Հանքարդյունաբերության հաջողությունները սովորաբար ներկայացնում են թվերով։ Այդ թվերի հետևում, սակայն ծանր աշխատանքին նվիրված մարդիկ են` մասնագետներ, որոնք սովոր են լինել կուլիսներում։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքագործի և մետալուրգի օրվա առթիվ կազմակերպած միջոցառմանը պարգևատեց այն աշխատակիցներին, որոնք տարվա ընթացքում աչքի են ընկել մասնագիտական բարձր արդյունքներով և նշանակալի ձեռքբերումներով։ Շնորհակալագրերը հանձնեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
«Իրականում շատ կարևոր է, երբ հաճույքով գնում ես աշխատանքի և նույնքան հաճույքով վերադառնում ես տուն։ Կարող եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ, ամփոփված կիսամյակը կոմբինատի պատմության ընթացքում լավագույններից մեկն է, եթե ոչ ամենալավը։ Շարունակե՛ք նույն ոգով։ Ես լիովին համոզված եմ, որ այսպիսի կոլեկտիվի հետ կարելի է իրականացնել ցանկացած, նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը»,-նշեց Ռոման Խուդոլին։
Կոմբինատի ղեկավարության գնահատմամբ՝ առաջիկա տարին կարող է ռեկորդային լինել վճարված հարկերի ծավալով։ Ընկերությունում դա կապում են ինչպես արտադրության բարձր ցուցանիշների, այնպես էլ ոսկու, պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների աճի հետ։
ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը հայտնեց, որ ընկերությունում շարունակվում է Հայաստանի մասշտաբով աննախադեպ թվայնացման ծրագրի իրականացումը, որը, նրա խոսքով, թույլ կտա արտադրական գործընթացներն ավելի արդյունավետ կառավարել։
Հանդիսավոր միջոցառման ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորանքը ներկաներին փոխանցեց մարզպետի խորհրդական Սուրեն Քեսեջյանը:
«Սյունիքի մարզպետի աշխատակազմը բարձր է գնահատում կոմբինատի կատարած ներդրումները մարզի կյանքի բոլոր ոլորտներում. առողջապահություն, կրթություն, մշակույթ, ենթակառուցվածքների զարգացում և բազմաթիվ ընտանիքների բարեկեցություն»,-մեջբերեց Քեսեջյանը:
Կոմբինատին աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
«Այսօր այդ ոլորտում զբաղված են հազարավոր քաղաքացիներ, ովքեր իրենց գործի նվիրյալներն են, և որոնց քրտնաջան աշխատանքի արդյունքում հանքարդյունաբվերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերից մեկը»,-իր խոսքում նշեց Փարամազյանը։
Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված միջոցառման շրջանակներկայացվեց նաև ԶՊՄԿ երկարամյա աշխատակից, լուսանկարիչ Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Սյունիքում վերջին երեք տասնամյակների ընթացքում արված լուսանկարները։
Հանքագործի և մետալուրգի օրը Քաջարանում ամփոփվեց համերգային ծրագրով։
Ֆինանսաբանկային համակարգն այսօր գործում է ամեն օր այլակերպվող տնտեսական միջավայրում. տեխնոլոգիական զարգացում, հաճախորդների փոփոխվող վարքագիծ, շուկայի նոր պահանջներ և անկայուն աշխարհաքաղաքական իրադրություն։ Ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում Ֆասթ Բանկն ու ինչպե՞ս է արձագանքում նոր մարտահրավերներին. այս մասին այսօր կզրուցենք Ֆասթ Բանկի ֆինանսական տնօրեն, տնօրինության անդամ Գոհար Հարությունյանի հետ։
-Տիկի՛ն Հարությունյան, ողջույն, Ֆասթ Բանկը վերջին տարիներին արագ աճ է գրանցել։ Որո՞նք են այդ աճի հիմնական գործոնները։
-Իրականում Բանկը մեկ լավ գաղափարով կամ որոշմամբ չի աճում, դրանք հարյուրավոր փոքր, բայց ճիշտ որոշումների արդյունք են, որ մենք ամենօրյա կտրվածքով կայացնում ենք։ Միայն ճիշտ ռազմավարությունը բավարար չէ, պետք է նաև ճիշտ մտածողություն, թիմ, մշակույթ, տեխնոլոգիաներ։ Իմ կարծիքով` մեր ամենամեծ ուժը դա մեր մտածողության մեջ է, ոչ թե սովորական մտածողություն, այլ տեխնոլոգիական մտածողություն։ Ես երկար ժամանակ աշխատել եմ ավանդական բանկերում և տեսել եմ, որ ծրագրավորողները և բիզնեսի մարդիկ տարբեր ֆրոնտներում աշխատող մարդիկ են, իսկ մեր բանկում իրենք միասին են որոշում կայացնում, միասին են աշխատում։ Երբեմն նույնիսկ կատակում եմ, թե ես ավելի շատ ինձ IT (ՏՏ) ընկերությունում եմ պատկերացնում։
Ամենաուժեղ մեր կետը դա մեր սեփական ծրագրային լուծումն է, հենց ինքներս ենք զարգացնում մեր քոր բենքինգը (core banking) և դա մեզ ճկունություն է տալիս արագության առումով, մենք արտաքին ծրագրավորման ընկերություններից կախված չենք: Անընդհատ կարողանում ենք զարգացնել մեր լուծումները և դա մեր մրցակցային մեծ առավելություններից է։
Ֆասթ Բանկում երևի ամենամեծ բացահայտումը դա երիտասարդ մտածողությունն էր, մանավանդ սքրամը (scrum)՝ փոքր քայլերով առաջ գնալ, արագ փորձարկել, չվախենալ եթե ինչ -որ թերություններ կան, կատարյալ չեն, ու անընդհատ կատարելագործվել։ Դա է մեր մտածողությունը, ու Ֆասթ Բանկի համար դա շատ կարևոր գործոններից մեկն է։ Եթե սպասես, որ կատարյալ լուծում կգտնես, հաստատ հետ կմնաս շուկայից։
2025 թվականը մեզ համար շատ կարևոր, բեկումնային տարի էր, մեր ակտիվներն աճեցին ավելի քան 50%-ով ու հատել են արդեն 1 միլիարդ դոլարը։ Դա իհարկե հրաշալի արդյունք է, բայց նաև պատասխանատվություն է։ Ինչքան մեծանում է մեր բանկը, այնքան մարդկանց վստահությունն է ավելանում, այնքան մեր պատասխանատվությունն է մեծանում, և պետք է պատասխանատվությունն արդարացնենք։ Դա մենք դիտարկում ենք որպես ավելի շատ պարտավորություն, ոչ թե ձեռքբերում։ Հենց սա էր մեր «կախարդական» բանաձևը, որ սկզբում ասացի, դա մեր մտածողությունն է, առողջ աճի նկատմամբ մեր մոտեցումները, մեկ թիմում ծրագրավորողների հետ աշխատելու մեր մշակույթը, տեխնոլոգիաների, AI (ԱԲ)-ի հետ աշխատելու մեր ունակությունները և սեփական տեխնոլոգիական ճկունությունը, ինչպես նաև թիմն ու մեր հաճախորդների մեծ վստահությունը, որ ավելի ու ավելի մեծանում է։
-Տիկի՛ն Հարությունյան, ֆինանսական տնօրեն լինելուց զատ, Դուք հանդես եք գալիս որպես ֆինանսական ուղղվածություն ունեցող ընկերությունների Group CFO։ Ի՞նչ է փոխվել այդ մոդելի ներդրմամբ։
-Եթե անկեղծ լինեմ, ես դա նոր դեր չեմ դիտարկում։ Ես աշխատում եմ ֆինանսական ընկերությունների խմբում, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Թագավորությունում, Մալթայում, Հնդկաստանում, շուտով` Ռումինիայում։ Իհարկե յուրաքանչյուր երկիր ունի իր բիզնես մշակույթը, իր հարկային պահանջները, բայց ֆինանսական կառավարման սկզբունքները, կարծում ենք, սահմաններ չեն ճանաչում։ Դա պատասխանատվությունն է, հաշվետվողականությունն է, ռիսկերի հանդեպ առողջ վերաբերմունքն է, որը չի տարբերվում երկրից կախված։ Դրանք մեր այն արժեքներն են, որոնք մենք փորձում ենք բոլոր ընկերություններում նույն կերպ դնել, ու երբ աշխատում ես տարբեր երկրների թիմերի հետ, տեսնում ես, որ նույն խնդիրը տարբեր երկրներում տարբեր լուծումներ են գտնում։ Եվ հաճախ հենց այդ հինգ երկրների համեմատությունն էլ մեզ նոր լուծման է տանում։ Մենք ոչ թե կենտրոնացման ենք գնում, այլ յուրաքանչյուր ընկերության ինքնությունը, այդ երկրի առանձնահատկությունները պահպանելով, տանում ենք նույն խմբի, նույն պահանջների հովանու ներքո։
-Տիկի՛ն Հարությունյան, կարո՞ղ եք ներկայացնել Ձեր հոլդինգի ֆինանսական hub-ի գաղափարը, դրա նշանակությունն ու Բանկի դերը։
-Գաղափարը ծնվեց նրանից, որ սկսեցինք մտածել, թե ինչու պետք է պրոֆեսիոնալ մասնագետը կրկնվող գործառույթների վրա մեծ ժամանակ ծախսի: Եվ դա միայն ֆինանսական գործառույթների մասին չէ, ամբողջ խմբի աջակցող ստորաբաժանումների մասին է՝ ֆինանսներին, HR-ին, IT-ին, գնումներին և մյուս աջակցող գործառույթներին է վերաբերում։ Մեր նպատակն այդ գործառույթները ոչ միայն մեկ կետում կենտրոնացնելն էր, այլև ունակությունները մեկ կետում հավաքագրելն էր։ Օրինակ եթե Հայաստանի թիմն ստեղծել է բյուջետավորման արդյունավետ համակարգ, կամ օրինակ եթե Մալթայի մեր թիմն ունի ավելի հաջող ծրագրային լուծում, մենք չենք ուզում, որ մյուս երկրներում գործող ընկերությունները զրոյից սկսեն այդ նույն պրոցեսը։ Մենք ուզում ենք, որ արագ դա հասանելի դառնա ամբողջ խմբի համար։ Եվ հենց դա է մեր հաբի (hub), կենտրոնի ձևավորման հիմնական տեսլականը, որ հաբը դառնա համագործակցության կենտրոն:
-Ֆասթ Բանկի անունը շատ խոսուն է․ կասե՞ք ինչպես է արտահայտվում «fast»-ը բանկի աշխատանքում, ինչպես նաև մտածողության մեջ։
-«Fast»-ը մեզ համար միայն արագություն չէ, «fast»-ըմեզ համար մտածելակերպ է, ճիշտ և ժամանակին որոշումներ կայացնելու ունակությունն է։ Ֆինանսիստները մի խնդիր ունեն՝ կամ չափազանց երկար ես մտածում ու կորցնում ես պահը, կամ էլ հապճեպ որոշում ես կայացնում ու կորցնում ես պահը։ Մեզ համար «fast»-ըհենց այդ հավասարակշռությունը պահպանելն է՝ արագ հավաքել փաստերը, արագ քննարկել, արագ որոշումներ կայացնել հստակ։ Կարծում եմ՝ ժամանակակից բանկում արագությունը րոպեներով կամ վարկի տրամադրման ժամերով չի չափվում, այլ չափվում է, թե ինչքան արագ կարող ես սովորել, ինչքան արագ կարող ես փոփոխվել և ինչքան արագ կարող ես հարմարվել իրականությանը։ Մեր համար արագությունը երբեք չի նշանակել հապճեպ լինել, այլ կարևոր է ունենալ այնպիսի թիմ, այնպիսի որոշումների կայացման մշակույթ, որ կարողանանք արագ արձագանքել առանց վստահությունը կամ որակը կորցնելու։ Մեր նպատակն արագ արժեքներ ստեղծելն է, եթե դա մենք կարողանում ենք անել պատասխանատու ձևով, ուրեմն «fast»-ը մեր միայն անունը չի, այլ մեր մշակույթն է, մեր մտածելակերպը։
-Տիկի՛ն Հարությունյան, իսկ կանանց դերակատարությունը Բանկում ինչպե՞ս եք գնահատում։
-Եթե անկեղծ լինեմ՝ տարիների ընթացքում իմ վերաբերմունքը շատ փոխվել է այդ հարցում։ Երբ մի քանի տարի առաջ դուրս էի գալիս նախորդ աշխատավայրից, ինձ հարցրեցին, թե ինչի համար եմ ամենաշատը փոշմանում։ Ես պատասխանեցի, որ միայն փոշմանում եմ, որ իմ ղեկավարության տարիներին տղամարդկանց և կանանց հանդեպ պահանջներս նույնն են եղել, երբեք չի տարբերակվել։ Ու ես իրոք այն ժամանակ մտածում էի, որ պրոֆեսիոնալիզմը սեռ չի ճանաչում, ու վերաբերմունքն էլ պետք է նույնը լինի բնականաբար։ Բայց այսօր մի քիչ փոխվել եմ։ Իհարկե կանանց պրոֆեսիոնալիզմի մասին չի խոսքը, ես չեմ թերագնահատում, ընդհակառակը։
Կանայք հաճախ միաժամանակ մի քանի պատասխանատվություն ունեն՝ մասնագիտական, ընտանեկան, և մեծ ուժ է պահանջվում, որ բոլորը հավասարակշռեն, և եթե Ֆասթ Բանկի մասին ասեմ, ապա մենք հավասար հնարավորությունների հարց չենք դիտարկում։ Արդեն ունենք AFISAR-ի կողմից տրված SDG-ի ռեյտինգավորման B+ վարկանիշը, որտեղ կարևոր դեր էր տրվում խտրականությանը, կանանց իրավունքներին: Բայց անկեղծ ասեմ` այդ վարկանիշավորումը կամ թվերը չեն որ կարևոր են, կարևորը դա ձևական չի մեզ մոտ, դա մշակույթի էլեմենտ է։ Ու ես՝ որպես կին ղեկավար, շատ ուզում եմ, որ երիտասարդ աղջիկները, կանայք տեսնեն, որ մասնագիտական աճը հնարավոր է ընտանիքի հետ համատեղել։ Մեր բանկում ամենամեծ պատասխանատվություններից մեկն էլ հենց սա էր, որ ստեղծենք այն միջավայրը, որ ոչ մի կին ստիպված չլինի մասնագիտական աճի և ընտանիքի մեջ դնել կշեռք։ Պետք է հնարավորություն ունենալ համատեղել։
-Ամփոփելով ևս մեկ հարց տամ, եթե 25-ամյա Գոհարին հնարավորություն ունենայիք տալ մեկ խորհուրդ, որը հետագայում նրան կփոխեր որպես ղեկավար, ապա ի՞նչ խորհուրդ կտայիք։
-25-ամյա Գոհարը մտածում էր, որ լավագույն ղեկավարն այն մարդն է, որն ամենալավ որոշումներն է կայացնում, հիմա ես կասեմ՝ մի՛ մտածիր, որ լավ ղեկավար լինելու համար պետք է ճիշտ պատասխաններ ունենալ, ամեն հարցի մեջ դու որոշում կայացնես։ Իհարկե կարևոր է որոշ ճիշտ որոշումներ կայացնելը հենց ղեկավարի համար, բայց ամենակարևորը դա հնարավորություն տալն է, որ քո ենթակաները հնարավորություն ունենան ճիշտ որոշումներ կայացնեն և իրենք էլ մոտիվացված լինեն այդ որոշումների արդյունքում։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Առաջին հայացքից իսկապես պարադոքսալ է թվում. տրամաբանությունն հուշում է, որ եթե արտահանման ճանապարհները փակ են կամ սահմանափակ, ապրանքը պետք է մնա երկրի ներսում, առաջարկը մեծանա, և գները կտրուկ անկում ապրեն։
Սակայն իրական տնտեսության մեջ գործում են մի քանի «ստվերային» մեխանիզմներ, որոնք բացատրում են, թե ինչու է արտահանման ձախողման ֆոնին ներքին շուկայում գյուղմթերքը շարունակում թանկանալ։
1. Ինքնարժեքի «ֆիքսված» բարձր շեմը
Ֆերմերը չի կարող ապրանքը վաճառել իր կատարած ծախսերից ավելի էժան, քանի որ դա կնշանակի ուղղակի սնանկացում։ Եթե դիզվառելիքը, պարարտանյութերը, սերմացուն և ջրի վարձը նախապես թանկ են նստել նրա վրա, ապրանքի վերջնական գինը չի կարող ցածր լինել։ Նույնիսկ եթե արտահանումը փակ է, արտադրության ծախսերը հետադարձ ուժով չեն նվազում։
2. Արտահանման ձախողումը հանգեցնում է առաջարկի կրճատման (ապագայում)
Երբ գյուղացին տեսնում է, որ չի կարողանում արտահանել իր բերքը (կամ ստիպված ցածր գնով է իրացնում), հաջորդ ցանքսի կամ մշակման ծավալները կտրուկ կրճատում է։ Նա այլևս ռիսկի չի դիմում մեծ քանակությամբ բերք ստանալու համար։ Արդյունքում՝ ներքին շուկայում առաջանում է տվյալ մթերքի դեֆիցիտ (պակասուրդ), ինչն էլ բերում է գների աճի։
3. Մոնոպոլիզացիա և միջնորդների դիկտատուրա
Սա թերևս ամենացավոտ պատճառներից է։ Երբ արտահանումը փակվում է, շարքային ֆերմերը հայտնվում է անելանելի վիճակում. նա չունի սեփական սառնարանային տնտեսություն կամ անմիջական մուտք դեպի խոշոր սուպերմարկետներ։ Այստեղ խաղի մեջ են մտնում խոշոր վերավաճառողները կամ միջնորդները։
Նրանք գյուղացուց ապրանքը կոպեկներով են գնում (օգտվելով նրա անելանելի վիճակից)։
Շուկայում սահմանում են սեփական բարձր գինը, քանի որ վերահսկում են լոգիստիկան և իրացման ցանցերը։
Արդյունքում՝ գյուղացին տուժում է, սպառողը թանկ է վճարում, իսկ գերշահույթը մնում է մեջտեղում։
4. Փոխարժեքի և դրամի արժևորման գործոնը
Հայաստանի պարագայում, երբ ազգային դրամը դիրքեր է ամրապնդում արտարժույթի (օրինակ՝ ռուբլու կամ դոլարի) նկատմամբ, արտահանումը դառնում է տնտեսապես անշահավետ։ Ռուսաստանում վաճառված ապրանքից ստացված ռուբլին Հայաստանում փոխարկելիս վերածվում է շատ քիչ դրամի, որը չի փակում ֆերմերի ծախսերը։ Իսկ ներքին շուկայում ծախսերը դրամով են և մնում են բարձր։
5. Կորուստներ և պահպանման ծախսեր
Գյուղմթերքը շուտ փչացող ապրանք է։ Եթե այն չի արտահանվում, իսկ տեղում պահելու համար անհրաժեշտ են հատուկ սառնարանային տարածքներ, ապա էլեկտրաէներգիայի և պահպանման բարձր ծախսերը նույնպես գումարվում են ապրանքի գնին։ Այն մասը, որը փչանում ու թափվում է, ֆերմերը փորձում է փոխհատուցել մնացած մասը ավելի թանկ վաճառելով։
Ամփոփելով. Արտահանման արգելափակումը կարող է շատ կարճ ժամանակով (մի քանի օրով) էժանացնել ապրանքը ներսում, բայց միջնաժամկետ հատվածում այն քանդում է արտադրական շղթան, ինչը հանգեցնում է տեղական արտադրանքի պակասի և գների ավելի մեծ աճի։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում հուլիսի 18-ի և 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-23-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի ցերեկը, 19-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 22-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը որոշել է չմեկնել ԱՄՆ՝ ներկա գտնվելու ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակչին: Նա վախենում է, որ իր ներկայությունը կարող է անհաջողություն բերել Արգենտինայի ազգային հավաքականին: Այս մասին հայտնում է El Universal-ը։
Միլեյը մտադիր է հանդիպմանը հետևել Օլիվոս քաղաքում գտնվող իր նստավայրից, քանի որ մրցաշարի ողջ ընթացքում վարվել է հենց այդպես, ինչի արդյունքում Արգենտինայի հավաքականը յոթ անընդմեջ հաղթանակ է տարել։
«Ես կշարունակեմ խաղերը դիտել Օլիվոսից՝ ինչպես անում էի առաջին իսկ օրվանից։ Այո, դա սնահավատություն է։ Բացի դրանից, ես հիմա անընդհատ բաճկոն եմ կրում. Շվեյցարիայի հետ խաղի ժամանակ հանեցի այն, և նրանք մեզ գոլ խփեցին։ Նորից հագա և այդ օրվանից էլ չեմ հանում», — հայտարարել է նախագահը։
Ինչպես պարզաբանում է աղբյուրը, Արգենտինայում տարածված է այն կարծիքը, որ երկրի առաջին դեմքի ներկայությունը մարզադաշտում անհաջողություն է բերում ազգային ընտրանուն։
Այս սնահավատությունը գալիս է դեռ 1990 թվականի աշխարհի առաջնությունից, որն անցկացվում էր Իտալիայում. այն ժամանակ նախագահ Կառլոս Մենեմը հանդիպել էր հավաքականի հետ մրցաշարի մեկնարկից առաջ, ինչից հետո արգենտինացիները բացման խաղում սենսացիոն պարտություն էին կրել Կամերունից (0:1)։
ԱԱ-2026-ի վճռորոշ խաղում կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՖԻՖԱ-ն չունի Աշխարհի առաջնության եզրափակիչը հետաձգելու ծրագրեր՝ չնայած Կանադայում անտառային հրդեհների պատճառով առաջացած սմոգին։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իսպանիայի և Արգենտինայի միջև խաղը կկայանա կիրակի օրը Նյու Ջերսի նահանգի Իսթ Ռադերֆորդ քաղաքում։
Ըստ ԱՄՆ-ի եղանակի կանխատեսման կենտրոնի կանխատեսողների, չնայած շաբաթ օրը տարածաշրջանում ծուխը կարող է ուժգնանալ, բայց մինչև կիրակի վիճակը կլավանա։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 18-ին, շաբաթ օրը, հնդկական «Skyroot Aerospace» մասնավոր ավիատիեզերական ընկերությունը Անդհրա Պրադեշ նահանգի Սրիհարիկոտա կղզու Սաթիշ Դհավան տիեզերակայանից արձակել է իր առաջին հրթիռը՝ «Vikram-1»-ը:
Այն մոտավորապես 22 մետր բարձրություն ունի և կարող է մինչև 350 կիլոգրամ բեռ տեղափոխել Երկրի ցածր ուղեծիր։
Skyroot-ը հայտարարել է, որ «Vikram-1»-ը կտեղափոխի մի քանի փորձարարական բեռներ հնդիկ և միջազգային հաճախորդներից, այդ թվում՝ լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդ և ռոբոտացված ձեռքեր, որոնք կարող են հեռացնել տիեզերական աղբը: Առաքելության նպատակն է փորձարկել հրթիռի շարժիչ համակարգը, ավիոնիկան, հեռաչափությունը և ուղղորդման համակարգերը թռիչքի ժամանակ, հավաքել կարևոր տվյալներ ապագա կոմերցիոն թողարկումների համար։
Վարչապետ Նարենդրա Մոդին սա անվանել է «որոշիչ պահ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների ճանապարհորդության մեջ»: Երկիրը ձգտում է մասնաբաժին ձեռք բերել առևտրային տիեզերական մեկնարկների շուկայում:
Շուրջ երեք տասնամյակ՝ նույն հասցեում։ Սկզբում՝ ընդամենը մեկ ստոմատոլոգիական կլինիկա, իսկ այսօր՝ ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական կենտրոն։ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ի գրեթե 30 տարվա ճանապարհը լի է զարգացման, նորարարության և շարունակական առաջընթացի պատմություններով։
Այս տարիների ընթացքում «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ»-ում պահպանել են ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ մոտեցումը, իսկ հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվել են։ Այսօր բժշկական կենտրոնում գործում են ստոմատոլոգիայի, պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության, բժշկական կոսմետոլոգիայի բաժանմունքները, թվային ատամնատեխնիկական լաբորատորիան, ինչպես նաև միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ախտորոշիչ ծառայություններ։ Վերջին սերնդի գերժամանակակից սարքավորումներով այստեղ իրականացվում են նաև ուլտրաձայնային և ռենտգեն հետազոտություններ։ Բժշկական կենտրոնը շարունակում է զարգանալ՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և ընդլայնելով մատուցվող ծառայությունները։
Այսպիսի զարգացումը, բնականաբար, պահանջում էր նաև զգալի ներդրումներ։ Նոր հիվանդանոցային մասնաշենքը պետք էր համալրել ժամանակակից բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ ենթակառուցվածքով։ Հենց այս փուլում էլ սկսվեց համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ։
Converse SME բիզնես ֆինանսավորման շրջանակում իրականացված ֆինանսավորման շնորհիվ բժշկական կենտրոնը համալրվեց նոր վիրահատարանով, գերժամանակակից վիրահատական սեղաններով, լուսային համակարգով, բժշկական կահավորմամբ և նորագույն սարքավորումներով։
Բժշկական կենտրոնի հիմնադրի խոսքով՝ հուսալի ֆինանսական գործընկեր ունենալը նման մասշտաբային զարգացման ծրագրերն իրականացնելու կարևոր նախապայմաններից է, իսկ վստահելի համագործակցությունն օգնում է ավելի արագ կյանքի կոչել ներդրումային ծրագրերը։
Ժպիտներ, ջերմ շնորհավորանքներ, արժանի գնահատանք ու հպարտությամբ լի պահեր… Այսպիսի մթնոլորտում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը։
Տոնական միջոցառման ընթացքում պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին տարվա ընթացքում իրենց աշխատանքային բարձր արդյունքներով ու նվիրվածությամբ աչքի ընկած աշխատակիցները։
Միջոցառմանը մասնակցում էին մարզային և համայնքային իշխանությունները, ԶՊՄԿ-ի ղեկավարությունն ու աշխատակիցներ։
Հանքագործի և մետալուրգի օրը հերթական անգամ դարձավ ոչ միայն մասնագիտական ձեռքբերումների ամփոփման, այլև մարդկանց, աշխատանքի և միասնականության արժևորման գեղեցիկ առիթ՝ հիշեցնելով, որ յուրաքանչյուր հաջողության հիմքում կանգնած է մարդը։