ԱՄՆ-ի վարչակազմը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինայում էներգետիկայի, հանքարդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի համար։ ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխանցմամբ՝ ֆինանսավորումը մինչև 2027 թվականը կտրամադրի ԱՄՆ արտահանման-ներմուծման բանկը (EXIM)։
Ֆինանսավորումը հնարավորություն կտա Արգենտինայում գործող ընկերություններին վարկեր ստանալ ամերիկյան սարքավորումներ ձեռք բերելու և ամերիկյան ընկերություններին ներգրավելու համար։ Նախատեսվում է ընդլայնել երկրի երկաթուղիները, խողովակաշարերը, նավահանգիստներն ու էներգետիկ ցանցերը։
Համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Արգենտինան նախատեսում են բարելավել երկրի հյուսիս-արևմուտքի՝ լիթիումով և պղնձով հարուստ շրջանների, ինչպես նաև «Վակա Մուերտա» թերթաքարային հանքավայրի կապը նավահանգիստների հետ։ Associated Press-ի փոխանցմամբ՝ դա պետք է դյուրացնի օգտակար հանածոների, նավթի և գազի արտահանումը դեպի ԱՄՆ և այլ շուկաներ։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Բուենոս Այրեսը ցանկանում են շարունակել ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ավելացնելով ամերիկյան ներդրումները, խորացնելով համագործակցությունը անվտանգության ոլորտում և հիմնվելով ընդհանուր արժեքների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply