվելու, որովհետև Տավուշում էլի ինչ-որ տարածքներ կան, որոնք Ադրբեջանն ասում է, որ իրենցն են։ Ամեն ինչ նույնն է մնացել, չնայած մի փոփոխություն կա՝ տարբեր տեսակի փառատոնները, միջոցառումները, համերգները շատացել և ավելի բազմազան են դարձել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը։
Խաղաղության միֆին հաջորդում է դիվերսիֆիկացիայի մասին միֆը։ Հայաստանի իշխանությունները կարողանո՞ւմ են դիվերսիֆիկացիա ապահովել։ «Դիվերսիֆիկացիայի հարցում իրականության մեջ ոչ մի դրական փոփոխություն չի նկատվում։ Այն այսօր արտահայտվում է նրանով, որ Ռուսաստանի հետ կապերը աստիճանաբար թուլանում են, խզվում են, հարաբերությունները վատանում են, մարտահրավերները ավելանում են։ Դիվերսիֆիկացիան Արևմուտքի հետ արտահայտվում է նրանով, որ ինչ-որ խոստումներ են տալիս, որ այսքան գումար կտանք, ինչ-որ գումարներ գալիս են, դրանով ավարտվում է ամբողջ դիվերսիֆիկացիան։ Խնդիրները, որոնք ավելի կարևոր են Հայաստանի համար, դիվերսիֆիկացիայի ենթակա չեն։ Օրինակ՝ ոչ ոք Արևմուտքից չի գալու ապահովի Հայաստանի անվտանգությունը, էլ չեմ խոսում այն մասին, որ չենք կարող ՀԱՊԿից դուրս գալ, մտնել ՆԱՏՕ։ Ոչ ոք ավելի լավ պայմաններով գազ չի մատակարարելու, այդտեղ էլ դիվերսիֆիկացիա չի լինի, ոչ ոք ավելի լավ առևտրային պայմաններ, քան ԵԱՏՄ-ն, չի առաջարկելու, այդտեղ էլ դիվերսիֆիկացիա չի լինի։ Դիվերսիֆիկացիան կարտահայտվի նրանով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հընթացս վատանալու են, ու Արևմուտքն էլ լավագույն դեպքում տոկոսներով նոր վարկերի հատկացումներ կանի կառավարությանը։ Դրա շնորհիվ կբարձրանան կառավարող ուժի աշխատավարձերը և պարգևավճարները, ու կշատանան փառատոններն ու համերգները։ Եվրոպան խրված է պրոբլեմների մեջ։ Կարող է մի քիչ փող տալ, մի քիչ ծիրան գնել, մի քիչ «փշիփշի» անել, ասել՝ Նիկոլը ժողովրդավար առաջնորդ է, մրցանակ տալ, բայց դրանից ավելին չի կարող անել։ Նա շատ մեծ պրոբլեմներ ունի Ուկրաինայի հետ կապված, նաև իր ներքին հարցերն ունի։ Ի վերջո, ի՞նչ պետք է անի Հայաստանի համար։ Չի կարող անվտանգություն ապահովել, չի կարող գազ մատակարարել (ինքը գազի խնդիր ունի), բացի փողից ու իշխանությունների հասցեին ջերմ խոսքերից՝ ուրիշ ոչ մի բան չի կարող անել։ Այդ իմաստով կարող է դիվերսիֆիկացիան շարունակվել՝ ավելի լավ ու գեղեցիկ խոսքեր ասեն»,-նկատում է մեր զրուցակիցը։
Դիվերսիֆիկացիան ուղիղ կապվում է հայռուսական՝ օր օրի անկում ապրող հարաբերությունների հետ։ Կարծես զուգահեռ ընթացող գործընթացներ լինեն։ «Դժվար է ասել, թե ինչ կարելի է անել իրավիճակը շտկելու, հարաբերությունները կրկին լավացնելու համար։ Այս ամբողջ անիվը հետ պտտելը մի քիչ դժվար է պատկերացնել։ Եթե ուկրաինական պատերազմն ավարտվի, կարող է ինչ-որ բան փոխվել։ Եթե չփոխվի, հարաբերություններում այդ սրացումը շարունակվելու է։ Կան հոռետեսական կանխատեսումներ, որ ավելի լուրջ պատժամիջոցների տակ կհայտնվի Հայաստանը, օրինակ՝ գազի գնի հնարավոր բարձրացման պարագայում և այլն։ Դժվարանում եմ ասել՝ ի՞նչ կարող են անել այսօրվա իշխանությունները, որ փորձեն այդ հարաբերությունները լավացնել, որովհետև իրենց խաղադրույքն արդեն արել են։ Լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նշանակում է հրաժարվել այն խոսույթից, որ Ռուսաստանը հանձնել է Արցախը։ Դա իրենց թեզն է։ Դրանից չեն կարող հրաժարվել, եթե հրաժարվեն, կստացվի, որ իրենք են մեղավոր։ Տարբերակ չկա Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու, միայն կարող են կոսմետիկ քայլեր անել վատացումը դանդաղեցնելու առումով։ Աշխատանքային հանդիպման մասին է խոսվում։ Իսկ ինչո՞ւ է այն հետաձգվում։ Գուցե ոչ ոք պատկերացում չունի, թե ինչ պետք է ասի կամ անի, որ հարաբերությունները լավանան»։
Սոցիալական, անվտանգային և բազմաթիվ այլ խնդիրներն ինչպիսի՞ արձագանք են գտնում հասարակության շրջանում։ «Փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը, այսօրվա իշխանությունը չունեն վստահություն։ Պաշտոնապես ընտրողների մեծամասնության ձայները տոկոսային հարաբերակցությամբ չեն հավաքել, գրանցած արդյունքների մեծ մասն էլ հավաքել են վարչական ռեսուրսներով, բյուջեի հաշվին ընտրակաշառք բաժանելով և այլն։ Մարդիկ մի կողմից կարծես հարմարվում են ստեղծված իրավիճակին, բայց մյուս կողմից՝ ցանկացած պահի ցանկացած մի բան կարող է մարդկանց դուրս բերել փողոց։ Հիշենք, որ «Սրբազան պայքարն» սկսվեց Տավուշում՝ Ադրբեջանին տարածքի հանձնումից, արդյունքում մեծ շարժում ծավալվեց։ Թե որը կարող է լինել հաջորդ տրիգերը, դժվար է ասել։ Կարող է լինել Տիգրանաշենը, Ռուսաստանի կողմից պատժամիջոցների խստացումը, գազի գնի հնարավոր բարձրացումը սոցիալական մեծ վտանգներով է հղի, Կենտրոնական բանկի նախագահն է անգամ ակնարկել ապոկալիպտիկ սցենարի մասին, երկաթուղու պատմությունը կարող է լինել, որովհետև այդտեղ էլ հարցեր կան TRIPP-ի հետ կապված։ Օրեցօր Իրանն ավելի հստակ է ասում, որ հարցեր կան, որոնք պետք է ճշտել։ Վերջերս Իրանի դեսպանը հայտարարեց՝ Ադրբեջանը թող հստակ ասի, որ Հայաստանը կարող է Նախիջևանով կապվել Իրանի հետ։ Այս ամենը կուտակվում, կուտակվում է և կարող է միանգամից «պայթել»։ Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, ցանկացած ամիս կարող է ինչ-որ էական բան փոխվել»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը։
Համապետական ընտրությունների ավարտից հետո Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխում է հետընտրական նոր փուլ, որտեղ պայքարի հիմնական ծանրությունը տեղափոխվում է մարզեր, և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դառնում են իշխանության վերադասավորման առանցքային հարթակ։ Այս նոր քաղաքական հունի մեջ մտնելու նախաշեմին, սակայն, ուրվագծվում է մի ուշագրավ և վտանգավոր միտում. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կտրուկ փոխել է համայնքային էլիտաների հետ խոսելու իր մարտավարությունը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն հրաժարվել է ՏԻՄ ընտրություններում ուղղակի քաղաքական ճակատամարտեր տալու նախկին գործելաոճից։ Իշխող վերնախավում հստակ գիտակցում են, որ մարզերում սեփական քաղաքական թիմի վարկանիշը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։ Ուստի որդեգրվել է որակապես նոր, սակայն շատ ավելի վտանգավոր տակտիկա. ոչ թե գնալ բաց առճակատման, այլ տարբեր մեթոդներով ենթարկեցնել տեղերում ազդեցություն, հեղինակություն և լծակներ ունեցող ոչ ՔՊ-ական համայնքապետերին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը գործի է դրել քաղաքական «առևտրի» ու ճնշումների բավականին կոշտ գործիքակազմ։ Տեղական առաջնորդներին առաջարկվում են որոշակի «ինդուլգենցիաներ». քրեական հետապնդումների «սառեցում», տարբեր քննչական մարմիններում կուտակված թղթապանակների անտեսում և վարչական անձեռնմխելիության երաշխիքներ։ Դրա դիմաց համայնքապետերից պահանջվում է ոտնահարել սեփական սկզբունքները և ընտրություններին մասնակցել իշխանության հետ միասնական ցուցակով կամ դաշինքով։ Այս ճանապարհով, հաշվի չառնելով որևէ քաղաքական կամ բարոյական սկզբունք, իշխանությունը տարբեր սպառնալիքներով ու «լեզու գտնելով» իր ցուցակներն է խցկել նույնիսկ նախկինում ընդդիմադիր կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկած գործիչներին, ինչպիսին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է։ Նույն ձեռագիրն է կիրառվում նաև Գավառում, Ախուրյանում և մի շարք այլ խոշորացված համայնքներում, որտեղ տեղական հեղինակությունների ռեսուրսները պետական-վարչական լծակներին գումարելով՝ ՔՊ-ն փորձում է ապահովել իր համար ցանկալի արդյունքը։
Սակայն սա ոչ թե հավասարազոր համագործակցություն է, այլ հեռահար հաշվարկված քաղաքական թակարդ։ ՔՊ-ի համար կարմիր գծեր գոյություն չունեն, և նրանք ցանկացած պահի պատրաստ են զոհաբերել յուրաքանչյուրին, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ՝ Մեղրիի քպական քաղաքապետի դեպքում։ Ուստի, որևէ համայնքապետ չպետք է պատրանքներ ունենա, թե իշխանության հետ «30 արծաթով» գործարքի գնալով՝ ապահովագրում է իր պաշտոնն ու ապագան։
Իշխանության նպատակը նրանց դեմքով ու միջոցով ընտրություններում հաղթանակն արձանագրելն է, որից անմիջապես հետո գործի է դրվելու «փուռը տալու» հայտնի սցենարը. դատական ու քրեական հին թղթապանակները վերաբացվելու են, առաջին համարները զրկվելու են մանդատներից, իսկ համայնքապետի աթոռներին տեղավորվելու են քպական ցուցակների հաջորդ համարները՝ անձինք, որոնք սեփական վարկանիշով երբեք չէին հաղթի, բայց այս սխեմայի շնորհիվ կստանան համայնքային իշխանությունը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նաև նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի դեմ մեղադրանքներով «գործերը», անկասկած, հետագայում կարող են իրավաբանական բուհերում ուսումնասիրության առարկա դառնալ: Այն տեսանկյունից, թե ինչպես չպետք է կամ չեն կարող գործել իրավապահ, քննչական, դատական մարմինները: Ինչն է հատկանշական: Եթե այդ «գործերի» վրայից, պատկերավոր ասած, թափ տանք իշխանական (քպական) քարոզչության ու նաև կից «սատելիտների թեփն ու ժանգը, ապա տակը ի՞նչ կմնա: Իսկապես, ինչի՞ մեջ է մեղադրվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ էության, նա մեղադրվում է այն բանի համար, որ… 1998-2008 թվականներին եղել է ՀՀ նախագահը և ի պաշտոնե վավերացրել է ՀՀ կառավարության որոշումները: Ըստ որում, նրա պաշտոնավարման շրջանում ՀՀ նախագահը չէր կարող չվավերացնել կառավարության որոշումները: Վերջ: Ուրիշ կոնկրետ մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի դեմ չկա: Իսկ ինչի՞ մեջ կամ ինչի՞ համար է մեղադրվում Սեդրակ Քոչարյանը: Գործնականում մեղադրվում է այն բանի համար, որ նախագահի որդին է:
Որովհետև, երբ հրապարակավ հնչեցված, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավար Փաշինյանի կողմից իր «կրքոտ» ոճով ու բառամթերքով ներկայացված մեղադրանքներն ի մի ես բերում, դրանք հանգում են նրան, թե՝ «այդ ո՞նց է, որ դուք ունեք, իսկ ես (մենք, մյուս քպականները), իբր, չունենք»:
Բայց այդպես նրանք կարող են մեղադրանքներ ուղղել Հայաստանի ցանկացած այլ քաղաքացու. ինչո՞ւ դու կոշիկ ունես, իսկ ես չունեմ, ինչո՞ւ ես դու ելակով պաղպաղակ ուտում, իսկ ես՝ միայն սառույցով ջուր… Սա մանիպուլ յացիա է, քարոզչություն է, ամենացածր հույզերի վրա խաղալ է: Ինչ ասես, բայց սա անգամ հեռավոր աղերս չունի իրավունքի, իրավագիտության, առավել ևս՝ քրեական օրենսգրքի հետ:
Ու այդ տեսանկյունից պետք է ընդգծել փաստաբան Արամ Օրբելյանի՝ երեկվա ասուլիսում արտահայտած այն միտքը, որ նախագահ Քոչարյանի և նրա ավագ որդու հետ կապված այս «գործերում» առանցքային խնդիրը գործընթացի ոչ իրավաչափ լինելն է: Նման ոչ իրավաչափ դրսևորումներից մեկին արդեն անդրադարձել ենք նախորդիվ: Խոսքը քննչական մարմինների կողմից բացարձակ կամայականորեն տասնյակ ու տասնյակ ընկերություններ, այսպես ասած, «կապարակնքելու», այդ տնտեսվարողների գործունեությունը խաթարելու, հազարավոր մարդկանց աշխատանքային ու սոցիալական անորոշության մատնելու մասին է:
Անկախ այն բանից, թե ով ում, որ գործչին ինչպես է վերաբերվում, ինչ ընկալում կամ պատկերացում ունի նրա քաղաքական հայացքների ու դիրքորոշումների նկատմամբ, իրավական խնդիրները պետք է հիմնվեն իրավաչափության, փաստերի, ապացույցների և դրանց բազմակողմանի ու անաչառ քննության վրա: Ըստ որում՝ նաև հրապարակային քննության վրա: Հանգամանքներ, որպիսիք չենք տեսնում թե՛ նախագահ Քոչարյանի, թե՛ մյուս աղմկահարույց քաղաքական գործերի դեպքում:
Հատկանշական է փաստաբան Օրբել յանի այն վկայությունը, որ երբ իրավապահներին, քննիչներին ասում են՝ եկեք դիտարկենք այս կոնկրետ մեղադրանքն ու դրա հիմքերը, նրանք խոսակցությունը «ցրում» են այլ թեմայի: Սկսում են խոսել, օրինակ՝ «ապօրինի գույքի» մասին: Փաստաբաններն առաջարկում են՝ եկեք քննարկենք «ապօրինի գույքի» հետ կապված հարցերը, քննիչներն անցնում են պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահմանը: Հարցեր շատ կան: Բայց հիմնականն այն խորացող տպավորությունն է, որ քննչական, դատաիրավական մարմինները «կրակն են ընկել»: Այն իմաստով, որ նրանք ստիպված են կաշվից դուրս գալ, որպեսզի Փաշինյանի հնչեցրած քարոզչական կամ վարկաբեկիչ, նաև վիրավորական, բայց մերկապարանոց հայտարարություններին ինչ-որ իրավական տեսք հաղորդեն:
Ինչ կարելի է ասել դրա վերաբերյալ: Դա իրավունքի, իրավականության վերջն է՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով երկրի, պետության համար: