Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասված է.
«Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիեւը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խորը հպարտություն կա այն ամենում, ինչին մեր երկրները հասել են միասին, եւ մեծ վճռականություն՝ շարունակելու կառուցել այն հիմքի վրա, որը վերջ դրեց տասնամյակներ տեւած հակամարտությանը եւ Հարավային Կովկասը դրեց ավելի բարգավաճ ապագայի ուղու վրա։ Ի ճանաչումն խաղաղության ապահովմանն ուղղված այս պատմական եւ հսկայական ջանքերի՝ վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Ալիեւը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։
Համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի համար ապահովեց հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու եւ գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։
Հայաստանը եւ Ադրբեջանը պահպանել են կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, եւ երկուստեք կոնկրետ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման եւ երկարատեւ կայունության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող միջոցառումների միջոցով վստահության ամրապնդման ուղղությամբ։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության՝ հստակ առաջընթացով, ինչպիսին է ենթակառուցվածքների զարգացումն առաջ մղելու համար ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն ստեղծելու վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնությունը։ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ։ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու եւ երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաեւ աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։
Միացյալ Նահանգները 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Թրանս-Կասպյան առեւտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հատվածներում։
Միացյալ Նահանգները խորացրել է կապերը Հայաստանի, Ադրբեջանի հետ՝ ստորագրելով նոր, երկկողմ ռազմավարական գործընկերություններն սահմանող կանոնադրություններ, ինչպես նաեւ փոխըմբռնման հուշագրեր էներգետիկ անվտանգության, սահմանային ենթակառուցվածքների եւ անվտանգության, արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների նորարարության, եւ կարեւորագույն հանքանյութերի վերաբերյալ, որոնք ներդրում են երեք պետությունների երկարաժամկետ բարգավաճման մեջ եւ արդեն շոշափելի արդյունքներ են տվել։
Հետեւելով Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի ոգուն՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է բոլոր տարանցման սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան եւ Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաեւ 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առեւտրի ավելացման ուղղությամբ։
Երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը, Հարավային Կովկասում հուսալիության եւ դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաեւ Եվրասիայի հեռահաղորդակցային ցանցերի ենթակառուցվածքների զարգացմանը։
Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ հարակից կառույցները լուծարվել են՝ ի ճանաչումն նրա, որ չլուծված հակամարտության դարաշրջանն ավարտված է։
Միացյալ Նահանգների հրավերով Հայաստանը եւ Ադրբեջանը միացել են Խաղաղության խորհրդին՝ ցույց տալով, որ նրանք Միացյալ Նահանգների կողքին են ավելի խաղաղ եւ բարգավաճ աշխարհ կերտելու ջանքերում։
Միացյալ Նահանգները, Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին եւ ոգուն համապատասխան, ինչպես նաեւ տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։ Ավելին, Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների եւ փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաեւ երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը` «Խոստումները տրված են, խոստումները կատարված են»։ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից տեւական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, եւ մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»։
Leave a Reply