Category: Newday.am

  • ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել Արգամ Աբրահամյանի ձերբակալության հետ կապված՝ նրան վերագրելով սպանության պատվեր

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի կողմից:

    Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արգամ Աբրահամյանը կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

    Այնուհետև, Արգամ Աբրահամյանը օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

    2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

    Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Փաշինյանը զանգահարել է Ալիևին

    2026թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

    Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առիթով, որի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատվեց խաղաղություն, ինչպես նաև նախաստորագրվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը։

    Կողմերը հատկապես նշել են նախագահ Դոնալդ Թրամփի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կարևոր դերը խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։

    Կողմերը նշել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առաջընթացը։

    Զրույցի ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը՝ որպես խաղաղության օգուտների շոշափելի դրսևորում։ Այս համատեքստում, կողմերը նշել են ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ինչպես նաև տարանցիկ բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններ։

    Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել TRIPP երթուղու իրականացման վերաբերյալ՝ համաձայն Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների։

    Կողմերն ընդգծել են խաղաղության գործընթացի առաջմղման և տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, կապակցվածության և տնտեսական համագործակցության ապահովման ջանքերը շարունակելու կարևորությունը։

  • Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել. Մխիթարյանը բացահայտել է, թե ինչն է ստիպել երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ

    Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2026/27 մրցաշրջանի մեկնարկից առաջ լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականին՝ խոսելով պայմանագրի ժամկետի երկարաձգման դրդապատճառների, թիմում իր դերի և կարիերայի հնարավոր ավարտի մասին։

    Պայմանագրի երկարաձգման մասին

    Անդրադառնալով այն հարցին, թե ինչն է իրեն համոզել երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ և արդյոք ունի խաղաժամանակի որոշակի երաշխիքներ, Մխիթարյանն ասել է.

    «Ես ոչ մի երաշխիք չեմ ստացել. դա նույնիսկ արդարացի չէր լինի, քանի որ ես ինքս պետք է խաղադաշտում ապացուցեմ՝ արժանի եմ տեղ ունենալ թիմում, թե ոչ: Բայց զգում եմ, որ կարող եմ ևս մեկ տարի բարձր մակարդակով խաղալ, ուստի ակումբի հետ միասին որոշեցինք մնալ ևս մեկ տարի: Հետո կտեսնենք»։

    Թիմում ունեցած դերի մասին

    Խոսելով նոր մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում իր առաքելության և դերի մասին՝ հայ ֆուտբոլիստը նշել է.

    «Դերը սովորականն է։ Ես միշտ մարզվել եմ առավելագույնս, որպեսզի օրինակ ծառայեմ մյուսներին, հատկապես՝ երիտասարդներին»։

    Կարիերայի հնարավոր ավարտի մասին

    Պատասխանելով այն ինտրիգային հարցին, թե արդյոք սա իր կարիերայի վերջին տարին է, կիսապաշտպանն անկեղծացել է.

    «Չգիտեմ (ծիծաղում է)։ Այսօր անհնար է դա որոշել: Պետք է հասկանամ, թե ինչպես ինձ կզգամ այս մրցաշրջանի ավարտին: Իմ տարիքում իմաստ չունի երկարաժամկետ ծրագրեր կազմել»։

    Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը նախորդ ամիս երկարաձգեց «ներաձուրիի» հետ գործող պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի ամառ։

  • Գեղարքունիքում բախվել են խոտ տեղափոխող «ԳԱԶ 53»-ն ու «Opel»-ը. բեռնատարը կողաշրջվել է

    Երեկ՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են խոտով բարձված «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարն ու «Opel» մակնիշի ավտոմեքենան։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԳԱԶ 53»-ը կողաշրջվել է, իսկ «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։

    Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

    Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

  • Չեմ հավատում․ կապիկությունները, շոուները մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի սցենարով են

    Սաթենիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Հայտնի է՝ աղանդավորական կազմակերպությունների թիրախում են կարողություններ ունեցող, հարուստ ընտանիքների անդամները, մասնավորապես՝ կանայք, երեխաները. իրենց թակարդն են գցում, որպեսզի ֆինանսներ կորզեն: Նման դեպքերը բազմաթիվ են, որոնք դժբախտություններ են բերել և բերում ընտանիքներին:

    Ցավոք, Հայաստանում դրսից ֆինանսավորվող և ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող այդ կազմակերպությունները, հայտնի պատճառներով, իրավապահ մարմինների վերահսկողությունից դուրս են, հոգեվորսության, ընտանիքներ մտնելու, պետության, ազգային հիմքերը խարխլելու, այլասերելու այդ դրսևորումները, նրանց կողմից կատարվող հանցագործությունները ո՛չ պատժվում են, ո՛չ հետապնդվում: Ավելին, այսօր դրանց բոլոր հանցանքները ներվում են, դրանց բոլոր կործանարար գործողություններն այս իշխանությունների կողմից խրախուսվում են, հովանավորվում են: Ի վերջո, դրանք են այսքան տարիներ նաև ձայներ և քարոզչություն ապահովել Փաշինյանի համար:

    Չեմ հավատում այս իշխանությունների շոու-ներին, կապիկություններին. բոլոր գերատեսչությունների քայլերը մեկ հոգու՝ Նիկոլ Փաշինյանի սցենարով են գրվում, հրա հրահանգով արվում: Պետական այդ գերատեսչություններում աշխատողները նույնիսկ չեն էլ պատկերացնում՝ ինչպես են փչանում, ապականվում…

    Արգամ Աբրահամյանին երբեք ծանոթ չեմ եղել, նույնիսկ չեմ տեսել կյանքումս, բայց միայն դրական բաներ եմ լսել նրա մասին: Այն, ինչ այսօր ներկայացվեց՝ հերթական էժանագին շոուն էր, մեյմունություն՝ երաժշտության ներքո:

    Երևույթի վտանգավորության խորքը և աստիճանը պատկերացնո՞ւմ եք: Աղանդավորական կազմակերպությունները չարիք են մեր պետության, ընտանիքների, և, առհասարակ, հայ մարդու համար:

  • Սպասվում է առանց տեղումների եղանակ․ մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

    Երևան քաղաքում օգոստոսի 8-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 8-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

    Հանրապետության տարածքում օգոստոսի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին`հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 8-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

    Օգոստոսի 8-10-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • Նույն անձը չի ցնցվո՞ւմ, երբ պարկերի մեջ տղաների մարմինները քայքայվում են դիահերձարաններում․ զոհվածի ծնողը՝ ՔՊ-ական պատգամավորին

    Ալիսա Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Պատերազմի օրերին մի քանի օր հորը դիահերձարաններում փնտրած ու ողջ-առողջ գտած ՔՊ-ական պատգամավորուհին ԱԺ ամբիունում հուզվում է, ասում, որ ցնցվել է, վեր է թռել Վարդևանյանի խոսքից՝ հիշելով իր տառապանքները: Հասկանում եմ, հարազատիդ դիահերձարանում փնտրելու միտքն անգամ խելագարեցնող է, հիշողությունը՝ չջնջվող: Բայց, լսելով ելույթը՝ հարց է առաջանում. նույն անձը չի՞ ցնցվում ու վեր չի՞ թռչում, երբ շեֆը վեց տարի շարունակ իրենց զավակներին փնտրող ծնողներին ասում է՝ դուք ուրիշ երեխաներ չունե՞ք, նրանցով զբաղվեք, երբ Եռաբլուրում քաշքշում ու ասֆալտին են փռում դիահերձարաններում ման եկած ու որդիների միայն մասունքները գտած ծնողներին, երբ պարկերի մեջ հատակին գցած տղաների մարմինները քայքայվում են դիահերձարաններում…

    Բարոյական ապտակ հասցնելով ընդդիմադիր պատգամավորին, թագուհի ղազարյանը լալահառաչ ամփոփում է՝ ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել այն մարդկանց վիրավորանքը, որոնց ընտանիքի անդամները չեն վերադարձել պատերազմից: Ասում է՝ էդ ապրումները ունեցած պիտի լինես՝ մարդկանց հանդեպ այդ զգայունությունը ունենալու համար:

    Կրկին՝ հարց ՔՊ-ական պատգամավորուհուն. այդ «զգայունությունը» դրսևորվու՞մ է, օրինակ, երբ ծնողների աչքի առաջ պատերից ջնջում են զոհված տղաների նկարները, վերացնում փառքի անկյունները, արժեզրկում այն ամենն, ինչի համար նրանք զոհվել են, ասում, որ զոհվել են հանուն ոչնչի, թե՞ «զգայունությունը» միայն սեփական անձի ու յուրայինների նեղ շրջանակի համար է:

  • Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

    Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները և դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

    «Հորմուզի նեղուցի բացումը կախված է Միացյալ Նահանգների կողմից Իրանի պայմանների լիակատար ընդունումից և տարածաշրջանային բանակցությունների գործընթացին միջամտելուց ամերիկյան կողմի հրաժարումից։ Հենց որ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը, անասկած, կբացվի», — ասել է նա։

    Օգոստոսի 5-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, այդ հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

  • Մահացել է Մեսսիի հայրը

    68 տարեկանում մահացել է արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին։

    Խորխե Մեսսին երկար ժամանակ բուժում ստացել ծանր հիվանդության դեմ։ Մահացել է հիվանդանոցում։

    Նա երկար տարիներ որդու մենեջերն է եղել։

  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։

    Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում քրեական վարույթի վերաբերյալ հանրային հաղորդակցության շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տվյալների անհարկի հրապարակումը: Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար։

    Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի և իրավապահ մարմինները պետք է ունենան պատշաճ հնարավորություն գործերով ամբողջական ու բազմակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, անձի ձերբակալության, մեղադրյալի կարգավիճակ ունենալու, քրեական հետապնդում իրականացվելու կամ ցանկացած այլ հանգամանք չի վերացնում անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքն ու դրա պաշտպանության կարևորությունը, և չի տալիս անձանց վերաբերյալ անձնական տվյալները հրապարակելու անսահմանափակ հնարավորություն։

    Պետական մարմինների կողմից հանրային հաղորդակցության նպատակով տեղեկատվության տարածումը ենթադրում է նաև անհրաժեշտության և համաչափության գնահատում։ Հանրային հետաքրքրությունը, այդ թվում՝ քրեական վարույթի նկատմամբ առկա հասարակական ուշադրությունը, ինքնին չի կարող արդարացնել անձնական կյանքի վերաբերյալ տվյալների հրապարակումը։

    Նման հաղորդագրությունը հատկապես անթույլատրելի է և զգայուն կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

    Մարդու իրավունքների տեսանկյունից այս համատեքստում անհասկանալի է նաև այնպիսի զգայուն տեղեկատվության, ինչպիսին կրոնական համոզմունքին առնչվող հանգամանքի շեշտադրումն է հրապարակային հաղորդակցության շրջանակներում:

    Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է նաև, որ պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Անձի նկատմամբ քրեական վարույթի իրականացումը կամ ձերբակալությունը չի կարող ներկայացվել կամ լուսաբանվել այնպիսի ձևաչափով, որը կարող է հանրության շրջանում ձևավորել նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք՝ նախքան մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը։

    Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից տեղեկատվության հրապարակման ընթացքում մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի, անձնական տվյալների պաշտպանության և անմեղության կանխավարկածի երաշխավորումը ոչ թե ցանկալի գործելակերպ է, այլ պետական մարմինների պարտականություն։

    Միևնույն ժամանակ, գործին առնչվող նաև տարբեր այլ ահազանգեր են ստացվել ՄԻՊ թեժ գծին: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել քննչական մարմին՝ անձանց տեսակցելու, նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու և ուսումնասիրելու նպատակով: Այս պահին էլ տարբեր հարցերի առնչությամբ իրականացվում են համապատասխան գործողություններ: Դրանք ամփոփելուց հետո հրապարակման ենթակա տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ: