Ալիեւ. «Հայաստանի ներկայիս իշխանությունները վիրավորել են մեր ժողովրդին»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի ներկայիս իշխանությունները վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ելույթ ունենալով «Յենի Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարում՝ Իլհամ Ալիեւը, մասնավորապես, ասել է.

 

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա: Թեեւ Հայաստանի նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են եւ պետք է արժանի պատիժ կրեն:

 

Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեզ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին, իրենց անտեղի եւ անհեթեթ հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը»:

 

Ալիեւն ընդգծել է, որ «մենք երբեք չպետք է մոռանանք դա»:

 

Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ շատ փորձագետներ եւ վերլուծաբաններ Ադրբեջանն արդեն դասում են միջին տերությունների շարքին:

 

«Մենք լիովին ապահովել ենք տնտեսական անկախությունը եւ այսօր միջազգային հանրության շատ հեղինակավոր անդամ ենք։ Մեր ճակատագիրը մեր սեփական ձեռքերում է», – հավելել է Ալիեւը։

 

Նրա խոսքով՝ «մեր գաղափարական տարածքը պետք է ազատ լինի օտար տարրերից, օտար ազդեցություններից»։

 

«Մենք մեր արտաքին քաղաքականությունն այնպես ենք կառուցում, որ ոչ ոք չմիջամտի մեր գործերին։ Մեզ պետք չէ որեւէ մեկի օգնությունը, որեւէ մեկի հովանավորությունը», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *