Վերջին օրերին Հայաստանի եւ Վրաստանի սոցիալական ցանցերի տարբեր օգտատերեր հրապարակումներ են անում այն մասին, թե Ռուսթավելիի պողոտայի վերակառուցման ընթացքում շինարարները Մելիք-Ազարյանցի շենքի տակ (Ռուսթավելիի պողոտա, 37) «պեղել են» «նախկինում անհայտ հարկեր»
Իրականում իրավիճակն այլ է. այն, որ շենքի տակ մի քանի հարկ կա, հայտնի է վաղուց: Ներկայացնում ենք 5 հարց ու պատասխան՝ հիմնված վրացական Silk Development ընկերության կողմից տրամադրած տեղեկատվության վրա:
Ի՞նչ է տեղի ունենում Մելիք-Ազարյանցի տանը:
Silk Development ընկերությունը շարունակում է շենքի փուլային վերականգնումը:
Աշխատանքներն իրականացվում են արվեստաբանների, հնագետների, ճարտարապետների եւ ինժեներ-կոնստրուկտորների հսկողությամբ:
Ընթացքի մեջ են վնասված հատվածների ամրացման եւ ռեստավրացիայի աշխատանքները:
Ի՞նչ է արդեն արվել:
Աշխատանքները մեկնարկել էին նկուղային հարկերի մաքրումից. ընդհանուր առմամբ դուրս էր բերվել 1 200 խորանարդ մետր աղբ:
Իրականացվել են նաեւ կրող հանգույցների ամրացման աշխատանքներ:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Մելիք-Ազարյանցի տունը եւ ինչո՞ւ այն վերականգնման կարիք ունի:
Շենքը կառուցվել էր 1912–1915 թվականներին՝ բարդ երկրաբանական ռելիեֆի վրա՝ համադրելով իր ժամանակի ճարտարապետական եւ ինժեներական նորամուծությունները:
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը
Շենքի հիմքում անհամաչափության սկզբունքն է, իսկ ճակատամասը զարդարված է եզակի բարձրաքանդակներով եւ դեկորատիվ տարրերով:
Խորհրդային շրջանի փոփոխություններն էապես վնասել են շենքի առանձին հատվածները:
Նախատեսվում է խորհրդային ուշ շրջանի կցակառույցների քանդումը՝ շենքի պատմական տեսքը վերականգնելու համար:
Ո՞ւմ է պատկանում շենքը եւ ո՞վ է իրականացնում աշխատանքները։
Silk Road Group-ը սկսել էր շենքը մասնավոր սեփականատերերից գնել 2007 թվականին, եւ 2026 թվականի ապրիլի դրությամբ տիրապետում էր ընդհանուր մակերեսի մոտ 80%-ին: Մնացած մասը բաշխված է մասնավոր սեփականատերերի (բնակելի եւ կոմերցիոն տարածքներ) եւ պետության միջեւ:
Վերականգնումն իրականացնում է Silk Development ընկերությունը՝ Silk Road Group-ի կազմում գործող կառուցապատող ընկերությունը:
Պատմական օբյեկտների վերականգնման էլ ի՞նչ նախագծեր է իրականացրել Silk Development-ը։
Silk Development-ը պատմական հուշարձանների պահպանության եւ վերականգնման ոլորտում մեծ փորձ ունի: Վառ օրինակներից է Ցինանդալիում Ալեքսանդր Ճավճավաձեի կալվածքի վերականգնումը, որով ընկերությունը զբաղվում է 2007 թվականից:
Կարելի է նշել նաեւ The Telegraph Hotel նախագիծը, որն իրականացվել է Կենտրոնական հեռագրատան նախկին շենքում:
Leave a Reply