Category: Newday.am

  • Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

    Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մարտին սթար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Աշտարակի խճուղի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

    Մասնավորապես՝

    • լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնային պաղպաղակ բրիկետ վանիլային» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

    Սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով: Այս մաին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

    Երևանում հուլիսի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
    Հանրապետության տարածքում հուլիսի 10-ի ցերեկը, 11-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամինհարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-15-ին առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը միայն Լոռիում և Տավուշում կնվազի 4-5 աստիճանով։

  • ԱՄՆ մասնագետները Հայաստանում են՝ ԹՐԻՓՓ-ի երկաթուղային նախագծի նախապատրաստման համար

    ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և ՀՀ կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

    «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին ԹՐԻՓՓ-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,- ասված է հաղորդագրությունում։

  • Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ «Ուժեղ Հայաստան»

    Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:

    Ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ։

    «Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում,  թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:

    Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը»:

  • «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորի թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ. Սարգսյան

    «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորի թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ: Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

    «Սիրելի հայրենակիցներ,

    «Հայաստանը ես եմ» նախաձեռնության գործընկեր «Միավորված հայեր» կուսակցության ցուցակով «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր 31 պատգամավորների թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։

    Ընտրական ցուցակում ընդգրկված մեր բոլոր գործընկերները՝ մտավորականներ, գիտնականներ, բժիշկներ ու մանկավարժներ, հավատարիմ մնալով իրենց ուղուն և սկզբունքներին, այս միասնական քայլով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր նպատակն ի սկզբանե եղել է ոչ թե լոկ մանդատ ստանալը, այլ պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության, ինքնիշխանության, արժանապատվության և բարեկեցության։

    Քաջ գիտակցելով հայրենիքի առջև ծառացած բարդագույն մարտահրավերները և առավել քան երբևէ կարևորելով համազգային միասնականությունն ու անմնացորդ նվիրումը՝ հայտարարում ենք, որ մենք շարունակելու ենք մեր ակտիվ քաղաքական ու հասարակական գործունեությունը՝ օգտագործելով պայքարի ողջ զինանոցը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության հզորացման և մեր երկրի բարօրությանը խոչընդոտող գործող իշխանությունների հեռացման։

    Միասնականություն, հաստատակամություն և անկոտրում կամք»,-գրել է նա:

  • Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը, որպես անկլավ, արձանագրված է. շատ կարևոր նրբություն է, կարծում եմ՝ պետք է հայելային մոտեցում ցուցաբերենք. Փաշինյան

    Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավների, էքսկլավների թեմայից հրաժարվում ենք կամ կարող ենք հրաժարվել: Ո՛չ, մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք, ինչպիսին կլինեն լուծումները՝ քննարկման հարց է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

    «Այդ հարցը տեղափոխել ենք մի հարթություն, որ այդ թեմայի շուրջ լրացուցիչ նյարդ, այդ թվում՝ արտաքին օգտագործման, չկիրառվի: Հարցը կա, հարցը պետք է հասցեագրվի՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և այն քարտեզների, որոնք դրվում են սահմանազատման հիմքում»,-նշել է նա:

    Փաշինյանը հավելել է, որ ուզում է հիշեցնել՝ այդ թեմայով ՀՀ-ն, մեղմ ասած շահագրգռություն ունի, որովհետև Արծվաշեն գյուղն էքսկլավային կարգավիճակով գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և ՀՀ ինքնիշխան տարածք է՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով արձանագված սկզբունքների:

    «Այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա: Տաբերակ 1. որ տարածքը՝ որևէ անկլավի կամ էքսկալվի, անկլավային կամ էքսկլավային կարգավիճակով շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք, օրինակ՝ համարժեք տարածքները սահմանի երկայնքով, համարժեք տարածությամբ, այսպես ասած փռել, կամ կոնկրետ տեղանքներով իրականացնել փոփոխություններ»,-,մանրամասնել է նա և նշել, որ ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված կարգով պետք է այդ թեմային անդրադառնալ:

    Փաշինյանն ասել է, որ աշխատանքի ընթացքում, մեկ-մեկուկես ամիս առաջ մի նրբություն է նկատել և ներկայացրել է՝ ինչ նրբություն:

    «Ադրբեջանի դրամի և անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը, որպես անկլավ արձանագրված է: Սա շատ կարևոր նրբություն է և կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով, համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք:

    Դա է բխում այն պայմանավորվածություններից և նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլև ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի, ընտրություններով արժանացել է հավանության»,-նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ադրբեջանական դրամի և անձնագրերի մեջ Արծվաշենը նշված է այլ գույնով, որպես Ադրբեջանին չպատկանող տարածք:

    Նա շարունակել է խոսել թեմայի մասին, ասելով՝ դա շատ էական փաստ է, այդ թվում՝ քաղաքականություն, վերաբերմունք և դիրքորոշումներ մշակելիս:

    «Սա ազդարարում է հետևյալը՝ մենք պետք է առաջնորդվենք ոչ թե այն տրամաբանությամբ, որ ով ինչ առել է վերահսկողության տակ, նշանակում է՝ իրեն է պատկանում, այլ պետք է առաջնորդվենք խաղաղության համաձայնագրի տրամաբանությամբ»,-ասել է Փաշինյանը:

  • Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

    Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, որոնվող քաղաքացու հարազատները հայտնել են, որ հավանական է՝ Իջևան քաղաքի Շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս նա անզգուշաբար ընկած լինի Աղստև գետը։

    Մեկ ժամից ավելի տևած որոնողական աշխատանքների արդյունքում ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերվել է որոնվող քաղաքացու մարմինը։

    Մարմինը դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ և պատգարակ։

    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

    Ըստ տեղեկությունների՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 80-ամյա Սեյրան Օ.-ն է։

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացեք տուն.գործարանը աշխատելու է. «Արատցեմենտ»-ի տնօրեն

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնացեք տուն.գործարանը աշխատելու է. «Արատցեմենտ»-ի տնօրեն

  • Երկրաշարժ՝ Հայաստանում

    Երկրաշարժ՝ Հայաստանում

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ազատագրելը ո՞րն ա. աշխատակիցները պատասխանում են Փաշինյանի սպառնալիքներին

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ազատագրելը ո՞րն ա. աշխատակիցները պատասխանում են Փաշինյանի սպառնալիքներին