Category: Ambion.news

  • Մեսսիի հոր մահվան մասին լուրերը չեն հաստատվում․ ընտանիքը հերքել է տեղեկությունը

    Լիոնել Մեսսիի հոր՝ Խորխե Մեսսիի մահվան մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

    Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր հայտնել էին, թե Խորխե Մեսսին մահացել է։ Սակայն Մեսսիի ընտանիքը պաշտոնական հայտարարությամբ հերքել է այդ տեղեկությունը։

    Ընտանիքի փոխանցմամբ՝ Խորխե Մեսսին առողջական խնդիրներ ունի, գտնվում է բժիշկների հսկողության ներքո և ապաքինվում է։ Ընտանիքը նաև կոչ է արել չտարածել չստուգված տեղեկություններ և հարգել Խորխե Մեսսիի ու նրա հարազատների անձնական կյանքը։

  • Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին

    Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին:

    Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:

    Ըստ Սուրբ Գրքի՝ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո մոտ 12 տարի պահք է պահել և այցելել իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան է այցելել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից վերափոխվելու մասին. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

    Ապա 14 օր անց Գաբրիել հրեշտակապետը կրկին գալիս ու հայտնում է Աստծո մոտ փոխվելու մասին: Մինչ հեռանալը Մարիամը խնդրում է Հովհաննեսին Սուրբ Պատարագ մատուցել` իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը հաղորդվելու համար: Այդ ժամանակ Հովհաննես առաքյալը կատարեց Պատարագի Սուրբ խորհուրդը, և Աստվածածինը բոլորին հայտնեց իր հեռանալու մասին` նշելով իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը:

    Հովհաննեսը վերցրեց մի տախտակ ու տվեց Տիրամորը՝ խնդրելով, որ նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց ու դրեց երեսին, թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ կարողանան բժշկվել իրենց մեղքերից և հիվանդություններից:

    Ինչո՞ւ է Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում նաև խաղողօրհնեք: Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Ինքն Իրեն խաղողի որթ անվանելով:

    Ամեն տարի Երևանի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդունում է բազում ուխտավորների, ովքեր տոնի նախորդ գիշերը կամ առավոտյան ուխտագնացությամբ բարձրանում են եկեղեցի, մասնակցում Սուրբ Պատարագին ու խաղողօրհնեքին: Արդեն ավանդույթ դարձած ուխտագնացությանը մասնակցում են հարյուրավոր բնակիչներ: Աստվածածնի վերափոխման տոնին Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ և շատ այլ անուններ տոնելի են:

    Տոնից մեկ շաբաթ առաջ սկսվում է պահքը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:

  • Գյումրու քաղաքապետարանը՝ «Պարապների վարչությո՞ւն». 2 փողոցի բաց դիտահորերն արդեն «քաղաքային տեսարժան վայրեր» են

    Գուցե ժամանակն է վերանվանել Գյումրու քաղաքապետարանը և անվանել «Պարապների վարչություն», որպեսզի քաղաքացիներն այլևս ոչինչ չպահանջեն ու չխանգարեն քաղաքի «հանգիստ աշխատանքին»։

    Խոսքը ընդամենը երկու փողոցի մասին է։ Երկու փողոց, որտեղ բաց ու ավիրված դիտահորերը շարունակում են մնալ իրենց տեղում՝ սպասելով, թե ով առաջինը կընկնի դրանց մեջ։

    Բայց, իհարկե, ամեն ինչ չէ, որ կարելի է այդքան հեշտ լուծել։ Օրինակ՝ քաղաքացու բարձրացրած խնդիրը տեսնելը, արձագանքելը և լուծելը, երևի, ավելի բարդ է, քան քաղաքապետարանի պաշտոնական էջում խնդրահարույց քաղաքացիներին արգելափակելը։

    Քաղաքացիները խնդիր են բարձրաձայնում, քաղաքապետարանը՝ բլոկում։

    Այսինքն՝ եթե խնդիրը չտեսնես, կարելի է ենթադրել, որ այն գոյություն չունի։

    Հետաքրքիր կառավարման մոդել է․

    փոսը թողնում ենք, դիտահորը բաց ենք թողնում, քաղաքացուն՝ բլոկում։

    Իսկ հետո կարելի է պաշտոնական էջում հերթական գեղեցիկ լուսանկարը հրապարակել և գրել՝

    «Գյումրին զարգանում է»։

    Միայն թե այս անգամ լավ կլինի, որ զարգացումը չլինի հերթական դիտահորի ուղղությամբ։

  • Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ նա ձերբակալվել է

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:

    Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

    Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

    2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

    Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Եփեսոսի Ս. Ժողովի 200 հայրապետների հիշատակության օրն է այսօր – ԱՄԲԻՈՆ NEWS

    Եփեսոսի Ժողովը տեղի է ունեցել 431 թվականին Թեոդոսիոս Փոքր կայսեր օրոք, 200 հայրերի մասնակցությամբ, որոնք հավաքվել էին՝ քննելու Կ. Պոլսի պատրիարք Նեստորի սխալ ուսմունքը: Այս ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսի մեջ գոյություն ունեին 2 անկախ, միմյանց հակադիր բնություններ՝ աստվածային և մարդկային:

    Նեստորը քարոզում էր, որ Քրիստոս ծնվել է որպես հասարակ մարդ, ապա Աստվածությունը բնակվել է նրա անձի մեջ, հետևաբար Ս. Կույս Մարիամը ոչ թե Աստվածածին է, այլ մարդածին:

    Եփեսոսի Ժողովը դատապարտում է Նեստորի վարդապետությունը և ընդունում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու ուսմունքը որպես ուղղափառ դավանություն, որի համաձայն Քրիստոսի աստվածային և մարդկային բնությունները գոյություն չունեն առանձին-առանձին, այլ միավորված են անշփոթ, անխառն կերպով. մի Տեր, մի Հիսուս, մի դեմք և միացյալ աստվածամարդկային բնություն: Ս. Մարիամը ոչ թե մարդածին է, այլ Աստվածածին, քանի որ նա ծնեց Աստծո Որդուն:

    Հռչակվում է Ս. Կյուրեղ Ալեքսանդրացու «Մի է բնութիւն բանին մարմնացելոյ» բանաձևը: Հայ Եկեղեցին չի մասնակցել այս տիեզերական ժողովին, սակայն նախորդ տիեզերական ժողովների հետ ընդունել է նրա որոշումներն ու տիեզերական հեղինակությունը:

  • Ծառուկյանի գործով միջնորդությունը մերժվել է․ «Այս լռությունը շատ բան է ասում»

    Գագիկ Ծառուկյանի գործով ներկայացված միջնորդությունը Վերաքննիչ դատարանը մերժել է։ Ավելին՝ որոշումը կայացվել է դեռ երեկ, բայց մինչ այս պահը գրեթե ոչ ոք դրա մասին չի խոսել, չի բարձրաձայնել։

     

    Այս լռությունը շատ բան է ասում։ Երբ պետք է աղմկել՝ աղմկում եք, իսկ երբ մարդու իրավունքների ու արդարության մասին է խոսքը՝ հանկարծ բոլորդ լռում եք։

     

    Ամոթ է այս ընտրովի «իրավապաշտպանությունը»։ Սատկեք դուք՝ ձեր կեղծ բարոյականությամբ։

  • Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Արթուր Խուդինյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

     

    Օգոստոսի 7-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը անձնակազմին է ներկայացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակված Արթուր Խուդինյանին։

     

    Արամ Ղազարյանը նշել է, որ Արթուր Խուդինյանը համատեղ ծառայության ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական որակներ, պատասխանատվություն և նվիրվածություն՝ ընդգծելով, որ նա ձեռք բերած փորձն ու մասնագիտական կարողությունները նույն արդյունավետությամբ կծառայեցնի նաև Փրկարար ծառայության զարգացմանն ու խնդիրների լուծմանը։

     

    Արթուր Խուդինյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ պատրաստ է իր փորձն ու ներուժը ներդնել ծառայության արդյունավետության բարձրացման գործում։

  • ՄԵՐ ԽՈՍՔԸ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

     

    Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ, որ դատարանի շրջափակում Հայ Եկեղեցու դեմ մերժելի գործընթացների առնչությամբ ձեր ընդվզումն արտահայտելուց հետո այժմ, համախմբված Մայր Տաճարում, միասնական աղոթք բարձրացրեցինք առ Աստված մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար։

     

    Հայոց Եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն և աննահանջ պահապանը հայոց ինքնության ու ազգային-հոգևոր ժառանգության։

     

    Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվումԵկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և Եկեղեցին իրենցկամքին հպատակեցնելու, ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու։ Արդարև, Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։

     

    Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքներով նաև Մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի կողմից ինքաբացարկ հայտնելու պատճառով։

     

    Մենք լի ենք հավատով և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու Մեր արդար իրավունքները՝երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։

    Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով Մենք շարունակելու ենք Մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների, քանզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, «Աստված ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ» (Սաղմ. 45.2)։ Անտարակույս, Մեր ապավինությունն Աստված է, և Մեր ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։

     

    Սիրելի հավատավոր հայորդիներ, աղոթական համախմբումի այս պահին Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում ձեզ և եկեղեցասեր Մեր բոլոր զավակներին ի Հայաստան և ի սփյուռս, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին,գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են Մայր Եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելությանը։ Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնենչարակամության ու ատելության խոսույթները։Մենք պիտի համառ ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրասիրությամբ ու համերաշխությամբ, և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն Եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։

     

    Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ իրողություններից ու փորձություններից բարիքներ է վեր հանում իր Սուրբ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատուն նվիրումը Աստծուն, հայրենիքին և Եկեղեցուն, անխախտ հավատարմությունը՝ ազգային-հոգևոր մեր սրբազան արժեքներին։ Արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով և ըստ առաքյալի պատգամի՝ զորանանք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ (Եփ. 6.10):

     

    Հավատում ենք, որ մեր Սուրբ Եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարկ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին՝ ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։

     

    Մեր հայացքն ուղղված է Աստծուն և Մեր ջանքերը՝ հայրենիքի շինությանն ու մեր ժողովրդի սպասավորությանը։ Թող Աստված օրհնի հայոց պետությունը, անվրդով ու խաղաղ պահի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս այսօր և միշտ և հավիտյան։

     

    Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն։

  • Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի և ջրի պակասի պատճառով

    Սլովակյան TASR գործակալության տեղեկատվությամբ՝ Սլովակիայի արևելքում գտնվող երկու քաղաքներում արտակարգ դրություն է հայտարարվել խմելու ջրի պակասի և ծայրահեղ շոգի պատճառով։ Որոշումը վերաբերում է Կոշիցեի մարզի (Սլովակիայի երկրորդ ամենամեծ քաղաքը, որը գտնվում է երկրի արևելքում) Նիժնի Չայ և Վիշնի Չայ քաղաքներին։

    Տեղական իշխանությունները հայտնել են, որ այստեղ հանրային ջրամատակարարում չկա, և վարչակազմը ապահովել է խմելու ջրի մատակարարումը։ Արտակարգ դրությունը ուժի մեջ է մինչև հետագա ծանուցում։

  • Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել․ հրաժարվել է քննել Վեհափառի գործը

    Դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել, հրաժարվել է Վեհափառի գործը քննելուց: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։«Դատավորը հրաժարվեց Վեհափառի գործը քննելուց․ այս քայլով նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,- ասել է նա։