Category: Newday.am

  • Նույն անձը չի ցնցվո՞ւմ, երբ պարկերի մեջ տղաների մարմինները քայքայվում են դիահերձարաններում․ զոհվածի ծնողը՝ ՔՊ-ական պատգամավորին

    Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Պատերազմի օրերին մի քանի օր հորը դիահերձարաններում փնտրած ու ողջ-առողջ գտած ՔՊ-ական պատգամավորուհին ԱԺ ամբիունում հուզվում է, ասում, որ ցնցվել է, վեր է թռել Վարդևանյանի խոսքից՝ հիշելով իր տառապանքները: Հասկանում եմ, հարազատիդ դիահերձարանում փնտրելու միտքն անգամ խելագարեցնող է, հիշողությունը՝ չջնջվող: Բայց, լսելով ելույթը՝ հարց է առաջանում. նույն անձը չի՞ ցնցվում ու վեր չի՞ թռչում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք, երբ Եռաբլուրում քաշքշում ու ասֆալտին են փռում դիահերձարաններում ման եկած ու որդիների միայն մասունքները գտած ծնողներին, երբ պարկերի մեջ հատակին գցած տղաների մարմինները քայքայվում են դիահերձարաններում…

    Բարոյական ապտակ հասցնելով ընդդիմադիր պատգամավորին, թագուհի ղազարյանը լալահառաչ ամփոփում է՝ ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել այն մարդկանց վիրավորանքը, որոնց ընտանիքի անդամները չեն վերադարձել պատերազմից: Ասում է՝ էդ ապրումները ունեցած պիտի լինես՝ մարդկանց հանդեպ այդ զգայունությունը ունենալու համար:

    Կրկին՝ հարց ՔՊ-ական պատգամավորուհուն. այդ «զգայունությունը» դրսևորվու՞մ է, օրինակ, երբ ծնողների աչքի առաջ պատերից ջնջում են զոհված տղաների նկարները, վերացնում փառքի անկյունները, արժեզրկում այն ամենն, ինչի համար նրանք զոհվել են, ասում, որ զոհվել են հանուն ոչնչի, թե՞ «զգայունությունը» միայն սեփական անձի ու յուրայինների նեղ շրջանակի համար է:

  • Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

    Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները և դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

    «Հորմուզի նեղուցի բացումը կախված է Միացյալ Նահանգների կողմից Իրանի պայմանների լիակատար ընդունումից և տարածաշրջանային բանակցությունների գործընթացին միջամտելուց ամերիկյան կողմի հրաժարումից։ Հենց որ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը, անասկած, կբացվի», — ասել է նա։

    Օգոստոսի 5-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, այդ հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

  • Մահացել է Մեսսիի հայրը

    68 տարեկանում մահացել է արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին։

    Խորխե Մեսսին երկար ժամանակ բուժում ստացել ծանր հիվանդության դեմ։ Մահացել է հիվանդանոցում։

    Նա երկար տարիներ որդու մենեջերն է եղել։

  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։

    Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար։

    Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի և իրավապահ մարմինները պետք է ունենան պատշաճ հնարավորություն գործերով ամբողջական ու բազմակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, անձի ձերբակալության, մեղադրյալի կարգավիճակ ունենալու, քրեական հետապնդում իրականացվելու կամ ցանկացած այլ հանգամանք չի վերացնում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքն ու դրա պաշտպանության կարևորությունը, և չի տալիս անձանց վերաբերյալ անձնական տվյալները հրապարակելու անսահմանափակ հնարավորություն։

    Պետական մարմինների կողմից հանրային հաղորդակցության նպատակով տեղեկատվության տարածումը ենթադրում է նաև անհրաժեշտության և համաչափության գնահատում։ Հանրային հետաքրքրությունը, այդ թվում՝ քրեական վարույթի նկատմամբ առկա հասարակական ուշադրությունը, ինքնին չի կարող արդարացնել անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումը։

    Նման հաղորդագրությունը հատկապես անթույլատրելի է և զգայուն կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

    Մարդու իրավունքների տեսանկյունից այս համատեքստում անհասկանալի է նաև այնպիսի զգայուն տեղեկատվության, ինչպիսին կրոնական համոզմունքին առնչվող հանգամանքի շեշտադրումն է հրապարակային հաղորդակցության շրջանակներում:

    Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է նաև, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Անձի նկատմամբ քրեական վարույթի իրականացումը կամ ձերբակալությունը չի կարող ներկայացվել կամ լուսաբանվել այնպիսի ձևաչափով, որը կարող է հանրության շրջանում ձևավորել նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք՝ նախքան մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։

    Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվության հրապարակման ընթացքում մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, անձնական տվյալների պաշտպանության և անմեղության կանխավարկածի երաշխավորումը ոչ թե ցանկալի գործելակերպ է, այլ պետական մարմինների պարտականություն։

    Միևնույն ժամանակ, գործին առնչվող նաև տարբեր այլ ահազանգեր են ստացվել ՄԻՊ թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով: Այս պահին էլ տարբեր հարցերի առնչությամբ իրականացվում են համապատասխան գործողություններ: Դրանք ամփոփելուց հետո հրապարակման ենթակա տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ:

  • Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է. տեսանյութ

    Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է.

    Քաղաքում և վարչական տարածքներում կառուցվում  և բարեկարգվում են զբոսայգիները, գլխավոր և ներհամայնքային ճանապարհները, ջրագծերը և այլ կարևոր ենթակառուցվածքներ:

    Համայնքապետ Կարեն Եղիազարյանը անձամբ հետևում է շինաշխատանքների կատարմանը: 

    Մանրամասները` Newday.am-ի տեսանյութում

  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

    Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից, «Firebird AI» արհեստական բանականության գործարանի բացման արարողության ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

  • Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

    Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին:

    Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:

    Ըստ Սուրբ Գրքի՝ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո մոտ 12 տարի պահք է պահել և այցելել իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան է այցելել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից վերափոխվելու մասին. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

    Ապա 14 օր անց Գաբրիել հրեշտակապետը կրկին գալիս ու հայտնում է Աստծո մոտ  փոխվելու մասին: Մինչ հեռանալը Մարիամը խնդրում է Հովհաննեսին Սուրբ Պատարագ մատուցել` իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը հաղորդվելու համար: Այդ ժամանակ Հովհաննես առաքյալը կատարեց Պատարագի Սուրբ խորհուրդը, և Աստվածածինը բոլորին հայտնեց իր հեռանալու մասին` նշելով իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը:

    Հովհաննեսը վերցրեց  մի տախտակ ու տվեց Տիրամորը՝ խնդրելով, որ նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց ու դրեց երեսին, թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ կարողանան բժշկվել իրենց մեղքերից և հիվանդություններից:

    Ինչո՞ւ է Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում նաև խաղողօրհնեք: Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Ինքն Իրեն խաղողի որթ անվանելով:

    Ամեն տարի Երևանի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդունում է բազում ուխտավորների, ովքեր տոնի նախորդ գիշերը կամ առավոտյան ուխտագնացությամբ բարձրանում են եկեղեցի, մասնակցում Սուրբ Պատարագին ու խաղողօրհնեքին: Արդեն ավանդույթ դարձած ուխտագնացությանը մասնակցում են հարյուրավոր բնակիչներ: Աստվածածնի վերափոխման տոնին Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ և շատ այլ անուններ տոնելի են:

    Տոնից մեկ շաբաթ առաջ սկսվում է պահքը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:

  • Մտել եք Արգամ Աբրահամյանի տուն, շոու սարքել, չե՞ք հոգնել այս ամենից․ Անի Կարապետյան

    Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

    Մամուլից տեղեկացա, որ ձերբակալվել է Արգամ Աբրահամյանը։

    Արգամ Աբրահամյանի հետ երբեք մտերիմ հարաբերություններ չեմ ունեցել, ավելին՝ մենք միշտ հակադիր քաղաքական հայացքներ ենք ունեցել։ Բայց դա չի փոխում այն փաստը, որ Արգամ Աբրահամյանը եղել է սիրված քաղաքապետ՝ զուսպ, հավասարակշռված, դաստիարակված ու համեստ վարքագծով մարդ, ով միշտ առանձնացել է իր պահվածքով։

    Մտել եք Արգամ Աբրահամյանի տուն, շոու սարքել, պառկեցրել գետնին։ Դուք չե՞ք հոգնել էս շոուներից։ Մարդը հանգիստ կանգնած էր, չէր փախչում ու փախչող էլ չէր։

    Այ կյանքով նվաստնե՛ր, բավական է։ Իրավական գործընթացը կարելի է իրականացնել առանց էս խայտառակ ներկայացումների ու մարդու արժանապատվությունը նվաստացնող տեսարանների։

    Խստորեն դատապարտում եմ իրավապահ մարմինների կողմից նման վարքագիծը, որը շարունակում է մնալ ամբողջությամբ իշխանությունների կամակատարը՝ բութ գործիքը։

    Իմ աջակցությունն եմ հայտնում Արտաշատի նախկին քաղաքապետ, սիրված ու հարգված, բարձր մարդկային որակներով օժտված Արգամ Աբրահամյանին։

  • Բացահայտվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից պատվիրված uպանnւթյան դեպքը

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:

    Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

    Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

    2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

    Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վրեժն ու ատելությունն այնքան մեծ է, որ անգամ նրա համախոհների նկատմամբ է որս սկսվել։

    Մեզ ասացին, որ Ծառուկյանի կալանավորումից հետո իրավապահներն արդեն հետաքրքրվում են նրան աջակցություն հայտնող, ակցիաների մասնակցող շարքային քաղաքացիներով։ Այցելում են նրանց կամ կանչում բաժիններ, փորձում վախները բռնել, հետ պահել աջակցության ակցիաներին մասնակցելուց։

    Մեզ այս մասին պատմող քաղաքացին եւս վախեցավ անունն ասել, պատմեց, որ իրեն էլ են իրավապահները կանչել, հետաքրքրվել՝ ինչու, ինչ նկատառումներով է մասնակցում բողոքի ակցիաներին»: