Category: Oratert.am

  • Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ)



    Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները թմրամթյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 1-ին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Չարենցավան քաղաքի մոտ գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ 28 և 30 տարեկան երկու երիտասարդի։ Իրենց վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային բաժին։ 

    Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեց 11 փաթեթ, որոնցում, ըստ երիտասարդների, մարիխուանա էր, ինչը տեղադրելու միջոցով իրացնելու նպատակով ձեռք էին բերել «Տելեգրամի» մի օգտատիրոջից։


    Նրանք հայտնել են, որ փաթեթներ կան նաև մեքենայում։
    Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց տարբեր գույների 26 փաթեթ։ Եվս մեկ փաթեթ հայտնաբերվեց դեպքի վայրի զննությամբ։ 

    Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։


  • Կատարի վարչապետը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել երկխոսության և հուշագրի կատարման


    Միջազգային



    Կատարի վարչապետ, ԱԳ նախարար շեյխ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Թեհրանին և Վաշինգտոնին կոչ է արել երկխոսության և փոխըմբռնման հուշագրի կատարման։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Զրույցի ընթացքում Կատարի կառավարության ղեկավարն ընդգծել է բոլոր կողմերից երկխոսությանը և դիվանագիտությանը հավատարիմ մնալու, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համաձայնեցված պայմանների կատարման անհրաժեշտությունը։

    Կողմերը քննարկել են նաև ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական էսկալացիան։ Մուհամմադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին նաև դատապարտել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա վերջերս կատարված հարձակումները՝ նշելով, որ նման գործողությունները խաթարում են վստահությունը, սպառնում միջազգային նավագնացության անվտանգությանը և վնաս հասցնում տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու ջանքերին։



  • IDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասին



                   Աճում է քաղաքացիների ամենախոցելի խմբի՝ թոշակառուների դեմ ուղղված զեղծարարների կողմից իրականացվող զանգերի տարածման ռիսկը։ Զեղծարարության այս սխեման հիմնված է սոցիալական ինժեներիայի վրա․ զեղծարարները զանգի միջոցով ներկայանում են որպես պետական մարմինների կամ կենսաթոշակային հաշիվները կառավարող ընկերությունների ներկայացուցիչներ, և «հաշվարկներում սխալների» պատրվակով փորձում են հասանելիություն ստանալ քաղաքացիների միջոցներին։

                   Զեղծարարության մեխանիզմը։ «վերահաշվարկից» մինչև միջոցների հափշտակում

                   Խաբեությունը սկսվում է անսպասելի զանգից․ «վերահաշվարկի ընթացքում սխալ է հայտնաբերվել, ձեզ հասանելի է լրավճար, անհրաժեշտ է հաստատել տվյալները»։ Կա նաև ճնշման հակառակ տարբերակը․ «դուք հատկացվածից շատ եք ստացել, շտապ վերադարձրեք գումարը, հակառակ դեպքում վճարումները կսառեցվեն, իսկ հաշիվը կարգելափակվի»։

                   Այնուհետև զեղծարարներն արագ խոսակցությունը վերածում են գործնական քայլերի։ Նրանք խնդրում են ձեզ թելադրել անձնագրի կամ նույնականացման քարտի համարը և այն բանկային քարտի համարը, որին փոխանցվում է ձեր կենսաթոշակը, ինչպես նաև տրամադրել SMS հաղորդագրությունից ստացված կոդերը։ Որոշ դեպքերում զեղծարարները ձեզ ուղղորդում են համացանցում առկա ֆիշինգային էջեր, որոնք արտաքնապես կրկնօրինակում են կենսաթոշակային ֆոնդերի պաշտոնական կայքերը՝ առաջարկելով այնտեղ լրացնել իրենց անհրաժեշտ տվյալները։

                   Հենց որ զեղծարարները ստանում են SMS հաղորդագրության կոդը, նրանք կարող են մուտք գործել օգտատիրոջ անձնական էջ, փոխել գաղտնաբառը, օգտատիրոջ անունով ձևակերպել վարկեր կամ հանել հաշիվներում առկա միջոցները։

                   Կարևոր հանգամանք 

    Համոզիչ երևալու համար զեղծարարները նշում են Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային հաշիվները կառավարող ընկերությունների անուններ և կարող են կեղծել նրանց լոգոները մեսենջերներում։ Այլ վտանգավոր հնարք է հեռախոսահամարի կեղծումը․ Էկրանին կարող է արտացոլվել ընկերության կոնտակտային կենտրոնի պաշտոնական համարին շատ նման կեղծ հեռախոսահամար, որպեսզի մարդը հավատա զանգին և չստուգի տեղեկությունը։

                   Իրավաբանական ծուղակ

                   Սխեմայի նենգությունն այն է, որ հաճախորդն ինքն է փոխանցում իր տվյալներն ու հաստատում գործարքները։ Եթե գործարքը նախաձեռնվել է հաշվի սեփականատիրոջ կողմից և հաստատվել SMS հաղորդագրության կոդի միջոցով, ապա բանկային համակարգն այն համարում է օրինական։ Դրանից հետո գումարը հետ ստանալը գրեթե անհնար է։

                   IDBank-ը խորհուրդ է տալիս․

    • Անմիջապես անջատեք զանգը։ Իրական կենսաթոշակային ֆոնդերը և կառավարող ընկերությունները վերահաշվարկի կամ գումարի վերադարձման հարցերը երբեք չեն կարգավորում հեռախոսազանգի միջոցով։ Ցանկացած զանգ՝ «տվյալների ճշգրտման» պահանջով, զեղծարարություն է։
    • Ինքներդ հետ զանգեք։ Գտեք ձեր հաշիվը կառավարող ընկերության պաշտոնական համարը նրա պաշտոնական կայքում և այն հավաքեք ձեռքով։ Հետ մի զանգեք մուտքային համարին, անգամ եթե այն ծանոթ է թվում։
    • Երբեք մի փոխանցեք SMS հաղորդագրության կոդերը։ Բանկի, կենսաթոշակային ֆոնդի կամ պետական հաստատության ոչ մի աշխատակից իրավունք չունի ձեզնից հարցնելու ձեր մեկանգամյա օգտագործման գաղտնաբառը, քարտի դարձերեսին գրված եռանիշ կոդը կամ օնլայն բանկինգի գաղտնաբառը։
    • Մի անցեք հաղորդագրությունների հղումներով։ Ստուգեք հասցեի տողը․ պաշտոնական կայքերն օգտագործում են «․am» դոմենը՝ առանց ավելորդ սիմվոլների։
    • Քննարկեք այս սխեման ծնողների և տարեց բարեկամների հետ։ Որքան մեծահասակ է մարդը, այնքան որպես կանոն, նրա վստահությունը պաշտոնական մարմիններից եկող զանգերի նկատմամբ մեծ է։

                   Հիշեք․ կենսաթոշակային և սոցիալական ֆոնդերը չեն զանգահարում «տվյալների շտապ ճշգրտման» պահանջով, չեն պահանջում SMS հաղորդագրության կոդեր և չեն ուղղորդում անծանոթ կայքեր։ Ցանկացած նման զանգ տագնապի ազդանշան է։ Ձեր միջոցներն անվտանգ են այնքան ժամանակ, քանի դեռ դուք ինքներդ հասանելիություն չեք տրամադրել երրորդ անձանց։

                   ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


  • Ռուսաստանի նավթային և արդյունաբերական օբյեկտներ են հարձակման ենթարկվել



    Տվերում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթի պահեստի ռեզերվուարդ է հրդեհվել։

    Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Տվերսկայայի նավթի պահեստի բաքերից մեկում, հայտնել են տեղի իշխանությունները։

    ԴՀրդեհը մեկուսացված է, նախնական տվյալներով՝ վիրավորներ չկան։

    Նույն գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ստավրոպոլի ծայրամասի վրա։ Անօդաչու թռչող սարքերը վնասել են Շպակովսկի շրջանի Վյազնիկի գյուղի արդյունաբերական օբյեկտը. կրակը հասել է դյուրավառ նյութեր պարունակող ռեզեչվուարներին, և մոտակա փողոցի բնակիչները տարհանվել են։


  • Մեր սպասումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն Բայրամով


    Քաղաքականություն



    Մեր սպասումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    Բայրամովը նշել է, որ Ադրբեջանն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման ուղղությամբ իր աշխատանքի մասը, և Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

    «Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն նախաստորագրվել է, այն բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցին սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր սպասումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Բայրամովը:



  • Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»․ Փեզեշքիանը՝ Փաշինյանին



    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ի իր էջում հայերեն լեզվով ուղերձ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։


    «Ի սրտե երախտագիտություն եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան  պատրաստակամության ներկայության,  ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար։ Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը։ Հույս ունեմ, որ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների միջև պատմական ու բարեկամական հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն էլ ավելի ամրապնդվել։


    Մեր նահատակ առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությանը և Հայաստանն անվանում էր «ազնիվ հարևան»։ Մեր քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համագործակցության ամրապնդումն ու զարգացումն է»:



  • Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից․ Արամ Սարգսյան


    Քաղաքականություն



    Ռուսական Առաջին ալիքը գաղտնալսման ձայնագրություն է հրապարակել, ըստ որի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է աջակցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վեհափառ Հայրապետի հեռացմանը։  Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

    «ՀՀ իշխանությունն արդեն բավական երկար ժամանակ այս թեման փաստացի դուրս էր բերել քաղաքական օրակարգից, մինչդեռ ՌԴ իշխանությունը նորից ակտիվացնում է։ Ինչո՞ւ։ Իմ կարծիքով՝ պատասխանը բավական պարզ է։ ՌԴ իշխանության նպատակն է հնարավորինս համախմբել ՀՀ իշխանության ընդդիմախոսներին։ Այս հրապարակմամբ, ըստ էության, Մոսկվան ուղերձ է հղում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից, և ակնկալում է ավելի ակտիվ հակադրություն իշխանություններին։

    Հ.Գ. Պուտինն իսկապես Նիկոլ Փաշինյանի ընկերն է՝ ոխերիմ ընկերը»,-գրել է նա։



  • Սոֆիա Բաղրամյանը՝ արագ շախմատի մինչև 10 տարեկան աղջիկների ԵԱ փոխչեմպիոն



    Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնությունում:

    Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։

    Սոֆիա Բաղրամյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:


    ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

    ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-5-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

    Մանվել Վարդանյանը վաստակեց 7 միավոր և կիսեց 2-7-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

    Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝

    Սոֆիա Բաղրամյան՝ 7.5 միավոր (Ա10)

    Վաչե Հովակիմյան՝ 7 միավոր (Մ18)

    Մանվել Առաքելյան՝ 7 միավոր (Մ16)

    Մանվել Վարդանյան՝ 7 միավոր (Մ10)

    Ալեքսանդր Հակոբյան՝ 6.5 միավոր (Մ12)

    Հակոբ Պետրոսյան՝ 6 միավոր (Մ10)

    Համլետ Սահակյան՝ 5.5 միավոր (Մ16)

    Դավիթ Սարգսյան՝ 5.5 միավոր (Մ10)

    Վազգեն Կարախանյան՝ 5 միավոր (Մ16)

    Սմբատ Հարությունյան՝ 5 միավոր (Մ12)

    Ռոզի Անանյան՝ 5 միավոր (Ա14)

    Անրի Հայրապետյան՝ 4.5 միավոր (Մ14)

    Լիլիթ Հակոբյան՝ 4.5 միավոր (Ա12)

    Ալեքսանդր Գիչունց՝ 4 միավոր (Մ8)

    Ծովինար Եղոյան՝ 3 միավոր (Ա18)

    Հուլիսի 9-ին՝ Հայաստանի ժամանակով 12:00-ին, կմեկնարկի կայծակնային շախմատի առաջնությունը, որը կանցկացվի 18 խաղափուլով:


  • Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»



    Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, որի ամբողջ կազմը փաստացի նշանակված է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից և գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում:

     

    • Մասնավորապես, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հակասահմանադրական որոշումը` երեք տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչը կանխամտածված հանցագործության տպավորություն էր ստեղծում:

     

    Փաստում ենք, որ Սահմանադրական դատարանը, տուրք տալով աշխարհաքաղաքական ազդեցություններին, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը: Սա հարված է ՀՀ պետականության հիմքերին, քանի որ լրջագույն կասկածի տակ է դրվում ընտրությունների ինստիտուտը` որպես ժողովրդի իշխանությունը ձևավորելու և իրացնելու միջոց:

     

    Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանը դարձավ վարչախմբի կողմից իշխանության բռնազավթման գործընթացի վերջին օղակը: «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստիվ դատապարտում է ժողովրդի իշխանության ուզուրպացիայի այս դրսևորումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար:

     

    Այս հանցագործությանը մասնակից բոլոր պաշտոնյաները, վաղ թե ուշ, անհատական պատասխանատվություն են կրելու օրենքի ամենայն խստությամբ:


  • Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան

    Ինձնից կախված ամեն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել՝ կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։
    Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և առավել ևս՝ նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։
    Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։

    Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։

    Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։
    Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։
    Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։
    Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։
    ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։
    Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։

    Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին։