Category: ArmPulse

  • «Զոլեր» սգո սրահի վճարային տերմինալից հափշտակվել է 3․5 միլիոն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ | Հասարակություն

    Հուլիսի 29-ին տեղեկություն է ստացվել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով (գողություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ վարույթի նյութերի՝ անհայտ անձը 2025 թվականի նոյեմբերին Գրիգոր Հասրաթյան փողոցում գործող «Զոլեր» սգո սրահի տարածքում տեղադրված վճարային տերմինալից կատարել է հափշտակություն՝ ընկերությանը պատճառելով 3.5 միլիոն դրամի գույքային վնաս։

    Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

  • Արայիկ Հարությունյանը առաջիկայում կստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը | Քաղաքականություն

    Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ ավարտել է ավելի քան հինգ տարվա գործունեությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում և առաջիկայում կստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

     «Ֆեյսբուք»-ի իր էջում Արայիկ Հարությունյանը գրել է

    «Այսօր ավարտվեց ավելի քան 5 տարվա գործունեությունս վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ինչպես արդեն ասել եմ՝ սա հսկայական փորձառություն էր ինձ համար, ամբողջ գիտելիքս ու հմտություններս ծառայեցրել եմ Հայաստանի Հանրապետությանը:

    Շնորհակալ եմ այս հնարավորության համար վարչապետ Նիկոլ Փաշինյանին. համատեղ հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ՝ ամրապնդելով մեր պետականությունը, ինչի համար շատ հպարտ եմ:

    2018-2021թթ.-ին Ազգային ժողովի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ գումարումներում երեք անգամ ընտրվել եմ պատգամավոր, սակայն հրաժարվել եմ մանդատից՝ պաշտոններ զբաղեցնելով գործադիրում:

    Հիմա գնում եմ ԱԺ՝ դառնալու #ՔոՊատգամավորը:

    Իմ գործընկերների հետ կապացուցենք, որ խորհրդարանական երկրում սա կարևորագույն ինստիտուտ է: Իմ ջանքերն ու կարողություններն ուղղելու եմ այդ նպատակին:

    Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը: Հայաստանի Հանրապետության հարատևությունն այլևս փաստ է»,- նշված է գրառման մեջ։ 

     

  • Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան | Բիզնես

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Նարեկ Կարապետյանի՝ լրատվամիջոցների հետ զրույցում հնչեցրած հայտարարություններին։

    Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ Նարեկ Կարապետյանը մի շարք անհիմն պնդումներ է արել ընկերության գործունեության վերաբերյալ։ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը նշել է, որ հարցի մանրամասներին կանդրադառնա առաջիկա օրերին՝ առանձին հարցազրույցի ձևաչափով, սակայն ներկայացրել է դրանցից երկուսը․

    «1․ Նարեկ Կարապետյանը պնդում է, թե ներկայումս ևս ՀԷՑ-ում առկա են հավելագրումներ, և իրենք 6 ամսվա ընթացքում 40-50 աշխատակցի ազատել են աշխատանքից, իսկ 30-ի վերաբերյալ իրականացրել են ծառայողական քննություն՝ առանց որևէ քրեաիրավական գնահատականի»,- նշել է Պետրոսյանը։

    Ըստ Ռոմանոս Պետրոսյանի՝ իրականում ժամանակավոր կառավարման ընթացքում ընկերությունից ազատվել է ավելի քան 1150 աշխատակից, որոնցից շուրջ 700-ը՝ տարաբնույթ խախտումների, այդ թվում՝ հավելագրումների և թերգրանցումների պատճառով։ Բացահայտված խախտումների փաստերով նախաձեռնվել է շուրջ 30 քրեական վարույթ, կան ձերբակալվածներ և կալանավորվածներ։

    «2․ Նարեկ Կարապետյանը պնդում է, թե հավելագրումներն արվել են առանց ղեկավարության իմացության, և ՀԷՑ-ը դրանից որևէ օգուտ չի ունեցել»,- գրել է Պետրոսյանը։

    Ժամանակավոր կառավարչի խոսքով՝ հավելագրումներն ու թերգրանցումներն իրականացվել են ցանցում առկա էլեկտրաէներգիայի կորուստների ծավալն արհեստականորեն նվազեցնելու նպատակով, ինչը հետևանք էր ապօրինի միացումների և ստվերային վաճառքների։ Պետրոսյանի պնդմամբ՝ այդ մեքենայությունների արդյունքում աղճատվել են ընկերության իրական ցուցանիշները։

  • Հայաստանն ու Չեռնոգորիան ստորագրել են կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր | Մշակույթ

    Հայաստանի Հանրապետության և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ստորագրվել է կրթության, գիտության և նորարարության ոլորտներում համագործակցության համաձայնագիր։ Փաստաթուղթը վավերացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Չեռնոգորիայի կրթության, գիտության և նորարարության նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

    Փաստաթուղթը նախատեսում է փորձի փոխանակում, Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրականացում, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների խրախուսում, ինչպես նաև ազգային կրթական համակարգերի արդիականացման ուղղությամբ համագործակցության ընդլայնում։ Կողմերը պայմանավորվել են խթանել կրթական, գիտական և նորարարական հաստատությունների միջև համագործակցությունը, զարգացնել ակադեմիական շարժունությունը և ընդլայնել համատեղ մասնակցությունը միջազգային ծրագրերին։

    Ողջունելով Չեռնոգորիայի պաշտոնակցին՝ Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ ստորագրված համաձայնագիրը ստեղծում է ամուր ինստիտուցիոնալ հիմք երկարաժամկետ գործընկերության համար, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացի երկու երկրների ուսանողների, դասախոսների և հետազոտողների համար։

    Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվույմ՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիրը, թվային վերափոխումը, դպրոցաշինությունը և արհեստական բանականության ներդրումը («ԱԲ սերունդ», STEP.AI, AI Generation)։ Նախարարը նշել է նաև, որ ԿԳՄՍՆ-ի և OpenAI ընկերության համագործակցությամբ ChatGPT Edu գործիքը սեպտեմբերից հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին՝ ապահովելով շուրջ 50 հազար բաժանորդագրություն։

    Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է դրա շրջանակում Չեռնոգորիայի հետ համագործակցության ընդլայնմամբ։

    Չեռնոգորիայի նախարար Անջելա Յակշիչ Ստոյանովիչը հետաքրքրվել է Չեռնոգորիայում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մոդելի ներդրման հնարավորությամբ, ինչին ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել փորձի փոխանակմանը։

    Կողմերը քննարկել են նաև մասնագիտական կրթության (ՄԿՈՒ/VET), ինչպես նաև Erasmus+ և «Հորիզոն Եվրոպա» ծրագրերի շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

  • ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

    Օլիվյե Լեֆեբվրը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ո…
  • ՆԳՆ-ում, Ոստիկանությունում և Դատախազությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցեր | Հայաստան

    ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ-ի, Ոստիկանության և Գլխավոր դատախազության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

    Քննարկման առանցքում հանցավորության դեմ պայքարի ոլորտում շահագրգիռ գերատեսչությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, իրավապահ մարմինների գործունեության համակարգմանն ու առկա խնդիրների լուծմանն ուղղված հարցերն էին։

    Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արձանագրված հանցագործությունների բնույթին, դրանց կատարման տարածված եղանակներին, կազմակերպված հանցավոր խմբերի կիրառած մեթոդներին, ինչպես նաև դրանց կանխման, բացահայտման և ապացուցման գործընթացում ի հայտ եկող գործնական խնդիրներին։

    Հանդիպման ընթացքում կարևորվել է Ոստիկանության, նախաքննական մարմինների և Գլխավոր դատախազության միջև քննչական ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների պատշաճ համակարգումը, ինչպես նաև դատավարական փաստաթղթերի պատշաճ կազմման և ապացույցների ամրագրման միասնական պրակտիկայի ձևավորումը։

    Քննարկվել են նաև տեսահսկման համակարգերի ու թվային գործիքների առավել արդյունավետ կիրառման, հանցավորության միտումների ուսումնասիրման, ռիսկերի գնահատման և օրենսդրական կարգավորումների կատարելագործման հնարավորությունները։

    Քննարկման ավարտին մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել միջգերատեսչական համագործակցությունը, ապահովել ներկայացված առաջարկությունների փուլային իրականացումը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հանցագործությունների կանխարգելման ու արագ բացահայտման ուղղությամբ։

  • Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը | Հայաստան

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը, հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

    «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

    Հայցադիմումով, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, ի թիվս այլնի, պահանջվում էր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Գագիկ Ծառուկյանին պատկանող՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը:

    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 29-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն՝ «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ:

    Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության:

    Բացի այդ, Գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

     75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:

     10 գույքի շուկայական արժեք:

     42 տրանսպորտային միջոց:

     38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:

     Հայցվող դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:

    Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, 2026 թվականի հուլիսի 13-ին Գլխավոր դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ մեկ այլ միջնորդություն՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ: Դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել էր. «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի կառավարումը ու պահպանումը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը:

  • Լոլիկի իրացման խնդրի պատճառով ակնալիճցիները փակել են Արմավիր-Երևան պետական նշանակության ավտոճանապարհը | Հասարակություն

    Ակնալիճցիները փակել են Արմավիր-Երևան պետական նշանակության ավտոճանապարհը։ Պատճառը՝ լոլիկի իրացման խնդիրն է։ Ակնալիճցիները դժգոհ են, որ բերքը դաշտերում և ջերմատներում գերհասունացել է, իսկ իրենք կանգնած են բերքը իրացնելու խնդրի առաջ։

    Արտահանման սահմանափակումների պատճառով բերքի ահռելի քանակությունը ներքին շուկայում սպառելն անհնար է, իսկ ինչպես նշում են ակնալիճցիները, վերամշակող կազմակերպությունները հրաժարվում են պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ։

    Գյուղացիները նշում են, որ  մեկ հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար ծախսվել է միջինը 1-1,5 միլիոն դրամ՝ այն դեպքում, երբ ընտանիքով են մշակությունն իրականացրել, իսկ եթե վարձու աշխատողներ են ներգրավվել, ապա ծախսերը մեծացել են։

    Ճանապարհը փակած գյուղացիները պահանջել են Արմավիրի մարզպետի հետ հանդիպում՝ լոլիկի իրացման հարցը տեղում քննարկելու և ելքեր գտնելու համար։

    Արդյունքում ճանապարհը բացել են  և համայնքի ղեկավարի հետ քննարկումը շարունակել Ակնալիճի վարչական պատասխանատուի նստավայրում։

  • «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում | Հայաստան

    «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

    «Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա. Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք»,«-Արմենպրեսս»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

    Արթուր Դալլաքյանը «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ ընկերության բաժնեմասի 100 տոկոսը պատկանում էր Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին։

    Ընկերությունը սպասարկում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի միասնական երթուղային ցանցերը։ Դալլաքյանը 2019-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր։