Category: Oratert.am

  • «Իրավունք». Տղե՛րք, էս ո՞ւր. մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը



    «Իրավունք» թերթը գրում է. «Ըստ «Իրավունք»-ին հասած լուրերի` խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի շարքերում հետընտրական աժիոտաժ է: Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումից հետո, որ ընտրությունների արդյունքները մնում են անփոփոխ, մի շարք թեկնածուներ շտապել են լքել հարազատ քաղաքական ուժի շարքերը, ոմանք էլ նաեւ հեռացել են երկրից:

    Ամեն մեկը ներկայացնում է իր պատճառաբանությունը՝ կիսատ թողած գործեր, առողջական խնդիրներ եւ այլն։ Սակայն, ըստ օդում կախված լուրերի, վերջիններս չեն հարմարվում իրենց տարած պարտության, անիմաստ ծախսված ահռելի գումարների կորստի եւ արդյունքում անտեսված լինելու մտքի հետ։

    Ինչեւէ, յուրաքանչյուրի կամքն է՝ ապրել այնտեղ, որտեղ տաք է ու ապահով, սակայն մնում է մի կարեւոր հարց՝ տղե՛րք, բա ձեր պայքա՞րը, իբր երկրի փրկության համար, իբր անաչառ, իբր անմնացորդ եւ մշտատեւ, ո՞ւր մնաց»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • «Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել



    «Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած լրավամիջոցները երեկ գրեցին, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս թեկնածություն է առաջադրել, սակայն մեր աղբյուրից տեղեկացանք, որ նա չի առաջադրվել, քանի որ գիտի, թե ում են ընտրելու, եւ չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել: Իսկ առաջադրման վերջնաժամկետը նախօրեին էր։

    Ըստ տեղեկությունների՝ առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիլեն Գաբրիելյանի մասին էլ են խոսում, թեպետ նա 2 օր առաջ համառորեն հերքեց, որ չի առաջադրվելու։ Ինքը՝ Քոչարյանը, օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարություններ արեց: Մոտավորապես հայտնեց, որ եթե այդ պաշտոնի թեկնածության հարցը լուծվի խմբակցությունում, ինքը կառաջադրվի։ Հայտնի է, որ հարցը խմբակցությունում չի որոշվելու, այլ՝ ՔՊ վարչությունում: Մտերիմների կարծիքով, Քոչարյանը չի առաջադրվել՝ համարելով, որ կուսակցության ղեկավար մարմինը՝ վարչությունը, նախապատվությունը կտա կուսակցականներին, իսկ ինքն անկուսակցական է։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ



    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքական կուլիսներում նոր թափով քննարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան։ Քննարկումների պատճառ դարձավ ոչ միայն Սիմոնյանի վերջին հրապարակային այցը եկեղեցի՝ մեղքերի թողության, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը։

    Փաշինյանը, դիմելով Հանրապետության նախագահին, ասաց.

    «Տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ, և «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն, և կձևավորենք կառավարություն։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար։ Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող կառավարության մասին, նաև նոր ձևավորվող կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք»։

    Այս հայտարարությունը մեկնաբանվեց իբրև հրապարակային ազդակ, որ իշխանությունը շարունակում է վստահել գործող նախագահ Վահագն Խաչատուրյանին, և նրա պաշտոնավարման հարցը ներկայումս չի դիտարկում որպես փոփոխության ենթակա։ Մինչդեռ եղել էին հրապարակումներ, թե Ալեն Սիմոնյանը կարող է հավակնել Հանրապետության նախագահի պաշտոնին, սակայն Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, ըստ այդ մեկնաբանությունների, այդ սցենարին վերջակետ դրվեց։ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ չի լինելու։

    Իսկ ինչո՞ւ այդքան դաժան։

    «Ժողովուրդ» օրաթերթը մի առիթով գրել էր, որ վերջին ամիսներին ՔՊ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են փաստաթղթերի և նյութերի փաթեթ Ալեն Սիմոնյանի և նրա գործունեության վերաբերյալ։ Դրանք, ըստ թերթի աղբյուրների, պարունակել են կոմպրոմատային բնույթի տեղեկություններ՝ կոռուպցիոն ենթադրյալ գործարքների, հովանավորչության կասկածների, կլանային համակարգ ստեղծելու կասկածների, ինչպես նաև թիմակիցներին, այդ թվում՝ կանանց, նեղացնելու և նսեմացնելու դեպքերի վերաբերյալ։

    Իհարկե, այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել և չեն էլ կարող, քանի որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, միայն հայտարարել է, որ նա կմնա «քաղաքական կապիտալ», իսկ նրա հետագա ներգրավվածության ձևաչափը դեռ կորոշվի։

    Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը, հաշվի առնելով կուսակցության ներսում ձևավորված տրամադրությունները, չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ։ «Ժողովուրդ»-ին ՔՊ-ից փոխանցվել է մի հսկա ցուցակ, թե ովքեր են վերջին հինգ տարիներին ՔՊ-ում տարբեր պատճառներով լարված հարաբերություններ ունեցել Ալեն Սիմոնյանի հետ՝ դժգոհելով նրա աշխատանքային ոճից և գործընկերների հետ հարաբերություններից։ Եվ այդ դժգոհությունները, ըստ աղբյուրների, հարմար պահին ներկայացվել են Փաշինյանին։

    Ըստ այդմ, ցուցակում են՝

    Հայկ Սարգսյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ջուլիետա Ազարյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Մխիթար Հայրապետյանը, Հայկ Ցիրունյանը։

    Միաժամանակ պետք է նշել, որ նշված անձինք հրապարակային չեն հաստատում մեր այս տեղեկությունները։

    Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Ալեն Սիմոնյանի և նրա ընտանիքի ունեցվածքի, հայտարարագրերի և տարբեր հնարավոր շահերի բախումների վերաբերյալ, որոնք, ըստ մեր աղբյուրների, նույնպես ունեցել են իրենց ազդեցությունը վարչապետի որոշման վրա»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • «Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից


    Մամուլի տեսություն



    «Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարան անցած ընդդիմադիրների մոտ պարզվում է՝լուսաբացները բավական թեժ են։ Տեղի աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես «ուժեղների» թիմում մեծ մասը Նարեկ Կարապետյանի` «մանդատը տոմս է դեպի կալանավայր» հայտարարությունից հետո հրաժարվում են մանդատներից։

    Ընդ որում՝ մանդատներից հրաժարվում են թիմի քիչ թե շատ փորձառություն ունեցող անձինք»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



  • «Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում



    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր մամուլի խոսնակի փնտրտուքի մեջ է։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետը նշել է, որ նոր խոսնակը պետք է անպայման լինի իգական սեռի ներկայացուցիչ։

    Այս փուլում արդեն քննարկվում են 3-4 թեկնածուների անուններ, սակայն Փաշինյանը վերջնական որոշում դեռևս չի կայացրել։

    Ըստ կառավարական աղբյուրների՝ վարչապետին ներկայացվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի երեք ներկայացուցիչների թեկնածությունները։ Խոսքը վերաբերում է ՔՊ երիտասարդական կառույցի անդամներ Էլինա Իշխանյանին, Մելանյա Հարությունյանին և Սյուզաննա Սայադյանին։

    Երեք թեկնածուներն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավներին՝ հայտնի «16 երգի» ներքո կազմակերպված ելույթների ընթացքում։

    Այս փուլում, մեր տեղեկություններով, բավականին թեժ մրցակցություն է ընթանում վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնելու համար։

    Հավելենք, որ վարչապետի գործող մամուլի խոսնակ Նազելի Բաղդասրյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը և կրկին տեղափոխվել օրենսդիր՝ շարունակելով իր գործունեությունն Ազգային ժողովում»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • «Իրավունք». Ով է հավակնում ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. Բացառիկ մանրամասներ



    «Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնի համար կռիվ է ընկել ուժեղների թիմում։ Պարզվում է, այդ պաշտոնը փափագում է Գոհար Մելոյանը, սակայն, թիմը նրան, որպես «սվոյ» այդպես էլ մինչեւ վերջ չի ընկալում։

    Ավելին, ասում են չի բացառվում, փոխնախագահի պաշտոնը ստանձնի անձամբ Նարեկ Կարապետյանը.«Ոնց ասի հոպարը»,-մտերիմների շրջանում ասել է վերջինս։ 

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել



    Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անվերահսկելի կերպով տարածվող անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի սահմանին մոտ գտնվող երկու տասնյակ փոքր քաղաքներից և գյուղերից տարհանվել է մոտ 10,000 մարդ։

    Իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 6-ի ուժեղ քամիները կարող են էլ ավելի ուժեղացնել կրակի տարածումը։

    Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։Ֆրանսիայի Պիրենեյների նախալեռներում հրդեհը այրել է մոտ 4,600 հեկտար տարածք։

    «Այս առավոտ պայմանները կրկին վատթարանում են։ Այսօր վերսկսվում է պայքարը», – ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը TF1 հեռուստաալիքի եթերում։

    Ֆրանսիայում և ողջ Արևմտյան Եվրոպայում մայիսին և հունիսին գրանցված  բարձր ջերմաստիճանները մեծ տարածքներ են չորացրել՝ դրանք դարձնելով հատկապես խոցելի անտառային հրդեհների համար։Սահմանի այն կողմում՝ Իսպանիայում հրդեհը վնասել է 2,200 հեկտար տարածք։

    Կատալոնիայի հարավում՝ արևելյան Կաստելյոն նահանգում, 500 մարդ տարհանվել է այն բանից հետո, երբ հրդեհը ներթափանցել է Սիեռա դե Էսպադան ազգային պարկ։


  • Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ



    Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին են փոխանցել հետախուզական տվյալներ, որոնք վկայում են Իրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի ենթադրյալ նախապատրաստման մասին։ Այդ մասին՝ վկայակոչելով աղբյուրները, հայտնել է The Wall Street Journal թերթը։


    Ինչպես կարծում է հրատարակությունը, այս տեղեկատվությունը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի դիրքորոշման կոշտացմանը և Իրանի հետ հակամարտության սրմանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շարունակում է հանդես գալ Իրանի դեմ ռազմական գործողությունների օգտին, թեև Թրամփը մինչև վերջերս մնում էր դիվանագիտական լուծման կողմնակից՝ վախենալով էսկալացիայի տնտեսական հետևանքներից, պարզաբանվում է հրապարակման մեջ։

    Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Օդային հարվածների հետևանքով, ի թիվս այլոց, զոհվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների անհապաղ դադարեցում։


    Այնուհետև Շվեյցարիայի Բյուրգենշտոք քաղաքում Դոհայի և Իսլամաբադի միջնորդությամբ տեղի ունեցան ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները հուշագրի իրականացման շուրջ։ Ինչպես նշվում էր բանակցությունների առաջին փուլից հետո Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական խորհրդակցությունների անցկացման համար։

    Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված պայմանավորվածությունների պայմանները խախտելու մեջ։


  • Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են մի քանի ավտոմեքենա. կան վիրավnրներ



    Այսօր՝ հուլիսի 10-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Volkswagen», «Kia Forte», «Kia» և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով երկու անչափահաս ուղևորներ տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

    Բախման հետևանքով «Kia» մակնիշի ավտոմեքենաներից մեկը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Chevrolet Volt»-ն ու «Kia» մակնիշի մյուս ավտոմեքենան ունեցել են ճակատային բախում։


  • Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն



    Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը: Այս մասին գրված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X-ի էջում:

    ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել է իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ներկայումս առևտրային նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով իրականացվում է բացառապես Թեհրանի կողմից հաստատված երթուղով։

    «Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը», – հայտարարել են CENTCOM-ում։ Այնտեղ ընդգծել են, որ ամերիկյան զինված ուժերն ամեն կերպ աջակցում են առևտրային նավերի անվտանգ անցմանը նեղուցով։


    «Մայիսի սկզբից ամերիկյան զորքերը նպաստել են ավելի քան 800 առևտրային նավերի և 380 մլն բարել հում նավթի հաջող տարանցմանը այս կենսական միջազգային առևտրային միջանցքով», – շեշտել են հրամանատարությունում։