Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր
Հայաստան-Զարգացման ֆրանսիական գործակալություն երկրորդ տարեկան խորհրդակցությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01 համաձայնագիրը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԶՖԳ կողմից՝ ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգուիկը: Ֆրանսիական կողմից համաձայնագիրը համաստորագրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ժյուլի Ֆորտի կողմից:
Սույն բյուջետային աջակցության ֆինանսավորումը ԶՖԳ-ի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից համաֆինանսավորվող նոր եռամյա` 2026-2028թթ. համար նախատեսված ծրագրի (Ծրագիր) շրջանակներում իրականացվող առաջին ենթածրագիրն է, որը հանդիսանում է հանրային ֆինանսների կառավարման և ֆինանսական շուկաների զարգացման ուղղությամբ նախկինում իրականացված քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի շարունակությունը։
Ծրագիրն ունի բարեփոխումների երեք հիմնական ուղղություն՝ հարկաբյուջետային կառավարման, հանրային ֆինանսների կառավարման և հանրային ծառայությունների մատուցման բարելավում ազգային և ենթաազգային մակարդակներում, բարելավված ներքին ռեսուրսների մոբիլիզացման և մասնավոր հատվածի զարգացման համար նպաստավոր միջավայրի ստեղծում, ինչպես նաև կայուն ֆինանսների և ֆինանսական շուկայի զարգացման ոլորտում առաջընթացի գրանցում։
Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, Զարգացման ֆրանսիական գործակալության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է նաև «Հայաստանում ամուր շուկաների միջոցով կայուն տնտեսական և հարկաբյուջետային արդյունքներով («REFORM») ծրագրի վերաբերյալ» եռակողմ փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԶՖԳ Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Ռիմա լը Կոգուիկը և ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։ Հուշագրի նպատակն է կողմերի միջև սահմանել համագործակցության ընդհանուր շրջանակ՝ 2026-2028թթ. ընթացքում ՀՀ Կառավարության կողմից իրականացվող տնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական ոլորտների բարեփոխումների աջակցման համար:
Երկօրյա խորհրդակցությունների շրջանակներում նախատեսված են նաև ծրագրային այց Կապսի ջրամբար և բարձրաստիճան երկկողմ հանդիպումներ։
Leave a Reply