Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը

Written by

in





Հանրային հեռուստաընկերությունը շեշտել է, որ սեպտեմբերի 27–ին Թաթայի համերգի ցուցադրման պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց:

Սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր, այսպես է մեկնաբանել Հանրային հեռուստաընկերությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը` կապված 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցի օրը Հանրային հեռուստաընկերության եթերում երգիչ Թաթա Սիմոնյանի համերգի ցուցադրմանը։

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստատեսությունը եթեր հեռարձակեց Թաթա Սիմոնյանի` Գյումրիում կայացած համերգի տեսաձայնագրությունը, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց սոցցանցերում։ Երգիչ Թաթան հայտարարեց, որ անթույլատրելի է 44–օրյա պատերազմի տարելիցի օրը իր համերգը Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրելը։

Հանրայինը հաջորդ օրը ներողություն խնդրեց համերգը ցուցադրելու համար։

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ պարզաբանումներ էր խնդրել Հանրայինից տեղի ունեցածի վերաբերյալ։

Ի պատասխան հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ պաշտոնական հրապարակմամբ արդեն նշել են, որ իրենք ամբողջությամբ ընդունում են տեղի ունեցածի պատասխանատվությունը և չեն փորձում այն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ այլ աշխատանքային հանգամանքներով:

«Ինչ վերաբերում է ծրագրի նկարահանման և նախնական եթերային պլանավորման ժամկետներին, հայտնում ենք, որ հեռարձակված համերգային ծրագիրը նախապես արտադրված հեռուստատեսային բովանդակություն է, որը ներառվել էր եթերացանցում մինչև սեպտեմբերի 27-ի եթերը: Ծրագիրը հնարավոր էր տեղափոխել այլ եթերային օր, և հենց այս հանգամանքի բացթողումն է, որ Հանրայինը գնահատում է որպես թույլ տրված սխալ»,–հայտնել են Հ1–ից։

Ընդգծել են, որ Հանրային հեռուստաընկերության եթերացանցի ձևավորումը և վերջնական հաստատումն իրականացվում է համապատասխան ծրագրային պատասխանատուների կողմից` սահմանված ներքին աշխատանքային ընթացակարգերի համաձայն:
Շեշտվում է, որ տվյալ դեպքում Հանրայինը պատասխանատվությունը չի վերագրում առանձին աշխատակցի, այլ ամբողջությամբ ընդունում է այն որպես կառույց:

Միաժամանակ Հ1–ից տեղեկացնում են, որ նմանօրինակ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով արդեն վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը:

«Հարկ ենք համարում նաև հստակեցնել, որ գործող օրենսդրությամբ սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում սահմանված չէ որպես սգո կամ հիշատակի օր: 2026 թվականի հունվարի 20-ին ընդունված և հունվարի 21-ից ուժի մեջ մտած ՀՕ-1-Ն օրենքով «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը» սահմանվել է հունվարի 27-ը»,–նշել են Հ1–ից։

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հ1–ով համերգի ցուցադրությունը «անպատեհություն» անվանեց։

 



դիտվել է 332 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *