Category: Hayacq

  • ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

    ԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանինԱՄՆ-ն հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին, հաղորդում է The Iranist-ը։

    Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը հայտնել է, որ հուլիսի 19-ի գիշերը հարձակման է ենթարկվել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Դարհովեյնի կայանը։

    Ըստ աղբյուրի՝ ամերիկացիները մի քանի արկ են արձակել էլեկտրակայանի շինհրապարակի վրա։

    Կազմակերպությունը դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով հանցագործություն միջազգային իրավունքի դեմ։

  • Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է ռուսական հարվածներից

    Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը վնասվել է ռուսական հարվածներիցՌուսական հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

    Նշվում է, որ «Լուկյանովկա» մետրոյի կայարանի շրջանում տեղի ունեցած պայթյունի հարվածային ալիքի պատճառով վնաս է հասցվել դեսպանատան շենքին։

    Վնասվել են ապակեպատումները, առաստաղին ճաքեր են առաջացել։

  • Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքում

    Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքումՀուլիսի 19-ին՝ ժամը 02։58-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թաղամասի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքում։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։10-ին, մարվել՝ 05։33-ին։ Մասամբ այրվել է շինության տանիքը՝ մոտ 30 քմ։

  • Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 19-ի համար

    Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 19-ի համարՆերկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.53 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ։

  • Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով

    Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերովԱյսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։

    Դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

    Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

    Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոման Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։

    Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

    Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

    Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ նշված վայրից մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։

  • ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանը

    ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանըՌուսաստանը պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների կարգավորմանը, հումանիտար հարցերի լուծմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    «Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ ուղղված հարաբերությունների լիարժեք համապարփակ կարգավորմանը՝ 2020 և 2022 թվականներին ձեռք բերված ամենաբարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա։ Ինչպես և նախկինում, պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման գործում»,- ասել է նախարարը։

  • Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. Ժողովուրդ

    Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին. Ժողովուրդ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը վերհանել է մի ուշագրավ օրինաչափություն, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բիզնեսի և քաղաքականության տարանջատման սկզբունքը։ Ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի 2023-2026 թվականների նվիրատուների ցանկերը և դրանք համադրելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցուցանիշների հետ, ակնհայտ է դառնում, որ իշխանական ընտանիքի հիմնադրամի ամենաառատաձեռն հովանավորները հենց երկրի խոշորագույն տնտեսվարողներն են, հատկապես՝ հանքարդյունաբերական հսկաները։

    Հանքարդյունաբերողների խոշոր ներդրումները

    Առաջին հերթին աչքի է զարնում հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների կենսական դերակատարումը հիմնադրամի բյուջեի համալրման գործում.

    Հատկանշական է Հայաստանի երրորդ խոշոր հարկատուի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) դիրքավորումը, որը ՀՀ 3-րդ խոշոր հարկատուն է և միայն 2026 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 15․48 միլիարդ դրամ հարկ։ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը 2023-2024 թվականներին ընդհանուր առմամբ 70 միլիոն դրամի դրամաշնորհ է տրամադրել հիմնադրամի «Quanta» ծրագրին, իսկ 2025 թվականին ևս 20 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին։

    Մեկ այլ խոշոր հանքարդյունաբերող ընկերություն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 6․10 միլիարդ դրամ վճարած հարկերով եզրափակում է Հայաստանի առաջատար հարկատուների տասնյակը, նույնպես պարբերաբար ֆինանսավորել է վարչապետի տիկնոջ նախաձեռնությունները։ Ընկերությունը 2023-2024 թվականներին հիմնադրամին նվիրաբերել է 5 միլիոն դրամ, իսկ արդեն 2026 թվականին այդ գումարը կրկնապատկել է՝ հասցնելով 10 միլիոն դրամի։

    Հանքարդյունաբերական ոլորտի մյուս ակտիվ նվիրատուներից է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, որը թե՛ 2023-2024 թվականների ժամանակահատվածում և թե՛ 2025 թվականին հիմնադրամին է փոխանցել 10-ական միլիոն դրամ։ Այս շարքը համալրում են նաև «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն՝ փոխանցելով 10 միլիոն դրամ, և քարի արդյունահանմամբ ու վերամշակմամբ զբաղվող «ՋԻ ԹԻ Էս Սթոուն» ՍՊԸ-ն՝ 1 միլիոն դրամ նվիրատվությամբ։

    Խոշոր հարկատուներն ու արտադրողները՝ նվիրատուների թվում

    Պակաս ուշագրավ չէ նաև տնտեսության մյուս ոլորտների խոշորագույն ներկայացուցիչների մասնակցությունը, որոնց կատարած վճարումները ևս աչքի են ընկնում տպավորիչ թվերով։

    Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը 2026 թվականի առաջին եռամսյակում վճարել է աննախադեպ 21․37 միլիարդ դրամ հարկ՝ գլխավորելով հարկատուների ցուցակը, 2025 թվականին «Մոբայլ Սենթր» խանութների ցանցի միջոցով 10 միլիոն դրամ է նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին։

    Ֆինանսաբանկային համակարգի առաջատարներից «Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2023-2024 թվականներին փոխանցել է 10 միլիոն դրամ, իսկ 2025 թվականին կրկնապատկել է իր նվիրատվությունը՝ հասցնելով 20 միլիոն դրամի։

    Իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սուքիասյան» հիմնադրամը 2025 թվականին փոխանցել է 10 միլիոն դրամ։

    Խոշոր արտադրողներից «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն երկու տարբեր ժամանակահատվածներում՝ 2023-2024 թվականներին և 2025 թվականին, նվիրաբերել է 10-ական միլիոն դրամ։

    Պարբերական աջակցությամբ աչքի է ընկել նաև «Պռոշյանի կոնյակի գործարանը»՝ ընդհանուր առմամբ փոխանցելով ավելի քան 6․3 միլիոն դրամ։

    Ինչպես նաև «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ն, որը 2023-2024 թվականներին փոխանցել է 10 միլիոն դրամ, իսկ 2026 թվականին՝ ևս 20 միլիոն դրամ։

    Միլիոնավոր դրամների հասնող «Անանուն» նվիրատվությունները

    Այս ամբողջ ֆինանսական պատկերում առանձնակի հետաքրքրության տեղիք են տալիս հիմնադրամի հաշվետվություններում տեղ գտած տասնյակ միլիոնավոր դրամների հասնող «Անանուն» նվիրատվությունները, որոնք տարեցտարի բաշխվում են հետևյալ կերպ։ Միայն 2026 թվականին երկու անանուն փոխանցումներով հիմնադրամ է մուտքագրվել համապատասխանաբար 20 և 50 միլիոն դրամ։ 2025 թվականին անանուն նվիրատվությունների հանրագումարը կազմել է 140 միլիոն դրամ, իսկ 2023-2024 թվականների հաշվետվություններում անանուն աղբյուրներից հավաքագրվել է ավելի քան 175 միլիոն դրամ, ինչպես նաև ահռելի՝ 250,000 ԱՄՆ դոլար և 100 եվրո։

    2021-2022 թվականներին. Գրանցվել է 13 խոշոր միանվագ անանուն փոխանցում, որոնց թվում են՝ 47 միլիոն դրամ, 37 միլիոն դրամ, 25 միլիոն դրամ, 20 միլիոն դրամ, 8 միլիոն դրամ և 5 միլիոն դրամ չափերով գումարներ։ Կան նաև խոշոր դոլարային անանուն փոխանցումներ՝ 300,000 ԱՄՆ դոլար և 5,000 ԱՄՆ դոլար։

    2020 թվականին. Ստացվել է 10,311,000 դրամ և 1,019 դոլար։

    2019 թվականին. Փոխանցվել է 258,197,000 դրամ, 50,200 դոլար և 10 եվրո՝ դարձյալ անանուն։

    2018 թվականին. Հիմնադրամին անանուն փոխանցվել է 510,000 ԱՄՆ դոլար (որից 500,000 դոլարը եղել է մեկ միանվագ փոխանցում) և 77,503,000 դրամ։

    Լենա Նազարյանի և Արայիկ Հարությունյանի մոռացված սկզբունքայնությունը

    Ճակատագրի հեգնանքով, այսօրվա իշխանականների անցյալն ու ներկան բախվում են հենց իրենց իսկ հռչակած «ժողովրդավարության սկզբունքների» պատնեշին։ Ուղիղ ութ տարի առաջ՝ 2018 թվականի մարտի 16-ին, երբ նրանք դեռ ընդդիմադիր ամբիոններից էին խոսում, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ (այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար) Արայիկ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, ով այսօր արդեն հանդիսանում է Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, դատական հայց էին ներկայացրել ընդդեմ «Երևան» հիմնադրամի և Պետեկամուտների կոմիտեի։

    Այն ժամանակ նրանք դատարանով կատաղի պայքարում էին և պահանջում պարտադրել հրապարակել այն նվիրատուների ցանկը, որոնք 100 հազար դրամ և ավելի գումար էին անանուն փոխանցել Տարոն Մարգարյանի հովանավորած հիմնադրամին։ Նրանք միանշանակ պնդում էին՝ ցանկացած անանուն փոխանցում կոռուպցիոն ահռելի ռիսկեր է պարունակում։

    Հեղափոխությունից հետո Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն գրում էր․

    «Երբ մինչև հեղափոխությունը ՊԵԿ-ին խնդրեցի տրամադրել «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկը, պարզվեց, որ հիմնադրամը չի կատարել ՊԵԿ նախագահի հրամանը և չի տրամադրել այդ տեղեկությունը: Այն ժամանակ ՊԵԿ-ը ոչ միայն վարչական վարույթ չհարուցեց այս խախտման կապակցությամբ, այլ նաև փոխեց ՊԵԿ-ի հրամանը, որպեսզի այդ տվյալները համարվեն անձնական գաղտնիք և փակ լինեն հանրության համար: Այսօր ստացա հետհեղափոխական ՊԵԿ-ի պատասխանը, որտեղ ասված է, որ տեղեկություններ չտրամադրելու կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ և նաև փոփոխություն է կատարվել ՊԵԿ նախագահի հրամանում` նախատեսելով հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվություններում ֆինանսավորողների խմբի արտացոլման ձևաչափ»։

    Բայց արի ու տես, որ իշխանական կաբինետներում տեղավորվելուց հետո սկզբունքներն ու ստանդարտները կտրուկ փոխվեցին։ Այսօր, երբ Լենա Նազարյանը հենց ինքն է հանդիսանում «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ստացվող անանուն միլիոնները նրան այլևս չեն անհանգստացնում, և նա այստեղ որևէ «կոռուպցիոն ռիսկ» չի տեսնում, ավելին այն ներկայացվում է որպես սովորական, անկեղծ «բարեգործություն» և «աջակցություն կրթական ու սոցիալական ծրագրերին»։

    «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած պաշտոնական թվերը պարզապես աղաղակող են։ Աննա Հակոբյանի հիմնադրամում անանուն նվիրատվությունները ոչ թե 100 հազար դրամ են, այլ չափվում են աստղաբաշխական թվերով, որոնց իրական աղբյուրները հանրությունից թաքցված են, թեև Լենա Նազարյանը՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, ուղղակի պատասխանատվություն է կրում հիմնադրամի թափանցիկության համար։

    Ստացվում է մի զավեշտալի իրավիճակ. տարիներ առաջ Լենա Նազարյանն ու Արայիկ Հարությունյանը կոռուպցիոն վտանգներ էին տեսնում ընդամենը 100 հազար դրամի մեջ և դատարաններով աղմուկ բարձրացնում, իսկ այսօր, երբ Լենա Նազարյանը նստած է հենց «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, նրա աչքի առաջ հիմնադրամ մուտքագրվող օրինակ 300,000 դոլարի անանուն փոխանցումը նրա մոտ ոչ մի հարց, քննարկում կամ մտահոգություն չի առաջացնում։

    Արդյո՞ք սա էր ձեր հռչակած սկզբունքայնությունն ու թափանցիկությունը, պարոնա՛յք և տիկնա՛յք նախկին «սկզբունքային» ընդդիմադիրներ։ Թե՞ կոռուպցիան կոռուպցիա է միայն այն ժամանակ, երբ դուք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ չեք։

    Հավելենք, որ ներկա դրությամբ 2026 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների թիվը 8 է, իսկ ընդհանուր նվիրատվության գումարը՝ 115 մլն դրամ։

    Ամփոփելով նշված տարիների ֆինանսական ողջ պատկերը՝ կարող ենք փաստել, որ 2023-2026 թվականների ընթացքում Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին տրամադրված նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 854 միլիոն ՀՀ դրամ, ավելի քան 404,000 ԱՄՆ դոլար և շուրջ 26,000 եվրո։ Այս աստղաբաշխական միջոցների առյուծի բաժինը գոյացել է հենց պետական հատուկ կարգավորման և վերահսկողության տակ գտնվող հանքարդյունաբերական ընկերությունների ու Հայաստանի առաջատար հարկատուների միջոցներից, ինչն ուղղակիորեն հարցեր է առաջացնում առ այն, թե արդյոք սա զուտ անկողմնակալ բարեգործություն է, թե՞ քաղաքականապես ապահովագրված լինելու երաշխիք»։

  • Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ նաև քամու ուժգնացում, եղանակն առաջիկա օրերին

    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ նաև քամու ուժգնացում, եղանակն առաջիկա օրերինԵրևան քաղաքում՝

    Հուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։

     

    Հանրապետության տարածքում`

    Հուլիսի 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18- 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

    Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

  • Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին

    Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմինԱյսօր՝ հուլիսի 18-ին, ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի կա։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի։

    Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

  • Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

    Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը (ԱՖԱԴ):

    Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա:

    Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: