Տիեզերական ճամփորդությունների զարգացման համար միայն նոր տեխնոլոգիաները բավարար չեն։ Անհրաժեշտ են համագործակցություն, համբերություն եւ անկեղծ քննարկումներ այն մասին, թե ով իրավունք կունենա մասնակցել դրանց։ Այս մասին հոկտեմբերի 20-ին Տեներիֆեում կայացած Starmus VIII փառատոնում խոսեցին երեք կին տիեզերագնացները՝ Ջուլի Փայետը (Կանադա), Յանիկե Միկելսենը (Նորվեգիա) եւ Սիան Պրոկտորը (ԱՄՆ)։
Արդեն մի քանի տասնամյակ տիեզերագնացները ոգեշնչում են երեխաներին եւ պատանիներին։ Յանիկե Միկելսենը, սակայն, նկատեց, որ տիեզերագնացներն ունեն մեկ այլ կարեւոր թիրածային լսարան՝ քաղաքական գործիչները։ Հենց նրանք են տնօրինում բյուջեները, եւ հենց նրանց պետք է համոզել, որ տիեզերքի հետազոտության մեջ պետք է ներդրումներ կատարել։
Սիան Պրոկտորը շեշտեց, որ համագործակցությունը տիեզերքում չպետք է հանգի այն հարցին, թե ի՞նչ կտա դա «գլոբալ Հյուսիսին» կամ «գլոբալ Հարավին»։ Մարսը նա մարդկության ապագայի մաս է համարում, բայց առանց շտապելու ու «ոչ ամեն գնով»։ Պրոկտորը կարծում է, որ նախ պետք է «վերադառնալ Լուսին», այնտեղ ենթակառուցվածք ստեղծել եւ սովորել ապրել, աշխատել եւ նույնիսկ հաճույք ստանալ մարդկանց համար խորթ միջավայրում։ Իսկ այդ ընթացքում ավելի ու ավելի կատարելագործված ռոբոտները կնախապատրաստեն Մարսը մարդկանց ապագա ժամանման համար։
Նա առաջարկեց Լուսինը դիտարկել որպես «լաբորատորիա», որտեղ կարելի է սովորել ավելի լավ անել այն, ինչը Երկրի վրա մեզ միշտ չէ, որ ստացվում է։ Սակայն, զգուշացրեց Սիանը, տիեզերքի յուրացումը չպետք է Երկրի բնապահպանական խնդիրներից փախչելու փորձ դառնա։
Ջուլի Փայետը եւս պնդեց, որ դեպի Մարս թռիչքը մոտ ապագայի հարց չէ. չափազանց շատ են չլուծված հարցերը։ Նա մի կենցաղային օրինակ բերեց. ինչպե՞ս լվանալ հագուստը մինչեւ երկու տարի տեւող ճամփորդության ընթացքում՝ առանց ավելորդ ջուր ծախսելու եւ թունավոր քիմիկատներ օգտագործելու։ «Չէ՞ որ ոչ ոք չի ուզում Մարսի վրա ոտք դնել կեղտոտ շորերով»,– կատակեց Փայետը։
Չմուշկներ, VR եւ բեւեռային ուղեծիր
Քննարկման երեք մասնակիցներից Երկրի ուղեծիր հասնելու ամենաանսովոր ճանապարհն անցել է Յանիկե Միկելսենը։ Նա պրոֆեսիոնալ տիեզերագնաց չէ, այլ կինոռեժիսոր եւ օպերատոր։ Այնուամենայնիվ, 2025 թվականի ապրիլին հենց նա էր SpaceX Crew Dragon տիեզերանավի հրամանատարը առաջին թռիչքի ժամանակ, որն անցավ Երկրի երկու բեւեռների վրայով։
Միկելսենը ծնվել է 1986 թվականին Էդինբուրգում եւ մեծացել է Նորվեգիայում։ Տասը տարեկանում ձիուց ընկնելուց հետո նա ժամանակավորապես կորցրել էր շարժվելու ունակությունը։ Ապաքինվելով՝ սկսել էր չմշկասահքով զբաղվել եւ 2005 թվականին Նորվեգիայի առաջնությունում զբաղեցրել էր երրորդ տեղը ՝3000 մետր մրցավազքում:
Միկելսենի մասնագիտական կարիերան սկսվել է 2009 թվականին Գերմանիայում. նա աշխատել է որպես ստերեոօպերատոր 3D ֆիլմերում, այդ թվում՝ «Հենզելն ու Գրետելը. կախարդների որսորդներ» ֆիլմում։ Երբ 3D կինոյի «բումն» անցավ, նա անցում կատարեց դեպի վիրտուալ իրականությանը (VR)։
Բրիտանիայի Կինոյի եւ հեռուստատեսության ազգային դպրոցում նա դիպլոմային աշխատանք գրեց ստերեոսկոպիայի պատմության մասին։ Այդ հետազոտության շնորհիվ նա ծանոթացավ Queen խմբի կիթառահար, Starmus-ի համահիմնադիր եւ ստերեոլուսանկարների կրքոտ հավաքորդ Բրայան Մեյի հետ։
Այդ ծանոթությունը փոխեց Յանիկեի կյանքը։ 2016 թվականին Միկելսենը նկարահանեց Queen-ի VR The Champions իմերսիվ համերգային ֆիլմը, որի համար Imago մրցանակ ստացավ։ Բրայան Մեյի հետ ծանոթությունը Յաննիկեին բերեց Starmus, որն էլ արթնացրեց նրա հետարքրքությունը տիեզերքի հանդեպ։ 2017-ին Տրոնհեյմում կայացած Starmus-ի չորրորդ փառատոնում նա նկարահանեց VR ֆիլմ, որտեղ տիեզերագնացներն ու Լուսնի վրա եղած մարդիկ պատմում էին, թե ինչ են սովորել տիեզերքում։ 9 տարի անց նա վերադարձավ Starmus արդեն որպես նրանցից մեկը։
2024 թվականի օգոստոսին SpaceX-ը հայտարարեց Fram2 առաքելության մասին. դա պետք է լիներ պատմության մեջ առաջին թռիչքը բեւեռային ուղեծրով՝ Հյուսիսային եւ Հարավային բեւեռների վրայով։ Միկելսենը նշանակվեց տիեզերանավի հրամանատար։
Fram2-ը մեկնարկեց Ֆլորիդայից 2025 թվականի ապրիլի 1-ին Crew Dragon Resilience տիեզերանավով եւ երեք ու կես օր անց վայրէջք կատարեց Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Այս թռիչքը Յանիկե Միկելսենին դարձրեց Նորվեգիայի առաջին տիեզերագնացը։
Սերունդների կապը, երկրաբանությունն ու արվեստը
Սիան Պրոկտորի կապը տիեզերքի հետ սկսվեց, երբ նա դեռ չէր քայլում։ Նա ծնվել է 1970 թվականի մարտին Գուամ կղզում, որտեղ նրա հայրը NASA-ի ինժեներ էր տիեզերական կայանում։ Այդ կայանը կապ էր ապահովում դեպի Լուսին «Ապոլոնների» թռիչքների ժամանակ։
Սիան Պրոկտորը ուսանել է բնապահպանություն եւ երկրաբանություն եւ 1998 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ Իսկ 2006-ին Սիանը ստացավ ոչ միայն դոկտորի աստիճան, այլեւ օդաչուի լիցենզիա։
2009 թվականին NASA-ի տիեզերագնացների ընտրությանը մասնակցած ավելի քան 3 500 թեկնածուներից Պրոկտորը մի քանի փուլ հաղթահարած 47 թեկնածուներից մեկն էր, բայց ընտրված 9-ի կազմում չընդգրկվեց ։
2013 թվականին նա չորս ամիս անցկացրեց Հավայան կղզիներում գտնվող HI-SEAS մոդուլում, որտեղ NASA-ն մոդելավորում էր կյանքը Մարսի վրա։ Պրոկտորը պատասխանատու էր կրթական աշխատանքի համար, նկարահանեց «Meals for Mars» («Սնունդ Մարսի համար») խոհարարական շարքը, հետագայում էլ գիրք գրեց այդ փորձի մասին։
2021 թվականին Սիանը հաղթեց ձեռներեցների մրցույթում, որի մրցանակը ճամփորդությունն էր Inspiration4 տիեզերանավով։ Դա առաջին առաքելությունն էր, որի անձնակազմն ամբողջությամբ կազմված էր քաղաքացիական անձանցից։
Տիեզերանավը մեկնարկեց 2021 թվականի սեպտեմբերի 15-ին, եւ Crew Dragon-ի օդաչուն Պրոկտորն էր։ Նա դարձավ տիեզերանավ վարած առաջին աֆրոամերիկուհին եւ կոմերցիոն տիեզերանավի առաջին կին օդաչուն։
Ուղեծրում անցկացրած երեք օրերի ընթացքում Սիանը նաեւ նկարում էր։ Վերադառնալուց հետո նա շարունակեց զբաղվել արվեստով։ Նրա աշխատանքներից շատերի հիմքում «երկրային լույսն է»՝ Երկրից անդրադարձող արեւի ճառագայթները։
Ինժեներ եւ գեներալ-նահանգապետ
Եթե Միկելսենն ու Պրոկտորը տիեզերքում հայտնվեցին ոչ ստանդարտ ճանապարհներով, ապա Ջուլի Փայետը «դասական» մասնագիտական ուղի անցած տիեզերագնաց է։
Նա աշխատում էր որպես ինժեներ, երբ 1992 թվականի հունիսին Կանադայի տիեզերական գործակալությունը նրան ընտրեց ավելի քան 5 000 թեկնածուների միջից։
Փայետը դարձավ Միջազգային տիեզերական կայանում աշխատած առաջին կանադացի տիեզերագնացը։ Այնտեղ նա եղել է երկու անգամ՝ 1999 եւ 2009 թվականներին։
Երկրորդ թռիչքի ժամանակ նա միաժամանակ կառավարում էր երեք ռոբոտացված սարքեր՝ օգնելով գործընկերներին բաց տիեզերք հինգ բարդ ելքերի ժամանակ։
2013 թվականին ավարտելով տիեզերագնացի կարիերան՝ Ջուլի Փայետը պետական ծառայության անցավ։ 2017 թվականի հոկտեմբերի 2-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 22-ը նա զբաղեցնում էր Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնը։
Կարդացեք նաեւ.
«Կնքահայրն» առաջարկում է ԱԲ-ն մարդկանց «մայրիկը» դարձնել
«Սեւ խոռոչների արձագանքները»՝ լեգենդար Ռիք Ուեյքմանի վերադարձը Starmus VIII-ում
«B մոլորակ» չկա կամ Նոբելյան դափնեկիրների բանավեճը Քամ Ղաֆարիանի հետ
«Աստղերի սիմֆոնիան» եւ «ճշմարտության որոնումը» Տեներիֆեում
Արա Թադեւոսյան (Տեներիֆե-Երեւան)
Mediamax.am կայքում Starmus VIII փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը Dexatel ընկերությունն է: ![]()
Dexatel-ը բիզնեսներին հնարավորություն է տալիս տարբեր հաղորդակցման ալիքները կառավարել մեկ միասնական հարթակից։
Ընկերության գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ՝ ընթերցելով Dexatel-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանի հարցազրույցը. https://banks.am/am/news/interviews/31370:
Leave a Reply