Category: Ambion.news

  • 103-ամյա պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանին կհարցաքննեն Գոհար Ղումաշյանի գործով

    Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի գործով կհարցաքննի Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին։

    Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Աբգարյանի հարցաքննությունը նախատեսված էր այսօր կայացած դատական նիստի ընթացքում, սակայն վետերանի առողջական վիճակի պատճառով դատարանը որոշել է նրա հարցաքննությունն անցկացնել տեսակապի միջոցով՝ հաջորդ դատական նիստի ընթացքում։

  • Վաշինգտոնում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերը

    Օգոստոսի 10-ին,  Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ, Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հանդիպումը:

    Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը ինչպես նախորդ տարի տեղի ունեցած գագաթնաժողովի կայացման, այնպես էլ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում:

    Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել արդեն իսկ արձանագրված դրական զարգացումների, տարածաշրջանում ենթակառուցվածքային ծրագրերի և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

    Ընդգծվել է առկա հումանիտար խնդիրները հասցեագրելու կարևորությունը:

    ՀՀ ԱԳՆ

  • Սահմանադրության նոր տեքստը արտաքին պետությունների կողմից պահանջ է . Գրիգորյան

    Ամբիոն նյուզի զրուցակիցն է իրավագետ, Սահմանադրական և վարչական իրավունքների մասնագետ Վահե Գրիգորյանը

    – Ընդդիմությունը հաճախ  պնդում է , որ Սահմանադրության փոփոխումը Ալիևի պահանջն է, իսկ իշխանությունն էլ իր հերթին հերքում է, ասելով,որ դա մեր ներքին հարցն,մեզ  աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Իսկ ո՞րն է Ձեր տեսակետը

    –  Ակնհայտ է, որ Սահմանադրության փոփոխության պահանջը առնվազն այլ պետությունների կողմից արտահայտված պահանջ է, դուք չեք տեսնի ՀՀ-ում քաղաքացիների խմբի,ովքեր պահանջում են Սահմանադրության փոփոխություն։ Մյուս կողմից որևէ մեկը չի կարողանում հիմնավորել, թե ինչու է պետք փոխել Սահմանադրությունը,այսինքն բոլոր այն իշխանական անձինք ովքեր ներկայացնում են այդ ծրագիրը չեն կարողանում տալ հիմնավորում, թե ի՞նչ խնդիր կա ներկայիս Սահմանադրության մեջ ,և ինչ խնդիր է լուծվելու իրենց նախագծած Սահմանադրությամբ։

    – Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի,կամ կախվածության հռչակագի՞ր է։

    – Անկախության հռչակագիրը չի‘ կարող լինել կոնֆլիկտի կամ խաղաղության մասին հռչակագիր,այն պետության հիմնադրման արտաքին և ներքին քաղաքականության ուղղությունների,հիմնասյուների մասին փաստաթուղթ է ։ Այն հարցին, թե անկախության հռչակագիրը կոնֆլիկտի փաստաթուղթ է, թե ոչ, կարծում եմ ժամանակի անիմաստ վատնում է, սակայն անձինք, ովքեր չեն ուզում տեսնել իրականությունը չեն էլ տեսնելու այն։

    – Ինչու՞ Սահմանադրության նոր տեքստը չհրապարակեցին մինչև ընտրությունները, ինչպես որ նախապատրաստվում էին։

    – Սահմանադրության տեքստը չհրապարակելու պատճառը երկուսն են

     առաջին պատճառը այն էր, քանի որ պատրաստ չէր, մինչ դեռ ահռելի գումարներ են ծախսվել դրա պատրաստման, նախագծման վրա, իսկ երկրորդ պատճառը

    որպեսզի իշխանությունը չկորցնի իր ձայների մի մասը որով նա կկորցնի պայմանավորված նոր Սահմանադրության տեքստով

    – Այս ամենը իրականություն դառնալու դեպքում, մենք որպես պետություն, գոյություն կունենա՞նք արդյոք։

    – Անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն մենք կունենանք, պետությունը ըստ ինձ գոյություն կունենա։ Սահմանադրությունը ապահովում է պետության իրավական գոյությունը, պետության փաստացի գոյությունը ապահովում է նրա պարտադիր բաղադրատարրերը` բանակը, բնակչությունը, իշխանությունը, օրենքների առկայությունը։

    Ա. Հարությունյան

  • Վլադիմիր Վիսոցկին Երևանում․ 1979-ի ապրիլից պահպանված հազվագյուտ լուսանկարն ու չբացահայտված երկու կադրերը

    Վլադիմիր Վիսոցկին Երևանում․ 1979 թվականի ապրիլն է։ Մինչ օրս հայտնի է լեգենդար բարդի՝ Հայաստանում արված ընդամենը երեք լուսանկար։ Դրանք պրոֆեսիոնալ նկարահանումներ չեն, այլ պատահական անցորդների արած կադրեր, որոնք հետագայում նվիրվել են Վիսոցկու ընկերոջը՝ Դավիթ Կարապետյանին։

     

    Իսկ ինչպե՞ս նա հայտնվեց Երևանում։ Ապրիլի սկզբին Վիսոցկին ընկերոջ հետ մեկնում է Սոչի, սակայն համերգներ չեն լինում, և գումարը սպառվում է։ Որոշումը կայացվում է ակնթարթորեն՝ մեկնել Երևան, համերգներով գումար վաստակել և վերադառնալ Մոսկվա։ Ադլերի օդանավակայանից նրանք Երևան են թռչում «Արարատ» ֆուտբոլային թիմի հետ նույն չվերթով։

     

    Այս լուսանկարը Վիսոցկու՝ Երևանում գտնվելու հազվագյուտ վկայություններից մեկն է։ Սիրելի «Ֆոտոպատմության» հետևորդներ, եթե գիտեք, թե որոնք են մյուս երկու լուսանկարները, որոնք արվել են Երևանում Վիսոցկու հետ, անպայման կիսվեք մեկնաբանություններում։ Հետևեք «Ֆոտոպատմությանը»՝ բացահայտելու պատմական նոր դրվագներ։

  • Շուշան Փաշինյանը մասնակցում է «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին․ նա նաև պրակտիկա է անցնում Արդարադատության նախարարությունում

    Շուշան Փաշինյանը մասնակցում է «Մեկ օր նախարարի հետ» ծրագրին և կարժամկետ պրակտիկա է անցնում նախարարությունում: Այս մասին գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով Արդարադատության նախարարի խոսնակին։

    Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանի դուստրը մասնակցել է Արդարադատության նախարարությունում անցկացված խորհրդակցության։

    Օրեր առաջ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հրապարակել է տեսանյութ՝ անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթի քննարկումների վերաբերյալ:

  • Պատերազմի անհայտ կորածի ընտանիքում նոր կյանք է ծնվել․ Արմեն Մարգարյանի քույրը՝ փոքրիկ Մարիամը

    44-օրյա պատերազմում անհայտ կորած Արմեն Մարգարյանի ընտանիքում ուրախալի ու հուզիչ իրադարձություն է տեղի ունեցել․ ընտանիքում ծնվել է նրա փոքրիկ քույրը՝ Մարիամը։

    Փոքրիկ Մարիամի ծնունդը ընտանիքի համար դարձել է միաժամանակ և՛ մեծ ուրախության, և՛ հուզմունքի առիթ։ Նա աշխարհ է եկել մի ընտանիքում, որը շարունակում է սպասել իր որդուն՝ 2020 թվականի պատերազմից հետո նրա ճակատագրի մասին հստակ տեղեկության ակնկալիքով։

    Մարիամի ծնունդը կարծես նոր լույս է բերել ընտանիք՝ տարիների ցավի ու սպասման կողքին։

    Թող փոքրիկ Մարիամը մեծանա խաղաղ երկնքի ներքո, իսկ Արմենի ընտանիքը շուտով ստանա ամենասպասված լուրը՝ նրա վերադարձի մասին։

  • 33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան

    Տանիքներին արևային վահանակներ տեղադրելիս գործում է «33%–ի կանոնը», որը սահմանափակում է ծածկույթի տարածքը՝ հրշեջների անվտանգ մուտքն ու օդափոխությունը ապահովելու, ինչպես նաև տանիքի գագաթից բավարար հեռավորություն թողնելու համար։ Շեմը գերազանցելիս էներգիայի արտադրությունը կարող է աճել, սակայն էներգետիկ ընկերությունները կարող են սահմանափակել ցանցին միացված համակարգի արտադրանքը։

    Կանոնի մեկ այլ տարբերակ վերաբերում է հզորությունների հարաբերակցությանը (տեխնիկապես՝ 133%), երբ ինվերտորը կարող է անվտանգ կառավարել ավելի մեծ անվանական հզորություն։ Քանի որ վահանակները հազվադեպ են աշխատում լի հզորությամբ, 5 կՎտ ինվերտորը սովորաբար կարող է սպասարկել 6–7 կՎտ համակարգը։

  • Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդուն դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով, գրում է Ermenihaber.am-ը։

    Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեհմեթ Շ․Թ․-ն ոստիկանություն էր ահազանգել՝ հայտնելով, որ շենքից վատ հոտ է գալիս։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են պոլսահայ Ագոփ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։

    Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։

    Ոստիկանությունը դեպքը գնահատել է որպես սպանություն և սկսել է ավելի խորացված քննություն։ Դեղիրմենջիօղլուին վերջին անգամ տեսած անձանցից մեկը՝ Մեհմեթ Շ․Թ․-ն, առաջին հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ երբ տուն է մտել, տղամարդուն անշարժ վիճակում է տեսել։

    Քննության ընթացքում ոստիկանությունը նրա ցուցմունքներում հակասություններ է հայտնաբերել և նրան ձերբակալել։

    Ոստիկանությունում կրկին հարցաքննության ենթարկվելու ժամանակ Մեհմեթ Շ․Թ․-ն խոստովանել է սպանությունը։ Նրա խոսքով՝ իր և Ագոփ Դեղիրմենջիօղլուի միջև վարձավճարի հետ կապված վեճ է եղել, և ինքը, իր պնդմամբ, ենթարկվել է ծանր վիրավորանքների, ինչից հետո դանակահարել և սպանել է նրան։

    Ոստիկանությունում ընթացակարգերի ավարտից հետո կասկածյալը տեղափոխվել է դատարան։ Դատարանը նրան կալանավորել է դիտավորյալ սպանության մեղադրանքով և ուղարկել բանտ։

    Դեպքի մասին խոսել է նաև թաղամասի բնակիչ Ջելալ Քըլըչը՝ նշելով, որ երկար տարիներ ճանաչել է Ագոփին և նրան բնութագրել որպես խաղաղ ու բարեկամական մարդ։ Նրա խոսքով՝ Ագոփը տարիներ շարունակ ապրել է նույն շենքում, թեև շենքը գտնվում էր անմխիթար վիճակում։

    Քըլըչը նաև նշել է, որ Ագոփին սպանել են շենքի աստիճանների կամ միջանցքի հատվածում, ոչ թե բնակարանի ներսում։ Նրա խոսքով՝ կասկածյալը դեպքից մոտ երկու օր անց ինքն է ոստիկանություն ահազանգել՝ հայտնելով շենքում տարածված վատ հոտի մասին, իսկ հետագայում խոստովանել է սպանությունը։

  • Նավթի գները աճել են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Նավթի գներն աճել են երկուշաբթի առավոտյան սակարկությունների ընթացքում, քանի որ շուկայի մասնակիցները գնահատում էին ԱՄՆ-ից և Իրանից ստացվող հակասական ազդանշանները և մտավախություն ունեին, որ Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման վերաբերյալ համաձայնությունը կարող է շուտով չկայանալ, հաղորդում է Euronews։

    Միջազգային հենանիշ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարման ֆյուչերսներն աճել են 1,04 %-ով՝ հասնելով 84,42 դոլարի մեկ բարելի դիմաց, մինչդեռ ամերիկյան West Texas Intermediate նավթի սեպտեմբերյան մատակարրման ֆյուչերսներն ավելացել են 0,83 %-ով՝ մինչև 78,83 դոլար մեկ բարելի դիմաց։

  • Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ձերբակալվածներից մեկը Արա Մկրտչյանն է՝ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը։ ՔԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։