Category: Newday.am

  • Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին

    Դուք ծնվել եք Խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում, ադրբեջանցի տեսե՞լ եք․ այսօր ԱԺ նիստում Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարց ուղղեց ՔՊ խմբակցության անդամ Գարիկ Սարգսյանը։

    «Հարցը խորքային է, խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ է պատահի, որ   5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից»,- հարցրեց Գարիկ Սարգսյանը։

    «Ձեր հարցն ինչ-որ չափով սարկազմ է պարունակում, ինչը վատ բան չէ։ Դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ այդ տարիքում հետաքրքրություն եմ ներկայացրել, իսկ ադրբեջանցի երեխաների հետ շփվել, խաղացել եմ»,- պատասխանեց Վիլեն Գաբրիելյանը։

    «Ինչ վերաբերում է հասուն տարիքում շփվելուն, շփվել եմ ադրբեջանցիների, թուրքերի հետ, մինչ պատգամավոր լինելն էլ Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, այլ երկրներում եմ շփվել։ Ինչ վերաբերում է հավաքագրված լինելուն, ապա միանշանակ և աներկբա՝ ո՛չ, չի՛ կարող նման բան լինել»,- հավելեց նա։

  • ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել

    Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր, «Ազատությանը» փոխանցեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

    Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի կինն այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, թե կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր:

    ԱԳՆ-ից պարզաբանեցին, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել վերջինիս հայտարարությունից հետո:

    Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»: Այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով

    ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով

  • Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար

    Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ, որոնք առնչվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, նրա հոգևոր առաջնորդությանը, հոգևորականությանը և պատմական ու կանոնական առաքելության իրականացմանը:

    «Որպես Արևելյան Ուղղափառ ընտանիքի քույր Եկեղեցիներ՝ մեզ միավորում են նույն հինավուրց հավատքը և քրիստոնեական եղբայրության խոր կապերը:

    Այս դժվարին պահին մենք աղոթքով և զորակցությամբ կանգնած ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսների, հոգևորականության և հավատավոր ժողովրդի կողքին:

    Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել, հետամուտ լինել խաղաղ երկխոսության, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ Եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը:

    Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին հավատարմորեն կանգնած է եղել իր ժողովրդի կողքին՝ ցեղասպանության, տեղահանության, պատերազմի և տառապանքների միջով՝ պահպանելով Ավետարանը և կենդանի պահելով քրիստոնեական հավատքը Հայաստանում և ողջ սփյուռքում:

    Մենք կոչ ենք անում մեր հոգևորականներին և հավատացյալներին ողջ աշխարհում աղոթել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի ժողովրդի համար:

    Թող Ամենակալ Աստված պահպանի Հայոց Եկեղեցու միասնությունն ու ինքնավարությունը և օրհնի Հայաստանը՝ հաշտությամբ, արդարությամբ, կայունությամբ և տևական խաղաղությամբ»:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բացահայտումները ձեռնտու չէին և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Նազարյանի վարքագիծը ապացույցն է

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բացահայտումները ձեռնտու չէին և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Նազարյանի վարքագիծը ապացույցն է

  • Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ. բարեգործությամբ երկիր չես պահի. Գագիկ Ծառուկյան

    Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ. բարեգործությամբ երկիր չես պահի: Այս մասին ասված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում։

    «Քանի որ վերջին շրջանում փորձ է արվում բարեգործությունը ներկայացնել այլ մեկնաբանություններով, ուզում եմ իմ մտքերը ներկայացնել այս կարևոր հարցի վերաբերյալ։

    Տարիներ առաջ ասել եմ ու հիմա վերահաստատում եմ. բարեգործությամբ երկիր չես պահի։

    Երկիրը զարգանում է ճիշտ տնտեսական քաղաքականությամբ, նոր ստեղծվող աշխատատեղերով, նոր տնտեսական հզորություններով, առողջ տնտեսական միջավայրերով և կառավարման էֆեկտիվ համակարգերով։

    Բայց բարեգործությամբ դու կարող ես օգնել հազարավոր մարդկանց, կարող ես օգնել մշակույթի, գիտության, կրթության, սպորտի և այլ ոլորտների զարգացմանը։ Դու կարող ես փրկել կյանքեր, կառուցել եկեղեցիներ, տպագրել գրքեր, նկարահանել ֆիլմեր, հնարավորություններ ստեղծել կրթություն ստանալու, բեմադրել ներկայացումներ, անել այլ կարևոր գործեր։ Ամբողջ աշխարհում է այդպես։ Եվ խնդիրն ամենևին փողի չափի մեջ չէ։ Ես գիտեմ հարյուրավոր հայ տղերքի, ովքեր հենց սկսել են կայանալ, ձգտել են իրենց քաղաքի կամ գյուղի համար մի բարի բան անել։ Փառք ու պատիվ նրանց։

    Նրանց կողքին մենք գիտենք Մանթաշովի անունը, որի շնորհիվ բազմաթիվ հայ տաղանդներ կրթվեցին աշխարհով մեկ ու հայ ժողովրդի անունը բարձր պահեցին։ Մենք գիտենք Քըրք Քըրքորյանի անունը, որն իր պատմական հայրենիքին ահռելի գումարներ նվիրաբերեց։ Մենք գիտենք Սամվել Կարապետյանի անունը, որն իր բնավորության համաձայն, առանց բարձրաձայնելու, Հայաստանում և Արցախում արել է աննկարագրելի ծավալի բարեգործություն։

    Ես իմ արածների մասին չեմ խոսի։ Ինչ եմ արել ես Հայաստանում՝ պատմությունը կգնահատի. ամեն ինչ եղել է բոլորի աչքի առաջ։ Բայց մի թեմա պիտի բացեմ։

    Երկար տարիներ ինձ մի միտք էր տանջում. ինչո՞ւ պետք է միշտ միայն սփյուռքը օգնի Հայաստանին։ Մենք ունենք հայկական աշխարհ, և եթե աշխարհի տարբեր հատվածներում հայերը ժամանակ առ ժամանակ ունենում են օգնության կարիք, ինչո՞ւ Հայաստանից էլ որևէ մեկը օգնության ձեռք չմեկնի։ Եթե անկախության սկզբնական շրջանում դա ուներ բացատրություն, ապա հետագայում սա իներցիոն սխալ էր։ Ընդ որում՝ կոպիտ սխալ։

    Մի պահից ես որոշեցի փոխել այս ավանդույթը։ Ու որոշեցի ինքս լինել հայաստանցի այն բարեգործը, ով օգնում է աշխարհի տարբեր ծայրերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցներին։ Այդպես ես՝ Հայաստանում ծնված ու կայացած Գագիկ Ծառուկյանս, օգնել եմ պատերազմի ճիրաններում հայտնված Սիրիայի մեր հայրենակիցներին, Լիբանանի մեր հայրենակիցներին, Իրանի հայ համայնքին, Մերձավոր Արևելքի տարբեր երկրների հայ համայնքներին, տարբեր երկրներում ֆինանսական խնդիրների առաջ հայտնված հայկական վարժարաններին, դպրոցներին, աշխարհի տարբեր երկներում մեր եկեղեցիներին ու հայկական համայնքներին։

    Հայկական աշխարհի միասնականությունը նաև նման քայլերով է ստեղծվում և ամրապնդվում, երբ աշխարհի ցանկացած ծայրում դժվարության հանդիպած հայը ստանում է հայրենիքի հայի աջակցությունը։

    Նորից եմ կրկնում. բարեգործությունը փողի չափի հետ կապ չունի։ Բարեգործությունը օգնում է ձևավորել ավելի լավ հասարակություն, իրար հարգող, իրար օգնության ձեռք մեկնող հասարակություն։ Ես տարբեր առիթներով ասել եմ, որ չի լինում մենակի երջանկություն։ Պարզապես չի կարելի ապրել խոզի նման, մտածել միայն սեփական շահի մասին ու անտարբեր լինել քո երկրի, քո ժողովրդի հոգսերի հանդեպ։ Ես մեծացել եմ դժվար ապրող, համեստ ապրող ընտանիքում, բայց տեսել եմ, որ մայրս հացի մի կտորը միշտ առանձնացնում էր ավելի վատ ապրողների համար։ Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին։ Իմ որդիները, վստահաբար, կանեն նույնը։ Բարեգործություն բառացի նշանակում է բարի գործ։ Բարի գործն առաջին հերթին բարի մտադրությունն է՝ հանուն երկրի, հանուն ժողովրդի ապագայի։ Դա սրտից բխող ձգտում է, որն ամեն մեկն իրականացնում է իր կարողությունների չափով։ Բարի մտադրությունների խրախուսումը կարևոր է երկրում մթնոլորտը փոխելու համար, միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար։ Սրա հակառակը պառակտումն է և թշնամանքը, որը Հայաստանի համար կործանարար է»,- Կենտրոն ՔԿՀ-ից ասված է Ծառուկյանի ուղերձում։

  • Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են

    Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Եղվարդի կամրջի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Լավրենտ Հ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն, մեկ հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահասների և վիրավոր կնոջ ինքնությունը։

  • «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․ Տիգրան Դումիկյան

    Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

    «Անցած շաբաթը տեղեկատվական առումով բավական բուռն էր՝ պայմանավորված Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի մեկամյակով։

    Մեկ տարի անց արդեն հնարավոր է ոչ միայն արձանագրել այդ գործընթացի քաղաքական նշանակությունը, այլև փորձել գնահատել՝ որքանով են ձեռք բերված պայմանավորվածությունները վերածվել իրական, գետնի վրա տեսանելի գործընթացների։

    Եթե այս օրակարգից առանձնացնենք ամենաշատ քննարկվող բաղադրիչներից մեկը՝ «TRIPP» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը, ապա մի կողմից՝ կողմերը պարբերաբար վերահաստատում են նախագծի ռազմավարական նշանակությունը, իրենց հանձնառությունն ու այն հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչելու պատրաստակամությունը, մյուս կողմից՝ այս ուղղությամբ առայժմ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում։ Դեռևս չկա հաստատված ենթակառուցվածքային նախագիծ, հետևաբար չկա նաև աշխատանքների մեկնարկի հստակ և հրապարակային ժամանակացույց։

    «Թրիփփ»-ի շուրջ ձևավորված միջազգային օրակարգը ցույց է տալիս, որ խոսքը միայն տրանսպորտային նախագծի մասին չէ։ Եթե այն իրականացվի նախատեսված տրամաբանությամբ, ապա կարող է փոխել Հարավային Կովկասի հաղորդակցությունների ներկայիս կառուցվածքը՝ ստեղծելով նոր կապեր Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների միջև։

    Սակայն այս ամենը դեռևս հեռանկար է։ Մինչև ենթակառուցվածքը չկառուցվի և երթուղին չսկսի գործել, տնտեսական ակնկալիքները շարունակում են մնալ կանխատեսումների մակարդակում։

    Հատկանշական է նաև Հայաստանի հարևանների վերաբերմունքը։

    Թուրքիան, ընդհանուր առմամբ, ողջունում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գաղափարը՝ այն դիտարկելով ավելի լայն տրանսպորտային և տնտեսական կապերի համատեքստում։ Վրաստանն ուշադիր հետևում է գործընթացին՝ հաշվի առնելով, որ նոր երթուղիների ի հայտ գալը կարող է ազդել տարածաշրջանի գործող տրանսպորտային հոսքերի և տարանցիկ դերերի վրա։ Իրանից պարբերաբար հնչող մտահոգությունները ցույց են տալիս, որ Թեհրանը շարունակում է այս նախագծի հնարավոր իրականացման մեջ տեսնել իր շահերի համար ռիսկեր և անվտանգային հնարավոր սպառնալիքներ։

    Եվրոպական միության և Ռուսաստանի դեպքում ևս մոտեցումը գրեթե նույնն է։ Տարածաշրջանային նոր հաղորդակցության ցանկացած նախագիծ, հատկապես եթե այն ներառում է միջազգային դերակատարների մասնակցություն կամ անվտանգության նոր մեխանիզմներ, անխուսափելիորեն դառնում է ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության և համագործակցության առարկա։ Սակայն այստեղ էլ պետք է տարբերակել երկու իրողություն։

    «Թրիփփ»-ի քաղաքական արժեքը արդեն իսկ ակնհայտ է։ Դրա շուրջ ձևավորվել է միջազգային օրակարգ, այն դարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կարևոր խորհրդանիշներից մեկը, և դրա հնարավոր իրականացումը հետաքրքրում է ոչ միայն անմիջական կողմերին։

    Բայց քաղաքական արժեքը դեռևս ինքնին ենթակառուցվածք չէ։ Ճանապարհի, երկաթուղու կամ որևէ այլ հաղորդակցության իրական նշանակությունը սկսվում է այն պահից, երբ այն հայտնվում է քարտեզի վրա ոչ միայն որպես գաղափար, այլև որպես չափելի, ֆինանսավորված և կառուցվող նախագիծ։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի գնահատել դրա իրական տնտեսական ազդեցությունը՝ բեռնափոխադրումների ծավալները, ներդրումների ներգրավումը, տարանցիկ եկամուտները և տարածաշրջանային առևտրային հոսքերի փոփոխությունը։
    Եվ սա է, թերևս, հաջորդ փուլի գլխավոր չափանիշը։

    Որովհետև քաղաքական հայտարարությունների և իրական ենթակառուցվածքի միջև երբեմն կարող է լինել շատ կարճ ճանապարհ, իսկ երբեմն՝ շատ երկար հեռավորություն։ Եվ այս պահին «Թրիփփ»-ը գտնվում է հենց այդ միջանկյալ փուլում։ Ուստի մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ «Թրիփփ»-ը դեռ քաղաքական ճանապարհին է։ Իսկ իրական ճանապարհը դեռ պետք է կառուցել․․․»։

  • Թրամփը պատրաստ է ավարտել hակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջnւկային ծրագրի շուրջ համաձայնագրի. WSJ

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնի հաղթանակի մասին այն դեպքում, եթե Թեհրանը համաձայնի ամբողջությամբ բացել նավերի անցումը Հորմուզի նեղուցով. ամերիկյան առաջնորդը պատրաստ է ավարտել հակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի։ Այս մասին գրում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի անհայտ պաշտոնյաների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    Նրա տվյալներով՝ ԱՄՆ նախագահը մասնավոր կարգով «բարձրաստիճան օգնականներին հայտնել է այն միտքը, որ ինքը ցանկանում է դուրս գալ հակամարտությունից առանց միջուկային գործարքի»։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա իր ենթականերին ասել է նաև, որ 2025 թվականին միջուկային օբյեկտների ոչնչացումից հետո Թեհրանը չի կարողանա վերսկսել իր աշխատանքները միջուկային ծրագրի վրա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը, իսկ եթե Իրանը նման փորձեր ձեռնարկի, ապա ամերիկյան հետախուզությունը կկարողանա դա ժամանակին բացահայտել։

    Այն դեպքում, եթե ԱՄՆ-ին հաջողվի հասնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը և վերահսկողության տակ պահել Իրանի միջուկային ծրագիրը, Թրամփը կարող է երկարաձգել հրադադարի ռեժիմը անորոշ ժամկետով և հանել իրանական նավահանգիստների շրջափակումը։

    Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Թրամփը հայտնել է, որ համաձայնել է չեղարկել Իրանի վրա պլանավորված հզոր հարվածը՝ Թեհրանի հետ գործարքի հասնելու համար։ Նրա խոսքով՝ Իրանը և Մերձավոր Արևելքի երկրները խնդրել են Վաշինգտոնին զերծ մնալ հարձակումից, քանի որ կողմերը համաձայնեցրել են ապագա համաձայնագրի ուրվագծերը։

    Օգոստոսի 5-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բագաին հայտարարել է, որ Իրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մուսկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, այս հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ

    Օգոստոսի 10-ին՝ ժամը 18։35-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին հարակից լողափում քաղաքացին սապբորդինգի ժամանակ ուժեղ քամու հետևանքով չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

    Ջրափրկարարներն ափից մոտ 1,5 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացուն և անվնաս դուրս բերել ափ։