Էրլինգ Հոլանդը Ազգերի լիգայում 20 գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է։ Իսկ ընդհանուր առմամբ 26-ամյա հարձակվողը ազգային թիմում անցկացրած 56 խաղում խփել է 63 գոլ։ Վերջին 16 պաշտոնական միջազգային հանդիպումներում խփել է 28 գոլ։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի առաջին տուրում Հոլանդի դուբլը նպաստել էր Նորվեգիայի թիմին 3:2 հաշվով հաղթել Դանիայի հավաքականին։
Ազգերի լիգայի երկրորդ տուրում Նորվեգիայի ընտրանին սեպտեմբերի 27-ին Օսլոյում կընդունի Պորտուգալիայի թիմին։
«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։
Հանուն բնության, առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների, մանկատան երեխաների և տարեցների, հանուն հավասար հնարավորությունների և անպաշտպան կենդանիների․ Իդրամի համար առաջնահերթություն են այս 6 ուղղությունները։ Հենց այդ պատճառով էլ թիմային միջոցառման նպատակն էր աջակցել այս ուղղություններով իրականացվող ծրագրերին։
Ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բաժանվել էին թիմերի։ Թիմերը, կատարելով ֆիզիկական և մտավոր տարբեր առաջադրանքներ ու լուծելով բազմաթիվ խնդիրներ, հավաքում էին միավորներ՝ idcoin-ների տեսքով, ապա դրանք բաշխում 6 ուղղությունների արկղերում։
Միջոցառման ավարտին թիմերի հավաքած ամբողջ idcoin-երը ընկերությունը որոշակի փոխարժեքով կվերածի հայկական դրամի և կուղղի նշված 6 ուղղություններով ծրագրերի իրականացմանը։
«Շատ կարևոր է, երբ ամբողջ թիմն իրեն զգում է ընկերության որդեգրած քաղաքականության, ռազմավարության մի մասը։ Մեր թիմում ունենք բարի ավանդույթ․ տարվա ընթացքում մի քանի անգամ ընկերության ամբողջ թիմը ներգրավվում է սոցիալական պատասխանատվության ուղղությամբ իրականացվող նախագծերում։ Այս անգամ էլ մեր թիմային միջոցառումը կառուցեցինք ամբողջությամբ մեր առաջնահերթություն հանդիսացող վեց կարևոր ԿՍՊ ուղղությունների շուրջ», – ասաց Իդրամ ընկերության ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանը։
Դե ինչ, «Բարի գործերի քաղաքի» հիմքն արդեն դրված է․ մեկ թիմ, մեկ օր և հարյուրավոր իդրամցիներ, որոնց ջանքերի շնորհիվ վեց տարբեր ԿՍՊ ուղղություններով նախատեսված ծրագրերը շուտով կդառնան իրականություն։
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում սեպտեմբերի 24/25-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 24-ին ժամը 18:15-ից մինչև սեպտեմբերի 25-ի ժամը 00:00-ն կդադարեցվի ք.Սեվան Կարմիր Բանակի, Ավ.Իսահակյանի, Սպանդարյանի, Չարենցի, Շահումյանի, Գեղամա փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱՄՆ-ի վարչակազմը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինայում էներգետիկայի, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ ֆինանսավորումը մինչև 2027 թվականը կտրամադրի ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկը (EXIM)։
Ֆինանսավորումը հնարավորություն կտա Արգենտինայում գործող ընկերություններին վարկեր ստանալ ամերիկյան սարքավորումներ ձեռք բերելու և ամերիկյան ընկերություններին ներգրավելու համար։ Նախատեսվում է ընդլայնել երկրի երկաթուղիները, խողովակաշարերը, նավահանգիստներն ու էներգետիկ ցանցերը։
Համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Արգենտինան նախատեսում են բարելավել երկրի հյուսիս-արևմուտքի՝ լիթիումով և պղնձով հարուստ շրջանների, ինչպես նաև «Վակա Մուերտա» թերթաքարային հանքավայրի կապը նավահանգիստների հետ։ Associated Press-ի փոխանցմամբ՝ դա պետք է դյուրացնի օգտակար հանածոների, նավթի և գազի արտահանումը դեպի ԱՄՆ և այլ շուկաներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Բուենոս Այրեսը ցանկանում են շարունակել ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ավելացնելով ամերիկյան ներդրումները, խորացնելով համագործակցությունը անվտանգության ոլորտում և հիմնվելով ընդհանուր արժեքների վրա։
ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։
Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։
Տեղին ենք համարում վերստին արձանագրել 2026թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, որով հարկ է, որ ՀՀ իշխանությունները՝
դադարեցնեն Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
վերջ դնեն շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
գործեն բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
առկա խնդիրներն ու հակառակությունները փարատեն երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։
Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը։
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներում։
Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում ՆԳՆ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորելու ցանկություն ունեցող երիտասարդների համար առկա է ընդունելության այնպիսի նախապայման, որը սահմանափակում է հանրակրթությունն ավարտելուց հետո անմիջապես համապատասխան մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը։ Մասնավորապես, ընդունելությանը կարող է մասնակցել միայն 18 տարին լրացած այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ օրենքով նախատեսված բացառություններով։ Արդյունքում, այն երիտասարդները, որոնք դեռևս հանրակրթությունն ավարտելու փուլում գիտակցված ընտրությամբ ցանկանում են իրենց մասնագիտական ապագան կապել ոստիկանության կամ փրկարար ծառայության հետ, չեն կարող անմիջապես ընտրել այդ ոլորտների համար նախատեսված մասնագիտական կրթական ուղին։
Նախագծային լուծումներով առաջարկվում է որակյալ կրթության և հանրային ծառայության անցնելու համակցում, որակապես նոր մակարդակի ոստիկանության և փրկարար ծառայողների ներգրավում, մասնագիտական կայացում և մրցունակ վարձատրությամբ կարիերային առաջընթացի երաշխավորում։ Ներդրվում է ծառայողի մասնագիտական և ծառայողական առաջխաղացման հստակ, փուլային և կանխատեսելի գործիքակազմ։ Միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք նշանակվելու են ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։ Այս ուղին միջին մասնագիտական կրթության հիմքով ծառայության անցած անձին հնարավորություն է տալիս՝ օրենքով սահմանված պայմանների պահպանման դեպքում հասնել ծառայողական կարիերայի ավելի բարձր մակարդակների։ Մասնավորապես, միջին խմբի պաշտոններում հինգ տարի ծառայելուց հետո ծառայողը կարող է նշանակվել ավագ խմբի պաշտոններում, իսկ ավագ խմբի պաշտոններում երեք տարի ծառայելուց հետո, օրենքով նախատեսված կարգով, հնարավորություն է ստանում նշանակվելու գլխավոր խմբի պաշտոններում։
Ավելին, կարիերային առաջխաղացման հնարավորությունը չի սահմանափակվի միայն ծառայության այն կոնկրետ ուղղությամբ, որում անձը սկսել է իր ծառայությունը։ Օրինակ՝ ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտելուց հետո համայնքային ոստիկանության միջին խմբի պաշտոնում նշանակված ծառայողի հետագա մասնագիտական զարգացումը կարող է իրականացվել ինչպես ուղղահայաց՝ նույն ծառայության շրջանակներում առաջխաղացման միջոցով, այնպես էլ հորիզոնական՝ ՆԳՆ այլ ուղղություններում՝ համապատասխան վերապատրաստում անցնելու և սահմանված պահանջներին համապատասխանելու միջոցով։ Նախատեսվում է, որ միջին խմբի պաշտոնում նշանակվելու պահից տվյալ անձինք համարվելու են ատեստավորված և ձեռք կբերեն կառավարության սահմանած չափով հավելավճար ստանալու իրավունք։ Ուսման և անընդմեջ ծառայության ժամկետում պետության առջև ստանձնած իրենց պարտավորությունն ամբողջ ծավալով կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված՝ պետությանն ու հասարակությանը այլընտրանքային եղանակով երկարաժամկետ ծառայելու միջոցով։