Օրերս տեղեկություն տարածվեց, որ Երևանի երաժշտական դպրոցներից մեկի տնօրենը (ժ/պ-ն) ցուցադրությունից պոկել ու հեռացրել է 10 տարեկան սանուհու արած նկարն Արցախի «Դեդո-Բաբո» հանրահայտ կոթողի պատկերով: Նշյալ դպրոցի տնօրենին բազմաթիվ հայրենակիցներ, այսպես ասենք, անարգանքի ու պարսավանքի «սյանն են գամել»: Ու ճիշտ են արել: Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է:
Որպեսզի ունենաս սեփական պատմության հարգն ու արժեքն իմացող, այդ պատմությանն ու ահռելի ժառանգությանը տեր կանգնող, նաև՝ պահանջատեր, պատմական հիշողություն ունեցող հասարակություն, կարևոր է, որ նախ՝ ունենաս նման իշխող էլիտա՝ կառավարություն, պետության ղեկավարություն: Եթե պետության ղեկավարությունը վարում է երկչոտ, վախվորած քաղաքականություն, սեփական պատմությունն ու իրողությունները կասկածի, հարցականի տակ է դնում, ուրացումային կամ ժխտողական մոտեցումներ է դրսևորում, ապա հասարակությանը վերոնշյալ բարձրության վրա պահելու առաքելությունը մնում է առանձին անհատների, քաղաքական ու հասարակական ոչ իշխանական շրջանակների ուսերին:
Ու ողջ խնդիրն այն է, որ հարցը միայն այդ մեկ դպրոցը չէ, այդ մեկ օրինակը չէ: Ու ամենևին պարտադիր չէ, որ «վերևից» այդ դեպքի համար հատուկ հրահանգ տրված լինի, կամ պաշտոնական շրջաբերական իջեցվի դպրոցների ղեկավարներին: Պարտադիր չէ: Եթե իշխանությունը նման «գիծ» է վարում, ապա, բնականաբար, կգտնվեն «Հռոմի պապից ավելի կաթոլիկներ»: Չնայած, չենք բացառում, որ ինչ-որ նման հրահանգ էլ իջեցված լինի, ներքին կարգով, ոչ պաշտոնապես: Բայց եթե դա էլ չլիներ, ապա միայն Փաշինյանի ու նրա «կարկառունների» ամենօրյա հայտարարությունները, անընկալելի ու անընդունելի բնորոշումները բավարար էին, որ բոլորն էլ հասկանան՝ այլևս արգելված են և՛ Արարատի, և՛ Հայոց ցեղասպանության, և՛ Արցախի, և՛ Արևմտյան Հայաստանի հիշատակումները և այդ ամենը արտացոլող տեսալսողական, մշակութային ստեղծագործությունները, պատկերները, ֆիլմերը, երգերը, գրքերը, նկարները: Մի խոսքով, ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է…
Ժամանակակից աշխարհում գիտությունը դադարել է լինել զուտ ակադեմիական կամ մշակութային արժեք և վերածվել է պետությունների գոյատևման ու հզորության հիմնական բաղադրիչի։ Ավելին՝ գիտության մակարդակը դարձել է ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության և աշխարհաքաղաքական ազդեցության ուղղակի ցուցիչ։ Այն երկիրը, որն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել գիտելիք, արժանապատվորեն մասնակցել գիտատեխնիկական մրցավազքին և պահպանել իր մտավոր ներուժը, վաղ թե ուշ հայտնվում է կախվածության մեջ նրանցից, ովքեր այդ գիտելիքն ունեն։ Հենց այս տրամաբանությամբ է բացատրվում այն փաստը, որ գիտության ֆինանսավորումն այսօր դիտարկվում է ոչ թե որպես ծախս, այլ որպես ռազմավարական ներդրում, որի արդյունքները երբեմն երևում են տասնամյակների ընթացքում, բայց առանց որի պետությունն ի վիճակի չէ ապահովել իր ապագան։ Գիտության զարգացումը տալիս է մի շարք ուղղակի ու անուղղակի առավելություններ, որոնցից թերևս ամենակարևորը տնտեսական աճն է։ Նորարարական տեխնոլոգիաներ ստեղծող երկրները ձևավորում են բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք, ներգրավում են կապիտալ և պահպանում մրցունակ դիրքեր համաշխարհային շուկաներում։
Սրան զուգահեռ՝ արհեստական բանականության ոլորտում գրանցվող առաջընթացը փոխակերպում է գործնականում գործունեության բոլոր ոլորտները՝ արդյունաբերությունից մինչև կրթություն, պաշտպանություն և կառավարում, մինչդեռ կենսատեխնոլոգիաների և բժշկության զարգացումը հնարավորություն է տալիս լուծելու մարդկության համար ամենակարևոր՝ առողջության ու կյանքի տևողության հետ կապված խնդիրները։
Կանաչ էներգետիկային անցումը, որն այսօր դարձել է գրեթե բոլոր զարգացած երկրների ռազմավարական օրակարգի մասը, նույնպես ուղղակիորեն կախված է գիտական հետազոտություններից ու տեխնոլոգիական նորարարություններից։ Արդյունքում գիտելիքն ինքնին վերածվում է գլխավոր ռազմավարական ռեսուրսի, որի տիրապետումը կամ բացակայությունը որոշում է պետությունների տեղը համաշխարհային հիերարխիայում։
Գիտության ոլորտում ընթացող համաշխարհային մրցավազքը ներկայում հիմնականում կենտրոնացած է երկու գերտերությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև, որոնք պայքարում են ոչ միայն տեխնոլոգիական առաջատարության, այլև դրանից բխող աշխարհաքաղաքական ու տնտեսական գերիշխանության համար։ Չինաստանի ռազմավարությունն այս մրցակցության մեջ հիմնված է հատկապես օտարերկրյա, այդ թվում՝ ամերիկյան առաջատար համալսարաններում ձևավորված գիտնականների ներգրավման վրա։ Պեկինը վերջին տարիներին մեծ ջանքեր ու ռեսուրսներ է ուղղում, որպեսզի աշխարհի առաջատար հետազոտողները տեղափոխեն իրենց գիտական գործունեությունը Չինաստան, և այս ռազմավարությունը սկսում է շոշափելի արդյունքներ տալ։ Թերևս ամենավառ ու ամենախորհրդանշական օրինակը 2025 թվականի քիմիայի Նոբել յան մրցանակակիր, հեղինակավոր գիտնական, քիմիկոս Օմար Յաղիի որոշումն է. Կալիֆորնիայի համալսարանում (Բերկլի) տասնամյակներ շարունակ գործունեություն ծավալելուց հետո նա 2026 թվականին հեռացավ ամերիկյան համալսարանից և ամբողջական աշխատանքի անցավ Պեկինի Ցինհուա համալսարանում։ Այս քայլը մեծ արձագանք գտավ միջազգային մամուլում հենց այն պատճառով, որ այն խորհրդանշում է մի երևույթ, որը դեռ մի քանի տարի առաջ գրեթե անհավանական էր թվում։ Բայց Յաղիի օրինակը միակը չէ. նրան հետևում են այլ գիտնականների նմանատիպ որոշումներ, ինչը վկայում է այն մասին, որ երկարամյա կանխավարկածը, թե աշխարհի լավագույն գիտնականները միշտ ձգտելու են ամերիկյան համալսարաններ, այլևս արդիական չէ։
Այս զարգացումների ֆոնին Միացյալ Նահանգներում գիտության ու համալսարանների ֆինանսավորումը վերջին շրջանում որոշակիորեն կրճատվել է, ինչը որոշ վերլուծաբանների կողմից գնահատվում է որպես ամերիկյան գիտական համակարգի համար մարտահրավեր։
Այնուամենայնիվ, չնայած այս կրճատումներին, ԱՄՆ-ում շարունակում են գործել գիտության ու նորարարության զարգացման համար աշխարհում թերևս լավագույն պայմանները՝ զարգացած գիտահետազոտական ենթակառուցվածքներ, ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ, ուսումնական և գիտահետազոտական ազատություն, ինչպես նաև գիտության ու բիզնեսի սերտ կապ, ինչը հնարավորություն է տալիս գիտական հայտնագործություններն արագորեն վերածելու առևտրային արտադրանքի։
Երկու երկրների միջև մրցակցության գլխավոր ուղղություններն են արհեստական բանականությունը, քվանտային հաշվարկները, կենսատեխնոլոգիաները և առաջընթացի մյուս ամենանորարար ու ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերը, որտեղ առաջատարությունը մոտակա տասնամյակների ընթացքում մեծապես որոշելու է համաշխարհային տնտեսական ու ռազմական հավասարակշռությունը։ Սակայն կարևոր է նշել, որ գիտության ոլորտում մեծ ազդեցության հասնելու հնարավորությունը վերապահված չէ միայն գերտերություններին։ Պատմությունը և ժամանակակից փորձը ցույց են տալիս, որ համեմատաբար փոքր երկրներն էլ կարող են գիտության միջոցով ձեռք բերել աներևակայելիորեն մեծ ազդեցություն ու տնտեսական հզորություն, եթե ճիշտ են կառուցում իրենց ռազմավարությունը։
Իսրայելը, Սինգապուրը և Շվեյցարիան դասական օրինակներ են այն բանի, թե ինչպես կարելի է, չունենալով մեծ տարածք, բնական ռեսուրսներ կամ մեծաքանակ բնակչություն, դառնալ գիտատեխնոլոգիական առումով առաջատար՝ պարզապես գիտության, կրթության և նորարարության հանդեպ հետևողական ու երկարաժամկետ մոտեցման միջոցով։ Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ որոշիչը ոչ թե երկրի չափն է կամ բնական ռեսուրսների առկայությունը, այլ պետական քաղաքականության հետևողականությունը, մարդկային կապիտալի ներդրումը և գիտության հանդեպ իրական, այլ ոչ թե ձևական վերաբերմունքը։
Միաժամանակ, թեև վերջին շրջանում համաշխարհային քննարկումներում գերակշռում է բնական ու տեխնիկական գիտությունների կարևորությունը՝ հատկապես նրանց տնտեսական մոնետիզացիայի ներուժի պատճառով, հասարակական գիտությունների դերն ու նշանակությունը նույնպես նոր որակի մեջ են մտնում։ Հասարակագիտական հետազոտությունները՝ սոցիոլոգիայից մինչև քաղաքագիտություն և պատմություն, կարևոր դեր են խաղում ազգային ինքնության ձևավորման, հանրային գիտակցության զարգացման, աշխարհայացքի կերտման և, ի վերջո, մրցունակ ու պատասխանատու քաղաքացիների ձևավորման գործում։ Այս ուղղություններն են, որ ապահովում են այն ներքին կայունությունն ու համախմբվածությունը, առանց որի նույնիսկ ամենառադիկալ տեխնոլոգիական առաջընթացը չի կարող վերածվել կայուն պետական հզորության։
Հայաստանի պարագայում իրավիճակն ունի իր առանձնահատուկ «անկյունները»։ Մեր երկրում գիտության մասին խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին, իսկ արված համեմատաբար փոքր քայլերի նշանակությունը հաճախ արհեստականորեն ուռճացվում է՝ ստեղծելով առաջընթացի պատրանք այնտեղ, որտեղ իրական համակարգային փոփոխություններ դեռ տեղի չեն ունեցել։ Իրականում, որպեսզի Հայաստանը վերածվի իսկապես մրցունակ ու դինամիկ պետության, անհրաժեշտ է գիտությանն ուշադրություն դարձնել այնպիսի մասշտաբով ու լրջությամբ, որը մինչ այժմ բացակայել է։
Ընդ որում, այս ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն այն ուղղություններով, որոնք կարճաժամկետ հեռանկարում կարող են ապահովել տնտեսական օգուտ և ուղղակի եկամուտ։ Հասարակագիտական ուղղություններին ուշադրություն դարձնելը, թեև այն ուղղակիորեն չի մոնետիզացվում ու հաճախ դժվար է չափելի տնտեսական արդյունքի վերածել, ունի ոչ պակաս կարևոր դերակատարություն՝ պետության երկարաժամկետ զարգացման, օրինապահ վարքագծի ձևավորման և բարձր ինքնագիտակցություն ու հստակ ձևավորված ինքնություն ունեցող քաղաքացիների կերտման տեսանկյունից։
Կարևոր է նաև հասկանալ, որ գիտության զարգացումը սկզբունքորեն երկարատև և մեծ ջանքեր պահանջող գործընթաց է, որի արդյունքները երբեք չեն երևում անմիջապես։ Այս ոլորտում կատարվող ներդրումները պետք է ունենան հստակ երկարաժամկետ հեռանկար, և պետությունը չպետք է սպասի, որ մեկ-երկու տարվա ընթացքում կատարված ներդրումներից պետք է ստացվեն շոշափելի ու տպավորիչ արդյունքներ։ Գիտության ոլորտում հապճեպ, կարճաժամկետ մտածողությունը գրեթե միշտ հանգեցնում է կա՛մ ձևական, առանց իրական բովանդակության արդյունքների, կա՛մ էլ, ընդհանրապես, ներդրումների դադարեցման հենց այն պահին, երբ սկսում են երևալ առաջին լուրջ արդյունքները։
Սրան զուգահեռ՝ չափազանց կարևոր է, որ գիտության ոլորտը դառնա իսկապես գրավիչ ինչպես երիտասարդ, նոր սերնդի գիտաշխատողների, այնպես էլ արդեն ոլորտում երկար տարիներ ներգրավված, փորձառու մասնագետների համար։ Եթե պետությունը չգնահատի իր գիտնականներին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդանշական իմաստով, նրանք, բնականաբար, կհեռանան իրենց մասնագիտական գործունեությունից կամ էլ կընտրեն այլ երկրներ, որտեղ իրենց աշխատանքն ավելի բարձր է գնահատվում։ Իսկ սա շատ ցավալի հարված կլինի ազգային գիտությանը, քանի որ, ինչպես արդեն նշվեց, որակյալ գիտնական պատրաստելը տասնամյակների ընթացքում կուտակվող գիտելիքի, փորձի ու ներդրումների արդյունք է, և այդ կապիտալի կորուստը գործնականում անհնար է արագ վերականգնել։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև գիտական արդյունքների գնահատման մոտեցումը։ Անհրաժեշտ է հիմնվել ոչ թե զուտ քանակական չափորոշիչների, այլ որակական գնահատականների վրա։ Այլ կերպ ասած՝ գիտնականը կարող է ձևականորեն ստեղծել մեծածավալ գիտական բազա, հրապարակել բազմաթիվ հոդվածներ, սակայն այդ աշխատանքն իրականում կարող է չունենալ իրական արդիականություն, չպարունակել որևէ նոր, օրիգինալ գիտելիք կամ նույնիսկ արդեն ժամանակավրեպ լինել, մինչդեռ պաշտոնական քանակական ցուցանիշների տեսանկյունից նման գիտնականը կարող է ձևականորեն գերազանցել իր գործընկերներին։ Այսինքն, առաջնահերթությունը պետք է տրվի որակական կողմին։ Նախընտրելի է համեմատաբար ավելի փոքրածավալ, բայց իսկապես արդիական, նոր գիտելիք պարունակող և գործնականում օգտակար գիտական բազան, քան մեծածավալ, բայց բովանդակային առումով քիչ արժեք ներկայացնող արդյունքը։
Զուգահեռաբար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գիտության որոշ ճյուղեր առանձնահատուկ բնույթ ունեն և պահանջում են հատուկ, նպատակային ուշադրություն ու աջակցություն, որը չի կարող կրկնօրինակվել այլ ուղղությունների նկատմամբ կիրառվող ընդհանուր մոտեցումներով։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ կատարվող քայլերի հաջորդականությունը. նախ՝ պետք է հասնել համակարգի պահպանմանը, այսինքն՝ ապահովել, որ արդեն կատարված աշխատանքը, կուտակված գիտական փորձն ու ինստիտուցիոնալ հիշողությունը չկորչեն, և միայն դրանից հետո անցում կատարել գիտության իրական զարգացմանն ու ընդլայնմանը։ Հենց այս հաջորդական մոտեցման արդյունքում է հնարավոր, որ Հայաստանը կարողանա իսկապես դառնալ մրցունակ երկիր գիտության ոլորտում։
Մարդկային կապիտալի առումով Հայաստանն ունի կարևոր, բայց դեռևս լիարժեք չօգտագործված առավելություն։ Ու պատահական չէ, որ շատ հայ մասնագետներ ստիպված են լինում մեկնել արտասահման, որտեղ էլ հասնում են մեծ մասնագիտական հաջողությունների ու ճանաչման՝ հաճախ աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոններում։ Սա միաժամանակ և՛ խնդիր է, և՛ հնարավորություն. խնդիր է այն իմաստով, որ երկիրը կորցնում է իր լավագույն մասնագետներին հենց այն պահին, երբ նրանք առավել արժեքավոր կդառնային ազգային գիտության զարգացման համար, բայց նաև հնարավորություն է, քանի որ ապացուցում է, որ խնդիրը ոչ թե մարդկային ներուժի բացակայությունն է, այլ ներքին պայմանների ու հնարավորությունների անբավարարությունը։ Եթե Հայաստանը կարողանա ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ գիտնականները կզգան իրական գնահատանք, կայուն ֆինանսավորում ու մասնագիտական աճի հեռանկար, ապա արտասահմանում հաջողության հասած հայ մասնագետների փորձն ու կապերը կարող են վերածվել ազգային գիտության զարգացման կարևորագույն ռեսուրսի։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում՝ Հուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։
Հանրապետության տարածքում` Հուլիսի 18-19-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 20-22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18- 22-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն և ներկա կլինի Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության անդամ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում («TRACES») տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու և առողջության սերտիֆիկատ տալու կարգը:
Եվրոպական Միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:
Տնտեսավարող սուբյեկտը Տեսչական մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստին ([email protected], [email protected]) էլեկտրոնային եղանակով (դրա անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով) պետք է ներկայացնի դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
1) իրավաբանական անձի գրանցման վկայականի պատճենը, 2) տարածքի գծապատկերը և հիմնական շինությունների լուսանկարները, 3) տեղեկատվություն անվտանգության կառավարման համակարգերի վերաբերյալ, 4) ներդրված վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի հաստատված պլանը (կիրառելի չէ ձկնաբուծական տնտեսությունների համար), 5) ջրի որակի լաբորատոր փորձաքննության արձանագրությունը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում), 6) արտադրության տեսակը (համառոտ նկարագիրը), 7) տնտեսավարող սուբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները, իրականացվող գործունեության տեսակները և գտնվելու վայրը (հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն), 8) տարածքների և ենթակառուցվածքների՝ արտադրական տարածքների, վերամշակման գոտիների, օգտագործվող սարքավորումների և պահեստային հզորությունների վերաբերյալ տեղեկատվություն, 9) տեղեկատվություն բուծվող կամ վերամշակվող կամ պահպանման նպատակով ձկան կամ ձկնամթերքի տեսակների վերաբերյալ, 10) արտահանման նպատակով ներկայացված ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, 11) արտադրության տարեկան ծավալները, հզորությունը (կգ, տոննա, հատ), 12) տեղեկատվություն ձկնաբուծարանների տեսակի վերաբերյալ (արդյունագործական բաց ջրային կամ փակ համակարգ, կամ հոսքային կամ համակցված կամ այլ) (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար), 13) տեղեկատվություն օգտագործվող ջրի աղբյուրի վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար), 14) տեղեկատվություն օգտագործվող կերի, կերային հավելումների վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար), 15) տեղեկատվություն կենդանիների հիվանդությունների կանխարգելման, մշտադիտարկման և անասնաբուժական հսկողության վերաբերյալ (կիրառելի չէ ձկնամթերքի արտադրական կազմակերպությունների և ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար), 16) տեղեկատվություն թափոնների կառավարման վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում), 17) տեղեկատվություն ջրահեռացման և մաքրման համակարգերի վերաբերյալ (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում), 18) պետական գրանցման նույնականացման հաշվառման համարը (կիրառելի է ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունների համար, եթե պահպանումից բացի իրականացվում է նաև վերամշակում)։
Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումատուի մոտ կիրականացվի ստուգում՝ գրանցման համար սահմանված պահանջների համապատասխանությունը և ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը պարզելու նպատակով։
Ստուգման շրջանակներում կկատարվի նմուշառում՝ արտադրված արտադրանքի՝ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանությունը լաբորատոր փորձաքննության միջոցով պարզելու նպատակով։
Ստուգումն իրականացվելու է 10-15 աշխատանքային օրվա ընթացքում։
Անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ տեղեկատվությունը կգրանցվի համակարգում և կներկայացվի Եվրոպական Հանձնաժողովի հաստատմանը։
Հաստատման մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով կտեղեկացվի դիմումատուին՝ տրամադրելով գրանցման համարը, որից հետո տնտեսավարողը համակարգ մուտք գործելու համար ստեղծում է իր օգտահաշիվը։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է մոտ ապագայում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև որոշ ուղիղ չվերթներ վերսկսելու ծրագրերի մասին։ Այս չվերթները դադարեցվել էին AZAL ուղևորատար ինքնաթիռի վթարից հետո։
«Շուտով սպասվում է նաև ուղիղ չվերթների վերսկսում մի շարք երթուղիներով, որոնք սահմանափակումների էին ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերին մեր քաղաքացիական ինքնաթիռի հետ կապված ողբերգական միջադեպից հետո», – ասել է Բայրամովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան և Բաքուն լիովին լուծել են ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր հարցերը։ Հուլիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հաստատել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դժվար շրջանն անցել է, և որ դրանք լիովին վերադարձել են բնականոն հուն։
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության «Embraer-190» ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերին։ Ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռները, որոնք արձակվել էին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը խփելու փորձի ժամանակ, պայթել են ինքնաթիռի մոտակայքում։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաուի մոտակայքում։ 38 մարդ զոհվել է։ 2026 թվականի ապրիլին Մոսկվան ու Բաքուն փոխհատուցման համաձայնության էին եկեկ։
Կոնվերս Բանկը Euromoney հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից արժանացել է Armenia’s Best Digital Bank for Consumers մրցանակին՝ լավագույնը ճանաչվելով հուլիսի 16-ին Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության առանցքային անվանակարգերից մեկում։
Մրցանակաբաշխությանը մասնակցել և մրցանակը ստացել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը։
Նա նշել է. «Հեղինակավոր Euromoney-ի մրցանակը և Կոնվերս Բանկի գործունեության բարձր գնահատականը մեր թիմի հետևողական աշխատանքի արդյունքն է։ Կոնվերս Բանկի թվայնացման ռազմավարության առանցքում ոչ թե տեխնոլոգիաներն են, այլ մարդը՝ հաճախորդը։ Մենք հետևողականորեն վերափոխում ենք թե հաճախորդների ֆինանսական փորձառությունը, թե Բանկի ներքին գործընթացները՝ ստեղծելով իրական արժեք ներկայացնող թվային լուծումներ, ծառայությունները դարձնելով ավելի անհատականացված, արագ, պարզ և անվտանգ»։
Կոնվերս Բանկը մրցանակին արժանացել է բանկային ծառայությունների թվայնացման և դրանց մատուցման փորձառության ոլորտում գրանցած հաջողությունների համար։ Թվային փոխակերպման ռազմավարության շրջանակում Հայաստանում առաջին անգամ ներդրվել է անհատականացված փորձառությամբ Converse Mobile-ը, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ թվային հոսքագծով դառնալ Բանկի հաճախորդ, ակտիվացնել և կառավարել C360 ծառայությունների փաթեթները, դիմել վարկավորման, կատարել խնայողություններ, վճարումներ և փոխանցումներ, կցել թվային դրամապանակներ և կատարել QR վճարումներ, ինչպես նաև կառավարել հավելվածի կառուցվածքն ու օգտվել տարբերակված գունային ռեժիմից՝ ըստ C360 փաթեթի։
Միաժամանակ, արձանագրվել է, որ այս ամենն իրականացվում է անխափան աշխատանքով և որակյալ փորձառությամբ, որի գնահատականը տրվում է հենց հավելվածի օգտատերերի կողմից՝ CES և CSAT ցուցանիշների հիման վրա։ Հավելվածի զարգացման և նոր լուծումներով հարստացման ճանապարհին Բանկը մշտապես կարևորել է անվտանգության բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը․ Կոնվերս Բանկն առաջինն է Հայաստանում ներդրել Trusted Device գործիքը, ինչպես նաև վարկավորման գործընթացում կենսաչափական նույնականացման մեխանիզմը՝ զեղծարարություններից խուսափելու նպատակով։
Թվային հարթակների զարգացմանը զուգընթաց Բանկը կարևորում է նաև խորհրդատվության և աջակցության կենտրոնների զարգացումը՝ որպես ժամանակակից բանկինգի անբաժանելի մաս։ 2025 թվականի հուլիսին գործարկվել է Հայաստանում առաջին Converse Next մասնաճյուղի կոնցեպտը, որտեղ ֆինանսական խորհրդատվությունն ու ծառայությունների մատուցման թվային փորձառությունը նոր սիներգիա են ստեղծում թվային հարթակների և ֆիզիկական մասնաճյուղերի միջև՝ մասնաճյուղը դիրքավորելով որպես ոչ ավանդական ֆինանսական խորհրդատվության և թվային բանկինգում մենթորության կենտրոն։ Բանկն ունի նաև 24/7 հասանելիությամբ աշխատող Կոնտակտային կենտրոն, որը հանդիսանում է նաև թվային գործիքների կիրառման հետ կապված հարցերի և խնդիրների արագ կարգավորման աջակցության կենտրոն։
Բանկում ներդրվել է նաև վարկավորման թվայնացված նոր հոսքագիծ, ինչի շնորհիվ զգալիորեն կրճատվել է վարկավորման համար պահանջվող ժամանակը։ Հաճախորդների հետ փոխհարաբերությունները, այդ թվում՝ պայմանագրային գործընթացները, հիմնականում իրականացվում են թվային ձևաչափով, իսկ Converse Next-ում առհասարակ չի կիրառվում թղթային որևէ գործընթաց։
Բանկում նշում են, որ թվային ծառայությունների և դրանց մատուցման ուղիների զարգացման, ընդլայնման ու նորարարական լուծումների ներդրման աշխատանքները լինելու են շարունակական։
Ռոբերտ Քոչարյանն այս տեսանյութում ասում է, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իր թեկնածուն չէր, և ինքը նույնիսկ չի մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության փոխանցման տպավորություն անգամ չստեղծվի։
Սակայն սա նույն մարդն է, ով ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, թե իր կյանքի ամենամեծ սխալը «պրիյեմնիկի» հարցն էր՝ ակնարկելով, որ իշխանությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին։
Լավ է, որ այսօր հենց Ռոբերտ Քոչարյանն է հերքում իրականության հետ որևէ կապ չունեցող այդ պնդումը և սեփական խոսքերով փաստում, որ «պրիյեմնիկի» մասին տարիներ շարունակ շրջանառված թեզը չի համապատասխանում իրականությանը։
Հ.Գ. Հատկանշական է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքի 508-րդ էջում գրում է. «Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ նա (Մանվել Գրիգորյանը) հանդիպում խնդրեց… Ինձ համար անսպասելի ասաց, որ Սերժ Սարգսյանին հետնորդ դարձնելը մեծ սխալ է… Մանվելը համառորեն համոզում էր փոխեմ որոշումս և ինքս գնամ ընտրությունների»։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանն այսօր սեփական հայտարարությամբ փաստացի հերքում է ոչ միայն ամիսներ առաջ իր տված հարցազրույցը, այլև իր իսկ գրքում հրապարակված պնդումները։ Սա հերթական անգամ բացահայտում է, որ «Սերժ Սարգսյանը Քոչարյանի պրիյեմնիկն էր» թեզը քաղաքական նպատակներով տարիներ շարունակ շրջանառված ապատեղեկատվություն էր, որը այսօր հերքվում է հենց դրա գլխավոր տարածողի կողմից։
ԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք
Ժամանակակից պատերազմների դեմքը փոխվել է անդառնալիորեն։ Այն, ինչ նախկինում համարվում էր ապագայի տեխնոլոգիա, այսօր դարձել է մարտադաշտի ելքը վճռող առաջնային գործոնը։ Խոսքը, անշուշտ, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և լրամշակված բարձր տեխնոլոգիական զենքերի մասին է։
Հայ-ադրբեջանական հնարավոր բախումների և տարածաշրջանային անվտանգային համատեքստում ԱԹՍ-ների գործոնը ոչ թե պարզապես տեխնիկական համալրում է, այլ ռազմավարական գերակայության հասնելու առանցքը։
Ինչու՞ է այս զենքը դարձել վճռորոշ, և որո՞նք են հիմնական ուղղությունները.
1. Օդային բացարձակ տեսանելիություն և հետախուզություն
Անցել են այն ժամանակները, երբ հակառակորդի տեղաշարժը հայտնաբերելու համար պահանջվում էին օրեր կամ վտանգավոր հետախուզական գործողություններ ցամաքում։ Ժամանակակից հետախուզական ԱԹՍ-ները ցույց են տալիս մարտադաշտը իրական ժամանակում (real-time): Սա նշանակում է՝ կորչում է անակնկալի գործոնը։
Հաղթում է նա, ով ավելի արագ է տեսնում և ավելի արագ որոշում կայացնում։
2. Ճշգրիտ հարվածներ և կենդանի ուժի խնայում
Կամիկաձե (հարվածային) անօդաչուներն ու ԱԹՍ-ներից արձակվող բարձր ճշգրտության հրթիռները թույլ են տալիս չեզոքացնել թիրախները՝ առանց սեփական անձնակազմը վտանգի ենթարկելու։ Սա փոխում է պատերազմի տնտեսագիտությունը և ժողովրդագրական գինը. սեփական զինվորի կյանքը դառնում է առավել պաշտպանված, իսկ թանկարժեք զրահատեխնիկան՝ խոցելի սովորական, համեմատաբար էժան ԱԹՍ-ների համար։
3. FPV դրոնների հեղափոխությունը
Ուկրաինական պատերազմն ու վերջին տեղական բախումները ցույց տվեցին, որ մի քանի հարյուր դոլարանոց FPV (First Person View) դրոնները կարող են ոչնչացնել միլիոնավոր դոլարներ արժեցող տանկեր ու ՀՕՊ համակարգեր։ Սա դեմոկրատացրել է պատերազմը. մեծ բյուջեների կողքին այժմ կարևորվում է տեխնոլոգիական ճկունությունն ու արագ արտադրության կազմակերպումը։
Ի՞նչ է սա նշանակում մեզ համար
Մեր տարածաշրջանում խաղաղության երաշխիքը միայն ու միայն հավասարակշռության վերականգնումն ու տեխնոլոգիական առավելությունն է։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ հետ մնալ այս մրցավազքից։
Սեփական արտադրության զարգացում. Կախվածությունը արտաքին մատակարարումներից պետք է հասցվի նվազագույնի։ Տեղական ռազմարդյունաբերությունը, հայկական ՏՏ ոլորտի ներուժը պետք է ամբողջությամբ ծառայեն պաշտպանական համակարգին։
ՀՕՊ և ՌԷՊ (Ռադիոէլեկտրոնային պայքար). Դրոնների դեմ պայքարի լավագույն միջոցը ոչ միայն դրանց ֆիզիկական ոչնչացումն է, այլև «կուրացնելն» ու կառավարումից զրկելը։ ՌԷՊ համակարգերի զարգացումը կենսական է մեր սահմանների անառիկության համար։
Մարտավարության վերանայում. Զինված ուժերի յուրաքանչյուր օղակ պետք է սովորի գործել «անընդհատ հսկվող երկնքի» պայմաններում։ Քողարկումը, ապակենտրոնացումը և արագ տեղաշարժը պետք է դառնան բազային հմտություն։
Ժամանակակից աշխարհում ուժեղ է նա, ով տիրապետում է տեխնոլոգիաներին և գիտելիքին։ Մեր բանակի վերազինումը, տեխնոլոգիական թռիչքն ու սեփական միտքը գործի դնելը այլընտրանք չունեն։ Մենք պետք է պատրաստ լինենք վաղվա օրվա մարտահրավերներին, այլ ոչ թե երեկվա պատերազմների կանոններով խաղանք։
Հայաստանում քաղաքական այլախոհությունը լռեցնելու և պետության ապագայով մտահոգ ուժերին չեզոքացնելու գործելաոճը վաղուց դուրս է եկել իրավական տարրական տրամաբանության սահմաններից։ Այս շղթայում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, ներկայում քաղաքական շարժառիթներով կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն ու նրան կալանավորելու որոշումը, որն ուղեկցվեց օրենքի և ընթացակարգերի ակնհայտ ու կոպտագույն խախտումներով։ Իշխանությունները, փաստացի, գնացին աննախադեպ ապօրինությունների միայն այն պատճառով, որ օր առաջ մեկուսացնեն երկրում ընթացող կործանարար գործընթացների դեմ բարձրաձայնող գործչին։
Իրավական տեսանկյունից այս գործը կարելի է համարել ներկայիս դատաիրավական համակարգի ամոթալի էջերից մեկը, քանի որ մեղադրանքի հիմքում դրվեցին կասկածելի ու մանիպուլ յատիվ ձայնագրություններ, իսկ կալանքը կիրառվեց որպես պատժիչ գործիք, այլ ոչ թե խափանման միջոց։ Պետական ողջ մեքենան գործի դրվեց մեկ նպատակով՝ կոտրել դիմադրության օջախները և հանրությանը ցույց տալ, որ ցանկացած ինքնուրույն ու ազդեցիկ քննադատություն պատժվելու է անխնա կերպով։
Հատկանշական է, որ ներքին լսարանում այս գործընթացը «կոծկելու» և որպես սովորական քրեական իրավախախտում ներկայացնելու իշխանական ջանքերը լիովին տապալվեցին միջազգային հարթակներում։
Չալաբյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդումը դարձել է միջազգային լուրջ քննարկումների առարկա և արդեն հասել է Եվրոպական խորհրդարան։ Մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերները Եվրոպայի համար» խմբակցության պատգամավոր Գերոլֆ Անեմանսը գրավոր հարցով, առաջնահերթության կարգով դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ վերաբերմունքի վրա ուշադրություն հրավիրելու նպատակով։ Եվրապատգամավորը հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականին Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացված դատական վարույթները միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից արժանացել էին քննադատության՝ հիմնարար իրավունքների և արդար դատաքննության երաշխիքների պահպանման տեսանկյունից։ Ավելին, եվրոպացի պատգամավորի կողմից ուղղակի հարցադրում է արվել, թե արդյո՞ք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան կատարած այցի ընթացքում քննարկվել է Ավետիք Չալաբյանի վերջին կալանավորման հարցը, և ինչպե՞ս է կառույցը գնահատում այս գործը՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում ստանձնած ժողովրդավարական հանձնառությունների լույսի ներքո։
Իրավական կամայականությունների այս շքերթը միայն մեկ բան է ապացուցում. իշխող համակարգը գտնվում է խորը վախերի մեջ և սեփական անվտանգությունն ու աթոռը պահելու համար պատրաստ է ոտնահարել Սահմանադրությունն ու ժողովրդավարության մասին բոլոր հռչակված սկզբունքները։ Ավետիք Չալաբյանի դեմ սանձազերծված այս արշավը ոչ թե արդարադատության իրականացում է, այլ քաղաքական վրեժխնդրություն, որն էլ ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը և վերջնականապես արժեզրկում իրավական պետության գաղափարը։