Category: Oratert.am

  • Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի



    Ուկրաինան մոտ ժամանակներս ԱՄՆ-ից կստանա PAC-3 տեսակի կալանիչ հրթիռների խմբաքանակ՝ Patriot համակարգերի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Առաջիկա օրերին մենք կստանանք փաթեթ ԱՄՆ-ից, ինչպես նաև եվրոպացիների հետ առանձին պայմանավորվածություններ ունեինք, այնտեղ դեռ կոնկրետ ժամկետներ չկան, բայց կլինեն լրացուցիչ PAC-3 հրթիռներ», – հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինային սպասվո՞ւմ են գործընկերներից PAC-3 հրթիռների արագ մատակարարումներ։

    Զելենսկին նաև նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի տարածքում Patriot-ի համար հրթիռների արտադրության շուրջ։


    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրության լիցենզիա։ Bloomberg գործակալությունը գրել էր, որ Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար կալանիչ հրթիռների հնարավոր արտադրության գործարկումը երկար ժամանակ կպահանջի և թույլ չի տա Կիևին արագորեն համալրել զինանոցները։


  • Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ելքը որոշելու է «երկինքը», և Պուտինին սպառնացել է Մոսկվա ուղարկել հազար անօդաչու



    Ուկրաինացի զինվորականներին հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից, և այժմ «վճռորոշ ճակատամարտը» ծավալվել է երկնքում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում «շատ ավելի քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»։ «Ես կարծում եմ, որ այս պատերազմում հաղթանակը պատկանում է նրան, ով ավելի խելացի է», — ասել է Զելենսկին երկուշաբթի օրը Financial Times-ին տված հարցազրույցում՝ նշելով Ռուսաստանի առավելությունները աշխարհագրության և մարդկային ռեսուրսների առումով։

    «Եթե մեր գործընկերները, — ընդգծել է Զելենսկին, — չթողնեն Ուկրաինան առանց ֆինանսական աջակցության, եթե մեր զինվորները շարունակեն պահել ճակատը, եթե ռուսական հարձակման յուրաքանչյուր կիլոմետրը նրանց համար նախկինի պես արժենա տասնյակ հազարավոր, իսկ երբեմն նաև հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր, ապա վճռորոշ պայքարը կծավալվի երկնքում»։ Նախագահն ընդգծել է, որ պատերազմի ելքը որոշելու է «հենց երկինքը»։ Կիևի կենտրոնում գտնվող իր գրասենյակում լրագրողի հետ զրույցում, որը նույն օրը կրկին ենթարկվել էր ՌԴ ԶՈւ հերթական մահաբեր հարձակմանը, Զելենսկին սպառնացել է էլ ավելի ուժեղացնել հարվածները Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ։ «Երբ դեպի Մոսկվա կթռչեն արդեն ոչ թե հարյուր, այլ հազար անօդաչու… նա [նախագահ Վլադիմիր Պուտինը] կհասկանա»։

    «Հենց որ նա սկսի դա անձամբ զգալ, հենց որ սկսի դա տեսնել իր աչքերով, դուք կտեսնեք, թե ինչպես խորհրդականները նրան կհամոզեն տեղափոխվել Ուրալից այն կողմ», — հայտարարել է ուկրաինացի նախագահը, որը նախկինում խոստացել էր անել այնպես, որ Մոսկվան «կայրվի», եթե Ուկրաինայի դեմ հարձակումները շարունակվեն։ Զելենսկին հավելել է, որ, իր կարծիքով, պատերազմի ավարտն այնքան ավելի մոտ կլինի, «որքան հեռու Պուտինը լինի Մոսկվայից», ինչպես նաև ընդգծել է, որ Ուկրաինան ցուցադրել է որոշակի վայրում և որոշակի պահին երկնքի նկատմամբ «օպերատիվ վերահսկողություն» հաստատելու կարողություն։

    Նրա խոսքով՝ Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի դեմ ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածների հոգեբանական ազդեցությունը, ինչպես նաև ուժգնացող տնտեսական հետևանքները, ի վերջո, կփոխեն Պուտինի հաշվարկները։ Ավելի վաղ FT-ի աղբյուրները Մոսկվայում ասում էին, որ ռուսաստանցի նախագահը դեռևս կենտրոնացած է մաքսիմալիստական նպատակների վրա (նրան անհրաժեշտ են Կիևից լայնածավալ զիջումներ և ամբողջ Դոնեցկի մարզի հանձնումը) և դժվար թե սկսի իմաստալից բանակցություններ ռազմական գործողությունների ավարտի շուրջ մինչև 2027 թվականի փետրվարը։


  • Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր


    Հասարակություն



    Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Գավառ քաղաքի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 72-ամյա Ռուբիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 33-ամյա Արման Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռուբիկ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մհեր Սիմոնյանը և պարեկ Արթուր Վարագյանը։Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



  • ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը


    Քաղաքականություն



    ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և Հայաստանի կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ 

    «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։

    AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»:



  • «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել


    Հասարակություն



    2026 թվականի հունիս ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2026 թվականի հուլիսի 10-ից տեղադրված է  լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։
     
    Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում  տեղադրելուց  հետո 7 օրվա ընթացքում:


    Գազպրոմ Արմենիա



  • Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով



    Իրանի Չաբահար նավահանգստում ծովային երթևեկության կառավարման կենտրոնը վնասվել է ԱՄՆ-ի հարվածի հետևանքով։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ISNA գործակալությանը։

    Ըստ տվյալների՝ միջադեպը չի ազդել նավահանգստի աշխատանքի վրա, նավերի նավարկությունը շարունակվել է առանց ընդհատման։

    Հուլիսի 8-ին և 9-ին Իրանի լրատվամիջոցները տեղեկացրել են Իրանի նավահանգստային Ակկալա, Բենդեր Աբաս, Ջասկ, Սպահան, Սիրիկ և Չաբահար քաղաքներում, ինչպես նաև Աբու Մուսա կղզում և Բուշեհր նահանգի որոշ շրջաններում պայթյունների մասին։


  • Ադրբեջանական ավիաընկերությունները ՀՀ-ի օդային տարածքով իրականացված թռիչքների համար վճարել են 434,316 եվրո


    Տնտեսություն



    Ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար «Հայաերոնավիգացիա» ընկերությանը վճարել են 434 հազար 316 եվրո: Դրա մասին ասվում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան նամակում:

    Վճարումներն իրականացվել են «Եվրոկոնտրոլ» (Օդագնացության անվտանգության եվրոպական կազմակերպություն) կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված ընթացակարգի:

    Նշենք, որ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ն իրականացնում է թռիչքների աերոնավիգացիոն սպասարկումը Հայաստանի օդային տարածքում:



  • Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP



    Իսրայելը պատրաստ է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ապագա հարձակումներին, եթե Վաշինգտոնը դա խնդրի։ Այդ մասին հայտնել է New York Post (NYP) թերթը՝ վկայակոչելով Իսրայելում իր աղբյուրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մենք ապացուցել ենք, որ աջակցում ենք ԱՄՆ-ին։ Վստահ չեմ, որ ԱՄՆ-ը շահագրգռված է, որ Իսրայելը միանա իրենց։ Բայց եթե հարկ լինի, ապա մենք պատրաստ ենք կրկին դա անել», – ասել է զրուցակիցներից մեկը։

    Ընդ որում, աղբյուրը նշել է, որ Իսրայելը չի ցանկանում վերադառնալ այն ժամանակներին, երբ մարդիկ ստիպված էին թաքնվել ապաստարաններում։


  • ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են. Reuters



    ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև տեխնիկական խորհրդակցությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի հետ լուծում գտնելուն, և տեխնիկական բանակցությունները շարունակվում են։

    Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Օդային հարվածների հետևանքով, ի թիվս այլոց, զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների անհապաղ դադարեցում։


    Այնուհետև Շվեյցարիայի Բյուրգենշտոք քաղաքում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի ունեցան ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվում էր բանակցությունների առաջին փուլի ավարտին Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

    Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։


  • Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ



    Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել են երրորդ երկրի։ Գործարքի մասին կհայտարարվի այսօր։ S-400-ները ուղարկվում են Պարսից ծոցի երկրներից մեկը։ Երեկ որոշ խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, հաղորդվում է, որ կեսգիշերին դրանք վերացվել են։ Ոմանք նշում են Արաբական Միացյալ Էմիրությունները, ոմանք՝ Կատարը, լավագույնն այն է, որ սպասել պաշտոնական հայտարարությանը»,- գրել է հրատարակության մեկնաբան Աբդյուլքադիր Սելվին։

    Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հրապարակումը։


    Մեկ օր առաջ նույն թերթը հաղորդել էր Անկարայի կողմից իրավական բանաձևի որոնումների մասին, որը կբավարարեր ԱՄՆ-ին՝ CAATSA ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից դուրս գալու և նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագիր վերադառնալու համար, ինչի կապակցությամբ քննարկվում է Պարսից ծոցի երկրներից մեկին զենիթահրթիռային համալիրների վաճառքի հարցը։ Oksijen թերթն իր հերթին ԱՄԷ-ն անվանել է S-400-ների հավանական գնորդ։

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքներով վստահություն է հայտնել F-35 ծրագիր Անկարայի վերադարձի կապակցությամբ։ ԱՄՆ նախագահն ինքը հայտարարել էր, որ դեռևս որոշում չի կայացրել այդ հարցով։

    Թուրքիան 2017 թվականին Ռուսաստանից ձեռք է բերել 2,5 մլրդ դոլար արժողությամբ S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն։ 2019 թվականի հոկտեմբերին «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) հայտնել էր, որ համակարգերի մատակարարման պայմանագիրը կատարված է։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի գնդային հավաքածուի մատակարարման պայմանագիրը կնքելուց հետո Անկարան հեռացվել է F-35 կործանիչների ստեղծման ԱՄՆ ծրագրից։