Author: Balance2

  • Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

    Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար, ահազանգում է փաստաբան Լուսիանա Մինասյանը։

    Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։ 

    «Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։

    Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։

    «Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- ընդգծել է փաստաբանը։

     

  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ ցավակցելու և նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։

  • Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան

    Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը սոցցանցի իր էջում գրել է.

    «Հուլիսի 13-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նշանակվել եմ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։

    Վստահ եմ, որ միասնական աշխատանքի, փոխադարձ հարգանքի և համագործակցության շնորհիվ կկարողանանք կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված Շենգավիթ վարչական շրջանի զարգացմանը, բարեկարգմանը և բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավմանը։

    Մեր առջև կանգնած են բազմաթիվ կարևոր անելիքներ։ Յուրաքանչյուր նախաձեռնության հիմքում լինելու է բնակչի շահը, իսկ աշխատանքի գլխավոր սկզբունքները՝ պատասխանատվությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը։

    Սիրելի՛ շենգավիթցիներ, վստահեցնում եմ, որ իմ ամբողջ փորձն ու կարողությունները ներդնելու եմ մեր վարչական շրջանի զարգացման և յուրաքանչյուր բնակչի վստահությունն արդարացնելու համար։

    Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ և հարմարավետ Շենգավիթ»։

  • Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

    ՌԴ-ն Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հուշագրի խախտում, դա փակում է ճգնաժամի կարգավորման ուղին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

    «Մենք Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում ենք որպես հուշագրի խախտում։ Այստեղ նույնիսկ մեկնաբանելու շատ բան չկա, դա տխուր է։ Քանի որ տուժում են և՛ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, և՛ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի արաբական երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Եվ ամենակարևորը, դա չի տանում կարգավորման, այլ փակում է այն դուռը, որը, թվում էր, մի փոքր բացել էր հիշատակված հուշագիրը», — լրագրողներին ասել է Լավրովը։

  • Դատախազական ներգործությամբ պետությանը վերադարձվել է Սևանի ափամերձ 2.5 հա հողատարածք

     Դատախազական ներգործության արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածք:

    Մասնավորապես՝ 2026 թվականի հուլիսի 10-ին ուժը կորցրած է ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վարձակալության իրավունքի պետական գրանցումը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 12 միլիոն 870 հազար դրամ։

  • ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը դադարեցնում է իր գործունեությունը ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում | Հասարակություն

    ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը դադարեցնում է իր գործունեությունը ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնում։ Այս մասին նա տեղեկացրել է սոցցանցի իր էջում։Նա գրել է․

     

    «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ և ոչ միայն

    Տեղեկացնում եմ, որ հուլիսի 15-ից չեմ կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի, իսկ իրականում ԿԸՀ-ի, ԸԸՀ-ների մամուլի քարտուղարի, ԿԸՀ սոցիալական հարթակների պատասխանատուի, քաղաքացիների նամակներին պատասխանողի, լուսանկարչի և մի շարք այլ գործառույթներ։

     

    Կանխազգալով հնարավոր շահարկումները հայտնում եմ, որ որոշումս կայացրել եմ ԱԺ ընտրություններից ամիսներ առաջ, սակայն ինքս ինձ համար որոշել եմ աշխատանքից ազատման դիմում գրել ընտրությունների ավարտից հետո, որովհետև ինչպես կասեր Փոքրիկ Իշխանը, մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք։

    ԿԸՀ-ում աշխատել եմ 2022 թվականի հոկտեմբերից․այս ժամանակահատվածում շուրջ 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են իրականացվել՝ Սիսիան, Անի, Վերին Դվին, Արզնի, Երևան, Ֆերիկ, Գյումրի, Փարաքար, Վաղարշապատ և վերջապես՝ #ԱԺ2026։

    Ընտրությունների վերաբերյալ հրապարակման ենթակա ցանկացած տեղեկատվություն հասանելի է եղել ԶԼՄ-ների համար`ոչ միայն ԿԸՀ կայքում և սոցիալական հարթակում հրապարակվելու, այլև մամուլի հաղորդագրությունների տեսքով։

     

    Անիմաստ եմ համարում մամուլի հաղորդագրությունների, հարցազրույցների, ասուլիսների վերաբերյալ վիճակագրական տվյալներ հրապարակել, բայց մեկ տվյալ կներկայացնեմ․ ԿԸՀ ֆեյսբուքյան էջը վարելու պարտականությունը ստանձնել եմ 6700 հետևորդների քանակով, այժմ այն 19 հազարից ավելի է, վերջին 3 ամիսներին էլ միջինում 4 միլիոն այցելու ունի (երբևէ առանց գովազդի ծառայություն ակտիվացնելու)։ Թերևս շնորհակալություն հայտնեմ ԿԸՀ-ին՝ մարքեթինգի ոլորտում գիտելիքներս լավարկելու համար։

    ԱԺ ընտրություններին ընդառաջ, թերևս կառույց ու կազմակերպություն չի եղել, որ որոշակի հաղորդակցություն չունենամ։ Ովքեր ինչ-որ չափով օգնել են, անչափ շնորհակալ եմ, խանգարողներին՝ ևս․ ձեր շնորհիվ ես իմ աշխատանքն ավելի լավ եմ իրականացրել։

     

    Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի, մարզկենտրոն համայնքների, մարզպետարանների և մի շարք խոշոր քաղաքների՝ արդեն նախկին գործընկերներիս, ովքեր իմ խնդրանքի հիման վրա միացել են ԿԸՀ տեղեկատվական արշավին և ընտրողներին իրազեկող հաղորդագրությունները տեղադրել են իրենց պաշտոնական սոցիալական հարթակներում։

    Շնորհակալ եմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին աշխատանքի առաջարկի և համատեղ արդյունավետ գործակցության համար։

     

    Իմ աշխատելու ժամանակահատվածում պաշտոնական տեղեկատվությունը հասանելի է եղել բոլոր ԶԼՄ-ների համար, չի եղել ոչ արտոնյալ, ոչ էլ մերժված ԶԼՄ։ Սա իմ՝ աշխատանքի անցնելու նախապայմաններից է եղել, որն, ի դեպ, մինչև վերջ պահպանվել է։

    Որպես տարիների փորձ ունեցող լրագրող, ես իհարկե ունեմ իմ կարծիքը ԶԼՄ-ներից յուրաքանչյուրի վերաբերյալ, բայց որպես հանրային միջոցներից վարձատրություն ստացող պաշտոնյա ինձ համար միանշանակ էր, որ աշխատավարձ եմ ստանում բոլորի հետ հաղորդակցվելու և տեղեկատվությունը բոլորին հասանելի դարձնելու համար․ այս կարգավիճակում չկան հեղինակավորներ, հայտնիներ, կամ վատ համբավ ունեցողներ։

    Այս մանրամասն հաշվետվությունն էլ հենց վերոնշյալի տրամաբանության մեջ է՝ հաշվետվություն հարկեր վճարողների առջև։

     

    Հաջողություն եմ մաղթում ԿԸՀ-ին՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում և լիահույս եմ, որ հանձնաժողովն այլևս երբեք չի հրաժարվի հանրային հաշվետվողականության այն բարձր նշաձողից, որն այժմ առկա է։

    ՀԳ․ Սա այս թեմայով առաջին և վերջին անդրադարձն է, խնդրում եմ այս թեմայով ինձ հարցեր չհղել, ընդունել սա որպես պաշտոնական պարզաբանում, չզանգահարել ԿԸՀ-ին վերաբերելի հարցերով, այդ թվում այն հարցով՝ թե ում զանգահարել։ Դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ՝ հնարավորություն ընձեռելով ինձ փոխարինող գտնելու:

    ՀԳ1․Բաց եմ նոր առաջարկների համար»։

  • Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանը

    Չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրամադրված և իրանական նավթային հատվածի դեմ պատժամիջոցները թուլացրած գլխավոր արտոնագրի չեղարկմանը՝ Թեհրանը շարունակում է նավթի արտահանման գործընթացը։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը։

    «Նավթի նախարարությունն արդեն երկար տարիներ է, ինչ կառուցում է անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել ամերիկյան անարդար պատժամիջոցների հետևանքները։ Քանի որ նավթի անխափան արտահանումն ապահովելու համար նախատեսված մեխանիզմները պահպանվել են, իրանական նավթի արտահանումը շարունակվում է նախկին ռեժիմով»,- նրա խոսքերն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը։

    Պակնեժադը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել նախկինում մշակված բոլոր մեխանիզմներից, քանի որ ակնկալում է, որ Վաշինգտոնը չի պահի իր տված խոստումը։

    Հուլիսի 7-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել է հունիսին տրամադրված գլխավոր արտոնագիրը, որը մինչև օգոստոսի 21-ը թուլացնում էր Իրանի նավթային հատվածի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները, և արգելել է նոր գործառնություններ իրականացնել այս ոլորտում։

  • Դուք չեք ամաչու՞մ, Գագիկ Ծառուկյանին դատապարտելով դուք 10 հազար մարդու եք դատապարտել․ աշխատակից (video)

    Դուք չեք ամաչու՞մ, Գագիկ Ծառուկյանին դատապարտելով դուք 10 հազար մարդու եք դատապարտել․ աշխատակից (video)

  • Հունիսի միջին ջերմաստիճանը 1935-2026 թթ․ ժամանակահատվածում ՀՀ-ում բարձրացել է 2․6 °C-ով

    «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2026 թվականի հունիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում:

    Ըստ այդմ՝ 2026 թվականի հունիս ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․1 °C, որը նորմայի սահմաններում էր։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 65․4 մմ, որը նույնպես նորմայի սահմաններում էր՝ 104 %։

    Հունիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է ամսի 20-ին Արարատում՝ 38․3 °C, իսկ ամենացածր ջերմաստիճանը հունիսի 3-ին՝ Աշոցքում՝ -4․1 °C։

    Մայիսի երկրորդ տասնօրյակում օդի օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայի նկատմամբ շրջանների մեծ մասում, իսկ առաջին և երրորդ տասնօրյակներին դիտվեցին նորմային կամ նորմայից ցածր ջերմաստիճաններ։

    Տեղումներ դիտվեցին ամսվա բոլոր տասնօրյակներին։ Հունիսի 6-ին Մեղրիում դիտվեց 30․2 մմ հորդառատ անձրև 35 րոպեի ընթացքում, իսկ հունիսի 10-ին և 12-ին Ապարանի ջրամբարի և Պուշկինի լեռնանցքի օդերևութաբանական կայանները գրանցեցին երկարատև առատ տեղումներ՝ 53-55 մմ քանակությամբ։

    Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Առավել վտանգավոր էին հունիսի 6-ի, 10-ի և 19-ի կարկտահարության դեպքերը, որոնք հիմնականում դիտվեցին Շիրակի և Լոռվա մարզերում։ Կարկտի տրամագիծը հասավ 22-ից 32 մմ-ի՝ ըստ օդերևութաբանական կայանների դիտարկումների։

    Հունիսի 30-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, հունիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 39 սմ։

    1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն՝ ամենատաք հունիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 17․6 °C, իսկ ամենացուրտը՝ 1967 թվականին՝ 11․2 °C միջին ամսական ջերմաստիճանով։

    Ամենախոնավ հունիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 118․1 մմ, իսկ ամենաչորը՝ 2021 թվականին՝ 19․3 մմ տեղումների քանակով։

    Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հունիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 մմ-ով։

  • «Չենք սահմանափակվելու ՀՀ դատարաններով». Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ

    Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։

    «Այս պահին փաստաբանների խումբն աշխատում է։ Նրանք չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով՝ առավել ևս հաշվի առնելով, որ մեր իրավապահ համակարգը ծառայում է բացառապես մեկ անձի։ Եվ միջազգային տարբեր ատյաններ կուղարկվեն համապատասխան հայցեր, բողոքներ և դիմումներ»,- ասաց Վարդանյանը։