Ներկայացնում ենք ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Հավիեր Սոլանայի եւ EsadeGeo Գլոբալ էկոնոմիկայի եւ աշխարհաքաղաքականության կենտրոնի տնօրեն Անխել Սազ-Կարանսայի հոդվածը:
Հավիեր Սոլանա, Անխել Սազ-Կարանսա
Քառորդ դար առաջ աշխարհն ակնթարթորեն փոխեց իր ընթացքը: Նոր հազարամյակը համընկավ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում՝ աշխարհի այն ժամանակվա երկու խոշորագույն ռազմական տերություններում, նոր նախագահների իշխանության գալու հետ: Սակայն 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները ԱՄՆ-ում արմատապես փոխեցին երկու երկրների, ինչպես նաեւ արագ թափ հավաքող Չինաստանի զարգացման հետագիծը՝ սկիզբ դնելով գործընթացների, որոնք ի վերջո հանգեցրին այն մասնատված աշխարհաքաղաքական կարգին, որում ապրում ենք այսօր:
2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան հեռուստախցիկները ֆիքսեցին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքի տարրական դպրոցում երեխաների համար գիրք կարդալիս, երբ օգնականը նրա ականջին շշնջաց, որ երկիրը հարձակման է ենթարկվել: Նրա դեմքի շփոթված արտահայտությունը կանխորոշեց այն գիծը, որն հետագայում որոշիչ դարձավ ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:
Շուտով Միացյալ Նահանգները բոլոր մյուս նպատակները ստորադասեց ազգային անվտանգության շահերին՝ հրաժարվելով բազմակողմ առաջնորդությունից, որի վրա հենվում էր 1945 թվականից ի վեր: 2001 թվականի վերջից սկսած՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը պնդում էր Ամերիկայի դուրս գալը Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) պայմանագրից՝ հակահրթիռային վահանի ստեղծման աշխատանքները սկսելու համար: Դա հանգեցրեց Ռազմավարական ՀՀՊ ցամաքային էշելոնի (GMD) ծրագրի ի հայտ գալուն՝ հրթիռների տեղակայմամբ Ալյասկայում ու Կալիֆոռնիայում եւ Լեհաստանում դրանք տեղակայելու ծրագրերով, ինչն անակնկալի բերեց թուլացած Ռուսաստանը: Վլադիմիր Պուտինի արձագանքը, որը պատասխանեց СНВ-2 պայմանագրից հրաժարվելով, չպետք է որեւէ մեկին զարմացներ:
ԱՄՆ-ը ներքաշվեց երկու խոշոր պատերազմների մեջ՝ Աֆղանստանում, որտեղ նրանց միջամտությունը օրինական էր եւ ստացավ աշխարհի զգալի մասի աջակցությունը, եւ Իրաքում, ուր նրանք ներխուժեցին առանց ՄԱԿ-ի արտոնման: Իրաքյան պատերազմը ներքին պառակտում առաջացրեց Եվրամիությունում. Ֆրանսիան եւ Գերմանիան դեմ էին, իսկ նոր անդամները, օրինակ՝ Լեհաստանը, աջակցեցին ԱՄՆ-ի գործողություններին:
Երկու պատերազմներն էլ ավարտվեցին ձախողմամբ, եւ Բուշի նախագահությունը թունավորված նվեր թողեց՝ 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում արված Վրաստանի եւ Ուկրաինայի՝ դաշինքին ապագա անդամակցության մասին վեհաշուք, բայց անիրագործելի առաջարկը: Չունենալով ոչ հստակ ժամկետներ, ոչ էլ իրական երաշխիքներ՝ այս խոստումը տագնապեցրեց Կրեմլին եւ որեւէ կերպ չպաշտպանեց ո՛չ Վրաստանին, ո՛չ էլ Ուկրաինային:
2000 թվականին Ռուսաստանում Պուտինի իշխանության գալը սկզբում, կարծես, կայունություն եւ տնտեսական զարգացում էր խոստանում 1990-ականների քաոսից հետո: Սեպտեմբերի 11-ին նա առաջիններից մեկն էր զանգահարել Բուշին՝ համերաշխություն հայտնելու համար: Սակայն դա երկար չտեւեց: 2003 թվականին Կրեմլը բռնագրավեց «ՅՈՒԿՈՍ» ընկերությունը եւ բանտարկեց նրա տիրոջը՝ քաղաքական հավակնություններ ունեցող օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկուն: 2006 թվականին Լոնդոնում թունավորվեց ռուսական հետախուզության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոն: Իսկ 2007 թվականին Մյունխենի անվտանգության համաժողովում Պուտինը կոշտ ելույթ ունեցավ՝ մեղադրելով Արեւմուտքին երկակի ստանդարտների մեջ եւ փաստացի հրաժարվելով անվտանգության այն ճարտարապետությունից, որը Ռուսաստանն ու Արեւմուտքը ժառանգել էին Սառը պատերազմի դարաշրջանից:
Ամերիկյան ունիլատերալիզմի եւ Ռուսաստանի մարգինալացման համադրությունը Պուտինին մղեց դեպի ռեւիզիոնիստական ազգայնակություն, ավելի բացահայտ ավտորիտարիզմ եւ, աստիճանաբար, թափ հավաքող չինական հսկայի գիրկը: 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը ներխուժեց Վրաստան՝ նախադեպ ստեղծելով Ուկրաինա հետագա ներխուժման համար:
Սակայն, թերեւս, ապագայի համար ամենահետաքրքիր եւ նշանակալից գործընթացները տեղի էին ունենում Ասիայում: 2001 թվականի դեկտեմբերին Չինաստանն անդամակցեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի լիակատար աջակցությամբ: Արեւմուտքը ելնում էր նրանից, որ առեւտրային ինտեգրումը չինական տնտեսական մոդելը կմղի դեպի մերձեցում լիբերալ կապիտալիզմի հետ: Դրա փոխարեն Չինաստանն գնաց այլ՝ արդյունավետ, խիստ կառավարվող պետական կապիտալիզմի ճանապարհով: Չինական մոդելը ոչ միայն չանհետացավ, այլեւ վերածվեց հզոր աշխարհաքաղաքական լծակի, որին արեւմտյան մոդելն այդպես էլ չկարողացավ պատասխան գտնել:
2012 թվականին Չինաստանում իշխանության եկավ Սի Ծինփինը, որը սկսեց իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունն ու հասարակության նկատմամբ վերահսկողությունը այնպիսի ծավալներով, որոնք աննախադեպ էին Մաո Ցզեդունի ժամանակներից ի վեր: Նրա քաղաքական դոկտրինը կուսակցության կանոնադրության մեջ ներառվեց (Մաոյի եւ Դեն Սյաոպինի դոկտրիններին հավասար) 2017 թվականին, իսկ մեկ տարի անց Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը վերացրեց նախագահական ժամկետների քանակի սահմանափակումը:
Այդ ժամանակվանից ի վեր Սին շարունակում էր ավելի կենտրոնացնել իշխանությունը եւ Չինաստանի քաղաքացիական ու ակադեմիական կյանքը տարանջատել մնացյալ աշխարհից: 2017 թվականին Չինաստանում արգելափակվեցին WhatsApp-ը եւ Skype-ը, ինչը դժվարացրեց քաղաքացիական հասարակության եւ բիզնեսի առաջնորդների շփումն իրենց արեւմտյան գործընկերների հետ: Իսկ վերջին հինգ տարիների ընթացքում հարյուրավոր բարձրաստիճան պաշտոնյաներ եւ հրամանատարներ հեռացվեցին պաշտոններից կամ ենթարկվեցին բռնաճնշումների:
Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհն այլ ճանապարհով ընթանալու հնարավորություն ուներ: Դրա փոխարեն խոշոր տերությունները անվտանգության եւ ուժի չափազանց նեղ ընկալման պատանդ մնացին: ԱՄՆ-ը պարփակվեց իր ներսում եւ որդեգրեց «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Ռուսաստանը՝ մարգինալացված ու թուլացած, վերածվեց դիմակայության պատրաստ ռեւիզիոնիստական տերության, իսկ Չինաստանն իր տնտեսական մոդելը ազդեցության գործիք դարձրեց, որի պատասխանն Արեւմուտքն առայժմ չի գտել:
Եվրոպայի համար այս գործընթացներն ամենայն հստակությամբ ցույց տվեցին, որ այն այլեւս չի կարող հույսը դնել ամերիկյան պաշտպանության վրա: Եվրոպային անհրաժեշտ է ստեղծել սեփական զինված ուժերը, որոնք ունակ կլինեն դիմակայել Ռուսաստանին, ինչպես նաեւ մշակել չինական ճնշումից սեփական տնտեսությունը պաշտպանելու մեխանիզմներ: Կգնա՞ արդյոք Եվրոպան այս ճանապարհով՝ ցույց կտա ժամանակը:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org
Leave a Reply