Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ

Written by

in

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, ավտոմեքենա, երեք ընկերություններում մասնակցություն, բանկային ավանդներ և շուրջ 235 մլն դրամ։ Դատախազության հաղորդմամբ՝ գումարից 192 մլն դրամի օրինական ծագումը չի հիմնավորվում, իսկ շուրջ 43 մլն դրամը ներկայացվում է որպես ապօրինի եկամտի մնացորդ։ Հակակոռուպցիոն դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ · 3 անշարժ գույք. · 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ. · 1 տրանսպորտային միջոց. · 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. · բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները. · 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ. · 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *