Category: Oratert.am

  • Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան


    Քաղաքականություն



    Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ։ Ֆոն դեր Լայենի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։

    «Մյուս կողմից, մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք և չենք դնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում և, բնականաբար, մեր միջազգային ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից էլ որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան ՀՀ շահերը»,- նշել է նա։



  • Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը



    Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» (Patriots for Europe) խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով` առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ ուշադրություն հրավիրելու նպատակով:

     

    Հարցը վերաբերում է 2026 թվականի հունիսի 24-ին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, և այն բարձրացվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի համատեքստում։

     

    Եվրապատգամավորը հիշեցնում է, որ դեռևս 2022 թվականին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացված դատական վարույթները միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից արժանացել էին քննադատության՝ հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների պահպանման տեսանկյունից։

     

    Այս կապակցությամբ Եվրոպական հանձնաժողովին ուղղվել է երկու կարևոր հարց.

     

     Արդյո՞ք Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել է Ավետիք Չալաբյանի վերջին կալանավորման հարցը։

     

     Ինչպե՞ս է Եվրոպական հանձնաժողովը գնահատում այս գործը՝ Եվրոպական միություն–Հայաստան հարաբերությունների շրջանակում Հայաստանի կողմից ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության ոլորտներում ստանձնած հանձնառությունների լույսի ներքո։

     

    «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կարևորում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների, իրավունքի գերակայության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգայնորեն բարձրացված հարցերը ստանան պատշաճ միջազգային գնահատական և ուշադրություն։


  • Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան


    Տեսանյութեր



    Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. 



  • Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»


    Մամուլի տեսություն



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Պետական ինստիտուտները, մասնավորապես իրավապահ համակարգը իշխող ուժի անձնական գործիքի վերածելը ամենակարճ ճանապարհն է դեպի քաղաքական ինքնակործանում։ Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «գործեր կարելու», սեփականությունը զավթելու և քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու տեսքով, տիպիկ է այն վարչակարգերին, որոնք կորցրել են կառավարման ռացիոնալ ուղին և անցել են բռնաճնշումների ռելսերի։ Մեկ անձի հրամանով ամբողջ իրավապահ համակարգի մոբիլիզացումն ընդդեմ կոնկրետ գործչի, իրականում ոչ թե ուժի, այլ համակարգային վախի ու անելանելիության ցուցադրություն է։ Սակայն միջազգային փորձը հստակ հուշում է՝ իրավապահներին «դահիճի» դերում հանդես գալ ստիպող իշխանությունը հենց իր ձեռքով է սկսում իր իսկ կործանման հաշվարկը։

    Նմանատիպ սցենարների պատմական օրինակները՝ Ֆիլիպինների Մարկոսի ռեժիմից մինչև Պերուի Ֆուխիմորիի կամ Ուկրաինայի Յանուկովիչի «ընտանիքի» իշխանավարումը, ապացուցում են մի պարզ իրողություն. դահիճները, որոնք այսօր կատարում են իշխանության «պատվերները» և «գործեր կարում» ընդդիմախոսների դեմ, երբեք հավատարիմ չեն մնում։ Այդ համակարգի գործիչները՝ քննիչները, դատախազները, դատավորները, չունեն սկզբունքներ, նրանք ծառայում են բացառապես ուժին։ Հենց իշխանությունը թուլանում է կամ քաղաքական կոնյունկտուրան փոխվում է, նույն այդ իրավապահներն առաջինն են դառնում նախկին «տերերի» դեմ ցուցմունք տվողները՝ սեփական կաշին փրկելու համար։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս արշավը ոչ միայն հարվածում է երկրի տնտեսական հեղինակությանն ու իրավական անվտանգությանը, այլև իշխանության համար ստեղծում է մի վտանգավոր բումերանգ։ Իրավապահ համակարգի անկախությունը ոչնչացնելով՝ իշխանությունը վերացնում է վաղվա օրվա իր սեփական անվտանգության միակ երաշխիքը։ Պատմությունը դաս չի տալիս նրանց, ովքեր կարծում են, թե օրենքը ոտնահարելով՝ հնարավոր է անվերջ պահպանել իշխանությունը, քանի որ վաղ թե ուշ այն նույն իրավական գործիքակազմը, որն օգտագործվում է Ծառուկյանի դեմ, հարվածելու է հենց հրահանգավորողներին, և այդ ժամանակ նրանց չեն օգնելու ո՛չ ինստիտուցիոնալ անհավատարմությունը և ո՛չ էլ այն նույն իրավապահները, որոնց այսօր սովորեցնում են կատարել ցանկացած անօրինական հրաման։

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



  • Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»



    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Քաղաքական դիսկուրսում պարբերաբար հայտնվող և հանրային քննարկումների կենտրոնում գտնվող թեմաներից է ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը: Ընդ որում, թեման շարունակվում է նաև այն պարագայում, երբ փաստարկված կերպով հայտարարվել է պայքարը նաև խորհրդարանում շարունակելու մասին:

    Մանդատների հարցը հաճախ ներկայացվում է որպես սկզբունքային ընտրության կամ քաղաքական լուրջ ճգնաժամի դրսևորում, սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ մանդատների շուրջ ստեղծված ողջ աղմուկը բացարձակապես կեղծ օրակարգ է: Մանդատ վերցնելու կամ չվերցնելու դիլեման արհեստածին է և չի արտահայտում քաղաքական գործընթացների իրական բովանդակությունը, քանի որ խորհրդարանական երկրներում կամ ներկայացուցչական ժողովրդավարության համակարգերում մանդատը ոչ թե պարգև է կամ անձնական ընտրության առարկա, այլ ընտրողների կողմից տրված իրավական և քաղաքական պատվիրակում, որն ունի հստակ գործառույթներ:

    Երբ քննարկումները կենտրոնանում են հարցի վրա՝ արդյոք ընդդիմադիր ուժերը պետք է մուտք գործեն օրենսդիր մարմին, թե բոյկոտեն այն, հասարակության ուշադրությունը շեղվում է բուն քաղաքական բովանդակությունից և ինստիտուցիոնալ խնդիրներից:

    Մանդատը սոսկ գործիք է, իրավական կարգավիճակ, որն ապահովում է հանրային ձայների կապիտալիզացիան պետական կառավարման համակարգում: Դրանից հրաժարվելը կամ դա որպես սակարկության առարկա օգտագործելը որևէ կերպ չի փոխում քաղաքական ուժերի իրական կշիռը կամ երկրի առջև ծառացած մարտահրավերների բնույթը: Ընդհակառակը, նման արհեստական թեմաների գեներացումը ստեղծում է քաղաքական գործունեության պատրանք, որտեղ իրական ռազմավարական քայլերին փոխարինելու են գալիս ձևական ընթացակարգային հարցերը:

    Միջազգային փորձն ու տարբեր երկրների քաղաքական պատմությունը հստակորեն փաստում են, որ խորհրդարանական մանդատներից հրաժարվելու կամ դրանք չվերցնելու մարտավարությունը երբեք չի հանգեցրել համակարգային փոփոխությունների կամ քաղաքական ճգնաժամերի արդյունավետ հանգուցալուծման: Օրինակ՝ Վրաստանում տարբեր տարիների ընդդիմադիր ուժերը բազմիցս հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու և մանդատները բոյկոտելու մասին՝ փորձելով դրանով հարվածել իշխանության լեգիտիմությանը: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նման քայլերը միայն հանգեցնում են ընդդիմության մարգինալացմանը, զրկում նրանց պաշտոնական ամբիոնից և ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրսներից, մինչդեռ իշխող մեծամասնությունը շարունակում է օրենսդիր գործունեությունը՝ առանց որևէ էական խոչընդոտի: Ի վերջո, ընդդիմադիր ուժերը ստիպված են լինում վերադառնալ խորհրդարան, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այդ օրակարգի անպտղությունը:

    Նմանատիպ պատկեր կարելի է տեսնել նաև Արևել յան Եվրոպայի և Բալկանյան երկրների պատմության մեջ, որտեղ ընդդիմության կողմից խորհրդարանական գործընթացների բոյկոտը և մանդատներից հրաժարվելը չեն ունեցել այն ազդեցությունը, որն ակնկալվում էր: Ինստիտուցիոնալ տեսանկյունից պետական մեքենան ու միջազգային հանրությունը միշտ առաջնորդվում են իրավական ընթացակարգերով: Եթե ընտրությունները կայացել են, և արդյունքներն արձանագրվել են, ապա մանդատների ֆիզիկական առկայությունը կամ դրանցից հրաժարվելը չի չեղարկում ձևավորված քաղաքական իրողությունները: Հետևաբար, խոսել այն մասին, թե մանդատ վերցնելը համագործակցություն է իշխանության հետ, իսկ չվերցնելը՝ արմատական պայքար, նշանակում է պարզունակացնել քաղաքականությունը և այն վերածել կենցաղային ընկալումների մակարդակի:

    Զարգացած ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան կամ Եվրոպական միության անդամ պետությունները, մանդատի շուրջ նմանատիպ քննարկումներն առհասարակ բացակայում են, քանի որ քաղաքական մշակույթը թույլ չի տալիս ընտրողի տված քվեն դարձնել շահարկումների առարկա: Նույնիսկ ամենասուր քաղաքական հակասությունների կամ ճգնաժամերի ժամանակ կողմերը հասկանում են, որ խորհրդարանական ներկայացվածությունը պարտականություն է, այլ ոչ թե արտոնություն, որից կարելի է հրաժարվել ըստ քաղաքական նպատակահարմարության: Մանդատը քաղաքական պայքարի իրավական գործիքակազմն է, և դրանից հրաժարվելը հավասարազոր է մարտադաշտը կամավոր լքելուն, ինչը լուրջ քաղաքական միավորների համար անթույլատրելի է:

    Այսպիսով, մանդատների թեման արհեստականորեն պահվում է տեղեկատվական դաշտում՝ իրական օրակարգերի և բովանդակային քննարկումների բացակայությունը քողարկելու համար: Լուրջ վերլուծական հարթությունում մանդատ վերցնել-չվերցնելու հարցը չի կարող դիտարկվել որպես քաղաքական գործոն կամ ռազմավարական ընտրություն: Դա ընդամենը տեխնիկական և ընթացակարգային իրողություն է, որի շուրջ ստեղծվող հանրային բանավեճերը ոչ միայն անպտուղ են, այլև վնասակար, քանի որ խեղաթյուրում են քաղաքական ինստիտուտների դերն ու նշանակությունը պետության կայացման գործում:

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում