Category: MegaNews

  • Ֆրանսիայի հավաքականի պարտությունից հետո երկրում զանգվածային անկարգություններ են

    Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայից 0։2 հաշվով կրած պարտությունից հետո Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ անկարգություններ են տեղի ունեցել ֆրանսիական մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում։ Այս մասին հայտնում է Mint-ը։

    Հաղորդվում է, որ զայրացած երկրպագուները բախումներ են ունեցել ոստիկանության հետ։ Անկարգությունների ընթացքում վնասվել են ավտոմեքենաներ և այլ գույք։

    BFMTV-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը գիշերը Փարիզում 141 երկրպագուների է ձերբակալել։

  • Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գյուղ Մեղրաշատ) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

     

    Մասնավորապես՝

    – արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

    – արտադրական շինությունները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով, որոնց քանակը կամ հզորությունը, կառուցվածքը և գործարկումը թույլ են տալիս խուսափել սննդամթերքի աղտոտումից,

    – արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից։

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

  • «Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»․ Ավետիս Առաքելյան

    «Էս երկրում անխոցելի մարդ չկա, առյուծներն էլ են խոցելի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը՝ մեկնաբանելով լրագրողի հարցը, թե հնարավո՞ր է նա հրաժարվի ավագանու մանդատից և խորհրդարան էլ չգործուղվի, որովհետև խոցելի թեկնածու է, քրեական գործերով է անցնում։ «Ինձ թվում է՝ ձեզ էլ էին ասել, որ եթե ես չլինեի վարչապետ, դուք էլ կխոցվեք, ձեր հանդեպ էլ հետապնդումներ կսկսվեն»,- դիմելով լրագրողներին ասել է Առաքելյանը։ «Էս երկրում անխոցելի մարդ չկա, և չեմ եմ կարծում, որ դա ինչ որ նշանակություն ունի կամ այդ խոցելիությունը մեր ուժում քննարկման թեմա է, որովհետև մեր ուժի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանը, այսօր հետապնդման մեջ է և տնային կալանքի տակ։ Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ խոցելի դաշտում են գտնվում, եթե այդպես նայենք՝ մարդ չգնա՞ ԱԺ»,- հավելել է պաշտոնյան։

  • Կան ռեստորաններ, համեղ, յուրահատուկ սնունդ ունեն. Փաշինյանը խորհուրդ է տալիս արձակուրդը Երևանում անցկացնել (Տեսանյութ)

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում, մասնավորապես, Երևանում, լավ արձակուրդ անցկացնելու հնարավորություններին։

     «Երևանում շատ լավ արձակուրդ կարելի է անցկացնել»,-ասել է Փաշինյանը։

    Ըստ վարչապետի՝ Երևանն առաջարկում է ակտիվ և հագեցած առօրյա հենց վաղ առավոտից: Նա նշում է, որ քաղաքում կան բարձր մակարդակի մարզասրահներ, որոնք բացվում են դեռևս ժամը 6-ից, ինչպես նաև սրճարաններ, որոնք «վաղ առավոտից են բացվում ժամը 7-ից 8-ից և այդ սրճարաններում կարելի է շատ լավ նախաճաշել»: Դրանից հետո կարելի է քայլել քաղաքում, տեսնել պատմամշակութային հուշարձաններն ու շփվել մարդկանց հետ:

    Անդրադառնալով գների հետ կապված խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, որ դա հիմնականում պայմանավորված է սպասարկման բարձր որակով.

    «Մեր մոտ սրճարաններում, ռեստորաններում… սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է… իսկ դա գին արժե»: Նա նաև հավելում է, որ գների վրա ազդում են որակյալ գույքը, մթերքը և տրանսպորտային սահմանափակումները։

    «Համոզված եմ՝ ապաշրջափակման արդյունքում այս խնդիրները կլուծվեն»։

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • Շահումյանցի Ժիրոն ու նրա «կլանը»՝ կրկին մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է․ «Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել՝ առանց անուններ նշելու, որ հավաքված ապացույցների հիման վրա սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ավազակության, բնակարանային գողությունների, հրազենի ապօրինի իրացման, հրկիզման, խոշոր չափերի թմրամիջոց պահելու, մարդու առևանգման և զենքի գործադրմամբ խուլիգանության գործերով 15 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից 9-ը կալանավորվել են, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Մեր տեղեկություններով՝ գործն առնչվում է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին՝ Ժիրայր Բրուտյանին։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Ալիկ Գրիշկյանը, Վահե Յրմալոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և այլք։ Շահումյանցի Ժիրոյի պաշտպան Հունան Բաբայանին հարցրինք մեղադրանքի մասին, ասաց՝ ինքն այդ գործով չի զբաղվում, մեր հարցին, թե իր պաշտպանյալը կալանավորվա՞ծ է, ասաց՝ ոչ»։


    Մանրամասները՝ թերթի համարում։

  • Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

    Հուլիսի 14-ին Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել։

    ՀՀ քննչական կոմիտեից Meganews.am-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

    Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

  • «Հրապարակ». Խոշտանգման ռեժիմում են պահում

    Բոլորը գիտեն, որ նախնական կալանքը՝ առանց դատարանի վերջնական դատավճռի, մեզանում կիրառվում է որպես պատիժ, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, նրան քննադատողների, ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն պարզվում է՝ մարդկանց կալանավորելով, բանտ ուղարկելով էլ հաճախ չեն բավարարվում, կալանքը կրելու պայմաններն էլ տարբեր մարդկանց համար տարբեր են։ Նախ, խցերն են տարբեր․ քաղբանտարկյալներին, որպես կանոն, վատ խցերում են պահում, որտեղ շատ մարդիկ կան, երբեմն՝ ծանր քրեական հանցագործներ։ Եթե սովորական քրեական հանցագործների համար թույլատրված է խցում սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ, հարմար մահճակալ ունենալ, ապա քաղաքականների դեպքում հաճախ արգելված է։ Սամվել Կարապետյանին, օրինակ, ամռանն արգելել են հովացնող որեւէ սարք փոխանցել, իսկ ձմռանը՝ նույնիսկ վերմակ, երբ խցում զրոյին մոտ աստիճան է եղել, եւ կալանավայրն էլ մինչեւ դեկտեմբերի 10-ը չեն ջեռուցել։

    Գագիկ Ծառուկյանի դեպքում նախորդ կալանքի ժամանակ նրա չափերից երկու անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, ինչն ուղղակի անհնարին է եղել։ Կարծում ենք՝ հիմա նույնն է։ Բոլոր քաղբանտարկյալների տեսակցությունները քննիչի կամ դատավորի որոշմամբ, որպես կանոն, արգելվում են (Արեգնազ Մանուկյանի դեպքում նույնիսկ անչափահաս զավակի հետ են արգելել), պատգամավորների այցելություններն էլ են փակում, եւ միայն փաստաբանն է կարողանում այցելել, որ հոգեբանորեն ինչքան հնարավոր է՝ մարդն ընկճվի։

    Այս լրացուցիչ պատիժները սահմանվում են վերեւից։ Կալանավայրի ադմինիստրացիան եւ քննիչները պարբերաբար «զոհին» տեղեկացնում են, որ դա «առաջին դեմքի անձնական ցուցումով» է արվում։

     

  • ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել․ «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր էր հանձնում՝ փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։

     

    Ընտրություններն այլեւս անցյալում են, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ օրս հերթապահում են «Զվարթնոց» օդանավակայանում եւ ծանուցագրեր են հանձնում անգամ մեկ շաբաթով, մի քանի օրով թաղման կամ հարսանիքի ժամանող մեր հայրենակիցներին։ Եղել են դեպքեր, երբ մարդը տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն՝ ապարդյուն։ ՊՆ աղբյուրներից տեղեկացանք, որ պլան է դրված՝ պոստ պահողների պակաս ունեն, որը լրացնում են նման ռեյդերով՝ դրսից եկողների հաշվին։

  • Քաղցրաշենի դպրոցը՝ 13 տարեկան աղջկա մահվան մասին




    Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․ «Խորը ցավով ու կսկիծով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից  հեռացել է մեր դպրոցի սան Տաթև Ֆախուրյանը։ Սա անդառնալի և ծանր կորուստ է մեր կրթօջախի համար։

    Դպրոցի տնօրենությունը, մանկավարժական և աշակերտական անձնակազմը կիսում են ծանր կորստի վիշտը և իրենց զորակցությունն ու ցավակցությունն են հայտնում Տաթևի ընտանիքին, հարազատներին ու դասընկերներին։

    Սիրելի՛ Տաթև, դու միշտ կմնաս մեր հուշերում որպես անմեղության ու լույսի մարմնացում։ 

    Ննջի՛ր խաղաղությամբ, մեր թանկագի՛ն աղջիկ»։

    Աղբյուրը` Քաղցրաշենի Սամվել Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց

  • ՀՀ 10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող մոդելի համաձայն՝ ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ Կառավարության ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։

    Թեև այս նախաձեռնության վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի արվել, կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը։

    «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին տարիներին մարզպետարաններից աստիճանաբար դուրս են բերվել մի շարք առանցքային լիազորություններ։ Արդեն այսօր պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման և ազատման գործընթացը կենտրոնացվել է Առողջապահության նախարարությունում։ Կրթության ոլորտում նույնպես շարունակվում է կառավարման կենտրոնացումը․ սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տիրույթ։ Սոցիալական ծառայությունների մի շարք գործառույթներ նույնպես վերակազմակերպվել են՝ փոխանցվելով տեղական ինքնակառավարման մարմիններին կամ համապատասխան կենտրոնական մարմիններին։

    Այս փոփոխությունների ֆոնին կառավարությունում քննարկվում է հարցը, թե ինչ գործառույթներ են փաստացի մնում մարզպետարաններին, և արդյոք հիմնավորված է պահպանել ներկայիս բազմաշերտ վարչական համակարգը՝ մարզպետներով, փոխմարզպետներով, վարչությունների ղեկավարներով և տասնյակ աշխատակիցներից կազմված ապարատներով։

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակի դեպքում յուրաքանչյուր մարզում կարող է պահպանվել միայն Կառավարության ներկայացուցիչը, որը կապահովի կենտրոնական իշխանության ներկայացվածությունը մարզում, իսկ ոլորտային քաղաքականության իրականացումն ամբողջությամբ կկենտրոնացվի նախարարություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում։

    Քննարկումների քաղաքական ենթատեքստը ևս ուշագրավ է։ Իշխանության ներսում չեն բացառում, որ նման բարեփոխման դեպքում մարզպետի պաշտոնը կարող է դառնալ ժամանակավոր կամ անցումային։ Հենց այդ հանգամանքով էլ քաղաքական շրջանակներում բացատրում են, թե ինչու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ պատգամավորներ, որոնք անցողիկ տեղերում են եղել և ընտրվել են պատգամավոր, չեն շտապում հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Եթե մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտի վերակազմավորումը կյանքի կոչվի, ապա մարզպետները անգործ կմնան»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: