Category: Newday.am

  • Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

    Վարչապետի համապատասխան որոշման համաձայն՝ նախարարը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

    Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

  • Հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքների վերաբերյալ տվյալներ ենք ստացել. իրավապաշտպան

    Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել»: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:

    Իրավապաշտպանը նշեց, որ այդ մտահոգիչ տեղեկությունները թեև ինքնուրույն ստուգել չի հաջողվել, սակայն, ըստ նրա, դրանք արժանահավատ են և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:

    «Ազատությունը» այս տեղեկությունը ինքնուրույն կամ այլ անկախ աղբյուրներից ստուգելու հնարավորություն չունի, քանի որ անցած տարի Բաքվում ադրբեջանական կողմի պահանջով փակվեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը և միջազգային մի շարք այլ կառույցներ:

    Սիրանույշ Սահակյան. — Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք, և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել:

    «Ազատություն». — Այսինքն ծանր դեպքեր ունե՞նք այս պահի դրությամբ:

    Սահակյան. — Այո, նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ: Ինքնուրույն ստուգելու հնարավորություն չունենք, իհարկե չեմ կարծում, որ ընտանիքները ունեն շարժառիթ սխալ կամ սուտ տեղեկություն ներկայացնելու, այս պահին մենք վստահում ենք այդ տեղեկատվությանը:

    «Ազատություն». — Ի՞նչ վնասվածքների մասին է խոսքը:

    Սահակյան. — Այդ թվում կոտրվածքներ:

    «Ազատություն». — Այսինքն բռնությա՞ն հետևանքով կոտրվածքներ:

    Սահակյան. — Չենք բացառում: Պատճառները չենք կարող վեր հանել, բայց մի քանի ահազանգի պարագայում դա եղած առողջական վիճակի սրման ահազանգ է, բայց կան դեպքեր, որոնք բռնության կամ միջամտության տարրեր կարող են ենթադրել:

  • Ծաղկաձորի ճոպանուղում լույսերն անջատվել են. քաղաքացիները մնացել են օդում

    ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Ծաղկաձորի ճոպանուղու աշխատանքը խափանվել է էլեկտրամատակարարման դադարեցման հետևանքով, ինչի պատճառով տասնյակ քաղաքացիներ հայտնվել են անհարմար և վտանգավոր իրավիճակում։

    Ահազանգած քաղաքացիները պատմել են, որ հոսանքի անջատման պահին ճոպանուղու մի մասը կանգ է առել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են օդում կախված նստատեղերում, մյուսները՝ սարի տարբեր հատվածներում՝ չկարողանալով շարունակել վերելքը կամ իջնել ներքև։

    «Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը խուճապի է մատնել հատկապես երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին։ Նրանց խոսքով՝ որոշ ժամանակ ճոպանուղին ամբողջությամբ չէր գործում, իսկ տեղում աշխատակիցները շտապում էին խնդիրը րոպե առաջ կարգավորել:

    Վերևում սրճարանն էլ չէր աշխատում: Տուրիստական Ծաղկաձորում որքան հնարավոր է՝ անհարմարություններ պատճառեցին զբոսաշրջիկներին»,- գրել է լրատվամիջոցը։

  • Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

    Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

    Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

    • վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
    • բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
    • նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
    • ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
    • կատարել չոր խոտի, խոզանի այրում,
    • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

    Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին:

     

  • Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մաhացել է

    Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում 51-ամյա Էդիկ Հ․-ն իր վարած՝ քարով բարձված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

    Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաինյանը ընդգծել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը

    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

    Նախագահ Մակրոնը ևս մեկ անգամ շնորհավորել է վարչապետ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։

    Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին շարունակական աջակցության համար: Վարչապետն ընդգծել է նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։

    Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերին։

    Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Երկուստեք ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։

  • Ազատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու մյուսներն են Բաքվի բերդում ու Արմենը՝ Երևանի բերդում. Նաիրա Զոհրաբյան

    Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է. Աշոտյանը տարեդարձը նշում է ՔԿՀ-ում։

    ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է՝ Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ։

    «Ես չեմ հիշում ավելի վատ ժամանակներ, քան հիմա է։ Բայց մի բանում ես վստահ եմ՝ բումերանգի թարս սալտոյից ոչ մեկը չի պլստալու։ Արմենը հերթական անգամ իր ծննդյան օրը բերդում է։ Վերջին 4 տարում երեք անգամ Արմենն իր ծննդյան օրը եղել է բերդում, մեկը՝ տնային կալանքի տակ։

    Արմենը բերդում է, որովհետեւ այդպես է որոշել մեկ մարդ։

    Բայց, իրապես, ազատ մարդ կարելի է լինել ու էդպիսին մնալ նաեւ բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու մյուսներն են Բաքվի բերդում ու Արմենը՝ Երեւանի բերդում։

    Արմեն ջան, էս էլ կանցնի։

    Ծնունդդ շնորհավո՛ր»,- գրել է Զոհրաբյանը։

  • Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

    Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը` վկայակոչելով Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի հայտարարությունն՝ արված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպմանը։

    Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Պաքնեջադը հավելել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել առկա ենթակառուցվածքները, և Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու միջոցով հայկական շուկայից դուրս գազի առևտրի ընդլայնման նպատակահարմարությունը:

    Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում։

  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

    Երևան քաղաքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։

    Հուլիսի 25-30-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

    Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին կբարձրանա 2-4 աստիճանով։

  • Երևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժած

    Այսօր՝ հուլիսի 25–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10.35–ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi», «Hyundai» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

    Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։