Արարատի մարզի Ոսկետափ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան-Երասխ ավտոճանապարհը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գյուղացիները դժգոհում են, որ վերամշակող գործարանները հրաժարվում են ընդունել իրենց բերքը։
«Գյուղացու բերքը որտե՞ղ է իրացվել, որ լոլիկի հարցը լուծվի։ Միշտ նման իրավիճակ է լինում․ մինչև ժողովուրդը չի հավաքվում, հարցը լուծում չի ունենում։ Անցած տարի ասացին, որ մյուս տարի լավ է լինելու, բայց այս տարի ավելի վատ եղավ։ Մենք չենք արտահանում, մերը տեղում գործարանների համար նախատեսված լոլիկն է»,- ասել են հավաքվածները։
Նրանցից մեկը, սակայն, հավելել է, որ կան թե՛ գործարանի, թե՛ շուկայի համար նախատեսված լոլիկներ։
«Որ չեն թողնում արտահանեն, արդեն ինքնըստինքյան դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում։ Ջայնա՛մ, թող գործարան բացեն, տանենք, ընդունեն։ Չեն կարողանում աշխատացնել, թող ուրիշին տան աշխատացնի։ Մեր վարկերն ո՞վ է փակելու»,- ասել է ճանապարհը փակած գյուղացիներից մեկը։
Նրա խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ հետագայում արտադրանքը չեն կարողանալու իրացնել, ինչի պատճառով էլ ստիպված դիմել են ճանապարհը փակելու քայլին։
«1 կամ 2 կիլոյի հարց չէ, տոննաների հարց է։ Միլիոնավոր դրամների վարկ ենք վերցրել, չենք կարողանում փակել։ Մարդիկ 5 դրամին համարժեք սածիլ են առել, դաշտերը սածիլապատել, որ այսօր բերք ունենան։ Բերքը հասել է այն փուլին, որ պետք է իրացվի, վաճառվի։ Բայց շուկայում էլ չի ծախվում»,- ասել է գյուղացին։
Leave a Reply