Դատավորների շուրջ 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

Written by

in

2018 թվականի գարնանը Թաշյա հեղափոխությունի հետո դատաիրավական ոլորտի բարեփոխումները հայտարարվեցին ՀՀ վարչապետի պաշտոնը ստնաձնած Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջնահերթություն: 

Ըստ էության, դատարանների անկախությունն ու արդյունավետությունը բարձրացնելը, կոռուպցիայից ու հովանավորչությունից զերծ դատական համակարգի ձեւավորումը Փաշինյանի իշխանության առանցքային խոստումներից է:

Դատական համակարգում բարեփոխումների խոստումից ութ տարի անց, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում դատական համակարգի վերաբերյալ շեշտադրումները կրկին սրվել են։

Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 24-ին Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դատական համակարգը «կաստայացված է» և հիմնականում նախկին վերնախավերի շահերի պաշտպանն է՝ այդ խնդիրների լուծումը կապելով նաև նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության հետ։ 

Իսկ սեպտեմբերի 3-ի ճեպազրույցում Փաշինյանը կրկին անդրադարձել է դատարաններին՝ նշելով. «Ում քսակը ավելի հաստ ա, ցանկացած գործով կգնա կարդարանա դատարանում, ցանկացած գործով: Խնդիր չունեն, ասենք՝ դիակի վրա կարող ա մարդկանց բռնես, գնան հետո բան անեն, արդարանան, դուրս գան, և այլն, և այլն: Բա էդ ա, որ ասում եմ եռագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարում էս ութ տարի ա»

Այս հայտարարությունների ֆոնին «Փաստերի ստուգման հարթակը»  փորձել է պարզել, թե իրականում որքանով է փոխվել դատական համակարգի կազմը 2018 թվականի գարնանից ի վեր:

Մասնավորապես՝ քանի՞ նոր դատավոր է առաջին անգամ նշանակվել, նրանցից քանի՞սն են այսօր շարունակում պաշտոնավարել, և գործող դատավորների կազմում ինչպիսի՞ կշիռ ունեն 2018-ից հետո առաջին անգամ նշանակվածները։

Այս հարցերի պատասխանը ստանալու համար FIP.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Դատական դեպարտամենտ. ստացված պատասխանը թույլ է տալիս թվերով գնահատել դատական համակարգի կազմի փոփոխությունը:

Գործող դատավորների 62%-ը նշանակվել է 2018-ից հետո

Այսպես, ՀՀ Դատական դեպարտամենտը FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ Հայաստանի դատական համակարգում պաշտոնավարում է 319 դատավոր։

Նույն պատասխանի համաձայն՝ 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 26-ը դատական համակարգում առաջին անգամ նշանակվել է 208 դատավոր, որոնցից 197-ը շարունակում են պաշտոնավարել։

Այսպիսով, ներկայում պաշտոնավարող 319 դատավորներից 197-ը դատավորի պաշտոնում առաջին անգամ նշանակվել են 2018 թվականի հունիսի 1-ից հետո։ Դա գործող դատավորների շուրջ 62%-ն է։ 

Հետևաբար, 2018-ից ավելի քան 8 տարի անց գործող դատավորների մեծ մասը դատավորի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է արդեն այդ ժամանակահատվածում, իսկ մինչև 2018 թվականի հունիսը նշանակված դատավորները կազմում են գործող կազմի 38 տոկոսը։

Նկատենք, որ այս թվերը ցույց են տալիս միայն դատական համակարգի կազմի փոփոխությունը, ինչը բավարար չէ գնահատելու դատական համակարգի անկախությունը, արդյունավետությունը կամ այսպես կոչված, նախկին համակարգի ազդեցությունից դրա լիարժեք ազատված լինելը։ 

Նանե Մանասյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *