Category: MegaNews

  • 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    Իշխող թիմում բուռն քննարկումներ են մշտական հանձնաժողովների նախագահների հարցով, չնայած գրեթե բոլորը գիտեն, թե ովքեր են ընտրվելու։ Ամենամեծ կոնկուրսը կարծես ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղի համար է։ Այս պաշտոնի համար առաջադրվել է նաեւ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախկին նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, որը ՔՊ ցուցակի 96-րդ հորիզոնականում է։ 64 պատգամավոր ունեցող ՔՊ-ում մանդատի հերթը կարող է նրան էլ հասնել, եթե 30-35 մարդ գործադիր տեղափոխվի։

    Բայց պատճառը Փաշինյանի համակրանքն է Տիգրանյանի նկատմամբ․ ամեն չորեքշաբթի խորհրդարան այցելող Փաշինյանը մի քանի պատգամավորի հետ է, որպես կանոն, սրճում ԱԺ սրճարանում, որոնց մեջ միշտ կա Տիգրանյանը։ Սակայն ի՞նչ իմաստ ունի վարկանիշներ որոշել, ներթիմային ընտրություններ անել, եթե ցուցակի 96-րդ համարը պետք է զբաղեցնի ԱԺ կարեւոր պաշտոններից մեկը: Տիգրանյանը բազում մրցակիցներ ունի․ առաջադրվել են Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանը, խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ կոտայքցի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

  • «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    Մեր տեղեկություններով, 1 ամսով կասեցվել են «Արթիկ» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները, եւ կրկին ստուգումներ են սկսվել, երբ ընդամենը վերջերս էին արել եւ խախտումներ չէին հայտնաբերել: Մեր աղբյուրն ասում է, որ վերեւից «վիզ են դրել» «կեղտ» գտնել նրա վրա ու ազատել։ Քրեակատարողական ծառայության 35-ամյա պետ Ծովինար Թադեւոսյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է միայն այն արժանիքի համար, որ Սրբուհի Գալյանի մտերիմն է, չի հանդուրժում փորձառու կադրերին, հատկապես՝ նրանց, որոնք հակադրվում են իրեն, առարկում իր հրամաններին, ինչը եղել է Ղազարյանի դեպքում։ Նրան այդ հարցում աջակցում է տեղակալ Սահակ Գրիգորյանը։ Նախ «Արթիկ»-ի ռեժիմի պետ Արթուր Դանիելյանին են ազատել, ստիպել, որ պետի դեմ «ցուցմունք» տա, նա հրաժարվել է ու կորցրել աշխատանքը: Հիմա կենտրոնացել են պետի վրա։

    Հիշեցնենք, որ Ղազարյանը մոտ մեկ տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնին, այն բանից հետո, երբ բերդում կալանավորներն անհնազանդության գործողություններ էին արել, ազատել էին ղեկավար կազմին եւ փորձառու կադր համարվող Ղազարյանին, որ մինչ այդ «Սեւան» ՔԿՀ պետն էր, տեղափոխել էին «Արթիկ»` կարգուկանոն հաստատելու։

    Մեր աղբյուրի պատմելով՝ արշալույսները խաղաղ չեն նաեւ «Գորիս» ՔԿՀ-ում։ Այստեղ էլ օրերս երկու հերթափոխի աշխատակիցներ միասին ազատման դիմումներ են գրել՝ հոգնելով ստեղծված վիճակից, երբ ամեն անկապ պատճառով ստուգումներ են անում։

  • Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»

    «Հրապարակը» գրում է. «Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին վաճառակետերում։

    Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազարական դրամով։

    «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով:

    «Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաեւ վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան՝ տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առեւտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»։

    Մեր տվյալներով, «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից»:

    Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 07․ 26

  • «Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան»․ Էմին Խաչատրյան




    Փաստաբան Էմին Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։

    Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, հիմնավոր կասկածի, ձերբակալման և կալանքի իրավաչափության, ինչպես նաև այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հնարավորության վերաբերյալ պաշտպանության կողմի փաստարկները։

    Պաշտպանության կողմը լիահույս է, որ վերաքննիչ դատարանը կտրամադրի գործի հանգամանքների լիարժեք, օբյեկտիվ և անաչառ գնահատական՝ ապահովելով արդար դատաքննության և անձի ազատության իրավունքի արդյունավետ պաշտպանությունը»։

    Աղբյուրը` Էմին Խաչատրյան

  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, 6 անձ հոսպիտալացվել է

    Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

    Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով:

    Հիմնական աշխատնիշները` ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ:

    Հոսպիտալացվածների առողջական վիջակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

    Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։

    Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։

    Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ։

  • Վահագն Խաչատուրյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

    Նախագահը շնորհավորել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և ի դեմս նրա՝ նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթելով խաղաղություն, հաջողություն ու բարօրություն:

    Ընդգծելով հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների հանգամանքը, ի թիվս այլ հարցերի, Հանրապետության նախագահը հատուկ անդրադարձել է բարձրաստիճան այցերի կարևորությանը՝ հիշատակելով ընթացիկ տարվա մայիսին հաջողությամբ պսակված Նախագահ Մակրոնի պետական այցը Հայաստան, որը նոր լիցք ու բովանդակություն հաղորդեց երկկողմ օրակարգին:

    Կողմերը քննարկել են Սյունիքի մարզում Ֆրանսիայի կողմից իրականացվող ծրագրերը՝ թե կենտրոնական և թե տեղական իշխանությունների մակարդակով, ինչպես նաև կարևորել է համագործակցության խորացումը ռազմարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում: Նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացին, հատուկ կարևորելով Ֆրանսիայի դերակատարությունն այդ օրակարգում:

    Հանդիպման ավարտին դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահի այցելության, բարեմաղթանքների և երկկողմ հարաբերությունների խթանման գործում ցուցաբերվող աջակցության համար:

     

  • «Խաղաղվեք. հարցը փակված է»․ Աղվան Վարդանյան

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Աղվան Վարդանյանը գրում է․

    «Խաղաղվեք. հարցը փակված է

    Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։

    Բայց այս անգամ իմ` մանդատից հրաժարվել-չհրաժարվելու թեման շատ քննարկվեց։ Չէի արձագանքում։ Այս երկար պաուզան անուն ունի՝ ոջլոտության ստուգում։ Ուզում էի տեսնել՝ ով ով է, ով ինչի է արժանանալու։

    Հիմա ասում եմ՝ մանդատը վերցնում եմ: Հրաժարվում եմ խոսքից, որ պարտքից չհրաժարվեմ։

    Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու: Հետայսու ուրախացնելու եմ միայն նրանց, ովքեր ինձ գնահատում են։

    Առանց համեստության՝ չեմ ուզում իմ բացակայությամբ խմբակցությունում խնդիրներ ստեղծվեն։

    Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։

    Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին։

    Վերջում՝ մանդատով, թե առանց, ես Աղվան Վարդանյանն եմ: Դուք ո՞վ եք»։

     

  • Անորոշ ու անհանգիստ վիճակ Գյումրիում. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    «Մինչ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կենաց-մահու պայքար է մղում Գյումրին ուզուրպացնելու համար, տեղի իշխանությունների ու գործընկերների միջեւ անջրպետը խորանում է։ Մեզ ասացին, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը, լինելով քաղաքապետի առաջին տեղակալ, փոխարինում է Ղուկասյանին, գործընկեր կուսակցություններին մինչ այս պահը չի տեղեկացրել՝ գնո՞ւմ է խորհրդարան, թե՞ շարունակելու է փոխքաղաքապետ աշխատել։

    Գործընկերները վիրավորված են այս վերաբերմունքից, հատկապես որ պարզ էլ չէ, թե Առաքել­յանի հրաժարականից հետո ով է փոխարինելու նրան։ Ասում են՝ Ղուկասյանի թիմում չկա մեկը, որը կարող է ձգել այդ պաշտոնին եւ ընդունելի լինել ընդդիմության համար։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին էլ քրեական վարույթով կարող են հարմար պահի չեզոքացնել։ Իսկ իշխանությունը հույս ունի, որ Առաքել­յանի հեռանալուց հետո փոխարինող չեն ընտրի, եւ համայնքապետի ԺՊ կնշանակեն, որովհետեւ կարծես ձախողվում է նիստերը տապալելու միջոցով ավագանին լուծարելու եւ արտահերթ ընտրությունների գնալու պլանը։ Իսկ եթե՝ ոչ, ապա խոսում են, որ Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն»։

  • Կիև այցի ժամանակ ֆոն դեր Լայենը ստիպված է եղել թաքնվել ապաստարանում․ Euractiv

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև կատարած այցի ընթացքում ստիպված է եղել իջնել ապաստարան՝ օդային տագնապի ազդանշանի պատճառով։ Այդ մասին հայտնել է Euractiv պորտալը։

    Ըստ աղբյուրի՝ շչակները միացել են այն պահին, երբ ԵՀ ղեկավարը պատասխանում էր լրագրողների հարցերին։

    Չորեքշաբթի օրը ֆոն դեր Լայենը ժամանել էր Կիև, որտեղ նրան հանձնել են ուկրաինական «Եվրոպայի» շքանշանը, ինչը նա անվանել է «մեծ պատիվ»։

  • Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում. «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է.

    Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդարան գնա, ով գործադիրում մնա եւ ով վաստակած հանգստի մեկնի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ մարզպետները չպետք է վերցնեն պատգամավորական մանդատները, թեպետ շաբաթներ առաջ նրանցից շատերը լուրեր էին տարածում, թե գնալու են խորհրդարան, վայելեն առաջիկա հինգ տարվա անվրդով կյանքը՝ առանց պատասխանատվության միայն կոճակ սեղմեն եւ բարձր աշխատավարձ ու պարգեւավճար ստանան։ Մանավանդ՝ նրանք գիտեին, որ 2028 թվականին մարզպետարանները լուծարվելու են, եւ չէին ուզում մեկ-երկու տարուց անգործ մնալ։ Բայց նրանց ցանկությունը ոչ մեկին չի հետաքրքրում։

    Համայնքները խոշորացնելուց հետո մարզպետաց ինստիտուտը կլուծարվի, ավելի ճիշտ՝ կվերակազմավորվեն մարզպետարանները. տեղերում կմնան փոքրաթիվ աշխատակազմեր՝ կառավարության ներկայացուցչով։ Ուստի հասկանալի է, որ մարզպետները նեղված են, բայց չեն կարող հակադրվել Փաշինյանի որոշմանը, անգամ այդքան սիրտ չեն անում, որ նրա հետ քննարկեն իրենց ցանկությունները, նրա կամքն անքննելի է։ Ի դեպ, ըստ իշխանության աղբյուրների, այս գործընթացն ըստ էության մեկնարկել է եւ ավարտին պետք է հասցվի առաջիկա երկու տարում, մարզպետարանները լուծարելու հիմնավորումը վարչական համակարգի օպտիմալացումն է։ Կա տեսակետ, որ մարզպետարաններն այլեւս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք արդարացնեն այդ մեծ կառույցների գոյությունը։

    Այս նկատառումով էլ վերջին տարիներին մարզպետարաններին զրկում են մի շարք առանցքային լիազորություններից։ Դիցուք՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման եւ ազատման գործընթացը կենտրոնացվել է առողջապահության նախարարությունում, սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, սոցիալական ծառայությունների գործառույթները նույնպես վերակազմակերպվել են։

    Կառավարության նիստից հետո երեկ լրագրողները մի քանի մարզպետից հետաքրքրվել են նրանց ճակատագրի մասին, հարցրել մարզպետարանների լուծարման գործընթացից։ Բոլորը միաբերան պնդել են, թե քննարկում չի եղել այդ հարցով, իրենք տեղյակ չեն։ Իսկ Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզպետներն էլ հերթապահ բացատրություն են տվել, թե ինչու են հրաժարվել մանդատներից՝ ասելով, որ մարզում աշխատելն իրենց ավելի է դուր գալիս, եւ իրենք են իբր նման որոշում կայացրել, ոչ թե պարտադրված են բացարկի դիմումներ գրել։

    Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, որ խորհրդարանից է ժամանակին տեղափոխվել մարզպետի պաշտոնին, առաջիններից է, որ հայտնեց մանդատից հրաժարվելու որոշման մասին։ Երեկ նա մեզ ասաց, թե որոշում է կայացվել, որ ինքը պետք է շարունակի աշխատել գործադիրում, ինքն էլ ընդունել է։ Մեր տեղեկությունների մասին բարձրաձայնեցինք, որ մարզպետներն ավելի հեշտ գործ էին նախընտրում՝ խորհրդարան գնալը, բայց իրենք չեն որոշողը։ «Դե, չես համեմատի օրենսդիր եւ գործադիր մարմինների աշխատանքները, ամեն մեկն իր կարեւորությունն ունի, բայց ես պատասխանատվություն ունեմ մարզի բնակիչների հանդեպ, պատասխանատվություն ունեմ մեր թիմի հանդեպ, որոշումը կայացվել է, որ մնալու եմ, շարունակեմ աշխատանքը, որը շատ սիրում եմ»,- ասաց Առուշանյանը։ Չէի՞ք ուզենա ավելի հեշտ ու ավելի երաշխավորված գործի գնալ՝ կոճակ սեղմել միայն։ «Այս կյանքում ի՞նչն է հեշտ, եւ հետո՝ ԱԺ-ում կոճակ չեն սեղմում միայն, դուք տեսել եք իմ աշխատանքը, պատգամավորները չերեւացող շատուշատ գործառույթներ ունեն։ Բայց, ամեն դեպքում, այո, գործադիրի աշխատանքը մի քիչ ավելի աշխատատար է ու նաեւ իր մեջ հետաքրքիր էլեմենտներ ունի, որ դու կարողանում ես լավ բան անել մարզիդ, քաղաքիդ համար, այդ գիշեր կարողանում ես հանգիստ քնել, դա էլ իր հաճույքն ունի»։

    Խոսելով մարզպետարանների օպտիմալացման մասին, մարզպետ Առուշանյանն ասաց, որ նման քննարկում չեն ունեցել, բայցեւ չբացառեց, որ այդ գործընթացը կարող է սկսվել։ Նկատեցինք, որ արդեն սկսվել է՝ մարզպետարանների ենթակայությունից կրթական, առողջապահական հաստատություններն են դուրս բերվում։ «Այդ լիազորությունները մարդն է իր համար ստեղծում։ Չկա մի կառուց, որի նկատմամբ ես չունենամ հետաքրքրություն, որովհետեւ բոլոր կառույցները կապ ունեն մարզիս բնակիչների հետ, դա իրավական կլինի, թե բարոյական՝ հարցի մյուս կողմն է»,- փիլիսոփայական պատասխան տվեց Առուշանյանը՝ շարունակելով․ «Հետո էլ՝ այնպես չէ, որ դպրոցներն ամբողջությամբ գնացել են ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ, վարչատնտեսական համակարգումն ու ֆինանսական հատվածը, եթե չեմ սխալվում, մարզպետների ենթակայության տակ է, կրթական մասը՝ նախարարության»։ Առուշանյանը պնդեց, որ մարզպետարաններն ավելորդ կառույցներ չեն․ «Միանշանակ, որովհետեւ մարզպետարանները կառավարության ներկայացուցչություններն են մարզում ու բոլոր առումներով՝ թե՛ ՏԻՄ-երի հետ աշխատանքի, թե՛ ուժայինների, տեսչականների, առողջապահական ու կրթական համակարգերի»։