Category: Newday.am

  • ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ, և հենց այդտեղ կարող են վերածվել ձգձգվող հակամարտության. Արտակ Զաքարյան

    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Մինչ ԱՄՆ-ն և Իրանը հայտարարություններ են անում՝ «մենք հաղթեցինք», «ոչ, մենք հաղթեցինք», «նեղուցը մերն է», «ոչ, նեղուցը մերն է»՝ ամերիկյան շրջափակումն Իրանի շուրջ շարունակվում է։

    Սովորական պատժամիջոցների համեմատ, որոնք ավելի դանդաղ են ազդում ոլորտների վրա և որոնց շրջանցման տարբերակներն այնուամենայնիվ կան՝ նեղուցի շրջափակումն ավելի ազդեցիկ է։

    Իրանը շրջափակել է Հորմուզի նեղուցը, բայց միաժամանակ ԱՄՆ-ն իր ուժերն է տեղակայել և ըստ անհրաժեշտության կասեցնում է այն նավերին, որոնք փորձում են հասնել իրանական նավահանգիստներ։

    Այսպիսով, նեղուցը շրջափակելով՝ Իսլամական Հանրապետությունը միաժամանակ վատթարացնում է նաև սեփական վիճակը, քանի որ ինքն էլ օգտվում է այդ նեղուցից, իսկ դրա փակման պայմաններում չի կարողանում նավերով նավթ արտահանել և վաճառել՝ ինչը ամենաարդյունավետ ճանապարհն է։ Հատկապես, երբ այն երկաթուղով արտահանելու դեպքում, և՛ ծավալներն են ցածր և՛ ծախսերն են ավելի բարձր։

    Հուլիսի 14-ին, ժամանակավոր պայմանավորվածության ձախողումից հետո, ԱՄՆ-ը կրկին վերականգնեց Իրանի ափերի ռազմածովային շրջափակումը։ Այն ժամանակ Վաշինգտոնը հայտարարեց Իրանի ամբողջ առափնյա գոտու՝ ներառյալ նավահանգիստների և նավթային տերմինալների շրջափակման մասին։

    Օգոստոսի 13-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարեց, որ ամերիկյան նավատորմն ի վիճակի է պահպանել անժամկետ շրջափակումը։ Դրա համար միայն անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել ռազմանավերի ռոտացիա, ինչը խնդիր չի առաջացնի։

    Իրանի նավթի արտահանման հիմնական տերմինալը գտնվում է Խարգ կղզում։ Իրանական նավթի արտահանման մեծ մասն անցնում է հենց այնտեղով։ Financial Times-ի տվյալներով՝ հուլիսի 31-ից նավթատարների բնականոն ակտիվություն չի եղել, իսկ օգոստոսի սկզբին Իրանի արտահանումը գրեթե կանգ է առել։ Արբանյակային լուսանկարներն ու նավերի տեղաշարժի տվյալները նույնպես հաստատում են ակտիվության կտրուկ անկումը։

    Սա զգալի հարված է ոչ միայն Իրանին, այլ նաև նավթի համաշխարհային շուկային։ Նավթը մեծ ծավալներով չի վաճառվում, բայց շարունակվում է արդյունահանվել:

    Որքա՞ն գումար է Իրանը կորցնում շրջափակման պատճառով։ Տարբեր գնահատականներով՝ օրական 200-ից 435 միլիոն դոլար՝ կախված նրանից, թե ու՞մ գնահատականն ենք վերցնում։

    Ինչ վերաբերում է շրջափակմանը, ապա ըստ ամերիկյան հաշվարկների, Եթե շրջափակումը լինի տևական, իրանական տնտեսությունն ավելի կթուլանա, ինչը ենթադրաբար կազդի նաև երկրի ներքին խնդիրների վրա։

    ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ, և հենց այդտեղ կարող են վերածվել ձգձգվող հակամարտության:

  • Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան

    Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    «Ալիևը նախօրեին, անուղղակիորեն անդրադառնալով TRIPP-ի միջազգային և տարածաշրջանային նշանակությանը, նշեց, որ խաչմերուկի կարգավիճակ է ստանալու Նախիջևանը։

    Ի դեպ, ՀՀ-ն շրջանցող մի շարք ենթակառուցվածքային հայտարարություններից հետո ՀՀ կառավարիչը մոռացության է տվել այդքան գովազդված «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը։

    Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար, իսկ մյուս կողմից՝ ռազմավարական, քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական առումով սպասվող «ավարը» կենտրոնացնում են իրենց ձեռքերում»,- գրել է Աբրահամյանը:

  • Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում». «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է․ «Մենք տեղեկացանք, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը չնայած այն բանին, որ 2024 թվականի հունվարին է վերջին պաշտոնը լքել, հույսը չի կորցնում, որ վերադառնալու է պետական համակարգ եւ նոր պաշտոն է ստանալու: Մեկ անգամ պաշտոն զբաղեցրած եւ պետբյուջեից հեշտ փողեր վաստակած մարդիկ այլեւս երբեք չեն մոռանում այդ «հաճույքը» եւ միշտ ձգտում են վերադառնալ այդ կարգավիճակին:

    Ղուլարյանին մոտ կանգնած աղբյուրը մեզ պատմեց, որ վերջինս, առանց որեւէ պատճառի ու բացատրության, պաշտոնը կորցնելուց հետո էլ շարունակում է աջակցել Նիկոլ Փաշինյանին, անգամ շատ հաճախ վիճաբանության մեջ է մտնում շրջապատում, երբ որեւէ մեկը քննադատական խոսք է ասում Նիկոլ Փաշինյանի մասին, այն հույսով, որ դա կհասցնեն Փաշինյանին: Մենք նկատեցինք, որ Ղուլարյանը բավականին ակտիվ է ֆեյսբուքյան հարթակում: Նա պարբերաբար Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների ելույթներով է իր էջում կիսվում, երբեմն իշխանավորներին ուղղված մեկնաբանություններ է գրում, նրանց գործերին հաջողություն մաղթում»:

  • Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա. Գևորգ Պապոյան

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 13-ին Ալմաթիում հանդիպել է Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից:

    Կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման և ժամանակակից ագրոտեխնոլոգիաների ու փորձի փոխանակման հնարավորությունները։

    Անդրադարձ է կատարվել նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ոռոգման համակարգերի, անասնաբուծության և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտներում համագործակցությանը։

    Նախարար Պապոյանն ընդգծել է հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի՝ մասնավորապես գինեգործական, պտուղբանջարեղենային և ձկնաբուծական արտադրանքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժը։

  • 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59,300-ով ավելի անձ, քան դուրս է եկել․ ՄՔԾ ղեկավար

    2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մուտք գործել 59,300-ով ավելի անձ, քան դուրս է եկել, իսկ նախորդ տարիներին այդ ցուցանիշը 10,000-15,000 է եղել։ 2026 թվականի առաջին կիսամյակի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնակատար Նելլի Դավթյանը։

    Նա նշել է, որ նախորդ տարի +8,660 սահմանահատում է եղել, այսինքն` մուտքերի թիվն այդքանով գերազանցել է ելքերի թիվը։

    «Առաջին կիսամյակում ևս ՀՀ քաղաքացիների սահմանահատումների տարբերությունը դրական է։ Սա բացառիկ ցուցանիշ է, քանի որ սովորաբար այն բարելավվում է տարվա երկրորդ կիսամյակում, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնային աշխատանքներով։ Այս տարի արձանագրվել է +1,347 թիվը որպես մուտքերի և ելքերի տարբերություն։ 871,409 ՀՀ քաղաքացի է մուտք գործել Հայաստան, և գրանցվել է 870,062 ելք։ Տարբերությունը դրական է»,- ասել է Դավթյանը։

  • Պարոն Թունյան, գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին. Նարեկ Կարապետյան

    Պարոն Թունյան, գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին։ Այս մասին ԱԺ–ում հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ դիմելով Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Բաբկեն Թունյանին։

    «Մենք սպասում էինք ձեզանից ավելի պրոակտիվ ներկայացում մեր երկրի ընդհանուր տնտեսական մոդելների, ապագա զարգացման, ոլորտային առաջնահերթությունների մասին, բայց մենք լսեցինք, որ դուք արել եք ինչ–որ քայլեր ու գրեթե չպատմեցիք այն ապագայի մասին, որ առաջարկում եք մեր հանրությանը։ Ուշադրություն դարձնենք, որ մենք գտնվում ենք տնտեսական բարձր ցիկլում, պղինձը պատմականորեն ամենաթանկ գնի վրա է, կա ռուս-ուկրաինական պատերազմ, որի արդյունքում միլիարդներ են հոսում Հայաստան, բայց միևնույն ժամանակ՝ անգամ այսքան հավելյալ շահույթի դեպքում, մեր երկիրը շարունակում է ավելացնել պետական պարտքը բարձր տոկոսով»,– հավելել է Կարապետյանը։

    Ի պատասխան ՝ Թունյանը նշել է, որ իրենց անցած տարիների արդյունքների մասին իրենք ընտրողներին են ներկայացրել, ու ընտրողները իրենց ձայն և մանդատ են տվել, որպեսզի այդ ամենը շարունակեն։

    «Հայաստանի Հանրապետությունում, եթե նայեք վերջին վիճակագրական կոմիտեի հրապարակումը, միջին կենսաթոշակը 59,000 դրամ է, իսկ աղքատության միջին գիծը 54,000 դրամ, ենթադրում եմ, որ այն ցուցանիշը, որը կհրապարակվի 2026 թվականի համար, շատ ավելի լավատեսական կլինի, քան դուք պատկերացնում եք»,– ասել է Թունյանը։

  • Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել

    Այսօր՝ օգոստոսի 14-ին, Արմավիրի մարզում ժամը 11:00-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տեղեկություններով պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ռոման Ք.-ն է:

    Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան

    Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին։ Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

    ««Բարեկիրթ» ԱԺ-ի անդին քաղաքական բանտարկյալներն են, որոնց իշխանությունը տարաբնույթ հոդվածների տակ է մտցնում, քննչականներ, դատախազություններ, դատարաններ ու բերդեր «ուղեկցում», խլում ունեցվածքը, ճնշումների և հոգեբանական հարձակումների ենթարկում։

    Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին։

    Գործող ռեժիմն իր առաջ խնդիր է դրել՝ ամենատարբեր ճանապարհներով ու միջոցներով լռեցնել բոլոր նրանց, ովքեր կհիշեցնեն իր հրեշավոր էությունն ու հանցագործությունները, որոնք ճակատագրական հետևանք են թողել հայ ժողովրդի պատմության վրա»,- նշել է նա։

  • 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

    Ինդոնեզիայի ափերի մոտ 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    Ըստ նրա տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 161 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 188,000 մարդ: Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա:

    Երկրաշարժի հետևանքով մահացել են երկու հոգի՝ կին և տղամարդ։ Այլ տուժածների և վնասների մասին դեռևս չի հաղորդվում։

    Հայտարարվել է ցունամիի սպառնալիք։

  • ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի

    Իրանը դեռևս որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու մասին։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նրա հայտարարությունը մեջբերում է ISNA գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    Նրա խոսքով՝ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել, չնայած հաղորդագրությունների փոխանակման և կապերի պահպանման ուղղությամբ միջնորդների՝ ի դեմս Կատարի և Պակիստանի ծավալած գործունեությանը:

    Նախկինում գոյություն ունեցող կապի ուղիները կորցրել են արդյունավետությունը, այժմ Իրանը մշակում է ժամանակավոր տարբերակ, որը կարող է դառնալ մշտական: Արաղչին չի պարզաբանել, թե կապի որ ուղու մասին է խոսքը։

    Արաղչին հիշեցրել է, որ, Իսլամաբադի հուշագրի համաձայն, կողմերը պարտավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները: ԱՄՆ-ն խախտել է այդ պայմանավորվածությունը: