Author: Balance2

  • «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video)

    «Կտեսնենք՝ ով, ում, ոնց»․ Կարապետյանի արձագանքը՝ ՔՊ-ականների սպառնալիքներին՝ անգամ հնարավոր ծեծին (video)

  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին

    Մեղադրյալի աթոռին է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կինը, գրում է «Լուրեր»-ը։

    Նա, մի քանի հոգու հետ հանցակցությամբ, Ծաղկաձորում ապօրինի տիրացել է 1,3 հեկտար հողատարածքի։ Մեղադրյալների թվում է Ծաղկաձորի նախկին համայնքապետը:

    Մանրամասները՝ տեսանյութում։

  • Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»



    Վերլուծական


    «Փաստ» օրաթերթը գրում է.

    Եթե Հայաստանում քաղաքականությամբ ես զբաղվում և ընդդիմադիր գործունեություն ես ծավալում, անմիջապես հայտնվում ես իրավապահների ուշադրության կենտրոնում։ Սա «դոգմա» է արդեն մոտ ութ տարի: Այդ ամենը զուգադրվում է տնտեսական ճնշումներով այն մարդկանց նկատմամբ, ովքեր որոշակի կարողություն ունեն կամ կապիտալի են տիրապետում։

    Այդ ճնշումներն արտահայտվում են նաև ունեցվածքը, սեփականությունը խլելու միջոցով, որոնցից ամենաթարմ ու խոշոր դեպքերից է ՀԷՑ-ի «պետականացումը», իսկ հիմա էլ նույնը կատարվում է «Արարատցեմենտի» հետ։ Այս օրերին զուգահեռ ստուգումներ են իրականացվում «Մուլտի գրուպ» կոնցեռնի տասնյակ ընկերություններում։ Որոշ ժամանակ առաջ էլ, կհիշեք, նման ստուգումներ էին իրականացվում «Տաշիր» ընկերությունների խմբում: Այն, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, որևէ մեկը չի էլ կասկածում: Բայց հավել յալ դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նախորդ հաշվետու ժամանակահատվածում հարկայինի կողմից եղել են պլանային ստուգումներ վերոնշյալ ընկերություններում, և… խախտումներ չեն հայտնաբերվել։ Իսկ «վերստուգումն» ու ինչ-որ բաներ «հայտնաբերելն» ինքնին փաստում է այս գործընթացի քաղաքական ուղղվածության և մեկ անձի հրահանգները ամեն գնով կատարելու ձգտման մասին։

    Այս ամենը պարզ ու հասկանալի է: Սակայն հարցն այն է, որ քաղաքական մոտիվացիայով նման գործողությունները նաև տնտեսական լուրջ հետևանքներ են ունենում։ Ընդ որում, ոչ միայն տվյալ ընկերությունների կամ գործիչների համար, այլ երկրի ու ժողովրդի: Առաջին հերթին խնդիրը վստահության պակասի խորացումն է, ինչի արդյունքում ներդրողներն ու գործարարները շահագրգռված չեն լինի գործ սկսել կամ բիզնեսը զարգացնել Հայաստանում, քանի որ ոչ ոք վստահ չէ, որ «մի պայծառ օր» մեկ անձի քմահաճույքով խնդիրներ չեն ստեղծվի իր գործունեության համար։ Մյուս կողմից էլ՝ նման գործողություններով ուղղակի վնաս է հասցվում այդ ձեռնարկությունների և կազմակերպությունների աշխատակիցներին, քանի որ նրանք շատ դեպքերում զրկվում են աշխատանքից ու եկամտի աղբյուրից: Ու դա էլ բավական չէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը սպառնում է, թե այն աշխատողները, որոնք ինչ-որ «բաներ կանեն», կարող են ազատվել աշխատանքից։

    Վերջապես՝ ամենաառանցքային հարցերից մեկը, որը ոտնահարում են իշխանությունները, սեփականության իրավունքն է։ Պատահական չէ, որ սեփականության իրավունքը ժամանակակից իրավական պետության և ազատ տնտեսության հիմնասյուներից մեկն է։ Այն ոչ միայն սահմանադրական կարգավորում է կամ իրավական նորմ, այլև հասարակության, տնտեսության և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության առանցքային չափանիշ։ Այն երկրներում, որտեղ քաղաքացին վստահ է, որ իր օրինական ճանապարհով ձեռք բերված գույքը պաշտպանված է օրենքով, ձևավորվում է ներդրումային առողջ միջավայր, ընդլայնվում է գործարար ակտիվությունը, մեծանում է աշխատատեղերի թիվը և ամրապնդվում է սոցիալական կայունությունը։ Իսկ այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի պաշտպանությունը սկսում է կախված լինել քաղաքական իրողություններից, իշխանությունների վերաբերմունքից կամ ընտրովի իրավակիրառությունից, առաջանում են խորքային ռիսկեր, որոնք իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոչ միայն առանձին անձանց, այլ ամբողջ պետության տնտեսական, իրավական և քաղաքական համակարգի վրա։ Հենց այս համատեքստում սեփականության իրավունքի ապահովման թեման դառնում է առավել քան արդիական, հատկապես այն պայմաններում, երբ հասարակության մեջ ձևավորվում է այնպիսի ընկալում, որ յուրաքանչյուրի սեփականությունը կարող է հայտնվել բռնագանձման կամ այլ միջամտությունների վտանգի ներքո։

    Սեփականության անձեռնմխելիության սկզբունքը պատմականորեն ձևավորվել է այն համոզմունքից, որ պետությունը պետք է լինի ոչ թե սեփականության սպառնալիքը, այլ դրա երաշխավորը։ Եթե գործարարը կամ հասարակ քաղաքացին վստահ չէ, որ վաղը չի զրկվելու իր ունեցվածքից կամ ստիպված չի լինելու տարիներով դատարաններում պաշտպանել իր սեփականությունը, ապա նա չի պատրաստվի երկարաժամկետ ներդրումներ կատարել, արտադրություն զարգացնել, նոր ձեռնարկություններ հիմնել կամ ընդլայնել իր տնտեսական գործունեությունը։

    Մյուս կողմից՝ երբ հասարակության մեջ ձևավորվում է այն համոզմունքը, որ օրենքը գործում է ոչ բոլորի նկատմամբ նույն չափանիշներով, այլ տարբեր կերպ՝ կախված անձից կամ քաղաքական իրավիճակից, ապա դա հարվածում է արդարության և արդարադատության նկատմամբ վստահությանը։ Ընտրովի արդարադատությունը նույնիսկ կարող է ավելի վտանգավոր լինել, քան բազմաթիվ առանձին իրավական սխալներ։ Եթե քաղաքացին սկսում է մտածել, որ օրենքի կիրառման հավանականությունը կախված է ոչ թե իր գործողություններից, այլ քաղաքական դիրքորոշումից, ապա իրավական անվտանգությունն աստիճանաբար փոխարինվում է քաղաքական սեգրեգացիայով։

    Արդյունքում առաջանում է նաև մեկ այլ վտանգավոր երևույթ։ Յուրաքանչյուր գործարար, ներդրող կամ պարզապես որոշակի սեփականություն ունեցող քաղաքացի սկսում է գնահատել ոչ միայն շուկայի տնտեսական ռիսկերը, այլ նաև քաղաքական ռիսկերը։ Կապիտալը, ի տարբերություն բազմաթիվ այլ ռեսուրսների, չափազանց զգայուն է ոչ միայն անորոշության, այլև առարկայական ռիսկերի նկատմամբ։ Այն միշտ շարժվում է այնտեղ, որտեղ առավել կանխատեսելի են խաղի կանոնները։ Ոչ մի գործարար չի ցանկանա տարիներով ստեղծված բիզնեսը պահել այնպիսի միջավայրում, որտեղ մշտապես առկա է սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության վտանգի զգացողություն։ Նույնիսկ եթե այդ վտանգը երբևէ չիրականանա, դրա գոյության մասին ընկալումն արդեն բավական է ներդրումային ծրագրերը վերանայելու, կապիտալի մի մասը դուրս բերելու կամ նոր ներդրումներից հրաժարվելու համար։

    Սա արդեն միայն առանձին քաղաքացիների խնդիր չէ։ Սա դառնում է ազգային տնտեսության խնդիր։ Կապիտալի արտահոսքը նշանակում է նոր արտադրությունների չստեղծում, նոր աշխատատեղերի բացակայություն, հարկային մուտքերի նվազում, արտահանման հնարավորությունների սահմանափակում և տնտեսական աճի դանդաղում։ Երկարաժամկետ հեռանկարում նման գործընթացները կարող են հանգեցնել երկրի մրցունակության նվազման, քանի որ միջազգային ներդրողները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում սեփականության իրավունքի պաշտպանության մակարդակին և դատական համակարգի անկախությանը։

    Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ տարիներ առաջ քաղաքական հռետորաբանության մեջ հաճախ օգտագործվում էր «փայ մտնելու» արտահայտությունը՝ քննադատելով բիզնեսի նկատմամբ ապօրինի ազդեցության որոշակի մեխանիզմները։ Սակայն այսօր հանրային քննարկումներում հաճախ հնչում են գնահատականներ, որ ձևավորվող միջավայրը կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, երբ տնտեսվարողները կրկին սկսում են մտածել, թե իրենց գործունեության անվտանգությունը կախված է ոչ միայն օրենքից, այլ նաև քաղաքական հարաբերություններից։ Եթե նման ընկալումը խորանում է, ապա այն դառնում է տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտ, որովհետև ցանկացած բիզնես առաջին հերթին պահանջում է կանխատեսելիություն։

    Ժամանակակից աշխարհում երկրների միջև մրցակցությունն ընթանում է ոչ միայն հարկային դրույքաչափերի կամ աշխատուժի արժեքի շուրջ։ Ավելի ու ավելի մեծ նշանակություն են ստանում իրավական ինստիտուտների որակը, դատարանների անկախությունը, սեփականության պաշտպանության արդյունավետությունը և պետական կառավարման կանխատեսելիությունը։ Այն երկրները, որոնք կարողանում են ստեղծել վստահելի իրավական միջավայր, ներգրավում են միջազգային կապիտալ, զարգացնում են նորարարությունը և ապահովում երկարաժամկետ տնտեսական աճ։ Իսկ այն երկրները, որտեղ ներդրողները տեսնում են իրավական կամ քաղաքական անորոշություն, աստիճանաբար կորցնում են մրցունակությունը տարածաշրջանային և համաշխարհային շուկաներում։

    Սեփականության իրավունքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, եթե այն չի հիմնավորվում բացառապես օրենքով, համաչափությամբ և անկախ դատական վերահսկողությամբ, կարող է ստեղծել վտանգավոր նախադեպեր։ Վտանգը միայն կոնկրետ գործով պայմանավորված հետևանքները չեն։ Առավել վտանգավոր է այն ազդակը, որը փոխանցվում է հասարակությանը, գործարարներին և միջազգային ներդրողներին։ Այդ ազդակը կարող է լինել այն, որ սեփականությունը բացարձակապես պաշտպանված չէ, իսկ իրավական երաշխիքները կարող են կախված լինել քաղաքական իրողություններից ու իշխանության քմահաճույքից։ Մեր դեպքում՝ բացառապես մեկ անձի քմահաճույքից:

    Նման ընկալումը երկարաժամկետ առումով շատ ավելի մեծ վնաս կարող է հասցնել, քան ցանկացած առանձին տնտեսական կամ ֆինանսական կորուստ։ Հետևաբար, սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես առանձին անձանց շահերի պաշտպանության միջոց, այլ որպես պետական անվտանգության, տնտեսական զարգացման, ժողովրդավարության և իրավական պետության պահպանման ռազմավարական պայման։

    ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

    Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




  • Կապանի միջազգային երաժշտական փառատոն․ օր վեցերորդ

    Փառատոնը բնականոն հուն է մտել և շարունակում է գեղագիտական հաճույք պատճառել հանդիսատեսին։ Փառատոնի հուլիսի 9-ի օրն անցավ ջազի հնչյունների ներքո։ Նախ` ցերեկային համերգն ամբողջովին նվիրված էր «Kapan Fest» փառատոնի ջազային ֆակուլտետի նվագախմբի ելույթին (գեղարվեստական ղեկավար՝ ջազմեն, շեփորահար Տիգրան Սուչյան)։ Իսկ երեկոյան Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում «Բեկա Գոչիաշվիլի և ընկերներ» ջազային անսամբլն էր։

    Բեկա Գոչիաշվիլին վրացի ջազ դաշնակահար է, ծնվել է 1996 թ Թբիլիսիում։ Երիտասարդ տարիքից ցուցաբերելով բացառիկ տաղանդ՝ յուրացրել է ինչպես դասական, այնպես էլ ջազային երաժշտություն և արդեն պատանեկան տարիքում ելույթ է ունեցել միջազգային բեմերում։ 2010 թվականից բնակվում է Նյու Յորքում, որտեղ շարունակում է միջազգային ստեղծագործական գործունեությունը։

    Բեմահարթակում ջազն էր՝ տաք ու կրքոտ ռիթմերով, իմպրովիզացիաների ազատություն ապահովող հնարավորություններով, ինչն անկրկնելի մթնոլորտ էր ստեղծել դահլիճում։ Երկու ժամ շարունակ հանդիսատեսը ջազի անիմանալի հնչյունների աշխարհում էր և հերթական անգամ անկրկնելի տրամադրությամբ թողեց դահլիճը։

    Վահրամ Օրբելյան

  • Ժաննա Անդրեասյանը կմասնակցի «Կրթության վերափոխման գագաթնաժողով +4» քննարկմանը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հուլիսի 8-11-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու «Կրթության վերափոխման գագաթնաժողով+4» խորագրով բարձրաստիճան երկխոսությանը։

    Գագաթնաժողովի շրջանակում Ժաննա Անդրեասյանը զեկույցով հանդես կգա «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողովի գլոբալ նախաձեռնությունների ձեռքբերումները և դրանց նշանակությունը 2030 թվականից հետո» խորագրով պանելային քննարկմանը։

    Այցի շրջանակում նախատեսվում են նաև ԿԳՄՍ նախարարի հանդիպումները Ֆրանսիայի մշակույթի, ազգային կրթության և ֆրանկոֆոնիայի հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։

    Ժաննա Անդրեասյանի հետ Ֆրանսիա է գործուղվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

  • Չնախատեսված այցեր եմ անելու ամեն տեղ. վարչապետը նախազգուշացրել է

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնախատեսված այցեր է կատարել մի քանի վայրեր և անդրադարձել է մի միջադեպի։

    «Նորակառույց մանկապարտեզներից մեկում ակնատես եմ եղել, որ սանհանգույցում զուգարանակոնքերի վրադիրները կա՛մ ջարդուփշուր են եղել, կա՛մ ընդհանրապես գոյություն չունեն։ Սանհանգույցը գտնվում է վատ սանիտարահիգիենիկ պայմաններում»,- ասել է վարչապետը և հավելել, որ դա, իհարկե, սովորական տեսարան է, բայց միայն այն դեպքում, երբ դա խարխուլ դպրոցներում է կամ մանկապարտեզներում․

    «Բայց երբ խոսքը նորակառույցների մասին է, դա որևէ կերպ չի կարող հանդուրժվել։ Ընդ որում, երբ գնում եմ որևէ դպրոց կամ մանկապարտեզ ընդունելու, նկատում եմ, որ զուգարանակոնքերի վրադիրները բարձր որակի չեն»,- նշել է վարչապետը և հավելել, որ դրանք ժամանակ առ ժամանակ պետք է փոխվեն։

    Նա հայտարարել է, որ չնախատեսված այցեր է կատարելու ամենուր․ «Դպրոցներ, մանկապարտեզներ․ ուր ասես։ Եթե նման բաներ տեսա, և եթե դա վերաբերում է վարչատնտեսական պատասխանատուին, ապա նա կազատվի աշխատանքից՝ առանց որևէ բանի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ եթե նախագծային շեղումներով իրավիճակ լինի, տվյալ դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը պետք է ազատվի աշխատանքից։

    «Եթե որևէ մարզում կամ համայնքում այս երևույթը կրկնվի, ապա անդրադարձ է լինելու այն պաշտոնյաներին, որոնք ի պաշտոնե պարտավոր են վերահսկողություն իրականացնել, որպեսզի այդ իրավիճակը չլինի»,- շեշտել է վարչապետը։

  • «Ժողովուրդ». Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ



    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքական կուլիսներում նոր թափով քննարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան։ Քննարկումների պատճառ դարձավ ոչ միայն Սիմոնյանի վերջին հրապարակային այցը եկեղեցի՝ մեղքերի թողության, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը։

    Փաշինյանը, դիմելով Հանրապետության նախագահին, ասաց.

    «Տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ, և «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն, և կձևավորենք կառավարություն։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար։ Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող կառավարության մասին, նաև նոր ձևավորվող կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք»։

    Այս հայտարարությունը մեկնաբանվեց իբրև հրապարակային ազդակ, որ իշխանությունը շարունակում է վստահել գործող նախագահ Վահագն Խաչատուրյանին, և նրա պաշտոնավարման հարցը ներկայումս չի դիտարկում որպես փոփոխության ենթակա։ Մինչդեռ եղել էին հրապարակումներ, թե Ալեն Սիմոնյանը կարող է հավակնել Հանրապետության նախագահի պաշտոնին, սակայն Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, ըստ այդ մեկնաբանությունների, այդ սցենարին վերջակետ դրվեց։ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ չի լինելու։

    Իսկ ինչո՞ւ այդքան դաժան։

    «Ժողովուրդ» օրաթերթը մի առիթով գրել էր, որ վերջին ամիսներին ՔՊ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են փաստաթղթերի և նյութերի փաթեթ Ալեն Սիմոնյանի և նրա գործունեության վերաբերյալ։ Դրանք, ըստ թերթի աղբյուրների, պարունակել են կոմպրոմատային բնույթի տեղեկություններ՝ կոռուպցիոն ենթադրյալ գործարքների, հովանավորչության կասկածների, կլանային համակարգ ստեղծելու կասկածների, ինչպես նաև թիմակիցներին, այդ թվում՝ կանանց, նեղացնելու և նսեմացնելու դեպքերի վերաբերյալ։

    Իհարկե, այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել և չեն էլ կարող, քանի որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, միայն հայտարարել է, որ նա կմնա «քաղաքական կապիտալ», իսկ նրա հետագա ներգրավվածության ձևաչափը դեռ կորոշվի։

    Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը, հաշվի առնելով կուսակցության ներսում ձևավորված տրամադրությունները, չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ։ «Ժողովուրդ»-ին ՔՊ-ից փոխանցվել է մի հսկա ցուցակ, թե ովքեր են վերջին հինգ տարիներին ՔՊ-ում տարբեր պատճառներով լարված հարաբերություններ ունեցել Ալեն Սիմոնյանի հետ՝ դժգոհելով նրա աշխատանքային ոճից և գործընկերների հետ հարաբերություններից։ Եվ այդ դժգոհությունները, ըստ աղբյուրների, հարմար պահին ներկայացվել են Փաշինյանին։

    Ըստ այդմ, ցուցակում են՝

    Հայկ Սարգսյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Հունանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Ջուլիետա Ազարյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արփի Դավոյանը, Լիլիթ Մինասյանը, Լիլիթ Ստեփանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Մխիթար Հայրապետյանը, Հայկ Ցիրունյանը։

    Միաժամանակ պետք է նշել, որ նշված անձինք հրապարակային չեն հաստատում մեր այս տեղեկությունները։

    Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Ալեն Սիմոնյանի և նրա ընտանիքի ունեցվածքի, հայտարարագրերի և տարբեր հնարավոր շահերի բախումների վերաբերյալ, որոնք, ըստ մեր աղբյուրների, նույնպես ունեցել են իրենց ազդեցությունը վարչապետի որոշման վրա»։

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


  • Բարսելոնայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել՝ շոգի ալիքի ֆոնին | Հասարակություն

    Իսպանիայում շոգը նոր ջերմաստիճանային ռեկորդ է սահմանել Բարսելոնայում, որտեղ ջերմաստիճանը առաջին անգամ հասել է 40.5°C-ի։ Իշխանությունները հայտարարել են տագնապի բարձր  ռեժիմ՝ ծայրահեղ շոգի և անտառային հրդեհների բարձր ռիսկի պատճառով, հաղորդում է« Եվրոնյուզ-ը»։

    Բարսելոնայի ափամերձ հատվածում, որտեղ ծայրահեղ շոգը զգալիորեն ավելի քիչ է տարածված, քան ցամաքում՝ Միջերկրական ծովին մոտ լինելու շնորհիվ, գրանցվել է երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը։ Ֆաբրա աստղադիտարանի ավտոմատ կայանը գրանցել է ռեկորդային 40.5°C։

    Բարձր ջերմաստիճանները  նաև մի քանի այլ ռեկորդներ են գերազանցել Կատալոնիայում, այդ թվում՝ գիշերային ամենաբարձր նվազագույն ջերմաստիճանը: Չորեքշաբթի երեկոյան Պորտբու-Կոլ դելս Բելիտրես կայանը գրանցել է -31.9°C, որը գերազանցում է այսպես կոչված «դժոխային գիշերների» շեմը: Այսպես են անվանում գիշերները, երբ ջերմաստիճանը չի իջնում ​​30°C-ից ցածր:

    Բարսելոնայի քաղաքապետարանը  ջերմային ալիքի դեմ պայքարի իր ծրագիրը դրել է հատուկ մակարդակի՝ առաջնահերթություն տալով ամենախոցելի խմբերի՝ տարեցների, քրոնիկ հիվանդների, երեխաների, նորածինների և անօթևանների համար պաշտպանիչ միջոցառումներին: Ավելին, Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է, որ տարածաշրջանի 229 համայնքներ չորեքշաբթի օրը ծայրահեղ ջերմության պատճառով գտնվում են անտառային հրդեհների չափազանց բարձր ռիսկի տակ:

  • Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին





    Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը պաշտոնական այցով մեկնել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետություն և հանդիպումներ ունեցել տեղի իշխանություններ հետ: Յըլմազին ուղեկցում են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ինչպես նաև գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն։

    Այցի շրջանակներում կողմերի միջև նախատեսվում է ստորագրել գազատարի կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Բայրաքթարն ավելի վաղ հայտնել էր, որ Անթալիայի Ալանիա շրջանից ձգվող խողովակաշարն ունենալու է 97 կմ երկարություն։

    «Մեր նպատակն է այս տարվա ընթացքում ավարտել ինժեներական նախագծումը, իսկ 2028-ին արդեն կյանքի կոչել այս խողովակաշարի նախագիծը»,- նշել է թուրք նախարարը։

    Բայրաքթարը նաև հավելել է, որ ապագայում Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի նոր պաշարների հայտնաբերման դեպքում, այս նույն խողովակաշարով հնարավոր կլինի գազ մատակարարել նաև հակառակ ուղղությամբ՝ Կիպրոսից դեպի Թուրքիա։

    Ermenihaber




    դիտվել է 89 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը


    Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


    Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը