Հանքագործի և մետալուրգի օրվա շրջանակում Քաջարանում ներկայացվեց մեր գործընկեր Նվեր Զելյայի «Ես…» անհատական ֆոտոցուցահանդեսը։
Լ
Հանքագործի և մետալուրգի օրվա շրջանակում Քաջարանում ներկայացվեց մեր գործընկեր Նվեր Զելյայի «Ես…» անհատական ֆոտոցուցահանդեսը։
Լ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայ գործարարների ունեզրկման գործընթացի մեջ և՛ անձնական վրեժխնդրություն, և՛ արտաքին պատվեր կա։ Ունեզրկում են ավելի շատ ռուսամետ կողմնորոշում ունեցող գործարարներին։ Ունեզրկելով և վերաբաշխելով կապիտալը՝ փորձ է արվում նաև նրանց պատկանող ընկերությունները վերցնել վերահսկողության տակ։ Շատ մեծ մտավախություն կա, որ 21-րդ դարում, երբ շատ դժվար է վերահսկել, թե ով է իքս կամ իգրեկ ներդրողի հետևում, կարող ենք կանգնել այն սպառնալիքի առաջ, որ Հայաստանը դառնա թուրք-ադրբեջանական տանդեմի դոլարային էքսպանսիայի զոհը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին և ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Համբարյանի խոսքով, ցանկացած խելամիտ գործարար այս նեոբոլ շևիկյան քաղաքական դրսևորումներից հետո, այն է՝ մարդկանց ունեզրկում, սեփականության խլում պետականացնելու անվան տակ, կապիտալի վերաբաշխում, Հայաստանում ներդրում չի անի։ «Ներդրում անելու են թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները։ 21րդ դարում ենք ապրում, և Հայաստանի հայաթափման ու թրքացման պրոցեսը յաթաղանով տեղի չի ունենալու։ Պետք է քանդել այն ամենը, ինչ դեռ կա։ Կա դեռ գյուղատնտեսություն, արդյունաբերական որոշ ճյուղեր։ Եթե չես կարող քանդել, կարող ես ներդրումներ անել, զավթել այդ ամենը ու չաշխատեցնել։ Ռուսաստանի պատժամիջոցները մեր գյուղմթերքի և սննդի արդյունաբերության նկատմամբ ձեռնտու են Փաշինյանին։ Եթե նա այդքան մտածում էր մեր ու Արևմուտքի միջև տնտեսական հարաբերությունների սերտացման մասին, թույլ չէր տա, որ իր կառավարման տարիներին եռապատիկ ավելի կախվածության մեջ ընկնենք ռուսական շուկայից։ Եթե 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 15,5 տոկոսն էր բաժին հասնում Ռուսաստանին, ապա 2024 թվականին այն հասել է մինչև 41 տոկոս, իսկ 2025 թվականին իջել է 36,5 տոկոսի։ Սա կարող եմ երկու ձևով բացատրել՝ կա՛մ Նիկոլը ռուսական պրոյեկտ է, կա՛մ դիտավորյալ Հայաստանի տնտեսությունը և առևտուրն էլ ավելի է կախվածության մեջ գցել Ռուսաստանից, որպեսզի հակառուսական ծրագրեր իրականացնելու պարագայում Ռուսաստանի պատժամիջոցների արդյունքում քանդի մեր գյուղատնտեսությունը և մեր սննդի արդյունաբերությունը։ Հեքիաթներ են, թե արդեն դուրս ենք գալիս եվրոպական շուկա»,-նկատում է մեր զրուցակիցը։
Իհարկե, մեծագույն մարտահրավերներն են Ադրբեջանից հնչող սպառնալիքները՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների «վերաբնակեցում» Հայաստանում և այլն։ «2025 թվականի փետրվարին Ադրբեջանի պահանջները հրապարակվել են Ալիևի ընտանիքին պատկանող «Բաքու թիվի» կայքում։ Դրանք էին՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցքի» բացում, հայկական բանակի թուլացում, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում և ներողություն խնդրել Ադրբեջանից 30 տարվա «օկուպացիայի» համար ու փոխհատուցում տրամադրել։ Այս հինգ շանտաժ-նախապայմաններից երեքը գրեթե կատարված են՝ բանակի թուլացումը, ամբողջ տարածաշրջանը եռում է պատերազմի մեջ, երկրները մեծացնում են իրենց ռազմական բյուջեները, մենք և՛ ծառայության ժամանակը, և՛ ռազմական բյուջեն կրճատում ենք, իսկ կաբինետային աշխատողների թվաքանակը ավելացնում, «TRIPP» ծրագրով, ըստ ամերիկյան մամուլի, համաձայնել ենք Հայաստանում անցնող ենթակառուցվածքներից օգտվելուց ստացվող գումարի 30 տոկոսը նվիրել Ադրբեջանին։ Մնում է Սահմանադրությունը փոխելն ու Հայաստանը թուրքերով բնակեցնելը։ Սահմանադրությունն արդեն պատրաստ է, համոզված եմ, որ այն գրվել է Բաքվում։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը ևս պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նիկոլը խաբում է հայաստանյան հանրությանը և հատկապես իրեն հավատացող զանգվածին, որ Ադրբեջանն այն պետությունն է, որն իրեն անկախ է հռչակել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով։ Ադրբեջանի Սահմանադրության հենց առաջին կետում գրված է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը 1918-20 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժառանգորդն է։ Այն իր տարածքներն է համարել ոչ միայն Արցախը, այլ նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ողջ արևելքը և Արարատի մարզի հարավը, ու Հայաստանին «թողել» էր ընդամենը 11 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ ըստ Բաթումի պայմանագրի։ Նիկոլը մի քանի անգամ նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը ևս պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նա չի բարձրաձայնում այս հարցն իբր խաղաղության գործընթացը չտորպեդահարելու համար։ Մյուս կողմից՝ «Զանգեզուրի միջանցքը» միայն Մեղրիի տարածաշրջանով անցնող ենթակառուցվածքները և «TRIPP»-ը չեն։ Թող մեր քաղաքացիները բացեն Ադրբեջանի նախագահի, համապատասխան գերատեսչությունների պաշտոնական կայքերը և տեսնեն, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Զանգեզուրի միջանցքը»։ Այն, ըստ ադրբեջանցիների, Սյունիքի և Վայոց ձորի մարզերն են, որոնց տարածքով իրենք բազմաթիվ լոգիստիկ հանգույցներ են կառուցելու, որպեսզի Նախիջևանի տարածքով բուն Ադրբեջանը կապեն Թուրքիայի հետ։ Ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելն ընդամենը կարճ ժամանակի հարց է։ «Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է» ծրագիրն իրականացնում է ոչ թե ինչ-որ հասարակական կազմակերպություն, այլև այն հովանավորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Դրա՝ բոլոր հարթակներով պրեզենտացիաներին՝ լինի դա գիտական, մանկավարժական, մշակութային, քաղաքական, քաղաքագիտական, մասնակցում են Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամները։ Ուստի հույսեր փայփայել, թե մենք չխոսենք արցախահայության վերադարձի մասին, որ իրենք էլ չխոսեն «Արևմտյան Ադրբեջանի» մասին, սին են։ Արցախահայության վերադարձը համեմատում են 1988-89 թթ. Հայաստանը լքած ադրբեջանցիների հետ, որոնք այդ ժամանակ կորցրել էին բոլոր իրավունքները բռնագաղթված կոչվելու։ Հայաստանի Խորհրդային Հանրապետության բյուջեից 110 միլիոն դոլար 1989 թվականին փոխանցվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բյուջե՝ Հայաստանը լքած ադրբեջանցիներին փոխհատուցելու համար։ Նրանց 95 տոկոսն իր կահ-կարասին տարել է, գույքն էլ վաճառել՝ ի տարբերություն Սումգայիթը, Գանձակը, Բաքուն և Ադրբեջանի այլ հայաբնակ տարածքները լքած հայերի, որոնց 98 տոկոսը մազապուրծ փրկվել է»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Չինական Sungrow կորպորացիան Մյանմայում ավարտել է 110 ՄՎտ հզորությամբ ինտեգրված արևային էներգիայի արտադրության և կուտակման կայան կառուցելու նախագիծը: Antara լրատվական գործակալության տվյալներով Մանդալայ շրջանում գտնվող այդ նոր համալիրը, ենթադրաբար, կբարելավի տեղական էներգամատակարարման հուսալիությունը, գրում է bigasia.ru–ն:
Նախագծի հիմնական տեխնիկական նորամուծությունն այն է, որ կայանը շահագործման է հանձնվել ընդամենը յոթ օրվա փորձարկումից և գործարկումից հետո: Սա նոր չափանիշ է սահմանում Հարավարևելյան Ասիայում կանաչ էներգիայի ներդրման համար: Մասնագետները նշել են, որ համալիրի այդքան կարճ ժամանակահատվածում գործարկումը հնարավոր է դարձել Sungrow-ի գլխավոր գրասենյակի և տեղական ընկերությունների միջև արդյունավետ համակարգման, ինչպես նաև ճարտարագիտական, գործարկման և շահագործման բաժինների միջև սերտ համագործակցության շնորհիվ:
Կարևոր է այն, որ հիմնական սարքավորումները լիովին կարգավորված էին գործարանից դուրս գալուց առաջ: Տեղում մնացել էր միայն համակարգը ցանցին միացնելը: Sungrow-ի փորձառու ինժեներները տեղում աշխատել են շուրջօրյա արագորեն լուծելով առաջացած ցանկացած խնդիր։
Մանդալայի շրջանն ունի մարտահրավերներով լի կլիմա. շրջանն ունի երկար չորային սեզոն, որի ընթացքում ցերեկային ջերմաստիճանը բարձրանում է 40°C-ից բարձր։ Այս պայմանները լուծելու համար Sungrow-ն տեղադրել է արդյունավետ ինվերտորներ և կայանի ինտելեկտուալ կառավարման հարթակ, որը ապահովում է արևային էներգիայի արտադրության և կուտակման միջև անխափան համակարգում։
Sungrow-ն մասնագիտանում է վերականգնվող էներգիայի սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին պրոֆեսոր Ցաո Ռենքսիանի կողմից։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Հեֆեյում, կորպորացիան շահագործում է աշխարհի ամենամեծ ինվերտորների և փոխարկիչների գործարանը։ Sungrow-ի արտադրանքը վաճառվում է ավելի քան 150 երկրներում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժամանակակից աշխարհակարգի վերաձևման և աշխարհաքաղաքական տեկտոնական տեղաշարժերի կիզակետում հայտնված ռուս-ուկրաինական հակամարտությունն օրեցօր ընդունում է ավելի անզիջում ու կործանարար բնույթ։ Այն, ինչ սկսվել էր որպես տեղային դիմակայություն, վաղուց վերածվել է գլոբալ բևեռների գոյաբանական պայքարի, որտեղ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է գնալ մինչև վերջ՝ օգտագործելով իր տնտեսական, ռազմական ու մարդկային ողջ արսենալը։
Այս գերհզոր ճնշման ու դիմակայության հերթական արյունալի դրսևորումը դարձավ Կիևի վրա իրականացված վերջին զանգվածային բալիստիկ հարձակումը, երբ ընդամենը 40 րոպեում արձակվեց 41 բալիստիկ հրթիռ ու 125 անօդաչու թռչող սարք։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ պատերազմը թևակոխել է ենթակառուցվածքային ու նյութական ոչնչացման ավելի կատաղի մի փուլ։ Չնայած հակաօդային պաշտպանության հերոսական ջանքերին, հարվածների ահռելի ծավալն ու դրանց ներթափանցումը քաղաքային միջավայր հանգեցնում են աղետալի հետևանքների։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի խոր թիկունքում ռազմավարական օբյեկտների թիրախավորումը, «Վայլդբերիզի» պահեստների պայթյուններն ու վառելիքի բազաների հրդեհները, որոնք որոշ շրջաններում արդեն իսկ տեղային վառելիքային ճգնաժամեր են առաջացրել, ցույց են տալիս, որ պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ռուսաստանի շարքային քաղաքացին և ռուսական պետությունը կրում են հսկայական կորուստներ, սակայն Ռուսաստանի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված են։
Որքան էլ հնարավոր լինի վնասել նրան, Ռուսաստանը մեծ պետություն է, որն իր ներքին, բնական ու ժողովրդագրական ռեսուրսների հաշվին դեռևս երկար ժամանակ կարողանալու է դիմակայել ու սնուցել սեփական ռազմական մեքենան։
Այս ամենի ֆոնին ուժեղ կողմի հետ բանավիճել նրա քայլերի կամ, ընդհանրապես, պետական քաղաքականության տրամաբանության շուրջ պարզապես իրատեսական չէ, որովհետև գլոբալ թատերաբեմում փոքր պետությունների ձայնն այնտեղ լսելի չէ։ Այս համատեքստում բոլորովին անիմաստ ու սնանկ է այն ներքին դիսկուրսը, թե արդյոք Ուկրաինան, Հայաստանը կամ ժամանակին Վրաստանը «ճիշտ» էին, թե «սխալ» Ռուսաստանի հետ իրենց բանավեճերում ու հակադրություններում։ Միջազգային հարաբերություններում ճշտի ու սխալի փիլիսոփայական վեճերն անպտուղ զբաղմունք են, քանի որ աշխարհի ճակատագիրը տնօրինողներն ու որոշումներ կայացնողները սպիտակ ձեռնոցներով փիլիսոփաների ակումբ չեն, որտեղ նստած կշռում են արդարության չափը։ Գոյություն ունեն կոշտ, ռեալ իրողություններ, որոնցում փոքր, գոյաբանական խնդիրներ լուծող պետությունների գոյության միակ իրական երաշխիքը մեծերի հետ հնարավորինս լավ հարաբերություններ պահպանելն է, աշխարհաքաղաքական առկա իրավիճակին հարմարվելն ու հսկաների ոտքի տակ չընկնելը։ Պետք է կառուցել այնպիսի քաղաքականություն, որը չի հարուցի մեծերի զայրույթը, չի տրորի նրանց կոշտուկները և չի հակասի նրանց կենսական շահերին, որպեսզի սեփական պետությունը չկրի կործանարար վնասներ։ Սա է աշխարհի հստակ կարգը, որի դեմ դեռևս ոչ ոք ավելի աշխատող բանաձև չի կարողացել գտնել։
Փոքր պետությունների պարագայում պետք է սառնասրտորեն հաշվարկել, թե ի վերջո ինչ տվեց այս պատերազմն Ուկրաինային, որտեղ սարսափելի զոհերի ու ավերածությունների արդյունքում երկիրը վաղուց է անցել անդառնալի կորուստների շեմը։ Բռնի ու ագրեսիվ զորահավաքների այն ողբերգական տեսարանները, երբ ընտանիքներից ու փողոցներից տղամարդկանց բռնի ուժով, զոռով քաշ տալով տանում են դեպի մահվան բերան, ակնհայտ փաստում են, որ մարդկային պարզ, ընտանեկան հարաբերություններից մինչև վերպետական ամենաբարձր մակարդակ երկիրն արդեն հասարակական ու ժողովրդագրական ծանր ախտահարման մեջ է։ Սա դաժան, ցուցադրական դաս է բոլոր նրանց համար, ովքեր կարծում են, թե գերհզոր բևեռների հակամարտության մեջ հնարավոր է շահեկան դիրքեր գրավել՝ սեփական տարածքն ու ժողովրդին դնելով հարվածի տակ։
Այս ամենի ուղղակի զուգահեռները, ցավոք, արդեն տեսանելի են Հայաստանում։ Ռուսաստանի հետ սխալ հարաբերություններ կառուցելու հետևանքով մենք, ըստ էության, վաստակել ենք տնտեսական պատերազմ, որի հետևանքներն առաջիկայում մետաստազների նման խրվելու են մեր տնտեսության ու հանրային կյանքի մեջ։ Որքան էլ հայրենական հանրային-քաղաքական դաշտում բարձրագոչ հայտարարություններ արվեն շուկաների դիվերսիֆիկացիայի մասին, խիստ ակնհայտ է, որ Եվրոպան մեր համար շուկա չէ և երբեք չի կարողանալու փոխարինել ռուսական շուկային՝ իր խիստ ստանդարտների, լոգիստիկ բարդությունների ու աշխարհագրական հեռավորության պատճառով։ Օրեցօր ահագնացող տնտեսական վնասները, արտահանման խոչընդոտներն ու էներգետիկ սպառնալիքները շատ արագ զգալ են տալու իրենց յուրաքանչյուր քաղաքացու գրպանի վրա։ Ուստի հարց է առաջանում՝ այս աշխարհաքաղաքական համատարած խժդժությունների մեջ ի՞նչ ենք շահելու մենք՝ Ռուսաստանի դեմ հերթական ճակատը բացելով։ Պատասխանն ակնհայտ է. փոքր պետության պարտականությունը ոչ թե աշխարհակործան բախումների մեջ կողմնորոշվելն է, այլ սեփական կենսական շահերն ու անվտանգությունը պրագմատիկորեն պաշտպանելը, այլապես մետաստազների տարածումը դառնալու է անկանգնելի։
Ի վերջո, այս ողջ գործելաոճը ցավալիորեն ու չափազանց հստակ հիշեցնում է Արցախյան հարցում իշխանության որդեգրած «հանճարեղ» լուծումների տրամաբանությունը։ Այն ժամանակ ևս, շարունակելով «ոչմիթիզականության» հռետորաբանությունը, Ադրբեջանի հետ անպատրաստ նետվեցին աղետալի պատերազմի մեջ, կրեցին սոսկալի պարտություն, իսկ դրանից հետո միայն սկսեցին բարձրագոչ խոսել խաղաղություն բերելու ու «խաղաղության դիսկուրսի» անհրաժեշտության մասին։ Նույն կործանարար շրջապտույտն է կրկնվում նաև այսօր տնտեսական ճակատում. կորցնելով ռեալ, գործող շուկան ու տարեկան միլիարդավոր դոլարների իրական շրջանառությունը, նոր միայն սկսել են հապշտապ խոսել դիվերսիֆիկացիաների ու ինչ-որ այլընտրանքային շուկաների որոնման ու փնտրտուքների մասին։ Ոչինչ չէր խանգարում այս բոլոր տարիների ընթացքում հանգիստ պայմաններում փնտրել նոր շուկաներ ու հաստատել նոր տնտեսական հարաբերություններ։ Սակայն, ավանդույթի համաձայն, Հայաստանի իշխանություններն ամեն անգամ նախ անում են հերթական կործանարար սխալը, այնուհետև ողջ թափով սկսում են հերոսաբար պայքարել իրենց իսկ արած սխալների աղետալի հետևանքների դեմ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Եղվարդում Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը հաճախորդներին կընդունի նոր՝ Երևանյան 3/47 հասցեում։ Կենտրոնը տեղափոխվել է ավելի հարմարավետ միջավայր՝ բաժանորդներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի և արդյունավետ դարձնելու նպատակով։
Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը ձևավորվել է որպես մեկ միասնական հարթակ, որտեղ բաժանորդը կարող է ոչ միայն միանալ ծառայություններին կամ ստանալ խորհրդատվություն, այլև տեղում ծանոթանալ Ucom-ի ամբողջական թվային էկոհամակարգին՝ ֆիքսված ինտերնետից և շարժական կապից մինչև հեռուստատեսություն, Wi-Fi լուծումներ և խելացի սարքեր։
«Մեր նպատակն է, որ Ucom-ի բաժանորդները Հայաստանի բոլոր համայնքներում ստանան նույն որակի սպասարկում և օգտվեն հարմարավետ, ժամանակակից միջավայրից։ Եղվարդի սպասարկման կենտրոնի տեղափոխումը նոր հասցե մեր հետևողական աշխատանքի մի մասն է՝ ուղղված սպասարկման ցանցի և հաճախորդների փորձառության բարելավմանը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Երևանյան 3/47-ի սպասարկման սրահում՝ հուլիսի 20-ից օգոստոսի 31-ը ներառյալ, Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդները կստանան այն 1 ամիս անվճար օգտագործելու հնարավորություն։ Միանալով Unity փաթեթին՝ բաժանորդը ստանում է ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն՝ մեկ փաթեթով և առավել մատչելի գնով։ Բացի այդ, մինչև հուլիսի 31-ը ներառյալ, բոլոր նրանք, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն, կստանան Canyon ապրանքանիշի անլար ականջակալ։
Ucom-ը շարունակում է զարգացնել և արդիականացնել իր վաճառքի և սպասարկման կենտրոնների ցանցը՝ բաժանորդներին առաջարկելով հասանելի, արագ և որակյալ սպասարկում ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։
Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի բոլոր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ն արդեն բացել է վաճառքի և սպասարկման 74 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 22-ը՝ Երևանում։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դիլիջան-Երևան վերադառնալու ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել դերասանուհի Սյուզան Պապյանը, որ առավել հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք սերիալներից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Տոկիոյի բնակիչների համար հայտարարվել է շոգի մասին նախազգուշացում։
Երկուշաբթի օրը Տոկիոյում ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կհասնի 36 աստիճան Ցելսիուսի (98.4 աստիճան Ֆարենհայտ)։
Oդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն՝ նմանատիպ միջոցառում տարածվել է ևս 38 պրեֆեկտուրաների վրա։ Սա նշանակում է, որ նախազգուշացումը ուժի մեջ է Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 39-ում։
Տոկիոյի հարևան Սաիտամա պրեֆեկտուրայում սպասվում է առավելագույնը 38 աստիճան Ցելսիուս, իսկ Նագոյայում, Կիոտոյում, Յամանաշիում, Գիֆուում և Ֆուկուիում՝ առավելագույնը 37 աստիճան Ցելսիուս։
Գրեթե ամբողջ երկրում, այդ թվում՝ հյուսիսային շրջաններում, ջերմաստիճանը տարեկան միջինից 2-7 աստիճանով բարձր կլինի։ Տոկիոյում այդ օրվա տարեկան միջինից 6 աստիճանով բարձր կլինի։
Առաջիկա շաբաթը շոգ կլինի երկրի մեծ մասում, ջերմաստիճանը Հոկայդո հյուսիսային կղզուց մինչև Ֆուկուոկայի հարավը կայուն կերպով կբարձրանա 30 աստիճան Ցելսիուսից։ Տոկիոյում սպասվում է 36-37 աստիճան Ցելսիուս, իսկ Նագոյայում՝ 40 աստիճան Ցելսիուս։
Հետևեք մեզ՝ այստեղ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Air France ավիաընկերությունը հայտարարել է դեպի Էր Ռիադ և Դուբայ չվերթների կասեցման մասին՝ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով:
Փոխադրողը հայտնել է, որ չեղարկում է դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ և հակառակ ուղղությամբ չվերթները մինչև հուլիսի 25-ը ներառյալ, ինչպես նաև դադարեցնում է հաղորդակցությունը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի հետ մինչև հուլիսի 28-ը: Բացի դրանից, ընկերությունը երկարաձգել է դեպի Բեյրութ և հակառակ ուղղությամբ թռիչքների կասեցումը մինչև օգոստոսի 2-ը (այդ ուղղությամբ չվերթները չեն իրականացվում մարտի 1-ից):
Air France-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ թռիչքների վերսկսումը կախված կլինի անվտանգության իրավիճակի վերագնահատումից, որը, ըստ նրանց, «արագորեն փոփոխվում է»։
«Air France-ը վերստին ընդգծում է, որ ուղևորների և անձնակազմերի անվտանգությունն իր բարձրագույն առաջնահերթությունն է»,- հավելել են ավիաընկերությունում:
Այդ քայլն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարեց տարածաշրջան լրացուցիչ կործանիչներ ուղարկելու մասին՝ Իրանի հետ լարվածության սրման պատճառով:
Ավելի վաղ տարբեր երկրների, դրանց թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Հոնկոնգի, Սինգապուրի և Մեծ Բրիտանիայի մի շարք միջազգային ավիաընկերություններ արդեն իսկ դադարեցրել էին թռիչքները դեպի Մերձավոր Արևելքի երկրներ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության պատճառով:
Հետևեք մեզ՝ այստեղ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանում 2026 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից և Ռուսաստանի եռակի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը հեռացել է Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբից։
«Այս որոշումն ինձ համար հեշտ չի եղել։
Ես հեռանում եմ իմ մարզչական շտաբից։ Մեծ շնորհակալություն եմ հայտնում Էթերի Գեորգիևնային, Դանիիլ Մարկովիչին և Սերգեյ Վիկտորովիչին՝ միասին անցած ճանապարհի համար։ Շնորհակալ եմ հրաշալի ծրագրերի, մեր բոլոր հաղթանակների և այն անգնահատելի փորձի համար, որը ձեռք եմ բերել ձեր կողքին։
Ես անսահման հարգում եմ ձեզ և բարձր եմ գնահատում այն ամենը, ինչ արել եք ինձ համար», — հայտարարել է Պետրոսյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամառվա շոգ օրերին անտառային հրդեհների վտանգը զգալիորեն մեծանում է։ Անգամ անզգույշ նետված մեկ ծխախոտը, չմարված խարույկը կամ կայծը կարող են հանգեցնել մեծ աղետի՝ վտանգելով մարդկանց կյանքը, կենդանական աշխարհը և բնությունը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին լինել առավել զգոն և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները.
• Մի՛ վառեք խարույկներ այն վայրերում, որտեղ դա արգելված է կամ վտանգավոր է։
• Խարույկ վառելու դեպքում համոզվեք, որ այն ամբողջությամբ մարված է՝ նախքան տարածքը լքելը։
• Մի՛ նետեք վառված լուցկիներ, ծխախոտի մնացորդներ կամ այլ այրվող առարկաներ։
• Եթե նկատում եք ծուխ կամ հրդեհ, անմիջապես տեղեկացրեք համապատասխան մարմիններին և հնարավորության դեպքում հեռացեք վտանգավոր տարածքից։
Յուրաքանչյուրիս պատասխանատու վերաբերմունքը կարող է կանխել մեծ կորուստները։ Եկե՛ք միասին պաշտպանենք մեր անտառները, շրջակա միջավայրը և մարդկային կյանքերը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն չորս տարի է իրականացնում է նաև «Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում․ VolFiRe» ծրագիրը։
Այս նախագիծնը կյանքի է կոչվում Ավստրիական զարգացման գործակալության և Ավտրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության, Ավստրիական Կարմիր խաչի, Հայկական Կարիտասի, Կարիտաս Ավստրիայի և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության սերտ համագործակցությամբ։ Ծրագրի աշխարհագրական ծածկույթն ընդգրկում է Հայաստանի 9 մարզերի 13 համայնքներ, մասնավորապես՝ Արենին, Բաղրամյանը, Ծաղկաձորը, Տեղը, Ապարանը, Ճամբարակը, Գառնին, Կապանը, Նոյեմբերյանը, Սպիտակը, Թալինը, Վայքը և Վեդին։
Հայաստանի քաղաքացիական պաշտպանության համակարգն ավանդաբար հենվել է պետական պրոֆեսիոնալ ծառայությունների վրա, ինչը սահմանափակում է արձագանքման հնարավորությունները հեռավոր շրջաններում և խոշոր աղետների ժամանակ։ VolFiRe ծրագիրը, հիմնվելով նախկինում իրականացված «StrengthVol» պիլոտային նախագծի փորձի վրա, նպատակ ունի ներդնել և ազգային համակարգում ինտեգրել Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը, որը թույլ կտա ձևավորել համայնքահեն և կայուն արձագանքման մեխանիզմ։
Այս մոդելի շրջանակներում կամավորները պայմանագրեր են կնքում Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ և ՆԳՆ Փրկարար ծառայությունում ատեստավորման քննություններ հանձնելուց հետո ստանում փրկարարի պաշտոնական վկայական։ Կամավորական խմբերը գործում են մշտական 24/7 ռեժիմով՝ արձագանքելով 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերին: Ծրագրի մեկնարկից ի վեր գործող կայանների թիվը 2-ից հասել է 13-ի, իսկ կամավորներն արձագանքել են շուրջ 190 իրական պատահարների, որոնք ներառում են անտառային և կենցաղային հրդեհներ, ջրհեղեղներ ու ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Ծրագրի ընթացքում զգալի աճ են գրանցել նաև կամավորների ներգրավվածության և ներառականության ցուցանիշները։ Եթե 2024 թվականի սկզբին ցանցն ուներ ընդամենը 80 ակտիվ կամավոր, ապա 2025-2026 թվականների դրությամբ համայնքներում ներգրավված է արդեն 190 կամավոր, որոնցից 124-ը լիարժեք որակավորված փրկարարներ են։ Կամավորների պաշտպանվածությունն ապահովելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 190 անձի տրամադրվել է կյանքի ապահովագրություն։ Դրական փոփոխություն է արձանագրվել նաև գենդերային կազմում. կանանց թիվը 3-ից հասել է 23-ի՝ կազմելով ընդհանուր թվի 12 տոկոսը։ Բացի այդ, խմբերում ներգրավվել է հաշմանդամություն ունեցող 2 կամավորներ, ինչը փաստում է համակարգի ներառականության մասին։
Կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվել է դասընթացավարների վերապատրաստման 3 փուլ, իսկ Ավստրիական Կարմիր խաչի փորձագետների մասնակցությամբ անցկացվել են գործնական սիմուլյացիոն վարժանքներ և առաջին օգնության դասընթացներ։ Տեխնիկական հագեցվածության ապահովման շրջանակներում ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի կողմից հրշեջ-փրկարարական մեքենաներ են տրամադրվել 13 համայնքների, իսկ ծրագրի կողմից անհրաժեշտ մասնագիտական գույք ու հանդերձանք ստացել են բոլոր խմբերը: Ենթակառուցվածքների բարելավման նպատակով Նոյեմբերյան, Սպիտակ և Բաղրամյան համայնքներում իրականացվել են կայանների վերանորոգման աշխատանքներ, իսկ Վեդիում, Ապարանում ու Վայքում կառուցվում են նոր կայաններ:
Արտակարգ դեպքերի, հատկապես անտառային հրդեհների կտրուկ աճը, որը 2025 թվականի առաջին կիսամյակում գերազանցել է 2000-ը, հիմնավորում է տեղական մակարդակում արագ արձագանքման ուժերի հրատապ անհրաժեշտությունը։ Այս մոդելի երկարատև կայունությունն ու ինստիտուցիոնալացումն ապահովելու նպատակով ներկայումս կնքվում են քառակողմ համաձայնագրեր ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, Հայկական Կարմիր խաչի ընկերության, համայնքապետարանների և մարզպետարանների միջև։ Բացի այդ, ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համատեղ մշակվում են օրենսդրական փոփոխություններ՝ Կամավորական հրշեջ-փրկարարական խմբերի մոդելը քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգում պաշտոնապես և վերջնականապես ներառելու համար։
Հետևեք մեզ՝ այստեղ