Category: Newday.am

  • Արարատի մարզում՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին, բшխվել են «Ford Tranist»-ը և «Hyunadi Sonata»-ն․ կա զnh

    Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «Ford Tranist» մակնիշի և «Hyunadi Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաք վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

    Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր միչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով

    Երևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-13-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

  • ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու. տեղի է ունեցել առանձնազրույց Ծառուկյանի հետ

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է տեղեկություն առ այն, որ 2026 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

    Ավելի ուշ, հրապարակվել է տեղեկություն առ այն, որ վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել  է կալանք խափանման միջոցը:

    Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին ստացվել են նաև ահազանգեր առ այն, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և իրեն պատականող այլ տարածքներում իրականացվում են խուզարկություններ, սակայն վարութային գործողության վայր ներկայացած փաստաբաններին չի թույլատրվում մուտք գործել և մասնակցել համապատասխան գործողությանը: ՄԻՊ հաստատության արագ արձագանքման արդյունքում մի շարք բարձրացված հարցեր ստացել են լուծում: Մյուս ահազանգերի վերաբերյալ հարցի ուսումնասիրությունը Պաշտպանի աշխատակազմում շարունակվում է:

    Ավելի ուշ տարածվել է գործին առնչվող տեսանյութ՝ անձին փաստացի ազատությունից զրկելու պահը ներկայացնող կադրերով, ինչի առնչությամբ ներկայացվել են մտահոգություններ առ այն, որ անձի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկական ուժ այն պարագայում, որ ըստ այդ մտահոգությունների՝ վերջինս ի սկզբանե չի ցուցաբերել որևէ դիմադրություն, իսկ կիրառված ձեռնաշղթան եղել է անձի դաստակների չափից փոքր:

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2026 թվականի հուլիսի 8-ին այց են իրականացրել ՀՀ  ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, առողջական վիճակին, պահման պայմաններին և իրավունքների ապահովմանն առնչվող  այլ հարցերը: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինները առանցքային դեր ունեն իրավախախտումների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի հարցերում։ Պետությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ իրավախախտումների կանխման, բացահայտման, դրանց վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու հարցում: Այդ նպատակների իրականացումը ենթադրում է նաև տարբեր գործիքների կիրառում, այդ թվում՝ անձանց ազատազրկում, ֆիզիկական ուժի կիրառում, օրենքով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում։ Միևնույն ժամանակ, առանցքային է, որպեսզի իրավապահ և այլ իրավասու մարմիններն իրենց գործառույթներն իրականացնեն ոլորտին վերաբերելի մարդու իրավունքների չափանիշների խստիվ պահպանմամբ:

    Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է համապատասխանի օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին, իսկ դրանց կիրառման իրավաչափությունը ենթակա է գնահատման՝ յուրաքանչյուր գործի կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա։ Ձեռնաշղթայի կամ ֆիզիկական ուժի կիրառման իրավաչափությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես անձի ձերբակալված լինելու հանգամանքով, այլ պետք է հիմնված լինի կոնկրետ փաստական հանգամանքների վրա, որոնք կարող են վկայել, օրինակ՝ դիմադրության, փախուստի, ինքնավնասման կամ այլ անձանց անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին։ Եթե անհրաժեշտ է համարվում անձի նկատմամբ ձեռնաշղթա կիրառել, այն ոչ մի դեպքում չպետք է չափազանց ամուր լինի և պետք է կիրառվի միայն այնքան ժամանակ, որքան դա խիստ անհրաժեշտ է:

  • Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում

    Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը` կանանց  միջազգային  մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում.

    «Ադրբեջանում պահվող հայ  բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց  միջազգային  մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում հրապարակային նամակներ եմ հղել միջազգային և պետական այն կառույցներին, որոնց մասնակցությունից  կարող է կախված լինել այցի կազմակերպումն ու  պատվիրակության անդամների անվտանգությունը։

    Նախաձեռնության նպատակը բացառապես մարդասիրական է. հանդիպել Ադրբեջանի Հանրապետության օմբուդսմենի հետ, տեսակցել Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիներին, նրանց փոխանցել հարազատների նամակները, լուսանկարներն ու թույլատրելի  այլ անձնական իրեր։

    Հենց այդ պատճառով կարևոր եմ համարում  հանդես գալ բաց և հրապարակային՝ պաշտոնական ու դիվանագիտական ուղիների միջոցով:

    Առանձնահատուկ նշանակություն ունի հնարավոր այցի բոլոր փուլերի կանխատեսելիությունն ու համաձայնեցվածությունը՝ մուտքը Ադրբեջան, գերիների տեսակցության կազմակերպումը և պատվիրակության անդամների բարեհաջող վերադարձը։ Մասնակիցների և նրանց ընտանիքների համար կարևոր է իմանալ, որ նախաձեռնությունը  նախապատրաստվում է պաշտոնական ձևաչափով  և  անվտանգության երաշխիքների առկայությամբ, որպեսզի այն որևէ վտանգ չներկայացնի նրանց կյանքի և անվտանգության համար։

    Այս նպատակով ես բաց նամակներով դիմել եմ՝

    • Ադրբեջանի Հանրապետության մարդու իրավունքների  պաշտպան Սաբինա Ալիևային՝ խնդրելով աջակցել, որպեսզի այցը կազմակերպվի իր գրասենյակի հովանու ներքո և դրա իրականացման համար ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ։

    • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին՝ խնդրելով դիտարկել ԿԽՄԿ-ի մանդատի շրջանակում աջակցություն, խորհրդատվական օժանդակություն կամ մասնակցություն ցուցաբերելու հնարավորությունը։

    • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տեղեկացնել ՀՀ կառավարության կողմից հնարավոր քայլերի, համակարգման կամ գործնական աջակցության մասին։

    • Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ դիվանագիտական ուշադրության և եվրոպական կառույցների կողմից հնարավոր աջակցության խնդրանքով:

    Երկարատև կալանքի տակ գտնվող մարդկանց համար նման նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի։ Նրանց առողջական վիճակը, պահման պայմանները և ընտանիքների հետ կապը չպետք է մատնվեն  անուշադրության կամ կախված լինեն  պատահականությունից։  Խոսքը մարդու հիմնարար իրավունքի մասին է՝ իմանալ, թե ինչ է տեղի ունենում իրենց հարազատների հետ,  նրանց աջակցության խոսքեր փոխանցելու  հնարավորություն ունենալ և համոզվել, որ իրենք մոռացված չեն»:

  • ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո

    Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկում է, թե ինչպես կարող է Բրյուսելը լավագույնս աջակցել Հարավային Կովկասի հաղորդակցային երթուղիների զարգացմանը։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ խոսելով Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի շուրջ։

    «Տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման առաջընթացը աներևակայելի տպավորիչ է եղել, և իհարկե, մենք, որպես Եվրոպական միություն, ձգտում ենք լինել ամուր գործընկերներ Հայաստանի Հանրապետության, բայց նաև՝ Ադրբեջանի համար, որպեսզի այդ խաղաղությունը դառնա կայուն իրականություն, որն օգուտ կբերի բոլոր մարդկանց»,-շեշտեց Գրոնոն:

    ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Բրյուսելը տարբեր միջոցներով և ձևերով աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։

    «Իհարկե, կա քաղաքական աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին, քանի որ նրանք առաջ են տանում խաղաղության գործընթացը, բայց կան նաև ջանքեր՝ աջակցելու առանձին ուղղություններին, որտեղ քննարկումները շարունակվում են, որոնք կարող են օգուտ բերել երկու կողմերի մարդկանց: Այսպիսով, մենք, իհարկե, որպես դրա մաս, դիտարկում ենք, թե ինչպես կարող ենք լավագույնս աջակցել նաև մարդասիրական հարցերին, և այդ առումով՝ ականազերծումը գլխավորն է: Այն կարող է ազդեցություն ունենալ անմիջականորեն տուժած համայնքների վրա։ Կարող է նաև կարևոր ազդեցություն ունենալ, եթե կապի օրակարգի և տարածաշրջանի ավելի լայն ապաշրջափակման մասին, քանի որ կառուցվում են նոր տարանցիկ գծեր»,-նշեց ԵՄ հատուկ ներկայացուցիչն՝ անդրադարձ կատարելով այսօր Հայաստան հասած ժամանակակից ականազերծման մեքենային, որը նվիրաբերվել է Եվրոպական միության կողմից:

    Գրոնոն կրկին շեշտեց՝ տարածաշրջանային կապի և Հարավային Կովկասի ավելի լայն ապաշրջափակման օրակարգը նույնպես ԵՄ ուշադրության կենտրոնում է։

    «Մենք քննարկում ենք Հայաստանի իշխանությունների, բայց նաև, իհարկե, Ադրբեջանի գործընկերների հետ, թե ինչպես լավագույնս աջակցել այս երթուղիների զարգացմանը, որպեսզի բոլոր երկրները ներգրավված լինեն, այդ երթուղու երկայնքով տեղակայված համայնքների բոլոր բնակիչներն օգտվեն դրանից, և, իհարկե, մենք զգալի ներդրում ունենանք այն բանում, ինչը ԵՄ-ի համար առաջնահերթություն է․ խոսքը «Միջին միջանցք»-ի հաղորդակցային նախագծի մասին է, որը Ասիան Հարավային Կովկասով կապում է Եվրոպային»,-ընդգծեց Մագդալենա Գրոնոն։

  • Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպում. քննարկվել է հետընտրական իրավիճակը, հետագա անելիքները

    «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել դաշինքի անդամների հանդիպում: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից:
    Քննարկվել է հետընտրական իրավիճակը, հետագա անելիքները։

  • Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. ամեն պարագայում մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է պահպանվի. Նազիկ Ավդալյան

    Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. ամեն պարագայում մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է պահպանվի: Գրել է Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։

    «Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, անընդհատ պահանջում են մեզանից։

    Ես պարզապես ցանկանում եմ, որ ամեն պարագայում, պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Որպես մարդ և որպես մարզիկ՝ չեմ կարող անտարբեր մնալ և այս օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել՝ Գագիկ Ծառուկյանին, իմ սիրելի տիկին Ռոզային և ընտանիքին՝ մաղթելով ուժ և համբերություն։

    Հուսով եմ, որ ամեն ինչ արագ կպարզվի և այս իրավիճակը կավարտվի խաղաղ ու արժանապատիվ հանգուցալուծմամբ»։

  • ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում. Ռուբեն Մելիքյան

    Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում։ Այս մասին գրել է Ռուբեն Մելիքյանը:

    «Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել բուն դասավանդման որակի վերաբերյալ որևէ նկատառում։

    Հակառակ մեծ զբաղվածությանս, Համալսարանական նոր սերունդների կրթությանը տասնամյակներ շարունակ իմ լուման ներդնելու որոշումս առաջին հերթին պայմանավորված է եղել իմ Մայր կրթօջախի նկատմամբ ունեցածս բարոյական պարտավորությամբ։ Ուստի Մայր բուհում 23-ամյա դասախոսական աշխատանքս ավարտում եմ հանգիստ խղճով ու բացճակատ։

    Միևնույն ժամանակ, ԵՊՀ ռեկտորի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի այս որոշումը դիտարկում եմ որպես կամայականության ու ապօրինության դրսևորում։ Այն փոքր կաթիլ է Հայաստանի «ադրբեջանացման» հրեշավոր ծրագրում, որի կարևոր բաղադրիչ է գիտա-կրթական համակարգի վեթինգը։ Այս առումով, իմ հանդեպ կայացված որոշումը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, ցավոք, վերջինը։

    ՀԳ. Կրթական ու գիտական գործունեությունս բնականաբար շարունակելու եմ։ Մոտ օրերս կհայտարարեմ Մխիթար Գոշի Հայոց Դատաստանագրքի վերաբերյալ մենագրությանս շնորհանդեսի օրը։ Շուրջ 6 տարվա աշխատանքս շուտով կհանձնեմ ընթերցողի դատին, ու կտեսնեք՝ որքա՜ն նման են ժամանակները։ Այն ժամանակ նույնպես մարդիկ պայքարում էին Հայաստանը «ապահայկականացման» ծրագրի դեմ ու նույնպես ենթարկվում էին տարատեսակ հալածանքների»,-գրել է նա:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազիկ Ավդալյանը փորձում է ինքնամաքրվել, ավելի լավ է` տեքստը ջնջի. Լիաննա Մանուկյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նազիկ Ավդալյանը փորձում է ինքնամաքրվել, ավելի լավ է` տեքստը ջնջի. Լիաննա Մանուկյան

  • Աբովյանը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին աջակցող քաղաքացիներին

    Արման Աբովյանը գրում է.

    Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց՝ ծանոթ ու անծանոթ, ովքեր երեկվանից այս կամ այլ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին։

    Փաշինյանն ու նրա ուժայինները այդպես էլ չհասկացան, որ ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որը վախի փոխարեն սկսել է ծնել հայերի համախմբում։

    Չեմ ուզում հիմա դիմել փաշիստներին և իրենց ինքնությունից հրաժարված նախկին հայերին։ Անկեղծ ասած՝ զզվելի է խոսել այն մարդկանց մասին , ովքեր իրենց խիղճն ու էությունը փոխանակել են թուրքական «երշիկի» հետ։ Նրանց մասին խոսել չեմ ուզում․ նրանք արդեն փտել են ներքուստ։

    Ուզում եմ պարզապես ևս մեկ անգամ ասել. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ։